Անկարայի դաշնագիրը, Փարիզի խորհրդաժողովը և հույների խորտակումը

1723

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

—–

Տասնութերորդ գլուխ

Անկարայի դաշնագիրը, Փարիզի խորհրդաժողովը և հույների խորտակումը

Հայկական պահանջները բարդանում էին այն նոր դրությամբ, որը առաջ եկավ Լոնդոնի խորհրդաժողովի հետևանքով «Հայ Ազգային Օջախ» ծրագրի շնորհիվ: Անկարելի էր թվում բոլորովին անտեսել այդ ծրագիրը. չէր կարելի հրաժարվել նաև Միացյալ և Անկախ Հայաստանից: Առաջ եկավ երկվություն:

ՀՀ պատվիրակության անդամները խնամքով պահպանում էին ազատ, անկախ և միացյալ Հայաստանի պահանջի անձեռնմխելիությունը, բայց գործնականում նրանք ևս հանդիպում էին դժվարությունների: Դժվարությունը հետևյալն էր. ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի պահանջը ներկա գոյավիճակում ուրիշ բան չէ եվրոպական պետությունների աչքին, եթե ոչ Խորհրդային Միության մի անդամի սահմանների ընդարձակման պահանջ: Եվ երբ մենք՝ պաշտպանելով Միացյալ Հայաստանի սկզբունքը, բուռն կերպով պնդում էինք մեր պահանջը, մեզ հարց էին տալիս. «Ուրեմն, դուք ուզում եք, որ Խորհրդային Հայաստանը ընդարձակվի, այսինքն, որ նոր հողամասեր անցնեն բոլշևիկների իշխանության տակ»:

Մենք դեմ էինք բոլշևիկյան իշխանությանը, բայց պաշտպանում էինք Խորհրդային Հայաստանի սահմանների ընդարձակումը: Ստեղծվում էր հակասական վիճակ, որից երեք հնարավոր ելք կար. կամ ընդարձակված Հայաստանը, մինչև նրա վարչաձևի փոփոխությունը պետք է կառավարվեր բոլշևիկների ձեռքով, կամ կցվող հողամասերը (օրինակ, Կարսի նահանգը, կամ թուրքահայկական վիլայեթների մասերը) պետք է կառավարվեին առանձին իշխանությամբ, որը գտնվեր Ազգերի լիգայի կամ որևէ պետության հսկողության տակ և կամ, վերջապես, այդ հողամասերի վրա պետք է մնար թուրքական իշխանությունը անվանապես:

Թուրքիան ամենավճռական կերպով հակառակ էր այդ ծրագրերից որևէ մեկին, իսկ դաշնակիցները ամեն գնով հաշտություն էին ուզում նրա հետ: Մասնավորապես, Ֆրանսիան ուզում էր օր առաջ ազատ ձեռքեր ունենալ Գերմանիայի հետ իր հաշիվները մաքրելու համար: Այդպես ծագեց պատգամավոր Ֆրանկլին Բույոնին Թուրքիա ուղարկելու ծրագիրը: Նա Թուրքիա գնաց 1921 թվի աշնանը: Ուղևորությունից առաջ ես նրան տեսա Փարիզում, ինչպես և նրան ուղեկցող Լապորտին՝ Ֆրանսիայի հյուպատոսին: Բույոնը խոստացավ իր բանակցությունների ընթացքում աչքի առաջ ունենալ նաև հայերի շահերը: Նա ասաց, որ հայերի շահերը պաշտպանելու համար պետք է հաշտվել թուրքերի հետ, նրանց վստահությունը ձեռք բերել: Նա նաև խնդրեց ինձ գրել մի նամակ, որով կներկայանար Կիլիկիայի հայ ժողովրդին և Կիլիկիայի կաթողիկոսին: Ես չկատարեցի նրա խնդրանքներից որևէ մեկը՝ իմանալով, որ նա աննուղղելի թուրքասեր է: Հստակ կերպով զգացվում էր, որ նա գնում է ամեն  գնով համաձայնության գալու թուրքերի հետ: Թուրքերը, ինչպես միշտ, դա գիտեին և այդ պատճառով էլ ավելի պահանջկոտ էին:

Ֆրանսիական կառավարությունը սկիզբում ասում էր, թե Բույոնի ուղևորությունը պաշտոնական բնույթ չունի, և նա գնում է իր անձնական նախաձեռնությամբ: Բայց դա ճիշտ չէր, ինչպես ցույց տվեց նրա հետագա գործելակերպը, որը վերջացավ Անկարայի համաձայնության ստորագրությամբ: Այդ համաձայնության հետևանքով էր, որ դատարկվեց Կիլիկիան և ավելի քան 150 հազար հայեր հարկադրված եղան փախչել դեպի Սիրիա և Հունաստան: Անկարայի համաձայնությունը բոլոր տեսակետներից հայկական շահերի համար վերին աստիճանի ողբալի հետևանքներ ունեցավ:

Լոնդոնի առաջարկների համեմատությամբ Անկարայի համաձայնությունը նոր քայլ էր ի նպաստ Թուրքիայի: Լոնդոնի համաձայնությամբ՝ ազգաբնակչությունը զինաթափ պետք է լիեր և թուրք ոստիկանությունը պետք է ունենար ֆրանսիացի սպաներ: Անկարայի համաձայնությունը այդ պահանջը չէր դնում: Նույնիսկ քրիստոնյաների շահերի պաշտպանությունն էր վերանում, և Թուրքիան փոքրամասնության իրավունքների պաշտպանության հարցում եվրոպական պետություններու հետ դրվում էր հավասար հողի վրա:

Անկարայի համաձայնության հրատարակումը Կիլիկիայի քրիստոնյա ազգաբնակչության շրջանում առաջ բերոց աննկարագրելի հուզմունք և խուճապ: Թուրք կառավարության կողմից որևէ հավաստիացում չհանգստացրին ժողովրդին, որ շատ լավ գիտր թուրքական հավաստիացումների արժեքը և մազաչափ անգամ չէր հավատում դրանց: Բացի այդ, մոտենում էր ձմեռը և որևէ տեղափոխություն, եթե դա կամենային ձեռնարկել Կիլիկիայի հայերը, պիտի հանդիպեր ահագին դժվարությունների:

Կիլիկիայից մեր ստացած հեռագրերը աղերսում էին հետաձգել Կիլիկիայի դատարկումը մինչև գարուն, և ՀՀ պատվիրակությունը, ինչպես և Ազգային պատվիրակությունը դիմեցին ֆրանսիական կառավարության, ծերակույտի ու խորհրդարանի ազդեցիկ շրջանակներին, որպեսզի պարպումը հետաձգվի գոնե մինչև գարուն: Հատուկ պատգամավորությունը՝ բաղկացած Ազգային պատվիրակության և ՀՀ պատվիրակության անդամներից՝ Միքայել Պապաջանյան, Արշակ Չոպանյան և ես, ներկայացավ ու բացատրություններ տվեց ֆրանսիական ծերակույտի արտաքին գործերի հանձնաժողովին: Մենք բացատրեցինք բոլոր պատճառները, որոնց հիման վրա խնդրում էինք հետաձգել, եթե անկարելի է վերացնել, Կիլիկիայի դատարկումը: Մեր պատճառաբանությունները լսեցին ամենայն ուշադրությամբ: Ծերակուտականներից մի քանիսը, ինչպես Դեշանելը (հանրապետության նախկին նախագահ), Վիկտոր Բերարը և ուրիշներ, բազմաթիվ լրացուցիչ հարցեր տվեցին: Հետո մենք դիմեցինք ազդեցիկ պատգամավորներին, ընկերվարական կուսակցության բյուրոյի անդամներին՝ Բլյումին, Ռընոտելին, Փոլ Ֆորին, Մութեին: Դիմեցինք նաև ֆրանսիական կառավարությանը:

Այդ բոլոր դիմումների հետևանքը եղավ այն, որ ֆրանսիական կառավարությունը նախ շատ մեծ ուշադրությամբ հսկում էր դատարկման ընթացքը և երկրորդ՝ հայ փախստականներին թույլտվություն տվեց Կիլիկիայից Սիրիա մտնել: Բայց դատարկման կարգադրությունը չփոխվեց:

Ֆրանսիական զորքերի Կիլիկիայից հեռանալու հետ միաժամանակ հեռացավ և հայ ազգաբնակչությունը: Գնացին մոտ 120 հազար հայեր: Կիլիկիան դատարկվեց հայերից: Զանազան բարեգործական ընկերություններ (Նիըր Իստ Ռիլիֆ, դանիական, գերմանական, Հայ Բարեգործական ընկերությունները և այլն) օգնության ձեռք մեկնեցին նրան այդ ծանր օրերին:

Նույն մտայնությունը տեսնում ենք և հաջորդ՝ Փարիզի խորհրդաժողովում, որը գումարվեց 1922թ.  մարտին՝ նոտաների փոխանակությունից հետո, և որին մասնակցում էին Ֆրանսիայի կողմից արտաքին գործերի նախարար Պուանկարեն, Անգլիայի կողմից՝ արտաքին գործերի նախարար Լորտ Քըրզընը, Իտալիայի կողմից՝ արտաքին գործերի նախարար Շանցերը: Այդ խորհրդաժողովին հայերը չէին հրավիրվել:

Մարտի 22-ին երեք նախարարները հույներին և թուրքերին առաջարկեցին զինադադար կնքել, իսկ մարտ 26-ին երկու կողմերին ներկայացրեցին խաղաղության առաջարկներ, որոնք  պարունակում էին նոր զիջումներ հօգուտ թուրքերի: Զիջումները թվով չորս էին և չափազանց կարևոր: Նախ, Պոլիսը անպայման վերադարձվում էր թուրքերին, այնինչ նախկինում այն համարվում էր Թուրքիայի կողմից խաղաղության պայմանների կատարման ապահովություն: Երկրորդ, թուրքերին վերադարձվում էր Արևելյան Թրակիայի մի մասը: Երրորդ, թուրքերին խոստացվում էր վերադարձնել Միջերկրականի և Սև ծովի միջև գտնված բոլոր հողերը՝ մինչև Անդրկովկասի, Պարսկաստանի և Միջագետքի սահմանները: Չորրորդ, Լոնդոնում 1921թ. մարտին հայերին խոստացված «Հայ Ազգային Օջախը» «Թուրքիայի արևելյան սահմաններում» դառնում էր հայտնի չէ, թե որտե՞ղ տեղավորված «Օջախ»:

Վերջին կետի առթիվ պետք է ասել, որ Անգլիայի տեսակետով «Օջախը» պետք է լիներ Կիլիկիայում, իսկ Ֆրանսիայի տեսակետով՝ արևելյան վիլայեթներում: Հայերի վերաբերյալ կետը խմբագրված էր հետևյալ կերպով. «Հայերի դրությունը պետք է հատուկ ուշադրության առնել թե այն պարտավորությունների պատճառով, որ դաշնակից պետությունները ստանձնել էին պատերազմի ընթացքում, և այդ ժողովրդի կրած սարսափելի տանջանքների պատճառով: Հետևաբար, բացի այն հովանավորությունից, որ տրվում է փոքրամասնություններին, վերը հիշատակված տրամադրությունների ուժով պահանջվում է Ազգերի լիգայի օգնությունը, որպեսզի բավարարություն տրվի հայերի ավանդական տենչանքներին Ազգային օջախ ստեղծելու համար»:

1922 թվի այս որոշումը համեմատելով 1920-ի Սևրի դաշնագրի որոշման և 1921 թվականին Լոնդոնում ընդունված բանաձևի հետ, մենք տեսնում ենք հայերի և Հայաստանի վերաբերյալ պայմանների ձևակերպության աստիճանական անկումը: Միակ, թերևս, դրական կետը Փարիզի խորհրդաժողովի՝ Ազգերի լիգային ուղղված հրավերն էր՝ միջամտելու հայկական հարցին: Մեծ պետությունները ակներև կերպով խոստովանում էին իրենց անզորությունը:

***

Իսկ ինչ ասաց և ի՞նչ արեց Ազգերի լիգան: Այդ մարմնի մեջ մենք ունեինք ամուր համակրություններ ու կապեր: Եվ հենց Ազգերի լիգայի ներկայացուցիչներն էլ, կարծես, ուզում էին ցույց տալ, որ բացի կառավարության հրահանգները իրենք ազատ հնարավորություն ունեն ամենաբարդ քաղաքական խնդիրների քննության և լուծման ընթացքում մտցնել և պաշտպանել իրենց սեփական, ավելի շուտ մարդասիրական սկզբունքները:

Ազգերի լիգայի երկրորդ գլխավոր ժողովը զբաղվեց երեք խնդիրներով, որոնք վերաբերում էին Հայաստանին և հայերին: Լիգան արդեն գիտեր 1921թ. մարտի Լոնդոնի խորհրդաժողովի և այնտեղ տրված Ազգային Օջախի գաղափարի մասին: Այս հանգամանքը ազդեց նաև նրա ընդունած որոշման վրա: Որոշում տրվեց հետևյալ երեք խնդիրների մասին. 1) Ազգային Օջախ, 2) Թուրքիայի հարեմներում գտնվող հայ կանանց և երեխաների վիճակը և 3) սովը Հայաստանում:

Առաջին խնդրի վերաբերյալ, լսելով հայերի բարեկամ անգլիացի լորդ Ռոբերտ Սեսիլի առաջարկը և ճառը՝ Ազգերի լիգայի գլխավոր ժողովը 1921 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունեց հետևյալ բանաձևը.

«Նկատի ունենալով,

որ առաջին Գլխավոր ժողովը 1920 թվականի նոյեմբերի 18-ին Խորհրդին հանձնարարել էր  Հայաստանի ապագան պահպանելու խնամքը,

որ Խորհուրդը 1921 թվականի փետրվարի 25-ին, գտնելով հանդերձ, որ դրությունը Փոքր Ասիայում առայժմ անհնարին է դարձնում որևէ գործողություն, քարտուղարության վրա պարտավորություն էր դրել Հայաստանում հետևել դեպքերի ընթացքին, որպեսզի հետագայում Խորհրդին հնարավորություն տա նոր որոշումներ կայացնելու,

որ այդ ընթացքում Գերագույն Խորհուրդը առաջարկել է Սևրի դաշնագրի վերաքննության ժամանակ աչքի առաջ ունենալ հայերի համար Ազգային Օջախ ստեղծելու գաղափարը,

Որ խիստ հավանականություն կար մոտ ժամանակում խաղաղության դաշնագիր կնքելու Թուրքիայի և դաշնակից պետությունների միջև,

Համագումարը ստիպողաբար առաջարկում է Խորհրդին պնդել Գերագոյն Խորհրդի առջև, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել կնքվելիք դաշնագրում Հայաստանի ապագան պահպանելու համար, և, մասնավորապես, տալու համար հայերին Ազգային Օջախ՝ բոլորովին անկախ օսմանյան տիրապետությունից»:

Կանաց և երեխաներ խնդրի վերաբերյալ որոշվեց Պոլսում հաստատել «Մանկական տուն» և հատկացվեց գումար՝ հարեմներում և տներում տանջվող կանանց ու երեխաներին ազատելու համար: Իսկ Հայաստանի սովյալների համար որոշվեց «ցանկություն հայտնել, որպեսզի այն օգնությունը, որը հասցվելու էր Խորհրդային Ռուսաստանին, տարածվի նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վրա»:

Ազգերի լիգայի երկրորդ Գլխավոր Ժողովի բանաձևում դրված էր պահանջ «թուրքական տիրապետությունից բոլորովին անկախ» Օջախի մասին: Այս բանաձևը հաղորդվեց բոլոր կառավարություններին:

Պետք է հիշատակել, որ Օջախի «անկախության» վերաբերյալ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լեոն Բուրժուան ձեռնապահության հայտարարություն արեց: Սակայն, Ազգերի լիգայի երկրորդ Գլխավոր Ժողովի բանաձևը չունեցավ գործնական արդյունք: Այն «նկատի առան» միայն 1922 թվականի մարտին Փարիզում կայացած խորհրդաժողովում: Այդ պատճառով, 1922 թվականի աշնանը մենք նորից դիմեցինք Ազգերի լիգային՝ պահանջելով վերականգնել հայ ժողովրդի իրավունքները: Ազգերի լիգան երրորդ Գլխավոր Ժողովում, 1922 թվականի սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց հետևյալ բանաձևը.

«Գլխավոր Ժողովը երախտագիտությամբ ուշադրության է առնում Հայաստանի վերաբերյալ Խորհրդի որոշումները և ցանկություն է հայտնում, որ Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունների ընթացքում անուշադիր չթողնվի նաև հայերի համար Ազգային Օջախ հաստատելու անհրաժեշտությունը: Գլխավոր Ժողովը Խորհրդին առաջարկում է ձեռք առնել այն բոլոր միջոցները, որ նա օգտակար կհամարի այդ նպատակի համար:

Ինչպես երևում է բանաձևից, «Օջախի նոր ձևակերպումից այս անգամ անհետացել է նրա սկզբնական հատկանիշը՝ կատարյալ անկախությունը թուրքական տիրապետությունից: Ազգերի լիգայի այդ երրորդ նստաշրջանից հետո, 1922 նոյեմբերին տեղի ունեցավ Լոզանի խորհրդաժողովի բացումը: Այսպիսով, քաղաքական իմաստով հայկական հարցը վերածվեց Ազգային Օջախի խնդրի: