Սևրից Ազգային օջախ և Լոզան

1876

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

Տասնիններորդ գլուխ

Լոզանի խորհրդաժողովը

(նոյեմբեր, 1922 – 24 հուլիս, 1923)

Երբ հայտնի եղավ, որ Լոզանի խորհրդաժողովը վերջնականապես պետք է վճռի թուրքերի և դաշնակիցների միջև գոյություն ունեցող բոլոր վիճելի խնդիրները և ի մասնավորի հայկական հարցը, Հայաստանի Հանրապետության և Ազգային պատվիրակության ներկայացուցիչները անցան նախապատրաստական տենդագին աշխատանքների:

Տակավին, խորհրդաժողովի բացումից առաջ կատարվեցին հետևյալ աշխատանքները:

Նախ, երկու պատվիրակությունները լիակատար համաձայնության եկան բոլոր այն խնդիրների վերաբերյալ, որոնք կազմում էին մեր պահանջների բովանդակնությունը: Երկրորդ, մի վերջին անգամ դիմումներ կատարվեցին դաշնակից պետություններին՝ Անգլիային, Ֆրանսիային, Իտալիային, Հարավսլավիային և Հունաստանին: Երրորդ, շարժման մեջ դրվեցան բոլոր այն ուժերը, որոնք համակրանքի խոսք ունեին հայ ժողովրդի հանդեպ, և Ամերիկայի, Եվրոպայի ու Հնդկաստանի զանազան մասերից նրանք իրենց ձայնը բարձրացրին Լոզանի խորհրդաժողովի վրա բարոյապես ազդելու համար. Չորրորդ, գտնվեցին միջնորդներ՝ թուրք պատվիրակների մոտ մարդկանց հետ բանակցություններ վարելու համար: Հինգերորդ, մեկ անգամ ևս դիմում եղավ Ազգերի լիգային՝ յանձին իր Խորհրդի: Վեցերորդ, մեր բարեկամ բոլոր օտար կազմակերպությունները Լոզան ուղարկեցին իրենց ներկայացուցիչներին՝ հայ ժողովրդի դատը պաշտպանելու համար: Յոթերորդ, մեր կողմից դիմումներ եղան պատշաճ մարմիններին՝ ապահովելու մեր պատվիրակության մասնակցությունը Լոզանի խորհրդաժողովին, որպես լիազոր անդամի:

Այս բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվում էին առանձին ջանքով և ոգևորությամբ:

ՀՀ պատվիրակության կողմից Լոնդոն մեկնեցին Ավետիս Ահարոնյանև և Ալեքսանդր Խատիսյանը, իսկ Ազգային պատվիրակության կողմից՝ Գ. Նորատունկյանը՝ ընդհանուր քարտուղար Լևոն Բաշալյանի ուղեկցությամբ: Հայկական միացյալ պատվիրակության նիստերին մասնակցում էին Ազգային պատվիրակության կողմից նաև Երամ և Գյումյուշկերտան, իսկ Հայաստանի Հանրապետության պատվիրակության կողմից Գարո Փաստրմաջյան և հայագետ, միջազգային իրավունքի ծանոթ մասնագետ Ա. Մանդելշտամ:

Նախքան պատվիրակության Լոզան մեկնելը Անգլիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին արեցինք մի շարք դիմումներ:

Հոկտեմբերի 31-ին Լոնդոնում տեսակցություն ունեցա արտաքին գործերի նախարար Լորդ Քըրզնի ներկայացուցիչ Վանզիտարտի և քարտուղար Օզբորնի հետ: Այդ երկու անձինք ղեկավարում էին արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի բաժինը և հատկապես զբաղված էին հայ և թուրքական խնդիրներով:

Ես հիմնավորեցի մեր պահանջները մեր իրավունքներով, մեր մասնակցությամբ պատերազմին, և, ընդհանրապես, այն ամենով, ինչ որ ստեղծել էր Սևրի դաշնագիրը: Ինձ պատասխանեցին, որ թուրքերի բռնած դիրքը լավ նախագուշակում չէ համագումարի հաջողության տեսակետով և որ դաշնակիցները այսօր զուրկ են իրական միջոցներից՝ թուրքերի վրա ազդեցություն գործադրելու համար: Հասկացրեցին, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, որ թուրքերը, լավ ըմբռնելով այս հանգամանքը, պիտի համառեն մինչև վերջ, որ դաշնակիցների մեջ էլ այս խնդրի նկատմամբ չկա միակամ ոգի և մինչև իսկ նրանցից ոմանք թուրքերին օգնում են դրամով և զենքով, որ հայերի պահանջները կենսական խնդիրներ չեն դաշնակիցների համար, որոնք ավելի շատ զբաղված նեղուցների հարցով և միայն հայկական հարցի համար դաշնակիցները հազիվ թե խզեն հարաբերությունները Թուրքիայի հետ: Անգլիան, ըստ Օզբորնի, վճռել է թուրքերի նկատմամբ բանեցնել խիստ և վճռական լեզու, սակայն բնավ վստահ չէ դաշնակիցների օժանդակության վրա:

Իմ այն հարցին, թե Թուրքիայի վրա կարելի է ազդել նաեւ տնտեսական միջոցներով, Օզբորնը պատասխանեց, որ ռուսները տնտեսապես օգնում են թուրքերին և մեր տնտեսական շրջափակումը իր նպատակին չի կարող ծառայել: Իսկ երբ ես նրա ուշադրությունը հրավիրեցի Թուրքիայում մնացած հայերի և հույների ծանր կացության վրա, նա պատասխանեց. «Այո՛, դա խայտառակություն է Եվրոպայի համար: Արձանագրեք բոլոր փաստերը, մենք կծանրանանք այդ բոլորի վրա Լոզանի խորհրդաժողովում»:

Բաժանվելու ժամանակ ես հիշեցրեցի Օզբորնին Անգլիայի բազմաթիվ անգամներ արած խոստումները հայ ժողովրդին: Ն պատասխանեց. «Ի՞նչ անենք, մենք հույներին խոստացել էինք Զմյուռնիան և Թրակիան, սակայն չկարողացանք իրագործել մեր խոստումը»:

Մյուս օր ես հանդիպեցաի Վանգիտարդին: Լսելով իմ հայտարարությունները, նա ասաց. «Ձեզ խաբած չլինելու համար ասեմ, որ թեև մեր համակրանքը դեպի հայ ժողովուրդը մնացել է անխախտ, բայց պակասել են թուրքերի վրա ազդելու մեր միջոցները»: Եվ տառացի կերպով կրկնեց առաջին խոսակցիս բոլոր ասածները: Իր կողմից միայն ավելացրեց, որ մենք սխալվում ենք, կարծելով, թե Թուրքիայի վրա կարելի է ազդել տնտեսական միջոցներով: Այսօր նրան օժանդակում է Խորհրդային Ռուսաստանը: Այն ժամանակ, երբ ռուսները անկարող լինեն շարունակելու իրենց տնտեսական օժանդակությունը, Անգլիան միջոցներ կգտնի թուրքերի վրա ազդելու համար: Իսկ այժմ անօգուտ է որևէ փորձ այդ ուղղությամբ:

Փարիզ վերադառնալուց հետո հանդիպեցի դը Բարժետոնի հետ, որ այդ ժամանակ արտաքին գործերի նախարարությունում վարում էր հայ-թուրքական բաժինը: Ներկայացա և Պերետտի դը լա Ռոկային՝ արտաքին գործերի նախարարության արևելյան բաժնի տեսուչին: Այցելություններիս նպատակն էր ներկայացնել հայ ժողովրդի պահանջները և խնդրել, որ պաշտպանեն այդ պահանջները Լոզանի խորհրդաժողովում: Նույնանման պահանջներ եղել էին և Նորատունկյանի կողմից:

Ընդհանուր առմամբ այստեղ ևս, ինչպես և Լոնդոնում, տվեցին նույն պատասխանները, որ թուրքերը տրամադիր չեն ընդունելու որևէ առաջարկ այդ ուղղությամբ և որ առանց ուժի գործադրության հնարավոր չէ հասնել որևէ արդյունքի, իսկ ուժ բանեցնող չկա. ժողովուրդները չեն ուզում այլևս պատերազմել:

Հանդիպեցի նաև ֆրանսիական խորհրդարանի անդամ Ֆրանկլին Բույոնի հետ, ով վերջերս եղել էր Թուրքիայում: Նրա կարծիքով, նախ պետք էր առանց այլևայլության հաշտություն կնքել թուրքերի հետ և ապա միայն՝ ապահովելով նրանց բարեկամությունը, դնել պահանջներ ի նպաստ հայերի:

Նման առաջարկներ, ծաղրական իմաստով, մեզ հաճախ էին լինում:

Զուտ քաղաքական դիմումներից հետո մենք չէինք մոռանում և մեր հայասեր բարեկամներին, որոնք տարածված էին Եվրոպայի զանազան կողմերում, Ամերիկա և մինչև իսկ՝ Հնդկաստան:

Մեր քայլերի դրական հետևանքը եղավ այն, որ մեր բարեկամները հատուկ գրություններով դիմեցին Լոզանի խորհրդաժողովին՝ մեր իրավունքները պաշտպանելու համար:

Այս աշխատանքների հետ զուգընթացաբար հայկական երկու պատվիրակություններու կողմից դիմումներ էին արվում՝ ապահովելու մեր մասնակցությունը Լոզանի խորհրդաժողովին, որպես լիազոր անդամներ: Այսպես, զուտ դիվանագիտական ճանապարհներով մենք հետապնդում էինք  երեք գլխավոր նպատակներ. առաջին՝ Միացյալ և Անկախ Հայաստանի իրագործումը, երկրորդ՝ որպես ժամանակավոր միջոց Ազգային Օջախի հաստատումը, երրորդ՝ մեր մասնակցությունը Լոզանի խորհրդաժողովին:

Հայաստանի խորհրդայնացման պատճառով՝ Ազգային Օջախի խնդիրը ստացավ հրատապ և գործնական նշանակություն, և այդ բանին հատկապես օժանդակում էր Ազգային պատվիրակությունը, որը հավատում էր, թե Օջախի խնդիրը հեշտ լուծելի է: Այս էր պատճառըը, որ Օջախի սահմանագծման և ձևակերպման խնդիրը Ազգային պատվիրակությունը դարձրեց իր ուշադրության միակ առարկան:

Լոզան մեկնելուց առաջ մենք դիմումներ հղեցինք Պուանկարեին, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարությանը, Վենիզելոսին և ուրիշների՝ նրանց ուշադրությունը և աջակցությունը հրավիրելով հայկական խնդրի նկատմամբ: Հայասեր բարեկամների միջոցով փորձ արեցինք հաշտեցման ուղի գտնել հայերի և թուրքերի միջև, բայց, ինչպես և պետք էր ենթադրել, դրական արդյունք չստացվեց:

***

Օգոստոսի վերջերին վերջնականապես պարզվեց, որ թուրքական, ապա ուրեմն և հայկական խնդիրները կանոնավորելու համար, խորհրդաժողովը պետք է գումարվի Լոզանում: Պարզ էր, որ ամեն միջոցով պիտի աշխատեինք մեր մասնակցությունը ապահովելու այդ խորհրդաժողովին՝ լիազոր անդամների իրավունքներով: Այդ առթիվ մենք դիմեցինք անգլիական, ֆրանսիական և իտալական կառավարություններին հետևյալ գրությամբ.

Փարիզ, 18 հոկտեմբեր, 1922

Պարոն նախագահ,

1922 թվականի օգոստոսի 18-ի նամակով պատիվ ունեցա Ձերդ Գերազանցության ուշադրությունը հրավիրելու ՀՀ պատվիրակության ներկայացուցիչների արևելյան խնդիրները կարգադրող նախապատրաստական խորհրդաժողովին մասնակցելու օգտակարության վրա: Ձեր օգոստոսի 24-ի նամակով բարեհաճել էիք հայտնել ինձ ի տեղեկություն, որ այդ խորհրդաժողովում, որտեղ ներկայացված պիտի լինեին միայն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, քննության չեն առնվելու խաղաղության ապագա դաշնագրի հոդվածները և, ապա ուրեմն՝ Հայաստանի Հանրապետությանը շահագրգռող որևէ խնդիր չպիտի արծարծվի այնտեղ: Այդ պատճառով, պարոն նախագահ, դուք անհրաժեշտ չէիք նկատել ՀՀ պատվիրակների ներկայությունը Վենետիկի համաժողովին:

Այդ օրից ի վեր քաղաքական կացությունը Մերձավոր Արևելքում զգալիորեն փոխվել է: Դաշնակից պետությունները դիմել են Անկարայի կառավարությանը հրավիրագրով, որով առաջարկում են առանց հապաղելու ուղարկել լիազոր ներկայացուցիչ՝ մասնակցելու խորհրդաժողովին, որը պետք է գումարվի Վենետիկում կամ այլուր և որին պիտի մասնակցեն Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի, Ճապոնիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի և Հունաստանի լիազոր ներկայացուցիչները: Այդ խորհրդաժողովի նպատակն է քննության առնել և հաստատել խաղաղության վերջնական դաշինքը Թուրքիայի, Հունաստանի և դաշնակից պետությունների միջև: Անկարայի կաառավարությունը իր հոկտեմբերի 4-ի պատասխանով ընդունել է հրավերը և վերոհիշյալ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով ուղարկել իր լիազոր ներկայացուցչին:  Նման իրավիճակում,  կասկածից դուրս է, որ հայկական հարցը ևս, որպես Մերձավոր Արևելքի խնդրի էական մասնիկը, պիտի դրվի ապագա խորհրդաժողովի օրակարգում: Սևրի դաշնագրի չվավերացնելու պատճառով հայ ժողովուրդը մնում է նույն տառապանքների մեջ: Սակայն այս խնդիրը քննարկման առարկա է եղել և 1921-ի Լոնդոնի խորհրդաժողովի և ապա 1922-ի Փարիզի՝ երեք նախարարների ներկայությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որի պաշտոնական տեղեկագիրը՝ տպված 1922-ի մարտի 2-ին, ազդարարում է, որ «հայերը պետք է հատուկ ուշադրության առնվեն այն պարզ պատճառով, որ շնորհիվ իրենց պատերազմի մասնակցության, ենթարկվեցին ծանր տառապանքների: Ազգերի լիգայի օգնությամբ պետք է միջոցներ առնվեն՝ հայ ժողովրդի ավանդական ձգտումներն իրականացնելու և Ազգային օջախ ստեղծելու համար:

Այդ տառապանքները, որոնց մասին հիշատակված է պաշտոնական հայտարարությունում, այժմ հասել են այն աստիճանի, որ հայկական հարցի լուծման նոր հետաձգումը կարող է վերջնականապես խորտակել հայ ժողովրդի ապագան: Հայ ժողովուրդը վայրկյանը անգամ չի վարանի, որ Մերձավոր Արևելքի ապագա խորհրդաժողովը պիտի կարգավորի հայկական հարցը համաձայն մարդկության և ճշմարտության բարձր սկզբունքների, որոնցով պատերազմի բեմ էին դուրս եկել դաշնակից պետությունները և համաձայն բոլոր այն հանդիսավոր խոստումների, որոնք քանիցս եղել են հայ ժողովրդին:

Նկատի ունենալով իրերի այս դրությունը, պատիվ ունեմ Ձեզնից խնդրելու պարոն նախագահ, որ թույլ տրվի ՀՀ պատվիրակներիս, մասնակցելու այդ խորհրդաժողովին, ինչ անվան տակ որ հարմար են գտնում դաշնակից պետությունները:

Թող թույլ տրվի ինձ այս առթիվ հիշեցնելու Ձեզ, որ Սևրի դաշնագրի թիվ 88 հոդվածի համաձայն, Հայաստանը ճանաչված է որպես ազատ և անկախ պետություն և որ այդ ճանաչումը չի կիրառվել կյանքում այդ դաշնագրի չվավերացնելու հետևանքով, որ Հայաստանի Հանրապետության իրավական կացությունը բխում է նույն դաշնագրի նախաբանից, որով նա  դասվում է դաշնակից պետությունների շարքին, և որ Հայաստանը, որպես ազատ և ինքնիշխան երկիր, նույնպես ստորագրել է Սևրի դաշնագիրը, ինչպես և ուրիշ մի դաշնագիր, որը վերաբերում է փոքր ազգությունների իրավունքների խնդրին:

Քաղաքական ծանր անցուդարձը, որի թատերաբեմն է եղել Հայաստանը երկար տարիներ ի վեր, չի փոխել նրա միջազգային կացությունը որպես անկախ պետություն: Հայ ժողովուրդը, վստահ ֆրանսական ժողովրդի ճշմարտասեր զգացումի վրա, հույս ունի, որ ֆրանսիական կառավարությունը չպիտի մերժի իր ուժը գործադրել ի նպաստ ՀՀ պատվիրակների այդ խորհրդաժողովի մասնակցության, նկատի ունենալով նրանց պահանջի արդարությունը:

Հաճեցեք ընդունել, պարոն նախագահ, հարգանքներիս հավաստիքը:

ՀՀ պատվիրակության փոխնախագահ՝ Ալեքսանդր Խատիսյան»

Լուսանկարում՝ ՀՀ կառավարությունը վարչապետ Խատիսյանի գլխավորությամբ, 1919-ի աշուն