Եզդիների համագումարի բացումը
Ալէքսանդրապօլում սեպտեմբերի 21-ին ժողովրդական տանը հանդիսաւոր կերպով բացւեց եզդիների համագումարը: Առաջին նիստը բացեց կազմակերպիչ կոմիտէի նախագահ՝ Լազօն: Մասնակցում են 80 պատգամաւորներ, մամուլի ներկայացուցիչներ, գործիչներ:
Շէյխ Իբրահիմի կարճ աղօթքից յետոյ, ողջոյնի ճառեր ասացին նահանգապետը, քաղաքագլուխը, պարլամենտի, կուսակցութիւնների ներկայացուցիչները:
Կաթողիկոսի կոնդակը կարդաց նրա յատուկ ներկայացուցիչ Կորիւն վարդապետը:
Ստացւած են շատ նամակներ և հեռագիրներ:
Համագումարի նախագահ է ընտրւած Լազօն, փոխ-նախագահ Իւսուֆ բէկը, քարտուղարները՝ Ալիխան Շէյխը և Տէր Մինասեանը:
Եզդիների համագումարը․ խմբագրական
Սեպտեմբերի 21-ին Ալէքսանդրապօլում բացւել է եզիդիների համագումարը: Դա Հայաստանի այլազգիների մէջ առաջին համագումարն է: Եզդի ժողովրդի բախտը սերտօրէն կապւած է հայ ժողովրդի հետ, նրա կրած հալածանքները և ունեցած ուրախութիւնները զուգընթացաբար ընթացել են հայ ժողովրդի տանջանքների և ոգևորութեան օրերի հետ. նա ազատարգւեց հայ ազգի հետ միաժամանակ և յարութիւն առած մայր Հայաստանի հարազատ զաւակներից մէկն դարձաւ:
Եզդի ժողովուրդը այնքան ոյժ և կարողութիւն չունի, որ իր սեփական պետութիւնն ունենայ, բայց նա ունի ամենայն հնարաւորութիւն իր ուրույն յատկութիւնները պահպանելու և զարգացնելու, Հայաստանի նորաստեղծ հանրապետութիւնը չի յարուցել և չի էլ յարուցի երբէք նրանց դէմ որ և է կրօնական հալածանք կամ քաղաքական ճնշում:
Վերջնական կորուստից հրաշքով փրկւած եզդի փոքրիկ ժողովուրդը վայելում էր իր եղբայրակից հայ ազգի անկեղծ համակրանքը և մենք ամենայն կերպ աջակցելու ենք նրան եւրոպական լուսաւորութեան հետ հաղորդակից լինելուն. հայ լեզուն, գրականութիւնը, պետականութիւնը նրա համար հանդիսանալու են հարազատ կամուրջ քաղաքակրթւած մարդկութեան հետ սերտօրէն կապւելու:
Այս պարզ է ոչ միայն մեզ, հայերիս համար, այլ և գիտակցում են իրենք եզդիները, նրանց համագումարի կազմակերպիչ մարմինը օրակարգի մէջ է մտցրել եզդի ժողովրդի վերաբերմունքը դէպ Միացեալ և Անկախ Հայաստանը:
Մենք վստահ ենք, որ եզդի ժողովրդի գիտակից ղեկավարները ճշգրտօրէն կըմբռնեն եզդիների կարիքները և լսելի կը դարձնեն իրենց ձայնը, որ նրանք կը գիտակցեն մօմենտի պահանջը և այնուհետև, ինչպէս մինչ այժմ է եղել, ձեռք կտան եղբայրակից հայ ազգին և յանուն ընդհանուր մեր հայրենիքի՝ Միացեալ Հայաստանի պետականութեան ամրապնդման և յավերժ բարօրութեան միացած ոյժերով, արիւնով կը պաշտպանեն նրան:
Ջերմօրէն ողջունելով լիակատար առողջութիւն ենք ցանկանում Հայաստանի եզդի ժողովուրդի անդրանիկ համագումարին:
Ժողովուրդ, թիւ 159, 23 սեպտեմբեր, 1920թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/1920%28159%29.pdf