Ավետիս Ահարոնյանի ճառը և հայկական պատվիրակությունը Լոզանի խորհրդաժողովում

2911

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

—-

Տասնիններորդ գլուխ

Խորհրդաժողովը նախ անցավ աշխատանքների բաժանման. ընտրվեցին քաղաքական, տնտեսական և իրավաբանական հանձնաժողովներ: Հայկական հարցը գտնվում էր քաղաքական հանձնաժողովի հատուկ մասնաբաժնում, որի նախագահը իտալացի Մոնտանան էր՝ Աթենքում, ապա Անկարայում Իտալիայի դեսպանը: Թուրքերը խորհրդաժողովում բռնել էին այնպիսի դիրք, որ, իբր թե իրենց բոլորովին ծանոթ չէ հայկական հարցի գոյությունը: Նրանք ասում էին, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանները որոշվել են Կարսի և Մոսկվայի դաշնագրերով, իսկ Թուրքիայում բնակվող հայերի հարցը իրենց ներքին խնդիրն է: Այս տեսակետի վրա էլ մնացին մինչև այն աստիճան, որ երբ խորհրդաժողովում կրկին անգամ խոսք եղավ հայկական հարցի մասին, թուրք պատվիրակ Ռիզա Նուրը, ուժգնորեն զարկելով դուռը՝ դուրս եկավ ժողովասրահից: Պարզ էր, որ թուրքերի վրա ազդեցություն գործելու տեսակետից մեր բոլոր ջանքները զուր էին: Ուստի, մենք որոշեցինք Ազգերի լիգայի քարտուղարության միջոցով Լոզանի խորհրդաժողովին հիշեցնել Ազգերի լիգայի որոշումները մեր հարցի մասին: Դեկտեմբերի 2-ին դիմեցինք Խորհրդի քարտուղար Դրումոնդին, ով երկու օրից պատասխանեց, որ դաշնակից կառավարություններին, որոնք մաս ունեն 1921-ի սեպտեմբերի 21-ի որոշումներում և այսօր ներկա են խորհրդաժաղովին, պիտի շտապի հիշեցնել այն բանաձևերը, որոնք հայկական հարցի վերաբերյալ ընդունվել են Ազգերի լիգայի Գլխավոր ժողովների կողմից:

Խորհրդաժողովի վրա Խորհրդի ազդեցությունը ուժեղացնելու նպատակով նույնանման դիմում արեցինք նաև նրա հերթական նախագահին, ով այդ ժամանակ Բրազիլիայի ներկայացուցիչ Դը Գաման էր:

Հետզհետե սկսեցին հասնել մեր դիմումների պատասխանները, շատ հաճախ նրանցում խոստումներ չկային: Կարդում էինք համակրանքի խոսքեր և իմանում, որ մեր առաջարկները «առնվել են ի գիտություն»: Շատերը ուղղակի դիմում էին խորհրդաժողովին հանուն արդարության՝ պահանջելով մեր դատի պաշտպանությունը:

Դեկտեմբերի սկզբներին լուր ստացանք, որ քաղաքական հանձնաժողովը քննության պիտի դնի թուրքական սահմանների խնդիրը, ուրեմն և՝ հայկական հարցը: Դեկտեմբերի 16-ին դիմեցինք խորհրդաժողովին՝ խնդրելով, որ թույլ տրվի մեզ անձամբ պարզելու մեր տեսակետները:

Ճիշտ է, մենք խորհրդաժողովի անդամներ չէինք, բայց համարվում էինք հայ ժողովրդի օրինական և լիազոր ներկայացուցիչները:

Համաձայն մեր դիմումի՝ մենք հրավիրվեցինք մասնակցելու ենթաժողովի դեկտեմբերի 26-ի նիստին:

Նախքան մեր առաջարկների պաշտպանությանն անցնելը, պիտի պատմեմ, թե ինչ էր կատարվում խորհրդաժողովի ներսում հայերի հրավիրման առթիվ: Քանի որ հրավիրագիրը մեզ ուղարկվել էր պաշտոնական ճանապարհով և պաշտոնական նիստի համար, այդ պատճառով՝ հիշյալ նիստին հրավիրված էին խորհրդաժողովի բոլոր անդամները, ի թիվս որոնց՝ հույներն ու թուրքերը: Բայց երբ թուրքերը ծանուցագրում էին, տեղեկանում են, որ այդ նիստում քննության պիտի առնվի հայկական հարցը և պետք է ներկա լինեն հայերի ներկայացուցիչները, հրաժարվում են մասնակցել նիստին՝ պատճառաբանելով, որ հայերի և թուրքերի միջև վիճելի խնդիրներ գոյություն չունեն, որ այդ խնդիրները վաղուց արդեն լուծված են, որ մենք հայերի ներկայացուցիչները չենք կարող լինել և որ Խորհրդային Հայաստանն արդեն ունի իր իսկական ներկայացուցիչներին: Այսպես, խորհրդաժողովը հայկական հարցի վերաբերյալ առաջին զիջումն արեց թուրքերին. պաշտոնական ժողովի փոխարեն գումարվեց մասնավոր նիստ, որին մենք հրավիրվեցինք:

Այդ օրը անձրևոտ էր ու ցուրտ: Լարված տրամադրության մեջ էինք և պատրաստ խոսելու ամենայն մանրամասնությամբ: Գիտակցում էինք, որ մեր ազգային կյանքի պատմական մեծ վայրկյաններից մեկն ենք ապրում: Միևնույն կառքում տեղավորվել էինք հինգ հոգով՝ Ահարոնյան, Նորատունկյան, Բաշալյան, Օլիվըր Բոլդուին և ես: Բոլդուինը հուզված էր: Նա ամբողջ երեք ժամ սպասեց մեզ խորհրդաժողովի դռան առջև՝ ասելով, որ այդ վայրկյանին չի կարող ֆիզիկապես հեռու լինել մեզնից:

Ներս մտնելու ընթացքում մեր դեմ ելավ Վենիզելոսը, ով հուզված դուրս էր գալիս սրահից: Նա 1920 թվականի Սևրի խորհրդաժողովի ամենաազդեցիկ անդամներից էր: Երբ հարցրեցինք մեկնելու պատճառը այն պահին, երբ քննության պիտի առնվեր հայկական հարցը, պատասխանեց, որ «թուրքերի հրաժարվելուց հետո որոշվել է մասնավոր նիստ գումարել, որին պիտի մասնակցեն միայն Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները, և ինձ առաջարկեցին թողնել սրահը»: Նրա դեմքին կարդում էինք խորունկ վիրավորանք և հուզում:

Սրահի հրավիրվածների շարքում էին բուլղարների ներկայացուցիչներ Թոդորովը և Դաստոլովը, ովքեր եկել էին Թրակիայի բուլղար գաղթականների բախտը տնօրինելու և ասորիների ներկայացուցիչ Աղա Պետրոսը: Հետաքրքրական հանդիպում. սրանք բոլորը թուրքերի կողմից ճնշված ազգերի ներկայացուցիչներն էին:

Շուտով մեզ կանչեցին ժողովասրահ: Այնտեղ նստած էին Անգլիայի ներկայացուցիչներ Ռըմբոլդը և Ռամսեյը, առաջինը՝ Իսպանիայում Անգլիայի դեսպանը, երկրորդը՝ Պոլսի խորհրդականը, Ֆրանսիայի ներկայացուցիչներ՝ դը Լա Քրուան և Լապորետը, Իտալիայինը՝ Մոնտանան: Նաախագահում էր Ռըմբոլտը:

Ժողովի պատկերը ամբողջությամբ ներկայացնելու համար նախ պիտի բերեմ այն մանրամասն արձանագրությունը, որ մենք կազմեցինք նիստից անմիջապես հետո: Այդ արձանագրությունից ընթերցողը կտեսնի, ես դա շեշտում եմ այստեղ, թե ինչպես էին անգլիացիները համառորեն պնդում, որ Ազգային օջախը կազմվի Կիլիկիայում՝ Միջերկրականի ափերին, մինչդեռ ֆրանսիացիներն առաջարկում էին Օջախը հիմնել Արևելյան վիլայեթներում՝ Կովկասահայատանի մոտ:

Երկու պետությունների տեսակետների տարբերությունը ուներ իր պատճառը: Անգլիան ուզում էր Բաղդադի երկաթուղագծի սկզբնավորման և Սիրիայի սահմանագծի մոտ ստեղծել իրեն համար հենարան: Նույն այդ պատճառով՝ ֆրանսիացիները չէին ուզում Հայկական օջախի ստեղծումը իրենց հովանավորության տակ գտնվող երկրին սահմանակից: Քիչ դեր չէր խաղում նաև ռուսական ազդեցությունը, որը տարածվում էր մեր արևելյան նահանգների վրա:

Ահա մեր արձանագրությունը.

Արձանագրություն

                          (1922 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի)

Հայկական միացյալ պատվիրակությունը, հանձին պարոնայք Գաբրիել Նորատունկյանի, Ավետիս Ահարոնյանի, Ալեքսանդր Խատիսյանի և Լևոն Բաշալյանի, դեկտեմբերի 26-ին, ժամը 16-ին, ներկայացավ ենթաժողովին:

Նախագահի առաջարկությամբ պարոնայք Նորատունկյանը և Ահարոնյանը ներկայացրեցին հայերի պահանջները: Նորատունկյանի ընթերցումից և Ահարոնյանի զեկույցից հետո տեղի ունեցավ հետևյալ հարց ու պատասխանը.

Սըր Հորաս Ռումբոլտ – Ինչպե՞ս եք պատկերացնում Հայկական օջախի և Թուրքիայի հարաբերությունները:

Ահարոնյան – Մեր ցանկացած Օջախը Թուրքիայից միանգամայն անկախ պետք է լինի, բայց դաշնակիցներին դյուրություն տալու համար, մենք պատրաստ ենք այն բոլոր ձևավորումներին, որոնք պաշտպանում են թուրքերի շահերը, օրինակ՝ բրիտանական գաղթավայրերի ռեժիմը: Ես կարծում եմ, որ պարոն Նորատունկյանը միանգամայն համաձայն է ինձ հետ:

Նորատունկյան – Այդ մասին ես կարդացի քիչ առաջ:

Սըր Հ. Ռումբոլտ – Ի՞նչ եք կարծում Երևանյան սահմանների ընդլայնման և Օջախի մասին. չէ՞ որ այդ դեպքում երկու Հայաստան կլինի:

Ահարոնյան – Քանի որ Երևանյան Հանրապետության սահմանների ընդլայման խնդիրը նրա խորհրդային լինելու պատճառով դժվար է, և մենք չենք կարող արծարծել այդ հարցը, քանի որ ձեր Խորհուրդը դրանով չի զբաղվում, ուրեմն և ոչինչ չի կարող խանգարել նոր Օջախի կազմությանը Թուրքիայի կողմից գրավված Ռուսահայաստանի հողերի վրա: Մենք չենք ուզում այն սահմանները, որ գծել է Մ. Նահանգների նախագահը, մենք կբավականանանք նաև մի մասով: Ինչ վերաբերում է երկու Հայաստան ունենալու հարցին, այդ տեսակետից ձեզ օրինակ կարող են ծառայել Բուլղարիան և արևելյան Ռումինիան:

Սըր Հ. Ռումբոլտ – Ո՞րն է այն հողամասը, որ ձեզ կբավարարի, կարող ե՞ք ցույց տալ քարտեզի վրա:

Ահարոնյան – Գծեք քարտեզի վրա սահմանագիծ, որ անցնելով Ռիզայից ու Հասան Կալայից՝ դուրս թողնելով Էրզրումը, կհասներ մինչև Մուշ և, մեջն առնելով Վանա ծովը, կմիանար Պարսկաստանի սահմաններին:

Սըր Հ. Ռումբոլտ – 700 հազար գաղթականները կտեղավորվե՞ն այդ սահմաններում: Նրանք բոլո՞րը թուրքահայեր են:

Ահարոնյան – Այո՛, թուրքահայեր են և պիտի գնան այդ հողամասերում բնակվելու:

Սըր Հ. Ռումբոլտ – Ուրեմն, Թուրքահայաստանում այլևս հայ չի՞ մնում:

Ահարոնյան – Երբ հիմնվի Հայկական օջախը, հայերի ու թուրքերի միջև խաղաղություն հաստատվի, Թուրքիայում մնալ փափագողները կլինեն լավ քաղաքացիներ:

Սըր Հ. Ռումբոլտ – Ովքե՞ր են այժմ այդ հողամասերի բնակիչները:

Ահարոնյան – Գլխավորապես քրդերը. դեռ պատերազմից առաջ նրանք մեծ թիվ էին կազմում,  իսկ թուրքերը՝ քիչ տոկոս: Այնպես որ, մեծամասնությունը հայեր ու քրդեր էին: Վերջինները արիական ցեղին են պատկանում և շատ դժվարությամբ են իսլամացվել:

Դը Լա Քրուա – Քրդերի նկատմամբ ձեր վստահությունը վիճելի է. բոլոր քրդերը ձեզ հետ չեն, իսկ շատերը մասնակցել են հայկական ջարդին: Քուրդ Համիդիեի կատարած դերը լավ հայտնի է:

Ահարոնյան – Քրդերը ավելի շատ թալանողներ են, քան ջարդող: Շատ քրդեր կան, որ մեզ հետ են: Հայաստանում մենք երկու քրդական զորագնդեր ունեինք, որոնք մինչև վերջ կռվեցին թուրքերի դեմ:

Դը Լա Քրուա – Ես կցանկանայի իմանալ նաև պարոն Նորատունկյանի կարծիքը:

Նորատունկյան – Քրդերի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև նրանց ցեղերը, որ 200-ից ավելի են: Եզդիներն ու ղզլբաշները հայերի բարեկամներն են: Պետք է հիշատակել, որ նրանք 1915-ին 20 հազար հայեր պահեցին: Բայց, օրինակ, ջալալները հակահայ են:  Համիդիե խումբը կազմված էր նրանցից, ովքեր թուրքական հագուստներ հագած շարունակում էին իրենց ավազակությունները: Երբ ցանկացան այդ զորախմբերը փոխադրել, երկրորդ գնդի զորապետ  Զնկի փաշան դեմ եղավ, առարկելով, որ այդ խումբն ուր էլ որ գնա, նույն կյանքը պիտի վարի, քանի որ սովոր է դրան:

Դը Լա Քրուա – Այն 350 հազար հայերը, որոնց մասին դուք խոսում եք, բոլորն էլ թուրքահայեր ե՞ն, թե՞ նրանք մեջ կան նաև ռուսահայեր:

Ահարոնյան – Բոլորն էլ թուրքահայեր են և միայն նշանի են սպասում, որպեսզի վերադառնան:

Դը Լա Քրուա – Ի՞նչ տեղեկություններ ունեք այն 130 հազարի մասին, որոնք մնում են Թուրքիայի գավառներում: Նրանք քշվում ե՞ն այնտեղից, թե՞ իրենց կամքով են հեռանում:

ՆորատունկյանԱհավասիկ իրողությունը. փողոցի պատերի վրա հայտարարություններ են փակցրել, որոնցում հայերին հեռանալու որոշ ժամանակ են տվել: Հետո թուրք բնակիչներն իրենց հերթին հայերին ասում էին, որ չգիտես ինչ կարող է պատահել մնացողների հետ: Ու չնայած Սև ծով անցնելու ձյուն ու ձմռանը և այնքան դժվարություններին, հայերը հեռացան զանազան կողմեր, մանավանդ՝ դեպի Սիրիա, որտեղ գաղթականության թիվը 140 հազարից անց է: Ինչ խոսք, արաբ ժողովուրդը գոհ չէր այդպիսի զանգվածային գաղթականությունից:

Լա Փորթ – Իհարկե, դա տնտեսական խնդիր է: Հայերի գալով աշխատող ձեռքերի արժեքն ընկավ, մի բան, որ շատ էլ հաճելի չպիտի լիներ արաբներին:

Նորատունկյան – Ալեքսանդրեթի շրջանը, որտեղ ապրում են ալավիները, հայերի վիճակը ավելի լավ է:

Լա Փորթ – Ես նույն կարծիքին եմ:

Սըր Հ. Ռումբոլտ – Որքա՞ն է ներկայիս Երևանի Հանրապետության բնակչության թիվը և ի՞նչ տարրերից է բաղկացած:

Ահարոնյան – Պաշտոնակիցս՝ Խատիսյանը, լավ ծանոթ էր մեր երկրին, երկու տարի շարունակ վարչապետ է եղել, կարող է ձեզ տեղեկություններ տալ:

Խատիսյան – Երևանյան Հանրապետության բնակիչների թիվը ներկայում 1 միլիոն 400 հազար է, որոնց 1 միլիոն 200 հազարը հայեր են, 60 հազարը՝ մահմեդական: Այս բնակչությունը ապրում է 26 հազար քառակուսի կիլոմետր հողամասի վրա, որից միայն 9 հազար քառակուսի կիլոմետրն  է մշակելի: Երբ վերջերս խոսք եղավ նոր գաղթականություն մտցնելու երկիր, խորհրդային կառավարությունը մերժեց: Մեծ ջանքեր պետք եղան տեղավորելու 10 հազար գաղթականություն, որը եկել է Միջագետքից: Մեր ամենաբերրի հողամսերը, որոնք կերակրում են ոչ միայն Հայաստանը, այլև Կովկասի մի մասը, Կարս, Սուրմալու, Նախիջևան, գրավված են թուրքերի կողմից:

Սըր Հ. Ռումբոլտ – Ի՞նչ եղավ այն մահմեդական բնակչությունը, որն ապրում էր Հայաստանում:

Խատիսյան – Մի մասը տեղափոխվեց Թուրքիա, մի մասը՝ Կարսի շրջան, մի մասն էլ՝ Ադրբեջան:

Սըր Հ. Ռումբոլտ – Խնդրեմ, ցույց տվեք քարտեզի վրա, թե դուք Կիլիկիայի ո՞ր մասում եք պատկերացնում ձեր Օջախը:

Նորատունկյան – (Ցույց տալով) Օջախը կգծվի Ջիհունի, Սիրիայի սահմանների և Եփրատի միջև ու կերկարի դեպի հյուսիս՝ իր մեջ առնելով Սիսը և Մարաշը:

Սըր Հ. Ռումբոլտ – Որքա՞ն բնակչություն կարող եք տեղավորել այդ հողամասում:

Նորատունկյան – 500-ից 600 հազար:

Նախագահ – Պարոնայք, ձեր տեղեկությունները գրի առնվեցին: Մենք կխորհրդակցենք և հարկ եղած պարագայում նորից կհրավիրենք ձեզ՝ նոր բացատրությունների համար:

Նորատունկյան – Ես շատ ուրախ եմ, որ այսօրվա օրակարգում չկա Թուրքիայի փոքրամասնությունների հարցը: Թույլ տվեք ինձ ձեր ուշադրությունը հրավիրել երկու գլխավոր կետերի վրա. ա) ազատ լինել զորակոչից, բ) պատրիարքարանի ազատությունը: Յուրաքանչյուր հայ ազատ պիտի լինի՝ հրաժարվել զինվորական ծառայությունից:

Նախագահ – Հույն պատվիրակությունը արդեն արծարծել է այդ հարցը, բայց թուրքերը դեմ են: Ամեն պարագայում, մենք նկատի կառնենք ձեր հայտարարությունը:

                                                       ՏԵՂԵԿԱԳԻՐ

(կարդացված Լոզանի խորհրդաժողովի հանձնախմբում, պարոն Գաբրիել Նորատունկյանի կողմից, 26 դեկտեմբեր, 1922 թ)

Հայերիս համար այսքան վճռական ժամին, մենք սրտի կսկիծով գալիս ենք զբաղեցնելու ձեր հարգելի հանձնախմբին Հայկական օջախի խնդրով:

Դուք գիտեք, պարոններ, որ մեր խնդրանքը շատ համեստ է: Դուք գիտեք նաև, թե որքան հայեր են խաղաղություն տենչում և որ ինչքան երջանիկ պիտի լինեն, երբ այս խորհրդաժողովի բարի նպատակը իրագործվի: Բայց մեզ թվում է, որ կան հարցեր, որոնց մասին մենք պետք է մեր լուսաբանությունները տանք և որոնց վրա մենք պետք է պնդենք:

1915 թվի դեպքերը մեծ անդունդ են բացել հայերի և թուրքերի միջև: Երիտթուրքերի ղեկավարները այդ ժամանակ ոչ միայն ցանկություն ունեին անօրինակ կերպով գործել հայերի՝ թուրքական կառավարության հավատարիմ հպատակների դեմ, այլև չէին գիտակցում իրենց երկրի իսկական շահերի համար պետք եղած տարրական մոտեցումները:

Չնայած որ, համաձայն գերմանական դեսպանի և այլոց վկայության, թուրքահայերը զինակոչվեցին և կատարեցին իրենց զինվորական ծառայությունները, նրանք ենթարկվեցին տեղահանության, ջարդի ու կորցրեցին իրենց բնակչության մեծագույն մասը:

Համենայնդեպս, որքան և ողբերգական է եղել թուրքական այդ քաղաքականությունը, մենք չենք ուզում նորից անդրադառնալ այդ խնդիրներին, այլ գերադասում ենք մեր աչքերը հառել ներկայի և ապագայի վրա:

Ներկայում, դժբախտաբար, փոխադարձ անբարյացակամություն է իշխում հայերի և թուրքերի միջև, և Թուրքիայում ոչինչ չի արվում՝ մեղմելու սուր հանգամանք կրող երևույթները: Նորին  գերազանցություն Իսմեթ փաշան բոլորովին անհրաժեշտ չի նկատում մեր Ազգային օջախի կազմումը, այլ բավարար է համրում այն լուծումը, որով օտար տեղերում գտնվող մեր գաղթականությանը թույլ պիտի տրվի վերադառնալ Թուրքիա: Մենք, դժբախտաբար, չենք կարող բավարարվել միայն դրանով, նկատի առնելով այն վիճակը, որ կարող է ստեղծվել բոլոր եղած դեպքերից և պարագաներից:

Ահա, օրինակ, Բալըքեսերում, Բուրսայում և Պիզայում ապրող հայերը, որոնք վստահելով հայրենակից թուրքերի խոսքերին, մնացին իրենց տներում, ի վերջո սպանվեցին և ոչնչացան վերջին դեպքերի ժամանակ: Մյուս կողմից, այն սակավաթիվ կենդանի մնացածները, որոնք Մուդրոսի զինադադարից հետո համարձակեցին մինչև Անատոլիա երթալ, ստիպված եղան նորից բռնել գաղթի ճամփան: Եվ մինչ կանայք, երեխաներն ու ծերերը, կորցրած ամեն ինչ, ձմեռվա սառնամանիքներին բռնեցին Սև ծովի ու Սիրիայի ճամփան, առույգ և առողջ տարրը պահվեց կենտրոնական արգելարաններում:

Այսօր, մոտավորապես 700 հազար թուրքահայություն կա, որ վերջին տեղեկությունների համաձայն, ցրված է հետևյալ կենտրոններում. 345 հազար՝ Կովկասի զանազան կողմերում, 140 հազար՝ Սիրիայում, 120 հազար՝ Հունաստանում և Էգեյան ծովի կղզիներում, 40 հազար՝ Բուլղարիայում, 50 հազար՝ Պարսկաստանում, մնացածները՝ զանազան կողմերում, չհաշված 110 հազար որբերին, որ գտնվում են Նպաստամատույցի հովանավորության տակ: Այս բոլոր գաղթականները մեծ զրկանքներ են կրել, անթիվ զոհեր են տվել և այժմ անհամբերությամբ են սպասում այն օրվան, որ պիտի գա վերջ տալու իրենց ողբալի վիճակին: Աշխատող և արտադրող տարրը, ներկայում զբաղված է բարեգործական հիմնարկություններով, բայց հասկանալի է, որ այդպիսի անորոշ վիճակը չի կարող անվերջ լինել:

Այսպես է ահա, դժբախտաբար, իրերի դրությունը: Դուք խոստովանում եք, իհարկե, պարոններ, որ բնությանը հակառակ կլինի վերադարձնել այս ընտանիքներին իրենց նախկին տեղերը, որոնք թողել են սոսկալի հիշողություններ, և որտեղ պիտի վերսկսվեն անվերջանալի վեճերը: Ոչ մի թույլտվություն, ոչ մի հրաման, ոչ մի խոստում չի կարող վստահություն տալ, միայն Ազգային օջախի ստեղծումն է, որ քող պիտի իջեցնի սոսկալի անցյալի վրա, պիտի ոչնչացնի ատելության զգացմունքը և ստեղծի փոխադարձ վստահություն:

Դաշնակիցները նախապես արդեն որոշումներ ունեին Ազգային օջախի մասին, որ հետո վերանորոգեցին Լոնդոնի և Փարիզի խորհրդաժողովներում 1921 և 1922 թվին:

Մենք չենք կարող հասկանալ, թե ինչո՞ւ թուրքերը, որ կռվել են իրենց անկախության համար, և որ երբեմն ճանաչել են իրենց կայսրության մասը կազմող ուրիշ մահմեդական ազգերի անկախությունը, կարող են մերժել իրենց մյուս հայրենակիցների այնքան համեստ պահանջը: Թե թուրքական կառավարությունը և թե անհատ մարդիկ տիրացել են բոլոր այն շարժական և անշարժ գույքին, որոնք պատկանում էին շփոթի մեջ անհետացած, անժառանգ հայերին:

Մեր կարծիքով, Անկարայի Ազգային Սահմանադրությունը չի նախատեսում որևէ պարագա, որ արգելք լինի Թուրքիային այն տեսակետով, որ դժվարանա անկողմնակալ ու հովանավորող լինել Հայկական օջախի ստեղծմանը՝ հետևելով այն ձևին, որ, օրինակ, գոյություն ունի բրիտանական իշխանության տակ գտնվող գաղթավայրերում:

Ինչ վերաբերում է որոշվող հողամասին՝ մեր պատվիրակությունը արդեն պատիվ է ունեցել ներկայացնելու խորհրդաժողովին՝ թողնելով նրա ընտրությանը, ստեղծել Օջախ հյուսիսային վիլայեթներում կամ Կիլիկիայում, որտեղ հազար տարիներ ի վեր ապրում էին հայերը և որտեղ իսլամ ազգաբնակչության թիվը, մեծ պատերազմի պատճառով, շատ նվազել է:

Թույլ տվեք նաև հիշել, որ աշխարհի բոլոր ազգությունները ընդունում են մեր հարցի արդարությունը՝ Օջախի ստեղծման անհրաժեշտությունը: Ահա ձեր սեղանի վրա դրված են աղաղակող կոչեր, որոնք ստորագրված են հազարավոր ամերիկյան ու եվրոպական քրիստոնյա եկեղեցիների, համայնքների, նաև շատ ականավոր անձնավորությունների կողմից: Եվ թույլ տվեք դիտել տալ, որ միայն քրիստոնյանները չեն այդպես մտածողները, այլ կան հազարավոր մահմեդականներ Հնդկաստանում, Պարսկաստանում, Ատրպատականում, նաև Թուրքիայում, որոնք օրինական և օգտակար են համարում Հայկական օջախի կազմությունը:

Վերջապես, խնդիրը թուրքական և համամարդկային տեսակետով քննելուց հետո, հարգելի պարոններ, թույլ տվեք մի քանի բառ էլ ասել զուտ իրավունքի տեսակետով:

Զորավոր դաշնակիցները, որ մղեցին մեծ պատերազմը հանուն իրավունքի, հազար անգամներ խոստացան ազատություն տալ Թուրքահայաստանին: 1915 թվականի ողբերգական տեղահանությունից հետո, Ամերիկայի և այլ երկրների հայությունը կազմեց Արևելյան բանակ ֆրանսիացիների հովանավորության տակ: Իրենց երկրի ազատության պաշտպանության համար, զինակոչի թերթերը ստորագրելուց հետո, նրանք հաջողությամբ կռվեցին նաև Պաղեստինի և Սիրիայի սահմանների վրա՝ զորապետ Ալենբիի հրամանատարության տակ:

1920թ. Սևրի դաշնագիրը, Մ. Նահանգների նախագահի իրավարարությունը՝ որոշելու հայկական սահմանները, նաև Ազգերի լիգայի 22-րդ հոդվածը, այնքա՜ն խոշոր փաստեր են, որ ցույց են տալիս դաշնակիցների բարյացակամությունը հայ ժողովրդի հանդեպ: Եթե ներկա քաղաքական պայմանները այնպես են փոխվել, որ դուք պետք է խաղաղության նոր դաշնագիր կազմեք, որով պիտի որոշվի Մերձավոր Արևելքի ճակատագիրը, մենք վստահ ենք, որ Թուրքիայի պահանջների առաջ դուք չեք մոռանա նաև հայկական դատ օրինականությունը և արդարությունը:

Այսպես է իրերի դրությունը, չնայած որ դաշնակից պետությունները ներկայացնում են հեղինակավոր ուժ: Բազմաթիվ առիթներով, անգամ Սևրի դաշնագրի ընթացքում, հայկական պատվիրակությանը թույլ է տրվել իր տեղն ունենալ ձեր կողքին: Մենք լիահույս ենք, որ ոչինչ չպիտի խուսափի ձեր ուշադրությունից՝ լավագույն կերպով պաշտպանելու ձեր սկզբունքներն ու խոստումները:

Եզրակացնելով ասածներս՝ հույս ունեմ, որ թուրքերը ավելի լավ պարզաբանվելուց և տրամադրվելուց հետո պիտի փոխեն իրենց տեսակետը Հայկական օջախի նկատմամբ, որովհետև դա կլինի ոչ միայն պատիվ նորակազմ Թուրքիայի համար, այլև նրանք շատ իմաստուն քայլ արած կլինին ամեն տեսակետով՝ ձեռք բերելով վստահությունը աշխատասեր ու գործունյա մի տարրի, որը ապագայում շատ օգտակար կլինի իրենց, նաև՝ հավատարիմ:

Մենք ավելի քան վստահ ենք, որ Մերձավոր Արևելքի խաղաղության հարցը միայն այդ պարագայում հաստատուն հիմքերու վրա կդրվի:

Ավետիս Ահարոնյանի ճառը

(արտասանված Լոզանի խորհրդաժողովի ենթահանձնախմբի նիստին, 26 դեկտեմբեր)

Եթե իմ պաշտոնակից Նորին գերազանցություն պարոն Նորատունկյանի զեկույցից հետո ես խոսք եմ առնում, դա միայն նրա համար է, որ ապացուցեմ, որ հայ ժողովուրդը իր ամբողջությամբ, իր կուսակցություններով և գաղութներով, միանգամայն համամիտ է այն պահանջերին, որ մենք ահա ներկայացնում ենք ձեզ:

Հետո, ուզում եմ ասել, թե որքան մեծ է թուրքերի տածած անարդարությունը դեպի մեզ, թուրքերի, որոնք այստեղ են եկել իրենց համար արդարություն հայցելու նպատակով:

Նրանք այսօր բռնագրավել են ոչ միայն թուրքահայկական գավառները, այլև Երևանի Հանրապետության մեծագույն մասը: Ես մտադիր չեմ շոշափել այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանին և կարող են անել վիճակի մեջ դնել դաշնակիցներին, բայց պետք է ասեմ, որ 1920-ի վերջերին, երբ Հայաստանի Հանրապետությունը իրավապես ճանչված էր դաշնակիցների կողմից, Քեմալի բանակը հարձակվեց Հայաստանի վրա և գրավեց Կարսի նահանգը, Արդահանը, Սուրմալուն և Նախիջևանը:

Այս գրավումով թուրքերը ավելի ևս ծանրացրեցին կովկասահայերի վիճակը, որովհետև գրավված վայրերից 180 հազար հայեր, փախչելով թուրքական առաջխաղացումից, ապաստանեցին հանրապետության մնացած մասերում: Եվ եթե այս թվին ավելացնենք պատերազմի ընթացքում թուրքական արևելյան նահանգներից փախած 350 հազար հայերին, որոնք նույնպես ապաստանել էին այստեղ, այն ժամանակ միանգամայն հասկանալի կլինի սովն ու համաճարակը, որոնք իշխեցին այս երկրում: Միայն Ամերիկայի և Եվրոպայի օգնությամբ էր, որ հնարավոր եղավ մեղմացնել նրանց առատ հունձքը:

Թուրքերը այդ սոսկալի եղելությունը արդարացնում էին այն դաշնագրով, որ ստորագրվեց Կարսում 1921 թվականի հոկտեմբերի 13-ին: Իրապես, միայն այդ դաշնագիրը չէ, այլ չորս դաշնագրեր՝ Բրեստ-Լիտովսկի (1918), Բաթումի (1918),  Ալեքսանդրապոլի (1920) և Կարսի (1921): Վերջին երեքը Բրեստ-Լիտովսկի կրկնություններն են, որոնք բոլորն էլ մեզանից պետք է խլեին վերոհիշյալ հողմասերը: Մուդրոսի դաշնագրով Բրեստ-Լիտովսկի և Բաթումի դաշնագրերը ոչնչացան, Ալեքսանդրապոլինը 1921 թվին Լոնդոնում կայացած դաշնակիցների խորհրդաժողովը չեղյալ համարեց, Կարսի դաշնագրի գոյությունը մեծ պետություններից ոչ ոք չկամեցավ ճանաչել:

Թուրքերն ասում էին նաև, որ այդ բոլոր գավառներն իրենց են պատկանում դեռ ռուս -թուրքական պատերազմից առաջ (1877), բայց եթե այդպես դատենք, այդ դեպքում Բուլղարիան էլ այդ շրջանում Թուրքիային էր պատկանում, և եթե նրանք այդպես հեռու գնան՝ ո՞ւր պիտի հասցնեն իրենց տիրապետության իրավունքները:

Պետք է նկատել, որ եթե իրենց Ազգային Ուխտով, որով թուրքերը շատ էին պարծենում, պահանջում էին Կարսը, Արդահանը և Բաթումը, պետք է հիշեցնեմ, որ Սուրմալուն և Նախիջևանը երբեք չեն պատկանել թուրքերին: Ռուսները դրանք գրավեցին պարսիկներից: Բայց թուրքերը տիրեցին այս երկուսին էլ. Սուրմալուն իրենց պահեցին, իսկ Նախիջևանը տվեցին Ադրբեջանին:

Այժմ, անցնելով Հայ Ազգային օջախի խնդրին, թույլ տվեք ինձ նկատել, որ հարցը հաճախ վատ ձևով է դրվում և վատ հասկացվում: Մեր խնդրածը ապավեն չէ և ոչ էլ գաղթավայր, այլ մեր դարավոր հայրենիքում Ազգային օջախ է, որ ուզում ենք ունենալ:

Դուք գիտեք արդեն, պարոններ, որ հայ ժողովրդի մարտիրոսության ցավոտ խնդրի հետ զուգընթաց գոյություն ունեն նաև քաղաքական և դիվանագիտական հարցեր: Արդեն 1856 թվին Փարիզի և 1878-ին Բեռլինի խորհրդաժողովներում ծեծվել է հայկական հարցը: Աբդուլ Համիդի թագավորության օրոք եղած ջարդերից հետո՝ 1895 թվին, ծրագրվեց բարենորոգումների հարցը և, վերջապես, 7 վիլայեթների համար կայացվեցին որոշումներ, որոնք վերջացան նրանով, որ Հայաստան ուղարկվեցին երկու բարձր կոմիսարներ՝ հոլանդացի Վեսթինենկը և նորվեգացի Հոֆը: Վրա հասավ մեծ պատերազմը. թուրքերը ճանապարհ դրեցին երկուսն էլ և սկսեցին ջնջել հայկական հարցը՝ ոչնչացնելով հայերին: Այս ողբերգական պատմությունը քաջ ծանոթ է բոլորիս և կարիք չկա անդրադառնալ դրան: Դաշնակիցների հաղթանակը, ինչը արդար հատուցում էր մեր դարավոր տանջանքներին և բոլոր զոհողություններին, մենք միշտ ընդունել ենք՝ պետք է մեզ տա Թուրքիայից և Ռուսաստանից անջատված անկախ ու ազատ Հայաստան:

Այսօր մեզ խորհուրդ են տալիս մի կողմ թողնել կովկասյան Հայաստանը, թողնել նաև Միացյալ Նահանգների նախագահի գծած սահմանները, ինչքան էլ դրանք պակասավոր էին՝ ընդգրկելու ողջ Հայաստանը, և ամենատարրական արդարություն չէ՞ր լինի արդյոք ստանալ գոնե Ազգային օջախ՝ ծովային ելքով: Մեր ժողովուրդը 25 դար շարունակ ապրել է այդ երկրում, և թուրքերը երբեք առավելություն չեն կազմել այնտեղ:

Այս պահանջների դեմ, որ՝ ինչքան համեստ, նույնքան և արդար են, Իսմեթ փաշան թվով 700 հազար մեր գաղթականներին ցույց էր տալիս Կանադայի և Ավստրալիայի ճանապարհը:

Մենք շատ ենք տանջվել ու շատ արյուն թափել մեր հայրենիքի համար, մինչև որ հասել ենք այս կետին: Կանադա կամ Ավստրալիա գնալու համար չէր, որ մեր ազգը մեկ սիրտ ու հոգի դարձած՝ նետվեց ընդհանուր շփոթի մեջ և մեջտեղ դրեց ոչ միայն իր ներկան ու ապագան, այլև իր անցյալը, որովհետև մի ամբողջ սերնդի ոչնչացումը նշանակում է խզել բնախեսական կապը մեր նախնիների և գալիք սերնդի միջև: Ոչ մի մեծ կամ փոքր դաշնակից պետություն, որ մասնակցել է համաշխարհային մեծ պատերազմին, չի ունեցել այնքա՜ն ծանր տառապանքի օրեր, որքան փոքրիկ հայ ժողովուրդը: Ու այդ տառապանքներից էլ բխում է իր անբաժան իրավունքը՝ պահանջելու սեփական հայրենիք, որքան էլ այն համեստ լինի:

Մեզ ասում են, որ հայ ազատագրական շարժումը խարդախորեն ներշնչված է դրսի ազդեցություններով, որոնք իբր եկան ցարական Ռուսաստանից և Բրիտանիայից: Ես պիտի հայտարարեմ այստեղ, որ ցարական կառավարությունը և սուլթանը միանգամայն համամիտ էին ՝ ոչնչացնել  բոլոր այն շարժումները, որոնք ուղղված էին Թուրքիայում գոյություն ունեցող բռնությունների դեմ: Կովկասյան բոլոր խմբերը, որոնք կազմվում էին իրենց թուրքահայ եղբայրներին օգնության հասնելու համար, ոչնչացվում էին սահմանագլխին՝ ռուսական բանակի կողմից, որովհետև ցարական կառավարությունը չէր ուզում մի Բուլղարիա ստեղծել իր սահմանների հարավային մասում:

Անգլիայի քաջալերումը մեկ այլ առասպել է: Մեր ազատագրական շարժումը առաջ է եկել այն խոր պատճառներից, որոնք առաջ բերեցին նաև բալկանյան ժողովուրդների ազատությունները: Թուրքերի և նրանցից բաժանված ազգերի պարզ համեմատությունը լավագույն ապացույցը կլինի՝ տեսնելու, թե որքա՜ն իրավացի էր պատմությունը և թե որքա՜ն այդ ազատագրումները համապատասխան են մարդկության և քաղաքակրթության շահերին:

Այո՛, մենք միշտ ճգնել ենք մեր հայրենիքի ազատության համար, և Միացեալ Հայաստանը պիտի լինի մեր իդեալը: Բայց եթե ներկայում կան մեծ դժվարություններ, որոնք թույլ են տալիս դաշնակիցներին գծել միայն փոքր Հայաստան՝ մեծի փոխարեն, այսինքն՝ Ազգային օջախը հիմնվի Կիլիկիայում, մենք պիտի ընդունենք այդ առաջարկը դաշնակիցների կամքը հարգած լինելու և նրանց աշխատանքները թեթևացնելու համար:

Մենք համոզված ենք, որ պետք է հասնենք արդարության, որովհետև մենք ունենք Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի հանդիսաւոր խոստումները: Այն Անգլիան, որ մեկ օրում ոտքի ելավ ապացուցելու ամբողջ աշխարհին, որ միջազգային համաձայնագրերը թղթի կտորներ չեն միայն, այն մեծ Ֆրանսիան, որ իր ամբողջ գոյությամբ ասպարեզ նետվեց՝ դաշնակիցներին հավատարիմ մնալու և թույլ չտալու, որ մարդկային մեծ սկզբունքները ոտնահարվեն, այն Իտալիան, որ գիտի ինչ է օտար լուծը, և այն թոթափելու համար նետվեց ռազմադաշտ, չպետք է մեզ լքեն: Մենք հանգիստ ենք այդ տեսակետից: Մենք համոզված ենք, որ այս խորհրդաժողովը չպիտի ցրվի, մինչև որ արդարացիորեն չլուծվի մեր դատը: Մենք գիտենք գործի ծանրությունը, սակայն համոզված ենք, որ դաշնակիցների միակամ ոգին բավական է, որ արդարությունը լինի ամբողջական և իրական: