«Ֆեդերացիայի ղեկավար կազմը մնում է իր տխրահռչակ ոճի մեջ». Տիգրան Հակոբյան

2796

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՖՖ գրասենյակում այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ընթանում է 23-րդ հերթական ժողովը, որի օրակարգում է ՀՖՖ նոր Գործկոմի ընտրությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՖՖ Գործկոմի նախկին անդամ Տիգրան Հակոբյանը, ում խոսքերը մեջբերել է ՖՈՒՏԲՈԼ 365 կայքը:

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Այսօր ՀՖՖ գրասենյակում ընթանում է ֆեդերացիայի 23-րդ հերթական ժողովը, որի ժամանակ տարվա հաշվետվությունից բացի կընտրվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր ներկայացուցիչները։ Ցավոք սրտի, պետք է փաստեմ, որ այս ընտրությունները գերազանցել են բոլոր սպասելիքները։ Ֆեդերացիայի ղեկավարները իրենց ճաշակով և ֆուտբոլային տեսլականով 14 թեկնածուներից ունեն իրենց նախընտրելի 12 անդամներին։ Եվ դա չեն թաքցնում իրենց «հարազատ» ակումբների հետ շփումներում։ Իմ տեղեկություններով ընտրությունը կանխորոշված է՝ ՀՖՖ Գործկոմ կանցնեն նրանք, ում ցանկանում են տեսնել Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը, ինչպես նաև Արթուր Ազարյանը։ Ֆեդերացիայի համար ոչ ցանկալի երկու թեկնածուներն են Կիմ Առաքելյանը «Փյունիկից» և «Դովեղի» ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանը։ Արդեն տեղյակ եմ, որ պարոն Հակոբյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՖՖ և չի ցանկացել մասնակցել այս շոուին։ Ստացվում է, որ ընդամենը մեկ թեկնածու չի ընդգրկվի, և պարզից պարզ է, որ, հաշվի առնելով ՀՖՖ-ի հետ գերլարված հարաբերությունները, ամենաքիչ միավորները կվաստակի Կիմ Առաքելյանը։

Ֆեդերացիայի ղեկավար կազմը մնում է իր տխրահռչակ ոճի մեջ, ընդունում միայն իր համախոհներին, տեղ տալիս միայն յուրայիններին, ովքեր պատրաստ են միայն ձայն ապահովել իրենց համար և իր հովանու տակ առնում նրանց։ Ինձ համար զարմանալի է այդ հովանու տակ անցնողների տրամաբանությունը և նրանց ֆուտբոլային կերպարները։ Այլախոհների ճակատագիրը բոլորս գիտենք։ Հիմա էլ կոնֆլիկտ կա «Փյունիկի» հետ։ Փաստորեն ֆեդերացիան առանց կոնֆլիկտ չի կարողանում անցկացնել ոչ մի մրցաշրջան։ Հասկանալի է՝ բարդույթ ունեն, որը անհաղթահարելի է ամբողջ կյանքի ընթացքում», — գրել է Հակոբյանը։