Նախիջևանի հատվածում Հայկական բանակը 2014-ին առաջ է գնացել ՀՀ տարածքում

2109

1994թ․ մայիսյան զինադադարից ի վեր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով, այդ թվում՝ Հայաստան-Նախիջևան հատվածում, ինչպես նաև Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ տարածքով, տեղի են ունեցել առաջխաղացումներ։

Երբ հաստատվեց զինադադարը, շփման գիծ՝ այսօրվա ընկալումով և ինժեներական ենթակառուցվածքով, ուղղակի գոյություն չուներ։ Որոշ հատվածներում հակառակորդ բանակները կանգնած էին բավական հեռու, իսկ այն տարածքներում, որոնք ունեն բարդ ռելիեֆ ու կլիմայական խիստ պայմաններ, հայկական ու ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը հասնում էր կիլոմետրերի։

Անժամկետ զինադադարից հետո անցնող 24 տարիներին շփման գծի և պետական սահմանի երկայնքով ստատուս քվոն խախտվել է բազմիցս։ Ընդ որում, ավելի շատ ադրբեջանցիներն են փորձել առաջ բերել իրենց հենակետերը չեզոք տարածքների հաշվին։ Իսկ ստատուս քվոյի ամենաէական փոփոխությունը տեղի է ունեցել 2016-ի ապրիլի առաջին օրերին, երբ ադրբեջանական բանակը գրավեց 800 հեկտար ռազմավարական նշանակությամբ տարածք Թալիշի և Արաքսի հատվածներում։

Այս օրերին ՀՀԿ-ական քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել մի կեղծիք, թե իբր Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայկական բանակը վերահսկողության տակ է առել 20 հազար հեկտար տարածք։ Սա աբսուրդ է, բայց մյուս կողմից՝ առաջխաղացումների թեման չափազանց հետաքրքիր է և քիչ լուսաբանված, քանի որ դա նաև անվտանգության խնդիր է։

Իրականում, ի՞նչ է տեղի ունեցել 2014-ի հունիսին Հայաստան-Նախիջևան հատվածում, որի մասին ակնարկում են Սերժ Սարգսյանին մոտ կանգնած, իրականում՝ թեմային ոչ այնքան լավ ծանոթ գործիչները։

Հայաստան-Նախիջևան սահմանը գերազանցապես ունի բարդ ռելիեֆ, ինչը համեմատաբար անվտանգ է դարձնում հայ դիրքապահների կյանքը։ Այստեղ տարին 10 ամիս ձմեռ է ու ձյուն։ Ռելիեֆի կտրտվածության ու բարդության, ինչպես նաև՝ սուր կլիմայի պատճառով սահմանի այդ հատվածում, որը ձգվում է մի քանի հարյուր կիլոմետր, շփման գիծ, որպես այդպիսին, հստակ չկա։ Ավելի ճիշտ, կա որոշ հատվածներում, ինչպես Երասխ-Սադարակ, Խաչիկի շրջաններում։

2014-ի հունիսին Հայկական բանակը լուրջ հաջողություն գրանցեց Հայաստան-Նախիջևան սահմանի հատվածներում, որոնք ուղղակի ափի մեջ են հանում Նախիջևան քաղաքը և Արաքսի վրա կառուցված ջրամբարը։ Հայկական բանակը զբաղեցրեց դիրքեր, որոնք իշխում են ադրբեջանական դիրքերի ու բնակավայրերի վրա։ Սա, անկասկած, լուրջ և կարևոր ձեռքբերում էր։ Բայց մեր դիրքերի առաջխաղացումը կատարվել է բացառապես ՀՀ տարածքում։ Սրանով որևէ կերպ չենք ուզում արժեզրկել Հայկական բանակի գրանցած ակնհայտ հաջողությունը։

Մյուս կողմից, անլուրջ են պնդումները, թե 20 հազար հեկտար տարածք ենք գրավել կամ վերահսկողության տակ առել։ Դուք հասկանում ե՞ք, պարոնայք, ինչ ասել է 20 հազար հեկտար։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի

Վիշապասար, Նախիջևան, Արաքս գետ. ավելի հեռվում երևում է Զանգեզուրի լեռնաշղթան՝ Կապուտջուղ գագաթով