Մի քանի շաբաթից Սերժ Սարգսյանը, երկու անգամ զբաղեցնելով նախագահի աթոռը, կգրավի վարչապետի պաշտոնը՝ փաստացի երրորդ ժամկետով մնալով երկրի ղեկին։
Ամիսներ շարունակ ինտենսիվ կերպով քարոզչություն է տարվում՝ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա էլ ո՞վ։ Սարգսյանի փառաբանումը երբեմն հասցվում է աբսուրդի աստիճանի պրիմիտիվության՝ Սարգսյանը իրավունք չունի հեռանալու․ նա անփոխարինելի է, նա երկրի անվտանգության երաշխավորն է, նա ՀՀԿ-ի հայրն է։
Դիֆերամբն ու գովաբանությունը խորը հակասության մեջ են Սերժ Սարգսյանի թողած 10-ամյա ժառանգության հետ։ Միայն երկու թիվ բավարար է գիտակից ու խիղճ ունեցող մարդու համար հասկանալու ավերի ծավալը․ 400 հազար արտագաղթ, 6,5 միլիարդի հասնող արտաքին պարտք։ Մի կողմ ենք թողնում տնտեսության մոնոպոլացումը, քաղաքական դաշտի ամայացման անշրջելի թվացող գործընթացը, տարածքային կորուստները, Հայաստանի ինքնիշխանության կորուստը․․․
Սարգսյանին քննադատողները անդադար հիշեցնում են 2014-ի ապրիլին նրա իսկ տված խոստումը, երբ նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․ Եթե [նոր սահմանադրության – խմբ․] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Դժվար չէ գտնել Սերժ Սարգսյանի այլ խոստումներ, որոնք չեն իրականացել, ասենք՝ ՁԻԱՀ-ի բուժումը Արմենիկումով, Հայաստան-Իրան երկաթգիծ ու նոր ատոմակայան կառուցելը։
Նույնպես դժվար չէ գտնել քաղաքական այլ գործիչների, ովքեր խոստում են տվել, սակայն դրժել են այն։
Օրինակ, Հայաստանի մեկ այլ նախագահ՝ Արմեն Սարգսյանը, տարիներ առաջ հայտարարում էր, որ ինքը քաղաքականությամբ երբեք չի զբաղվելու։
Մեկ այլ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանը, երբ հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտարարում էր, որ ինքը չի մասնակցի նախագահական ընտրություններին։ Իրականում նա մասնակցեց կեղծված չորս նախագահական ընտրությունների և ղեկավարեց 10 տարի։
Սերժ Սարգսյանը, մնալով վարչապետի պաշտոնում և դրժելով իր իսկ խոստումը, մեկ այլ անազնիվ բան է անում։
Մի պահ ընդունենք, որ 2015-ի դեկտեմբերյան սահմանադրական հանրաքվեն չի կեղծվել։ Քաղաքացիները «այո» են ասել այդ հանրաքվեին, քանի որ տեսել են ընտրությունների՝ սահմանադրական ճանապարհով Սերժ Սարգսյանից ազատվելու ճանապարհը։ Բազմաթիվ մարդիկ խորհրդարանական հանրապետության մոդելին «այո» են ասել հենց Սարգսյանից ազատվելու նպատակով։
Ահա այստեղ է Սերժ Սարգսյանի անազնիվ և մոլորեցնող խաղը։
Թաթուլ Հակոբյան