2008թ մարտի 1-ի նախօրեին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է 4 սցենար. 29 փետրվար, 2008

6801

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ

29 փետրվար, 2008 թվական

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ- Մեր ավանդական հանդիպումն է: Անցած անգամ հանդիպել էինք այս նույն դահլիճում, գարնանը: Այսօրվա հանդիպումը, իմ այս կարգավիճակում, վերջինն է ուսանողության հետ: Հասկանում եմ նաեւ, որ ներքաղաքական իրավիճակի առումով հետաքրքիր եւ պատասխանատու ժամանակահատված է, բայց որոշեցի այս հանդիպումը չհետաձգել, այլ` ճիշտ հակառակը: Կարծում եմ, որ սա ինչ որ տեղ, միգուցե, սրություն, մեծ հետաքրքրություն կհաղորդի մեր հանդիպմանը: Ինչպես միշտ` որեւէ սահմանափակում մենք չունենք օրակարգի վերաբերյալ: Ես ներածական խոսք կասեմ օրվա ամենից սուր հարցի վերաբերյալ, բայց որեւէ սահմանափակում ձեր հարցադրումներում, իհարկե, չկան եւ ձեզանից ակնկալում եմ շատ ազատ երկխոսություն, այնպես, ինչպես արել ենք միշտ եւ, կարծում եմ, ուսանողության հետ այլ կերպ հարաբերվելն ուղղակի անհասկանալի կլիներ:

Փորձեմ բնութագրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Անցել են նախագահական ընտրությունները, արդյունքները հայտնի են, բայց նախագահական ընտրություններին նախորդել է մեծ ծավալի աշխատանք` ընտրությունները պատրաստելու ուղղությամբ: Հաշվի են առնվել բոլոր միջազգային կազմակերպությունների, հիմնականում եվրոպական, խորհուրդները` կապված օրենսդրության, ընտրությունների անցկացման հետ: Մենք չենք ընդունել միայն մեկ փորձագիտական առաջարկ` մատը թանաքոտելը` հասկանալով, որ սա եւ մտավորականության կողմից չի ընկալվի, եւ նաեւ մի շարք քաղաքացիներ այդ պատճառով չեն մասնակցի ընտրություններին, կորուստ կունենանք ընտրազանգվածում: Որոշում կայացվեց ընտրություններին հրավիրել միջազգային դիտորդների եւ թվով մոտավորապես 600 դիտորդ ներկայացրել են տարբեր միջազգային կազմակերպություններ Հայաստանի Հանրապետությունում:

Ամբողջ գործընթացի ժամանակ բոլոր թեկնածուները, բոլոր քաղաքական թիմերը հնարավորություն են ունեցել իրենց տեսակետները մատուցելու հանրությանը, եւ, այդ առումով, օրենքի տառը, կապված քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների գործունեության հետ, պահպանվել է եւ երբեւիցե որեւէ մեկը չի ունեցել որեւէ սահմանափակում` մասսայական միջոցառումներ կազմակերպելու գործում: Սա եւս միանշանակ է: Այս ամբողջ ընթացքում որեւէ մեկ ընդհարում ոստիկանության հետ չի եղել: Ունենք նաեւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ եզրակացությունը` դիտորդական առաքելությունների կողմից, որոնք հիմնականում դրական եզրակացություններ են:

Գիտեք, անթերի ընտրություններ չեն լինում, իհարկե, խախտումներ լինում են: Ամենից կարեւորը հետեւյալն է, թե պետությունն ինչպե՞ս է արձագանքում այդ խախտումներին, կամ այդ խախտումների բնույթն ինչպիսի՞ն է: Կենտրոնացված, կազմակերպված բնույթի խախտումներ են, թե` ոչ: Եւ եթե պետությունն անմիջապես արձագանքում է, ապա հասկանալի է, որ նաեւ պետական մարմինները նպատակ ունեն արդար եւ ազատ ընտրություններ կազմակերպելու: Դուք հնարավորություն ունեք դատախազության եւ ոստիկանության կայքերում ծանոթանալու բոլոր խախտումների եւ միջադեպերի հետ: Պարբերաբար, ամեն օր այդ կայքերը թարմացվում են, հանրությանը իրազեկում ենք, թե ի՞նչ է արվում պետական մարմինների կողմից` այդ բոլոր թերություններն ուղղելու, մեղավորներին պատժելու համար, եւ , իհարկե, խոսքը գնում է իրավապահ համակարգի գործունեության մասին:

Ընտրություններն ավարտվել են, վարչապետը հաղթել է եւ կոչ է արել համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ: Այսօր արդեն ակտիվ գործընթաց է գնում, տաբեր թեկնածուներ եւ այլ քաղաքական ուժեր արձագանքում են այդ կոչին եւ իմ գնահատականն այնպիսին է, որ մոտակա երկու-երեք օրվա ընթացքում կձեւավորվի պետական համագործակցության ձեւաչափ: Սա է այսօրվա պատկերը: Բայց կան նաեւ այս իրավիճակից դժգոհներ, կա ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող թեկնածու: Այս պահին սկսվել է եւս երկու գործընթաց: Մեկը` իրավական եւ բնականոն գործընթաց` ընտրությունների արդյունքները բողոքարկելու եւ հրապարակային գործընթաց` այդ բողոքը նաեւ հանրային, զանգվածային տարբերակով հանրությանը մատուցելու: Այս կեցվածքն եւս մեր համար կանխատեսելի էր, քանի որ այդպիսի ավանդույթ մենք Հայաստանում ունենք: Ես երկու անգամ ընտրվել եմ` երկու փուլով, եւ երբեք երկրորդ տեղը գրաված թեկնածուն չի ընդունել ընտրությունների արդյունքները: Ինչքան գիտեմ, նաեւ 1996 թ-ին եւս այդ արդյունքները չէին ընդունվել, եւ ինչ-որ տեղ ավանդույթ է ձեւավորվել, որ պարտված կողմը չի կարողանում այդ քայլն անի, հաղթահարի սեփական ամբիցիաները` շնորհավորելու եւ ընդունելու ընտրությունների արդյունքները: Վատ ավանդույթ է, բայց սա այն է, ինչ մենք այսօր ունենք: Կանխատեսելի էր, որովհետեւ դեռ ընտրություններից երկու շաբաթ առաջ թեկնածուներից մեկը հայտարարել էր, որ ինքն արդեն հաղթել է, հաղթած նախագահ է եւ խոսքը գնում է միայն ֆորմալ խնդիրների մասին: Բնական է, այդպիսի հայտարարություններից հետո հնարավոր չի ճանաչել ընտրությունների արդյունքները, եւ բնական է, որ պետք է բողոքարկվեր իրավական ճանապարհով, եւ հանրային, զանգվածային միջոցառումներ ձեռնարկվեր: Այդ զանգվածային միջոցառումներին դուք ծանոթ եք, դա թատերական հրապարակում տիրող իրավիճակն է: Հետո ի՞նչ է լինելու: Երեւի սա է բոլորին հետաքրքրում: Փորձեմ տարբեր սցենարներ նկարագրել: Իմ պատկերացմամբ` կա իրավիճակի զարգացման չորս հնարավորություն:

Առաջին` այդ զանգվածային միջոցառումները նույն ձեւով ակտիվ շարունակվում են` փորձելով ներգրավել նորանոր մարդկանց: Բայց մեր կանխատեսումները հետեւյալն են. ինչքան շատ շարունակվեն այդ միջոցառումները, ինչքան շատ եւ ակտիվ փորձեն մարդկանց անընդհատ պահել թատերական հրապարակում, այնքան ավելի մեծ է լինելու այդ նույն մարդկանց հիասթափությունը: Այդ փորձը մենք անցյալից ունենք, սա լուրջ հոգեբանական գործոն է: Մարդիկ որոշակի ստրես են ապրում եւ հետո չեն ներում նրանց` ում մեղքով նրանք այդ ապրումներն ունեցել են: Սա ուղղակի փակուղի է, եւ այն, առաջին հերթին, ժամանակի մեջ վարկաբեկելու է նրանց, ովքեր այդ գործիքն այսօր փորձում են կիրառել:

Երկրորդ` հուսահատության պատճառով փորձել անել այն, ինչ արվել էր 1996 թ-ին` գրոհել պետական մարմինները: Միանգամից կազմակերպիչները հայտնվելու են օրենքից դուրս` այս կարգավիճակից բխող իր բոլոր հետեւանքներով: Իրավապահ մարմիններն ունեն բավարար ուժ, բավարար հնարավորություն` սահմանադրական կարգը պահպանելու համար: Այստեղ որեւէ կասկած որեւէ մեկը չպետք է ունենա: Բայց դրանից հետո հարթակում կանգնածները երկար տարիներ անց են կացնելու բանտերում եւ բավարար ժամանակ են ունենալու` մտորելու եւ վերլուծության ենթարկելու անցած ճանապարհը եւ գործած սխալները: Իհարկե, սա ամենից անցանկալի տարբերակն է բոլորի համար եւ Հայաստանի Հանրապետության համար:

Երրորդ հնարավոր սցենարը հետեւյալն է. շնորհակալություն է հայտնվում այդ զանգվածին` աջակցության համար, մարդկանց ուղարկում են տուն` պահպանելով այդ մարդկանց վրա ազդեցությունը: Պահպանելով նաեւ կոշտ ընդդիմություն լինելու կեցվածքը` պատրաստվում են հաջորդ ընտրություններին: Սա եւս սցենար է: Համարում եմ` ողջամիտ սցենար, հնարավոր սցենար: Բայց այս սցենարի համար պետք է սառնասիրտ գնահատվի իրավիճակը, սթափվեն եւ մտածեն, որ քաղաքական պայքարը հարյուր մետր վազելը չէ, այլ ավելի երկար եւ դժվար աշխատանք է պահանջում:

Եւ կա չորրորդ սցենար` ամենից մեղմը, դա հետեւյալ է. մարդկանց ուղարկում են տուն, շնորհակալություն են հայտնում աջակցության համար, շնորհավորում են նորընտիր նախագահին, խնդրում են մեղմ վերաբերվել նրանց, ովքեր օրենքը խախտել են այս կամ այն պատճառներով, եւ գնում են իրենց հերթական աշխատանքին` գիտական: Երեւի սա ամենից մեղմ, ամենից տրամաբանականը կլինի: Բայց, կրկնում եմ, այս չորս տարբերակն է, այլ հնարարվոր զարգացում ուղղակի չկա: Ընտրությունն արդեն իրենցն է: Ի դեպ, երեւի նկատում եք` որեւէ մեջբերում, որեւէ որակավորում չեմ ուզում տալ, ուղղակի ուզում եմ վերլուծել իրավիճակը եւ տալ հնարավոր սցենարները: Ընտրությունն իրենցն է: Մենք պատրաստ ենք այս չորսից յուրաքանչյուր տարբերակին: Իհարկե, ամենաողջամիտ տարբերակները համարում ենք երրորդ եւ չորրորդ տարբերակները:

Հիմա, ի՞նչ տարբերակներ ունենք մենք: Առաջին` համբերատար սպասել, թե երբ է թատերական հրապարակի բեմադրությունը մարելու: Եւ, ի դեպ, բոլորը, ովքեր փորձել են այդ մարտավարությամբ ինչ-որ բանի հասնել, բավական լուրջ ձախողում են ունեցել եւ չի կարելի վիճակը համեմատել 89-90-ական թվերի հետ, այն ժամանակ փլուզվող կայսրության հոգեվարքի երեւույթներ էին: Անկախ Հայաստանում սա ուղղակի հնարավոր չէ եւ այն մարդիկ, ովքեր փորձել են գրոհել շենքեր, ավելի մեծ ձախողումներ են ունեցել: Ուրեմն մեկ տարբերակը` հնարավորություն տալ մարվելու:

Երկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով այդ հրապարակը մաքրելն է, եւ նաեւ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ կյանքով ապրել: Ես կարծում եմ, որ սա այսօր մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, որոնք մոլորված եւ հոգեբանական ապրումների մեջ քնում են այդ հրապարակում, որովհետեւ, ուղղակի տարբեր հնարքներով նրանց այնտեղ պահում են: Այս երկու տարբերակն է: Տեսնում եք` մեր տարբերակներն ավելի քիչ են: Իհարկե, շատ ավելի ցանկալի տարբերակ է, որ ամեն ինչն իր հունով մարվի, եւ ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի:

Ի դեպ, ե՞րբ են ասում ոստիկանությունն ուժ կիրառում է, թե ոչ: Ոստիկանությունն ուժը կիրառում է երբ դիմադրության է հանդիպում, եթե օրինական պահանջը չի կատարվում` միայն այդ դեպքում: Եւ որեւէ մեկի մոտ բռնությունների գնալու հատուկ ցանկություն, իհարկե, չկա: Մեր ժողովրդի մի հատվածն է այստեղ, եւ պետք է փորձենք հնարավորինս համոզելով, նաեւ քաղաքական գործընթացը տրամաբանական ձեւով զարգանալու հնարավորություն տալով, այս իրավիճակն իր հանգուցալուծմանը հասցնենք` հանդարտ, հանգիստ ճանապարհով: Ի դեպ, հարթակի հռետորների կեցվածքը ձեր հոգեբանական ֆակուլտետի լաբորատոր դասերի համար շատ լավ օրինակ կարող է ծառայել: Մյուս կողմից էլ ասեմ, որ վատ չեն զվարճացնում ժողովրդին, կարծում եմ, բավական հետաքրքիր էր եւ ամենից հետաքրքիրը` կերակրում են, որովհետեւ ՀՀՇ-ն սովորաբար չէր կերակրում, միշտ հակառակն էր անում, հիմա սկսել է կերակրել: Գոնե այս ամենի մեջ ինչ որ դրական երեւույթներ եւս կան: Այսքանով ավարտում եմ խոսքս, բայց կցանկանայի, որպեսզի ձեր հարցերը միայն այս խնդիրներով չսահմանափակվեն: Կան Հայաստանի Հանրապետության համար ավելի հեռանկարային հարցեր, եւ ես պատրաստ եմ իմ մոտեցումները կամ պարզաբանումները տալ բոլոր հնչեցրած հարցերին:

Հարց – Մեր լավագույն ուսանողների մեծ մասն իրենց ուսումը շարունակում են արտասահմանում եւ այլեւս չեն վերադառնում Հայաստան: Պետության կողմից ի՞նչ քայլեր են ձեռնակվում, որպեսզի հայ ուսանողներին ետ բերեն կամ այնպես անեն, որպեսզի չմեկնեն Հայաստանից, մասնավորապես ի նկատի ունեմ այն, որ պետությունն իր վրա վերցնի հովանավորչությունն այն պայմանով, որ նրանք իրենց ապագան տեսնեն Հայաստանում:

Պատասխան – Իմ դուստրը ուսում է ստացել արտասահմանում եւ վերադարձել է, իր ընկերուհիներն ուսում են ստացել արտասահմանում, վերադարձել են եւ այժմ աշխատում են Երեւանում: Ուրեմն ճիշտ կլինի ասել, որ մի մասը չի վերադառնում: Վերջերս այդ հարցը կառավարությունում քննարկվեց եւ որոշեցինք, որ ոչ միայն դրամաշնորհային համակարգի շնորհիվ օժանդակել երիտասարդությանը ուսում ստանալ արտասահմանում, այլ նաեւ պետական միջոցներով փորձել աջակցել նրանց: Համոզված եմ, որ կարելի է նաեւ բյուջետային միջոցներ հատկացնել եւ ձեւավորել հիմնադրամ հենց այդ նպատակների համար, բայց պետք է պայմանագրային հիմքեր լինեն այն ուսանողների հետ, որոնք ֆինանսավորվել են պետության կողմից, որպեսզի վերադառնան եւ աշխատեն այստեղ: Սա առաջինն է:

Երկրորդ` պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ երկիր վերադառնալն ավելի հրապուրիչ լինի, քան երկրից հեռանալը: Մասնագիտական կարողություններ ունեցող մարդիկ պետք է կարողանան աշխատել, բավարար գումար վաստակել այստեղ նորմալ կյանք վայելելու համար: Սա առաջնային է:

Գնացողների եւ վերադարձողների բալանսը դրական է վերջին երեք տարվա ընթացքում: Լավ կրթություն ստացած երիտասարդը հնարավոր չէ, որ Հայաստանում լավ աշխատանք չգտնի: Դուք չեք կարող ցույց տալ մի մարդու, որը լավ կրթություն ունի, տիրապետում է օտար լեզուների եւ Հայաստանում մեծ աշխատավարձով (համեմատության կարգով ի նկատի ունեմ մեծ ասածը) լավ աշխատանք չի գտնում: Ուրիշ հարց է, որ մարդու համար դրսում մի այլ գրավչություն կա, կարող է մի մարդ դրսում իր կարիերայի համար ավելի լավ հնարավորություններ է տեսնում: Տարբեր մարդկանց համար կարող են տարբեր հնարավորություններ ստեղծվել եւ ամեն մի երիտասարդ տարբեր ձեւով կարող է գնահատել իր հետագա կարիերայի հնարավորությունները այստեղ եւ դրսում:

Ես ձեզ հետ համամիտ եմ եւ այս հարցը ինձ նույնպես մտահոգում է:

Հարց – Մեծարգո պարոն նախագահ Ադրբեջանի նախագահն անընդհատ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման լավագույն տարբերակը 1988թ-ի ստատուս-քվոի վերականգնումն է: Այս կոնտեքստում ինչպե՞ս եք վերաբերում արմատական ընդդիմության այն պնդումներին, որ պետք է ղարաբաղյան հարցը լուծել շատ շտապ եւ արագ կերպով: Սա արդյո՞ք չի նշանակում տարածքների աննպատակ վերադարձ, պարտվողական տրամադրությունների ստեղծում բուն երկրի ներսում:

Պատասախան – Ես ծանոթ չեմ 1988թ-ի վերադարձի կոչերին: Նրանք ավելի շուտ ասում են հետեւյալը. վերադառնանք բարձրագույն ավտոնոմիայի կարգավիճակին, որը եղել է: 1988թ-ի ստատուս-քվոն հնարավոր չի ստեղծել, քանի որ 1988թ-ին նաեւ խորհրդային միությունը չկար, ամբողջը փլուզվեց, հետեւաբար վերադարձը պարզ է, որ չկա: Չեմ կարծում, որ մենք պետք է հատուկ ձգձգենք հարցի կարգավորումը կամ հատուկ նպատակ ունենանք ամեն գնով արագ լուծել: Ինձ համար ընդունելի չէ ո’չ այս տարբերակը, ո’չ էլ այն տարբերակը:

Մենք պետք է հստակ մեր մոտեցումը ունենաք: Պետք է իմանանք, թե ինչ ենք մենք ուզում արդյունքում եւ եթե մեր ուզածը կարող ենք ունենալ հաջորդ տարի, ապա ստանանք հաջորդ տարի, եթե երկու տարի անց, ապա ստանանք երկու տարի անց, քսան տարի անց, ապա ստանանք քսան տարի անց: Բայց սկզբունքային հարցերում երբեք զիջողական, պարտվողական մոտեցում չպետք է որդեգրել:

Այդ հայտրարությունները բավական վատ ազդեցություն են ունենալու միջնորդ երկրների տեսակետների վրա: Կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանի Հանրապետության հանրության մի զգալի մասն այսօր պատրաստ է զիջումների: Եթե մեր թեկնածուն հայտարարում է այդ մասին եւ այդ թեկնածուն հավաքում է 350.000 ձայն, ապա մարդիկ դա գնահատում են այսպես, որ 350.000 մարդ պատրաստ են վաղն էլ Ղարաբաղը հանձնել: Բայց իրականում այդպես չէ, այդ ձայների մի զգալի մասը ձայներ են, որոնք իշխանությունից դժգոհ են եւ իրենց ձայնն ուղղակի տվել են ուրիշին: Վատ հետեւանքները լինելու են հետեւյալները. միջնորդների հաջորդ առաջարկները լինելու են ուղղված դեպի այն կողմը: Այս հետեւանքների մասին ժողովուրդը պետք է մտածեր: Միջնորդ երկիրն ակտիվորեն ներգրավված է բանակցային գորընթացի մեջ, գնահատում է, թե այս կամ այն առաջարկը հանրության կողմից ընկալելի է, թե ոչ: Դա գնահատում են հարցումներով, ուսումնասիրություններով եւ ամենամեծ հարցումն ու ուսումնասիրությունն այն էր, ինչ կատարվեց մեզ մոտ:

Ըստ էության Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է միակողմանի լուրջ լուծումներ եւ հանրության մի զգալի մասը նրան կողմնակից է: Նրանք այսպես են գնահատելու:

Վերջին տաս տարվա ընթացքում մենք էապես բարելավել ենք մեր կարգավիճակը բանակցային գործընթացում: Տաս տարվա ընթացքում երբեւիցե խոսք չի գնացել, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում: ԵՎ եթե վաղը բանակցային գործընթացում այդպիսի խոսակցություն գնա, ապա դա կլինի այն ձեռքբերումը, որը ստացել ենք քարոզարշավի ժամանակ:

Ես համոզված եմ, որ նորընտիր նախագահն երբեք նման քայլերի չի գնա եւ իր փորձառությունն ու անցած ճանապարհը լավագույն երաշխիք են լինելու, որ մենք հանգիստ մեզ զգանք:

Հարց – Ընտրությունների նախորդ օրը դուք հարցազրույց տվեցիք չորս հեռուստաընկերություններին եւ սենսիացիոն հայտարարություններ արեցիք Լեւոն Տեր-Պետրոսյանի անցյալի վերաբերյալ: ԻՆչո՞ւ էիք լռում մինչեւ այժմ: Տպավորություն էր ստեղծվել, որ դա արվում էր ոչ թե արդարությունը վերականգնելու համար, այլ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով:

Պատասխան – Նույն հարցազրույցի ժամանակ բացահատել եմ, թե ինչու չէի մինչ այդ ասում: Չէի ասում, քանի որ մի կողմից չկար անհրաժեշտություն, մյուս կողմից էլ Ղարաբաղի հակամարտության եւ պատերազմի հետ կապված հաղթանակները չէին օգտագործվում կոնկրետ թեկնածուների կողմից ինչ-ինչ նպատակների համար: Երբ սկսվեց շահարկվել այդ, թեման, ես պարտավորված զգացի այդ իրադարձությունների մասին տեղեկացնել:

Այն ժամանակ էլ բեւեռվածություն կար Հայաստանում եւ հարց կար, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից` ակտիվ պաշտպանության ճանապարհով, թե ավելի շատ ակտիվ մարտական գործողությունների ճանապարհով, թե ուղղակի սպասելու ճանապարհով, թե ինչով այս ամենը կավարտվի:

Կարծում եմ նաեւ Վազգեն Մանուկյանը կարող է որոշ հետաքրքիր բաներ պատմել: Օրինակ Լեւոն Տեր Պետրոսյանը չգիտեր Շուշիի օպերացիայի օրը: Չէի ցանկանա կենտրոնանալ այդ հարցերի վրա, բայց փաստ է, ճշմարտություն է: Վախ կար, թե ինչով կավարտվի, ինչ կլինի, հասկանում էինք, որ եթե այդ վախի պատճառով պարալիզացված լինենք, ապա ամեն ինչ կկորցնեինք:

Այն ժամանակ Հայաստանում մենք հենվել ենք այն ուժերի վրա, որոնց մոտեցումները նույնն էին: Եվ այդ ուժերը նաեւ ապահովեցին Հայաստանի ջոկատների, կամավորականների ակտիվ մասնակությունը Ղարաբաղյան հակամարտության մեջ: Եվ մենք շնորհակալ ենք բոլորին: Սա միայն ղարաբաղցիների հարցը չէր, սա ընդհանուր միջազգային հարց էր:

Ասելիք շատ կա: Երբ նախագահ չլինեմ ավելի ազատ ոճով կպատմեմ այս ամենի մասին:

Հարց – Լինելով երիտասարդ եւ եռանդով լեցուն` շարունակելու ե՞ք քաղաքական գործունեությունը: Հանգիստ խղճով ե՞ք թողնում երկրի ղեկը:

Պատասխան – Իրոք հանգիստ խղճով եմ թողնում: Այս տաս տարիների ընթացքում շատ բան է արվել երկրում: Մեկ անգամ ուղղակի կատակել եմ էլի հրապարակային հանդիպումների ժամանակ. երբ մարդ զապորոժեցից նստում է մերսեդես, երկու օր հետո թվում է, թե ամբողջ կյանքում մերսեդես է նստել: Երբ հակառակը նստի, ամբողջ կյանքում չի մոռանալու, որ ինքը մերսեդես է նստել: Հիմա, երբ մենք սովորել ենք այսօրվա վիճակին, մոռանում ենք, թե ինչ է եղել առաջ Հայաստանում: 1998թ-ին Երեւանից Սեւան գնալու ճանապարհին երեք-չորս մեքենա չէինք տեսնում: Երեւանի փողոցներում չէիր հասկանում, թե աշխատանքային ժամը որն է, ոչ աշխատանքային ժամը որն է: Ոչ մի կինոթատրոն չկար: Երբ դրսից հյուր էր գալիս ոչ մի ռեստորան չկար, որ հրավիրեիր: Մենք մոռանում ենք այս ամենը: Դուք երիտասարդ եք եւ այս ամենը լավ չեք հիշում: Երկիրը մեծ առաջընթաց է ապրել եւ կարծում եմ, որ մի բրոշյուր կտպենք այդ տաս տարիների ձեռբերումների վերաբերյալ:

300 միլիոն դոլարանոց բյուջեն դարձել է 2.5 միլիարդ: 300 միլիոն դոլարանոց բյուջեի 60 միլիոն դոլարը դրսի պետությունների օժանդակությունն էր եւ պետական եկամուտները կազմում էին այդ 300 միլիոնից միայն 215-220 միլիոնը: Սա էր երկրի վիճակը: Երբ գնում էի մարզային այցերի, մարդիկ դիմում էին փոքր ծրագրերի համար: Դպրոցների, փլված կամուրջների համար փող չունեին: Վերջին տարիներին այդ խնդիրը չկա, քանի որ տնտեսությունը սկսել է աշխատել եւ ամեն տարի այդ հնարավորությունները մեծացնելու լուրջ պոտենցիալ ունենք:

Հայաստանում չկա մի վայր, որտեղի շենքի, ճանապարհի կառուցման հետ կապ չունենամ: Եվ սրանից ավելի մեծ բավարարվածություն եւ հպարտության զգացում չկա: Այսպիսով բախտ է վիճակվել պատասխանատու տարիների ընթացքում Հայաստանի անունից այդ բեռը տանել:

29 փետրվար, 2008 թվական

http://www.president.am/till2008/news.president/arm/?sub=news