1918 թվականի վերջերին, երբ Օսմանյան կայսրությունը պարտված ճանաչվեց Առաջին աշխարհամարտում, թուրքական զորքերը հեռացան նաև Հայաստանի գրավյալ հողերից: 1918-ի դեկտեմբերի 6-ին թուրքական զորքերից մաքրվել էր Արաքսի ձախ ափը՝ Ալեքսանդրապոլը՝ Գյումրին, Սարդարապատը, Ղամարլուն՝ Արտաշատը: Մեկ տարի անց՝ 1919-ի դեկտեմբերի 6-ին, Հայաստանում նշվել է Հայաստանը թուրք զինվորներից մաքրելու առաջին տարեդարձը, որի առիթով ճառ է ասել վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը: 11 ամիս անց թուրքերը, այս անգամ՝ քեմալականները, կրկին անցան Արաքսը և նոյեմբերի 6-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Մինչ այդ գրավել էին Կարսն ու Սուրմալուն:
ԱՆԻ կենտրոն
Հայաստանի Հանրապետության Մինիստր նախագահի [վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի] ճառը
(Արտասանված [1919թ] դեկտեմբերի 6-ին՝ Հայաստանի տերիտորիան թուրքական ուժերից պարպվելու տարեդարձի տոնի առթիվ)
Հայաստանի քաղաքացիներ և զինվորներ:
Այսօր անկախության և ազատության տոնն է, հայ ժողովրդի ուժի և տոկունության ապացույցը:
Տարիներ շարունակ եվրոպական պատերազմի ընթացքում հայերը կռվում էին Դաշնակիցների ուժերի հետ կողք կողքի և, մնալով մենակ, նրանք շարունակեցին իրենց հերոսամարտը՝ կռիվը ազատության համար: Վանի, Էրզրումի, Ղարսի Սարդարապատի և Ղարաքիլիսայի դաշտերում զոհելով կյանքը, գույքը և հարստությունը հայրենիքի ազատության համար:
Ծանր ու մռայլ ամպեր էին պատել Հայաստանի երկնակամարը: Դաշնակիցների հաղթությամբ ծագեց առաջին հուսո ճառագայթը և լուսավորեց մեր երկինքը: Անցավ մի տարի, և մոտենում է ազատության հաղթանակը:
Սակայն բոլոր դժվարությունները դեռ չեն անցել:
Մեր քաջարի բանակի և ժողովրդի զգոն գործին մոտենալու համար մեր կացությունը բավականաչափ բարվոքվել և թեթևացել է:
Դեռ շատ աշխատանքներ կան կատարելու, և հայ ժողովուրդը պետք է լարի իր բոլոր ուժերը ժողովրդի և ազատության պահպանության համար: Թող անցնող տարին լինի մեր ստեղծվող լիակատար հանգստության և Հայաստանի անկախության բարգավաճման ու ծաղկման առհավատչյան:
Շնորհավորում եմ զինվորներին՝ թուրքական ասկյարներից Հայաստանի հողը մաքրելու նշանավոր տարեդարձը, բացականչելով՝ կե՛ցցե մեր սիրելի հայրենիքը ստեղծող ու պահպանող մեր Դաշնակիցներն ու Հայաստանի Հանրապետության քաջարի զորքը:
Ժողովուրդ, թիվ 150, երեքշաբթի, 16 դեկտեմբեր, 1919թ.
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1919/150.pdf