Նիկոլ Փաշինյանը 14-օրյա քայլարշավ է սկսում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու իշխող ՀՀԿ-ի

3465

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից քայլարշավ է սկսել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի։

14 օր Փաշինյանը քայլելու է քաղաքներով՝ շուրջ 200 կիլոմետր , ապա հասնելու է Երևան՝ Ազատության հրապարակ, որտեղ Քաղաքացիական պայմանագիրը ապրիլի 13-ին ժամը 18։30-ին կանցկացնի հանրահավաք։

Ավելի վաղ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր ներկայացուցիչներ չէին բացառել, որ Երևանում կարող են նախաձեռնել շուրջօրյա հանրահավաքներ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև խաղաղ քաղաքացիական անհնազանդություն իրականացնելու իրենց մտադրության մասին, ասել, որ ապրիլի 9-ից Սերժ Սարգսյանը այլևս իշխանություն չէ, որևէ լիազորություն չի ունենալու և ավելի քան մեկ շաբաթ ժողովուրդը հնարավորություն կունենա վարչապետի իր թեկնածուին պարտադրել իշխանություններին։

Փաշինյանի խոսքով՝ իրենք քայլարշավով իրենք ժողովրդի կամարտահայտության հարթակ են ստեղծում․ «Սա արշավ է ընդդեմ ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի ու նրա ստեղծած ստահոդ պետության,  ընդդեմ լճացման ու հուսահատության։ Սա քայլարշավ է ընդդեմ ստի ու հանուն արժանապատվության»,- նշել է Փաշինյանը;

Քայլարշավն անցնելու է Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներով ու ավարտվելու Ազատության հրապարակում՝ հանրահավաքով։