Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով. Սարգսյան

722

Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը:

«Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն:

Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ այսօր աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները: Մեզ մտահոգում են Մերձավոր Արևելքում և այլուր տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները, որոնք, ցավոք, ուղեկցվում են չդադարող պատերազմներով: Մեզ մտահոգում են առանձին երկրներում պետությունների ձախողումը և փլուզումը: Դրանց դիմագրավելու համար պետք է մտածել համագործակցային, համապարփակ և անբաժանելի անվտանգության մասին: Դա է առկա ճգնաժամերը հաղթահարելու միակ հնարավոր և իրատեսական ուղին»: