Արցախի պատգամավորների հանդիպումը Հայաստանի քաղաքական շրջանակների հետ. 1992-ի հոկտեմբեր

1041

Արցախյան գոյապայքարի ծանր ժամանակահատվածում ԼՂՀ իշխանական համակարգում կատարված ակնհայտորեն ստիպողական փոփոխությունները (1992թ. օգոստոսի 15-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, որի նախագահ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը) միտված էին հարթելու ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունների` օրենսդիր մարմնի և ՀՀ ղեկավարության փոխհարաբերությունները:

Սակայն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջ եկած տարաձայնությունները (1992թ. օգոստոսի 27-ի Ալմա-Աթայի և Սոչիի սեպտեմբերի 19-ի համաձայնագրերը) էլ ավելի վատթարացրին երկկողմ հարաբերությունները՝ բացասական ազդեցությունը թողելով ԼՂՀ-ի ներքաղաքական կայունության վրա:

Տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկն այն էր, որ բանակցային գործընթացը տարվում էր առանց ԼՂՀ մասնակցության: Այն պայմանավորված էր նրանով, որ բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ նախագահի և ԼՂՀ Գերագույն խորհրդի (ԳԽ) նախագահության մոտեցումները և դիրքորոշումները տարբերվում էին միմյանցից:

Այնուամենայնիվ, ԼՂՀ ԳԽ նախագահությունը շարունակում էր ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունները բարելավելու համար ուղիներ որոնել: Այդ նպատակով 1992 թ. հոկտեմբերին ԼՂՀ ԳԽ նախագահության պաշտոնական պատվիրակությունը` նախագահ Գեորգի Պետրոսյանի գլխավորությամբ այցելեց Երևան և հանդիպումներ ունեցավ ՀՀ իշխանությունների և քաղաքական ուժերի հետ: Ընդգծենք, որ այդ որոնումներն ապարդյուն անցան:

Օպերատոր՝ Բենիամին Ղարախանյան

Camera` Beniamin Gharakhanyan

Տեսանյութը տրամադրել է Տարոն Հակոբյանը