Սահմանների ու շփման գծի փոփոխությունները 1994-ից ի վեր. Էմիլ Սանամյան
Վաշինգտոնում բնակվող լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի Focus on Karabakh նախագծի գլխավոր խմբագիր Էմիլ Սանամյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ներկայացնում է 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական սահմաններում և շփման գծում փոփոխությունները։
– Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը վերջերս հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ հայկական բանակը Հայաստան-Նախիջևան սահմանին վերահսկողության տակ է վերցրել մոտ 20 000 հա տարած (200 ք/կմ): Նրա մեկնաբանությունը հաջորդեց այն քննադատությանը, որ Սարգսյանի նախագահության ժամանակ Հայաստանը և Ղարաբաղը կորցրել են 8 քառակուսի կմ տարածք: Մենք գիտենք, որ 2014թ. կամ 2015թ. Հայաստանի օգտին որոշակի փոփոխություններ եղել են, բայց մենք կարո՞ղ ենք արդյոք խոսել 200 քառակուսի կմ-ի մասին:
– Հայաստան-Նախիջևան սահմանի ողջ երկարությունը 200 կիլոմետրից պակաս է: Նախիջևանի ուղղությամբ որոշ վերատեղակայումներ եղել են, մասնավորապես, Սիսիանի հարավ-արևելքում գտնվող հատվածում, սակայն խոսքը մոտավորապես 10-20 քառակուսի կմ (կամ 1000-2000 հա) տարածության մասին է: Ի դեպ, նման վերատեղակայում տեղի ունեցավ 2008թ. հունիսին, երբ հայկական ուժերը իրենց դիրքերը բարձրացրին Գոմշասար (Գյամիշ) կամ Մռավ լեռան վրա:
– Ռազմավարական ու ռազմական առումով՝ 20 000 և 800 հեկտարների միջև տարբերություն կա՞:
– Եթե հարցը Սիսիանի կամ Մռավ լեռան տարածքում փոփոխությունների և 2016թ. Ապրիլյան պատերազմի արդյունքի համադրությանն է վերաբերում, ապա Սիսիանում և Մռավում դիրքերը ավելի բարձր մակարդակի վրա են, և կարելի է ասել՝ ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունեն՝ հայկական ստորաբաժանումներին տալով հիմնականում անսահմանափակ տեսադաշտ Նախիջևան և Գյանջա քաղաքների ուղղությամբ, մինչդեռ Թալիշի և Հորադիզի հարևանությամբ ադրբեջանցիների գրաված բլուրները ավելի շատ մարտավարական նշանակություն ունեն:
Իհարկե, կա նաև մեծ տարբերություն, թե ինչպես են դրանք գրավվել: Ամենակարևորը, հայկական կողմը զոհեր է ունեցել Լելեթեփեի և Թալիշի բարձունքների պաշտպանության ժամանակ, իսկ 2008 և 2014-15 թվականներին հայկական ուժերի առաջխաղացման արդյունքում զոհեր չեն եղել, քանի որ նրանք շարժվում էին չեզոք դիրքերում:
Մարդկային կյանքերի կորուստը միշտ ավելի կարևոր նշանակություն է հաղորդում նման իրադարձություններին։ Թեև տարածքների կորուստը, հատկապես նման մարտավարական մակարդակով, հասկանալի է, կառավարությունը և փորձագետները պետք է ուսումնասիրեն, թե ինչը հանգեցրեց այդ դիրքերում այդքան շատ զոհերի, հատկապես Լելեթեփեի մոտ՝ 19, և ընդհանրապես՝ Ապրիլյան պատերազմի ընթացքում: Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես նվազեցնել նման դեպքերի հավանականությունը ապագայում։
Միհրան Հակոբյանի կարծիքի նման կարծիքները կարծես հավասարության նշան են դնում են այս երկու՝ իրարից տարբեր իրադարձությունների միջև և նսեմացնում Ապրիլյան պատերազմում հայ զինվորների վճարած գինը: Ինչպես, ի դեպ, Սերժ Սարգսյանի մեկնաբանությունները, երբ նա ասել էր, որ կորցրած բարձունքները ոչ մի նշանակություն չունեին:
– Մենք գիտենք, որ 1994 թ. մայիսի հրադադարից հետո շփման գիծը փոխվել էր հիմնականում այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուժերը առաջ էին շարժվել և վերահսկողության տակ վերցրել ոչ ոքի համարվող տարածքները: Կա՞ն ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե 1994-ից ի վեր ո՞ր կողմն է ավելի շատ տարածք ձեռք բերել։
– Եթե 1994թ. չեզոք գոտիները բավականին լայն էին, որոշ տեղերում կիլոմետրերով ձգվելով, ապա 2000-ական թթ. սկսած նախկին չեզոք գոտում ադրբեջանական ուժերի վերատեղակայման պատճառով որոշ տարածքներում այդ գոտին սեղմվել, դարձել է մի քանի հարյուր մետրից էլ քիչ։
Դրա անմիջական հետևանքներից մեկը երկու կողմերում դիպուկահարի կրակից զոհերի թվի աճն է։ Առաջապահ դիրքերի այս մոտիկության հետևանքով հեշտացել է ադրբեջանական ուժերի կողմից հարվածային և դիվերսիոն հարձակումների դեպքում նրանց արագ հետ քաշվելը, ինչի արդյունքում զգալիորեն ահագնացավ զոհերի թիվը հատկապես 2014-ից սկսած, և ի վերջո, 2016թ. ապրիլին։
– Իսկ Հայաստան-Ադրբեջան սահմանի դեպքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել 1994-ից ի վեր և ո՞ր ուղղություններով:
– 1992-1994 թթ. հայ-ադրբեջանական սահմանի վրա զգալիորեն քիչ էին մարտական գործողությունները, քան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: 1994թ. հետո տարբեր զարգացումներ եղան Հայաստանի հարավային և հյուսիսարևելյան սահմաններում:
Նախիջևանի սահմանում, մասնավորապես 1992 թ. մայիսից, լուրջ կռիվներ չեն եղել, քանի որ այն ժամանակ Նախիջևանի առաջնորդ Հեյդար Ալիևը համաձայնեց առանձին զինադադար հաստատել Հայաստանի կառավարության հետ: Սյունիքի սահմանի մյուս կողմում Ադրբեջանի կողմից լուրջ ռմբակոծություն և մարտական գործողություններ էին տեղի ունենում, մասնավորապես` Կապանի ուղղությամբ՝ մինչև 1993թ., երբ հայկական կողմը գրավեց հարակից ադրբեջանական շրջանները: 1994-ից ի վեր մի կողմից կար Սյունիքի արևելյան կողմի ապառազմականացում, մյուս կողմից` նախիջևանյան սահմանի ռազմականացումը: Սակայն մինչ օրս Նախիջևանը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական սահմանագծի ամենախաղաղ հատվածը՝ մի կողմից պայմանավորված սահմանի մեծ մասում լեռնային տարածքի առկայությամբ, մյուս կողմից՝ նաև Ադրբեջանի ղեկավարության՝ այնտեղ լարվածությունը չմեծացնելու քաղաքական որոշմամբ։
Ի հակադրություն սրա, Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը շատ ավելի լարված է եղել: Դրա հիմնական պատճառն այն է, որ հայկական գյուղերը և ճանապարհները գտնվում են այդ տարածքի ադրբեջանական դիրքերին շատ մոտ և, հատկապես Տավուշի մոտ, ադրբեջանական ուժերը բարձրադիր դիրքերում են և նշանառության տակ են պահում հայկական տարածքները։ 1994-ից ի վեր հայ-ադրբեջանական մեծ լարվածություններն առավելապես տեղի էին ունենում Տավուշում, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղում:
Այսպիսով, 2004թ. հունիսին Ջողազի ջրամբարի պոմպակայանի մոտ արյունալի բախում տեղի ունեցավ: 2006թ. գարնանը Նոյեմբերյանի շրջանում դիպուկահարների ինտենսիվ պատերազմ էր։ 2012 թ. գարնանը Բերդում տեղի ունեցավ լարվածության ևս մեկ աճ: Վերջապես, 2015թ. սեպտեմբերին հայկական գյուղերի վրա ուժեղ արկակոծության արդյունքում սպանվեց երեք խաղաղ բնակիչ: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը հիմնականում խուսափել է այդ տարածքում լարվածության ուժեղացումից, ենթադրում եմ՝ Ռուսաստանից որոշակի ազդանշաններ ստանալու պատճառով, և իհարկե, հայկական կողմի հակահարվածի արդյունքում:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Լուսանկարում՝ Նախիջևանը, լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի