Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 6-ին, երեքշաբթի օրը, Գորիսում կազմակերպում է ձեռնարկ` նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։
Միջոցառումը տեղի կունենա Գորիսի «Միրհավ» հյուրանոցում, մարտի 6-ին, երեկոյան ժամը 19․00-ին, Մաշտոցի 100 հասցեում։
Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը կներկայացնի Քաջազնունի մարդուն, քաղաքացուն, պետական-կուսակցական գործչին, նրա վարչապետության շրջանում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա կպատասխանի հարցերի։
Միջոցառման ընթացքում ներկաները կարող են ձեռք բերել Քաջազնունու գրքերից երկուսը, որոնք վերահրատարակել է ԱՆԻ կենտրոնը՝ «Հ․Յ․ Դաշնակցությունն անելիք չունի այլևս», «Ազգ և հայրենիք», ինչպես նաև ի պատասխան Քաջազնունու գրված մի քանի հատորները (Սիմոն Վրացյան, «Խարխափումներ», Վահան Նավասարդյան, «Դաշնակցության անելիքը», Արշակ Ջամալյան «Քաջազնունին և Դաշնակցությունը») և ԱՆԻ կենտրոնի մյուս հրատարակությունները։
Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ ձեռնարկներ կկազմակերպի նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց մասին կտեղեկացվի նախապես։ Արդեն ձեռնարկներ կազմակերպվել են Ստեփանակերտում, Վանաձորում և Իջևանում։
Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում՝ Ջավախք, Վրաստան: Այսպիսով, 2018-ի փետրվարի 1-ից 14-ը կարելի է համարել առաջին վարչապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը։
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն