Ստամբուլի նահանգապետարանը չի ճանաչում արքեպիսկոպոս Բեքչյանին, ճանաչում է Արամ Աթեշյանին

1385

Ստամբուլի նահանգապետարանը, փետրվարի 5-ին Թուրքիայի հայոց պատրիարքարան ուղարկած նամակում նշել է, որ ճանաչում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ որպես պատրիարքական գլխավոր փոխանորդ, իսկ արքեպիսկոպոս Բեքչյանի տեղապահի կարգավիճակը չի ճանաչում։

Պոլսո հայոց պատրիարքարանից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրությամբ նամակ է ստացվել, որում, ընդգծելով Մութաֆյան պատրիարքի կենդանության փաստը, նշվում է, որ պատրիարքական նոր ընտրությունների համար համապատասխան պայմաններ չկան։ Նամակում նշվում է, որ պատրիարքական աթոռը թափուր համարելու համար առողջական խնդիրների նախապայման գոյություն չունի, և որ Արամ Աթեշյանը շարունակում է պատրիարքական գլխավոր փոխանորդի իր պաշտոնը։

Ստամբուլի նահանգապետարանից ստացված նամակում նշվում է, որ Գարեգին Բեքչյանի՝ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու առնչությամբ բոլոր գործողություններն անվավեր են։  Նամակում պատրիարքական տեղապահ Բեքչյանի համար «այսպես կոչված» արտահայտությունն է օգտագործվում, և պատրիարքական տեղապահի բոլոր որոշումներն անվավեր են ճանաչվում։

Զարգացումների շուրջ պատրիարքարանից հայտարարություն է ակնկալվում։ Նաև հայտնի է դարձել, որ Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքային հիմնադրամների նախագահներին հրավիրել է մասնակցելու Ստամբուլի նահանգապետարանում վաղը կայանալիք ժողովին։ Նշվում է, որ Թուրքիայի ժամանակով ժամը 11։30-ին կայանալիք ժողովին նաև Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է ներկա գտնվելու։

ԱԿՕՍ