Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից
Խորհրդաժողովը նախ անցավ աշխատանքների բաժանման. ընտրվեցին քաղաքական, տնտեսական և իրավաբանական հանձնաժողովներ: Հայկական հարցը գտնվում էր քաղաքական հանձնաժողովի հատուկ մասնաբաժնում, որի նախագահը իտալացի Մոնտանան էր՝ Աթենքում, ապա Անկարայում Իտալիայի դեսպանը: Թուրքերը խորհրդաժողովում բռնել էին այնպիսի դիրք, որ, իբր թե իրենց բոլորովին ծանոթ չէ հայկական հարցի գոյությունը: Նրանք ասում էին, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանները որոշվել են Կարսի և Մոսկվայի դաշնագրերով, իսկ Թուրքիայում բնակվող հայերի հարցը իրենց ներքին խնդիրն է: Այս տեսակետի վրա էլ մնացին մինչև այն աստիճան, որ երբ խորհրդաժողովում կրկին անգամ խոսք եղավ հայկական հարցի մասին, թուրք պատվիրակ Ռիզա Նուրը, ուժգնորեն զարկելով դուռը՝ դուրս եկավ ժողովասրահից: Պարզ էր, որ թուրքերի վրա ազդեցություն գործելու տեսակետից մեր բոլոր ջանքները զուր էին: Ուստի, մենք որոշեցինք Ազգերի լիգայի քարտուղարության միջոցով Լոզանի խորհրդաժողովին հիշեցնել Ազգերի լիգայի որոշումները մեր հարցի մասին: Դեկտեմբերի 2-ին դիմեցինք Խորհրդի քարտուղար Դրումոնդին, ով երկու օրից պատասխանեց, որ դաշնակից կառավարություններին, որոնք մաս ունեն 1921-ի սեպտեմբերի 21-ի որոշումներում և այսօր ներկա են խորհրդաժաղովին, պիտի շտապի հիշեցնել այն բանաձևերը, որոնք հայկական հարցի վերաբերյալ ընդունվել են Ազգերի լիգայի Գլխավոր ժողովների կողմից:
Խորհրդաժողովի վրա Խորհրդի ազդեցությունը ուժեղացնելու նպատակով նույնանման դիմում արեցինք նաև նրա հերթական նախագահին, ով այդ ժամանակ Բրազիլիայի ներկայացուցիչ Դը Գաման էր:
Հետզհետե սկսեցին հասնել մեր դիմումների պատասխանները, շատ հաճախ նրանցում խոստումներ չկային: Կարդում էինք համակրանքի խոսքեր և իմանում, որ մեր առաջարկները «առնվել են ի գիտություն»: Շատերը ուղղակի դիմում էին խորհրդաժողովին հանուն արդարության՝ պահանջելով մեր դատի պաշտպանությունը:
Դեկտեմբերի սկզբներին լուր ստացանք, որ քաղաքական հանձնաժողովը քննության պիտի դնի թուրքական սահմանների խնդիրը, ուրեմն և՝ հայկական հարցը: Դեկտեմբերի 16-ին դիմեցինք խորհրդաժողովին՝ խնդրելով, որ թույլ տրվի մեզ անձամբ պարզելու մեր տեսակետները:
Ճիշտ է, մենք խորհրդաժողովի անդամներ չէինք, բայց համարվում էինք հայ ժողովրդի օրինական և լիազոր ներկայացուցիչները:
Համաձայն մեր դիմումի՝ մենք հրավիրվեցինք մասնակցելու ենթաժողովի դեկտեմբերի 26-ի նիստին:
Նախքան մեր առաջարկների պաշտպանությանն անցնելը, պիտի պատմեմ, թե ինչ էր կատարվում խորհրդաժողովի ներսում հայերի հրավիրման առթիվ: Քանի որ հրավիրագիրը մեզ ուղարկվել էր պաշտոնական ճանապարհով և պաշտոնական նիստի համար, այդ պատճառով՝ հիշյալ նիստին հրավիրված էին խորհրդաժողովի բոլոր անդամները, ի թիվս որոնց՝ հույներն ու թուրքերը: Բայց երբ թուրքերը ծանուցագրում էին, տեղեկանում են, որ այդ նիստում քննության պիտի առնվի հայկական հարցը և պետք է ներկա լինեն հայերի ներկայացուցիչները, հրաժարվում են մասնակցել նիստին՝ պատճառաբանելով, որ հայերի և թուրքերի միջև վիճելի խնդիրներ գոյություն չունեն, որ այդ խնդիրները վաղուց արդեն լուծված են, որ մենք հայերի ներկայացուցիչները չենք կարող լինել և որ Խորհրդային Հայաստանն արդեն ունի իր իսկական ներկայացուցիչներին: Այսպես, խորհրդաժողովը հայկական հարցի վերաբերյալ առաջին զիջումն արեց թուրքերին. պաշտոնական ժողովի փոխարեն գումարվեց մասնավոր նիստ, որին մենք հրավիրվեցինք:
Այդ օրը անձրևոտ էր ու ցուրտ: Լարված տրամադրության մեջ էինք և պատրաստ խոսելու ամենայն մանրամասնությամբ: Գիտակցում էինք, որ մեր ազգային կյանքի պատմական մեծ վայրկյաններից մեկն ենք ապրում: Միևնույն կառքում տեղավորվել էինք հինգ հոգով՝ Ահարոնյան, Նորատունկյան, Բաշալյան, Օլիվըր Բոլդուին և ես: Բոլդուինը հուզված էր: Նա ամբողջ երեք ժամ սպասեց մեզ խորհրդաժողովի դռան առջև՝ ասելով, որ այդ վայրկյանին չի կարող ֆիզիկապես հեռու լինել մեզնից:
Ներս մտնելու ընթացքում մեր դեմ ելավ Վենիզելոսը, ով հուզված դուրս էր գալիս սրահից: Նա 1920 թվականի Սևրի խորհրդաժողովի ամենաազդեցիկ անդամներից էր: Երբ հարցրեցինք մեկնելու պատճառը այն պահին, երբ քննության պիտի առնվեր հայկական հարցը, պատասխանեց, որ «թուրքերի հրաժարվելուց հետո որոշվել է մասնավոր նիստ գումարել, որին պիտի մասնակցեն միայն Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները, և ինձ առաջարկեցին թողնել սրահը»: Նրա դեմքին կարդում էինք խորունկ վիրավորանք և հուզում:
Սրահի հրավիրվածների շարքում էին բուլղարների ներկայացուցիչներ Թոդորովը և Դաստոլովը, ովքեր եկել էին Թրակիայի բուլղար գաղթականների բախտը տնօրինելու և ասորիների ներկայացուցիչ Աղա Պետրոսը: Հետաքրքրական հանդիպում. սրանք բոլորը թուրքերի կողմից ճնշված ազգերի ներկայացուցիչներն էին:
Շուտով մեզ կանչեցին ժողովասրահ: Այնտեղ նստած էին Անգլիայի ներկայացուցիչներ Ռըմբոլդը և Ռամսեյը, առաջինը՝ Իսպանիայում Անգլիայի դեսպանը, երկրորդը՝ Պոլսի խորհրդականը, Ֆրանսիայի ներկայացուցիչներ՝ դը Լա Քրուան և Լապորետը, Իտալիայինը՝ Մոնտանան: Նաախագահում էր Ռըմբոլտը:
Ժողովի պատկերը ամբողջությամբ ներկայացնելու համար նախ պիտի բերեմ այն մանրամասն արձանագրությունը, որ մենք կազմեցինք նիստից անմիջապես հետո: Այդ արձանագրությունից ընթերցողը կտեսնի, ես դա շեշտում եմ այստեղ, թե ինչպես էին անգլիացիները համառորեն պնդում, որ Ազգային օջախը կազմվի Կիլիկիայում՝ Միջերկրականի ափերին, մինչդեռ ֆրանսիացիներն առաջարկում էին Օջախը հիմնել Արևելյան վիլայեթներում՝ Կովկասահայատանի մոտ:
Երկու պետությունների տեսակետների տարբերությունը ուներ իր պատճառը: Անգլիան ուզում էր Բաղդադի երկաթուղագծի սկզբնավորման և Սիրիայի սահմանագծի մոտ ստեղծել իրեն համար հենարան: Նույն այդ պատճառով՝ ֆրանսիացիները չէին ուզում Հայկական օջախի ստեղծումը իրենց հովանավորության տակ գտնվող երկրին սահմանակից: Քիչ դեր չէր խաղում նաև ռուսական ազդեցությունը, որը տարածվում էր մեր արևելյան նահանգների վրա:
Ահա մեր արձանագրությունը.
Արձանագրություն
(1922 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի)
Հայկական միացյալ պատվիրակությունը, հանձին պարոնայք Գաբրիել Նորատունկյանի, Ավետիս Ահարոնյանի, Ալեքսանդր Խատիսյանի և Լևոն Բաշալյանի, դեկտեմբերի 26-ին, ժամը 16-ին, ներկայացավ ենթաժողովին:
Նախագահի առաջարկությամբ պարոնայք Նորատունկյանը և Ահարոնյանը ներկայացրեցին հայերի պահանջները: Նորատունկյանի ընթերցումից և Ահարոնյանի զեկույցից հետո տեղի ունեցավ հետևյալ հարց ու պատասխանը.
Սըր Հորաս Ռումբոլտ – Ինչպե՞ս եք պատկերացնում Հայկական օջախի և Թուրքիայի հարաբերությունները:
Ահարոնյան – Մեր ցանկացած Օջախը Թուրքիայից միանգամայն անկախ պետք է լինի, բայց դաշնակիցներին դյուրություն տալու համար, մենք պատրաստ ենք այն բոլոր ձևավորումներին, որոնք պաշտպանում են թուրքերի շահերը, օրինակ՝ բրիտանական գաղթավայրերի ռեժիմը: Ես կարծում եմ, որ պարոն Նորատունկյանը միանգամայն համաձայն է ինձ հետ:
Նորատունկյան – Այդ մասին ես կարդացի քիչ առաջ:
Սըր Հ. Ռումբոլտ – Ի՞նչ եք կարծում Երևանյան սահմանների ընդլայնման և Օջախի մասին. չէ՞ որ այդ դեպքում երկու Հայաստան կլինի:
Ահարոնյան – Քանի որ Երևանյան Հանրապետության սահմանների ընդլայման խնդիրը նրա խորհրդային լինելու պատճառով դժվար է, և մենք չենք կարող արծարծել այդ հարցը, քանի որ ձեր Խորհուրդը դրանով չի զբաղվում, ուրեմն և ոչինչ չի կարող խանգարել նոր Օջախի կազմությանը Թուրքիայի կողմից գրավված Ռուսահայաստանի հողերի վրա: Մենք չենք ուզում այն սահմանները, որ գծել է Մ. Նահանգների նախագահը, մենք կբավականանանք նաև մի մասով: Ինչ վերաբերում է երկու Հայաստան ունենալու հարցին, այդ տեսակետից ձեզ օրինակ կարող են ծառայել Բուլղարիան և արևելյան Ռումինիան:
Սըր Հ. Ռումբոլտ – Ո՞րն է այն հողամասը, որ ձեզ կբավարարի, կարող ե՞ք ցույց տալ քարտեզի վրա:
Ահարոնյան – Գծեք քարտեզի վրա սահմանագիծ, որ անցնելով Ռիզայից ու Հասան Կալայից՝ դուրս թողնելով Էրզրումը, կհասներ մինչև Մուշ և, մեջն առնելով Վանա ծովը, կմիանար Պարսկաստանի սահմաններին:
Սըր Հ. Ռումբոլտ – 700 հազար գաղթականները կտեղավորվե՞ն այդ սահմաններում: Նրանք բոլո՞րը թուրքահայեր են:
Ահարոնյան – Այո՛, թուրքահայեր են և պիտի գնան այդ հողամասերում բնակվելու:
Սըր Հ. Ռումբոլտ – Ուրեմն, Թուրքահայաստանում այլևս հայ չի՞ մնում:
Ահարոնյան – Երբ հիմնվի Հայկական օջախը, հայերի ու թուրքերի միջև խաղաղություն հաստատվի, Թուրքիայում մնալ փափագողները կլինեն լավ քաղաքացիներ:
Սըր Հ. Ռումբոլտ – Ովքե՞ր են այժմ այդ հողամասերի բնակիչները:
Ահարոնյան – Գլխավորապես քրդերը. դեռ պատերազմից առաջ նրանք մեծ թիվ էին կազմում, իսկ թուրքերը՝ քիչ տոկոս: Այնպես որ, մեծամասնությունը հայեր ու քրդեր էին: Վերջինները արիական ցեղին են պատկանում և շատ դժվարությամբ են իսլամացվել:
Դը Լա Քրուա – Քրդերի նկատմամբ ձեր վստահությունը վիճելի է. բոլոր քրդերը ձեզ հետ չեն, իսկ շատերը մասնակցել են հայկական ջարդին: Քուրդ Համիդիեի կատարած դերը լավ հայտնի է:
Ահարոնյան – Քրդերը ավելի շատ թալանողներ են, քան ջարդող: Շատ քրդեր կան, որ մեզ հետ են: Հայաստանում մենք երկու քրդական զորագնդեր ունեինք, որոնք մինչև վերջ կռվեցին թուրքերի դեմ:
Դը Լա Քրուա – Ես կցանկանայի իմանալ նաև պարոն Նորատունկյանի կարծիքը:
Նորատունկյան – Քրդերի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև նրանց ցեղերը, որ 200-ից ավելի են: Եզդիներն ու ղզլբաշները հայերի բարեկամներն են: Պետք է հիշատակել, որ նրանք 1915-ին 20 հազար հայեր պահեցին: Բայց, օրինակ, ջալալները հակահայ են: Համիդիե խումբը կազմված էր նրանցից, ովքեր թուրքական հագուստներ հագած շարունակում էին իրենց ավազակությունները: Երբ ցանկացան այդ զորախմբերը փոխադրել, երկրորդ գնդի զորապետ Զնկի փաշան դեմ եղավ, առարկելով, որ այդ խումբն ուր էլ որ գնա, նույն կյանքը պիտի վարի, քանի որ սովոր է դրան:
Դը Լա Քրուա – Այն 350 հազար հայերը, որոնց մասին դուք խոսում եք, բոլորն էլ թուրքահայեր ե՞ն, թե՞ նրանք մեջ կան նաև ռուսահայեր:
Ահարոնյան – Բոլորն էլ թուրքահայեր են և միայն նշանի են սպասում, որպեսզի վերադառնան:
Դը Լա Քրուա – Ի՞նչ տեղեկություններ ունեք այն 130 հազարի մասին, որոնք մնում են Թուրքիայի գավառներում: Նրանք քշվում ե՞ն այնտեղից, թե՞ իրենց կամքով են հեռանում:
Նորատունկյան – Ահավասիկ իրողությունը. փողոցի պատերի վրա հայտարարություններ են փակցրել, որոնցում հայերին հեռանալու որոշ ժամանակ են տվել: Հետո թուրք բնակիչներն իրենց հերթին հայերին ասում էին, որ չգիտես ինչ կարող է պատահել մնացողների հետ: Ու չնայած Սև ծով անցնելու ձյուն ու ձմռանը և այնքան դժվարություններին, հայերը հեռացան զանազան կողմեր, մանավանդ՝ դեպի Սիրիա, որտեղ գաղթականության թիվը 140 հազարից անց է: Ինչ խոսք, արաբ ժողովուրդը գոհ չէր այդպիսի զանգվածային գաղթականությունից:
Լա Փորթ – Իհարկե, դա տնտեսական խնդիր է: Հայերի գալով աշխատող ձեռքերի արժեքն ընկավ, մի բան, որ շատ էլ հաճելի չպիտի լիներ արաբներին:
Նորատունկյան – Ալեքսանդրեթի շրջանը, որտեղ ապրում են ալավիները, հայերի վիճակը ավելի լավ է:
Լա Փորթ – Ես նույն կարծիքին եմ:
Սըր Հ. Ռումբոլտ – Որքա՞ն է ներկայիս Երևանի Հանրապետության բնակչության թիվը և ի՞նչ տարրերից է բաղկացած:
Ահարոնյան – Պաշտոնակիցս՝ Խատիսյանը, լավ ծանոթ էր մեր երկրին, երկու տարի շարունակ վարչապետ է եղել, կարող է ձեզ տեղեկություններ տալ:
Խատիսյան – Երևանյան Հանրապետության բնակիչների թիվը ներկայում 1 միլիոն 400 հազար է, որոնց 1 միլիոն 200 հազարը հայեր են, 60 հազարը՝ մահմեդական: Այս բնակչությունը ապրում է 26 հազար քառակուսի կիլոմետր հողամասի վրա, որից միայն 9 հազար քառակուսի կիլոմետրն է մշակելի: Երբ վերջերս խոսք եղավ նոր գաղթականություն մտցնելու երկիր, խորհրդային կառավարությունը մերժեց: Մեծ ջանքեր պետք եղան տեղավորելու 10 հազար գաղթականություն, որը եկել է Միջագետքից: Մեր ամենաբերրի հողամսերը, որոնք կերակրում են ոչ միայն Հայաստանը, այլև Կովկասի մի մասը, Կարս, Սուրմալու, Նախիջևան, գրավված են թուրքերի կողմից:
Սըր Հ. Ռումբոլտ – Ի՞նչ եղավ այն մահմեդական բնակչությունը, որն ապրում էր Հայաստանում:
Խատիսյան – Մի մասը տեղափոխվեց Թուրքիա, մի մասը՝ Կարսի շրջան, մի մասն էլ՝ Ադրբեջան:
Սըր Հ. Ռումբոլտ – Խնդրեմ, ցույց տվեք քարտեզի վրա, թե դուք Կիլիկիայի ո՞ր մասում եք պատկերացնում ձեր Օջախը:
Նորատունկյան – (Ցույց տալով) Օջախը կգծվի Ջիհունի, Սիրիայի սահմանների և Եփրատի միջև ու կերկարի դեպի հյուսիս՝ իր մեջ առնելով Սիսը և Մարաշը:
Սըր Հ. Ռումբոլտ – Որքա՞ն բնակչություն կարող եք տեղավորել այդ հողամասում:
Նորատունկյան – 500-ից 600 հազար:
Նախագահ – Պարոնայք, ձեր տեղեկությունները գրի առնվեցին: Մենք կխորհրդակցենք և հարկ եղած պարագայում նորից կհրավիրենք ձեզ՝ նոր բացատրությունների համար:
Նորատունկյան – Ես շատ ուրախ եմ, որ այսօրվա օրակարգում չկա Թուրքիայի փոքրամասնությունների հարցը: Թույլ տվեք ինձ ձեր ուշադրությունը հրավիրել երկու գլխավոր կետերի վրա. ա) ազատ լինել զորակոչից, բ) պատրիարքարանի ազատությունը: Յուրաքանչյուր հայ ազատ պիտի լինի՝ հրաժարվել զինվորական ծառայությունից:
Նախագահ – Հույն պատվիրակությունը արդեն արծարծել է այդ հարցը, բայց թուրքերը դեմ են: Ամեն պարագայում, մենք նկատի կառնենք ձեր հայտարարությունը: