«Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»

1614

«Երբ երկու զինված բանակներ կանգնած են դեմ դիմաց ճակատային գծում, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»,- այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Ազատությունը:

Կլաարի հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը նշել է, որ «Հայաստանը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը գրավյալ տարածքներում», իսկ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին այսօր առկա գլխավոր խոչընդոտը Հայաստանի ապակառուցողական և երկդիմի դիրքորոշումն է: Հայաստանը շարունակում է ոչնչացնել Ադրբեջանի կրոնական, ազգային և պատմական հուշարձանները»:

Նախօրեին Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում անդրադարձել էր Արցախյան հակամարտության կարգավորմանը:

«Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն:

Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ այսօր աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները: Մեզ մտահոգում են Մերձավոր Արևելքում և այլուր տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները, որոնք, ցավոք, ուղեկցվում են չդադարող պատերազմներով: Մեզ մտահոգում են առանձին երկրներում պետությունների ձախողումը և փլուզումը: Դրանց դիմագրավելու համար պետք է մտածել համագործակցային, համապարփակ և անբաժանելի անվտանգության մասին: Դա է առկա ճգնաժամերը հաղթահարելու միակ հնարավոր և իրատեսական ուղին»:

Արխիվային լուսանկար՝ Ալիևը և Հասանովը առաջնագծում