«Այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական պատմական հողերն են». Ալիև

1152

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արել է հերթական հայտարարությունը՝ հավակնություն ներկայացնելով Հայաստանի տարածքի հանդեպ։ Ալիևի պնդմամբ՝ «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական պատմական հողերն են»։ Հայտարարությունը հնչել է այսօր Նովրուզ տոնի կապակցությամբ։ 

Ալիևը որպես իր խոսքերի վկայություն է բերել «բազմաթիվ քարտեզներն ու գրքերը»։

«Այդ քարտեզների վրա Հայաստանի ներկայիս տարածքում տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանական ծագում ունի»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։ Նրա համոզմամբ՝ «դա պատմություն է, պատմական իրողություն», որի մասին պետք է իմանա ադրբեջանական երիտասարդությունը։

Ալիևը նաև նշել է, որ Հայաստանն «ամբողջությամբ մեկուսացված է տարածաշրջանային համագործակցության բոլոր ձևաչափերից»։

«Եվ դա բնական է, քանի որ մեր քաղաքականությունը հենց դրան է միտված։ Հայաստանը բոլորից մեկուսացված վիճակում է, չի մասնակցում տարածաշրջանային համագործակցության ոչ մի ձևաչափի։ Ոչ միայն որովհետև մենք դա թույլ չենք տալիս, չնայած՝ ես կարծում եմ, որ դա հիմնական գործոնն է, այլ նաև որովհետև Հայաստանը չի ներկայացնում որևէ հետաքրքրություն ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ տրանսպորտային առումներով»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

Փետրվարի 8-ին ելույթ ունենալով իր ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Երևանը, Զանգեզուրը, ադրբեջանական տարածքներ են և իրենք մի օր կվերադարձնեն դրանք»։ Նրա հայտարարությանը արձագանքել էին պաշտոնական Մոսկվան և Փարիզը։

Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ալիևի հայտարարությունը որակել էր «զառանցանք»։

Ալիևի նոր հայտարարությանը արձագանքել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը․ «Ինչպես ակնկալվում էր․ Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի նախագահի հավակնություններին պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունը նրան խրախուսել է պահանջել ավելի մեծ տարածնքեր»,- գրել է Բալայանը։

As expected: Lack of proper international reaction to @presidentaz territorial claims towards , inspired him to claim larger territories.