«Ես իմ անցյալը, հայրենի եզերքն ու նրա մարդկանց եմ որոնում». Գրիշա Սմբատյանի «Հիշատակարանը»

2087

Օրերս գրել էինք, որ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի նոր հատորը՝ «Սյունիքը փորձության մեջ. հայ-թաթարական բախումները»: Ծավալուն փաստական նյութի՝ գրականության, վավերագրերի, հուշագրությունների, մամուլի հրապարակումների հիման վրա գրվել և նորովի լուսաբանվել է Սյունիքում 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումների պատմությունը:

Շուրջ 650 էջանոց հաստափոր հատորում Սմբատյանը թողել է նաև հիշատակարան, որը ներկայացնում ենք ձեր ընթերցանությանը:

—–

ՍՈՒՅՆ ԳՐՔԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

                                                                   Օ, Հայրենիք՝ դառն ու անուշ…

                                                                                                  (Վ. Տերյան)

Մեկ դար և ավելին է անցել այն օրերից, երբ Կասպիականի ափերին բռնկվեց ազգամիջյան պատերազմը և տարածվեց Կովկասի հայ և թուրք համատեղ բնակության գրեթե բոլոր վայրերում: Իրար դեմ ելան մինչ այդ խաղաղությամբ ու փոխըմբռնմամբ ապրող երկու ժողովուրդները՝ հայերն ու թուրքերը (թաթարները): Սյունիքը ևս չխուսափեց ընդհարումներից. հնչեցին կրակոցներ, շողշողացին դաշույններ, ոռնացին հրանոթներ, հրդեհի ճարակ դարձան գյուղեր, ավաններ ու ղշլաղներ, հորդաց անմեղ մարդկանց արյունը… Սրբազան պատերազմի կանաչ դրոշներով, զուռնա-դհոլի ծղրտոցներով, ջահերով ու վայրենի աղաղակներով հայկական խաղաղ բնակավայրերի դեմ արշավանքի ելան բազմահազար թուրքեր՝ դաշնակից քրդերի ու թարաքյամանների հետ միասին: «Մահ կամ ազատություն» կարգախոսով ոտքի ելան ՀՅԴ մարտիկները, տեղացիներն ու կամավորականները:

Մտածում եմ, որ այս նյութի մեջ չեն տեղավորվում «բախում» և «ընդհարում» բնութագրումները: Դա պատերազմ էր: Պատերազմն այլ կերպ չի լինում: Պարզապես բացակայում էին ռազմաճակատային գծերը, չկային սահմանագիծ ու սահման, ինչպես որ սահման չկար մարդկային ոճրագործությունների, միմյանց ցավ ու զրկանք պատճառելու ձգտումների մեջ: Հետևանքը, ինչպես Առաջաձոր գյուղից Սահակ վարժապետն է նկատել, «Կյանքը կանգ առավ որպես հոգնած ճամփորդ»:

Ձգտել եմ անաչառ, անկողմնակալ լինել, իսկ թե որքանով է հաջողվել, դժվար է ասել: Մարդկային առաքինության տեր բազմաթիվ թուրքերի կարելի է հանդիպել այստեղ, ում արարքները հիացմունք և հարգանք են առաջ բերում: Նրանք, իհարկե, ավելի շատ աշխատավոր մարդիկ են, բայց կան նաև բեկեր ու աստիճանավորներ: Կլինեն, անշուշտ, և ուրիշները, բայց նրանց գտնել է պետք: Այնուհանդերձ՝ դարասկզբի ողբերգության հեղինակն ու հանցավորը թուրք-թաթարական վերնախավն էր՝ ցարիզմի հետ միասին: Ակամա հանցավոր էր նաև նրանց կուրորեն հետևող ամբոխը:

Դժվար է հաշտվել մարդկային կորուստների հետ: Ի՞նչ արած: Անցյալն ու ներկա ընթացքը հարկադրում են ընդունել ղափանցի թուրք բանվորի փիլիսոփայությունը. «Ժողովուրդը կոտորվելու համար է»: Դաժան է, բայց ճշմարտություն է:

Պատմությունը դասեր է տալիս: Դաս են իրադարձությունները, հերոսների գործողությունները, հուշերը, խոսքն ու խրատը, փիլիսոփայությունը: Դաս է բժիշկ Գալուստ Կոռնիձորցու՝ հարևաններին ուղղված հանդիմանանքը, որը կարելի է տարածել բոլոր՝ միմյանց կոկորդ կրծող ազգերի շրջանում. «Ախր ի՞նչ բանի վրա եք դուք: Մենք խաղաղություն, հանգստություն ենք ցանկանում, իսկ դուք ձեր զուռնան եք փչում: Եղբայրների մեջ, ընտանիքի անդամների մեջ դարձյալ կռիվ է պատահում, բայց կրկին հաշտվում են և սրտանց զղջում: Ճիշտ այսօրինակ է և մեր ու ձեր կռիվը, սակայն մեր փոխադարձ զղջումը և հաշտությունը ե՞րբ է լինելու: Այլ բան կլիներ կռվի նպատակը, եթե երկու ազգերից մեկի կամ մյուսի քոքը, արմատը, կարողանար մյուսը կտրել և նրա գոյությանը վերջ տալով՝ իր տեղը ընդլայներ: Սակայն, այդ էլ, բարեբախտաբար, դժվար է գլուխ հանել, որովհետև անհնարին է բոլոր թուրքերին կամ հայերին կոտորել»:

Այնպես որ, ճշմարիտ է ասված՝ հարևանին չեն ընտրում, հարևանից չես փախչի:

Այս գործը սոսկ պատերազմի մասին չէ, բայց գլխավորապես պատերազմն ու նրա հետևանքներն են: Հայ-թաթարական բախումները Սյունիքում դարերի հակամարտության շարունակությունն էին. եկվորներն ամեն ինչ անում էին բնիկներին դուրս վանելու, վերջնականապես տիրանալու երկրամասին, իսկ տեղաբնիկներն այլևս նահանջի տեղ չունեին. հետևում բնակության համար անպիտանի վայրեր էին, լերկ լեռնալանջեր, կիրճեր, լեռնազանգվածներ: Կրոնական մոլեռանդությունը, կասկածամտությունը, նախանձը, հարևանի ունեցվածքին տիրանալը չարիքի աղբյուր էին: Մնում էր սադրել, որն էլ Ռուսական կայսրության առաքելությունն էր: Հնարավո՞ր էր բախումներն ամբողջությամբ կանխել Սյունիքում. դժվար թե: Բայց կարելի էր խուսափել ավերվածություններից ու զոհերից: Օրինակը Աճանանն է:

Դարից ավելի ժամանակ անցավ, բայց բան չփոխվեց: Պատմության դասերը չեն յուրացվում: Պատմության անիվն իր պտույտն է անում, պատմությունը՝ անողոքաբար կրկնվում: Սահմանների պատերազմը շարունակվում է: Ու կրկին «մենք՝ դարավոր դրացիներս ենք վնասվում, մենք՝ խեղճերս ենք տուժում»,- կհիշեցներ կոռնիձորցի մարգարե բժիշկը:

Կրկին կյանքը կանգ է առել որպես հոգնած ճամփորդ: Խեղճ ու կրակ վիճակում է հայտնվել մեր գյուղաշխարհը… ահեղ լռություն է. երեխա չի ծնվում, հողը հերկող չկա, ջրի համար էլ կռիվ տվող չկա: Ավելանում են տների դռներից կախված կողպեքները… դրանց մի մասն արդեն ժանգն է կերել, ու դժվար թե բանալին բացել կարողանա: Տկարացել է գյուղական դպրոցը… Խորհրդային ապրող գյուղից հետո՝ աուլ, դպրոցից հետո՝ լիկկայան:

Անտեսանելի մի ուժ հոշոտում է երկրամասի ընդերքը, ով ասես հանքախորշ է բացում, ապականում, ցամաքեցնում, երկաթե խողովակների մեջ խեղդում է մեր զուլալ գետերը, հողն է քերում, մարդուն շնչասպառ անում պոչամբարներով, պոչամուղներով, փոքր հէկերով ու անձնական օգտագործման ուղեփակոցներով: Հատվում են անտառները, տապալվում ու արմատախիլ են արվում ընկուզենիները (սրա՞նք ինչու են արմատախիլ արվում), քերծերի վրա, արահետներում,անտառների խորքում արյունոտ փակուղի են քշվում արջը, պախրան, վարազը, քարայծը… ու նա, ով կփորձի պաշտպանել այս խեղճերին: Փրկություն չկա մոլորված կենդանիներին:

Իմ բնապահպան ընկեր Դավիթը կռիվ է տալիս անտառների տիրակալների դեմ՝ նրանցից անտառն ու կենդանիներին փրկելու համար ու հեռացվում է աշխատանքից: Անպատկառության հաղթարշա՞վ… Մոլորվել ու փակուղում է նաև սովորական մարդը (մի կողմից էլ նա է քլունգն առած իր գործն անում), ում մասին մեղմորեն ասում են՝ արտագաղթում է: Արտագաղթ, թե՞ փախուստ:

Համբերում են մարդիկ՝ տանելով ունևորների «ժանտախտի ժամի խնջույքները», իշխանավորների անհոգությունն ու անտարբերությունը, զանազան կողմնորոշումներից գոյացած անորոշությունը, պետական ու կոլեկտիվ մտածողության բացակայությունը, բոլոր մեղքերն ու հանցանքները նախորդ՝ խորհրդային հասարակարգի վրա բարդելը, գիրն ու իմացությունը մերժելը, պրիմիտիվ մտածողությունը… ամբարտավան դրսեկների «վերջին հանգրվանի» դասերը… Ապրում ենք՝ տանելով փոքրիկ , մի ափ հողի վրա ծլարձակած ու արմատակալած «արժանավորների» ամբողջ դասի առանձնաշնորհումները, չտեսնված ու չլսված արտոնություններն ու աներեսությունը, թեև «Ամենքին, ով ծանոթ է Հայաստանի պատմությանը, հայտնի է, որ դա աշխարհում միակ երկիրն է եղել, որտեղ քաղաքական ինքնաճանաչման ակունքներից մինչ այսօր երբեք գոյություն չեն ունեցել կաստաներ, ճորտատիրություն և ճորտեր: Հայերը երբեք չեն ունեցել ստորին դասի կոնցեպցիա» (Մագդա Նեյման):

Չենք ունեցել, բայց ունենք:

Գործազուրկներ, գլխիկոր շրջող տխուր դեմքեր, չնահանջող սաստիկ ցրտեր ու ձյուն, երկարատև երաշտ, ռազմաճակատի վերածված ավտոճանապարհներ, ջրի երես հանված կարիք ու թշվառություն… գլուխ են բարձրացրել հիվանդությունները, թուլացել են մարդիկ, անկարող են դիմադրել, հեռացողներն ավելին են, քան լույս աշխարհ եկողները: Ամենուր՝ տների բակերում և շքամուտքերում, օրը ցերեկով վառվող լամպեր են, որոնց լույսը խամրում է «տոնական» շքեղ հրավառությունների պահին:

2016-ին Ապրիլյան պատերազմ ու Սասնա ծռեր տեսանք: Միամտորեն կարծում էի, թե կլինեն մեղաներ, զղջումներ, ինքնախարազումներ, ինքնադատաստաններ, բայց եղավ այն, ինչի մասին վաղուց ասված է. «Եվ առհասարակ սերն ու ամոթն ամենքից վերացած» (Մովսես Խորենացի, Ողբ):

Այսպես է… «Բայց մեր աշխարհքն էլ… էսպես չի մնա» (Հովհ. Թումանյան):

Ինքս էլ մոլորվեցի.. Ինչո՞ւ գրեցի այս աշխատանքը: Տեսա՝ 100 տարի է՝ մոռացված, չճանաչված ու մերժված են նվիրական անուններ ու իրադարձություններ, նկատեցի, որ 1918-1921 թվականներին տեղի ունեցածը ստվերել է Սյունիքի դարասկզբի պատմությունը: Փորձեցի մոռացությունից փրկել անուններ ու իրադարձություններ, մարդկային վեհ կերպարներ ու արարքներ, ու նրանց, ովքեր կուսակցությունների դրոշի ներքո համախմբվեցին Սյունիքում՝ դառնալով ոչ թե կուսակցական, այլ ժողովրդական հերոսներ ու նահատակներ: Ուզեցի սեղմել նյութը, բայց ափսոսացի: Մնացյալը թող ընթերցողը գնահատի:

Ինձ համար Սուրբ գրքի պես բան է Սյունիքի մեծագույն պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» անմահ երկիը: Ընթերցողի ներողամտությունը հայցելով՝ ուզում են ընդօրինակել պատմիչին ու գործն ավարտել «Հիշատակարան»-ով: Ասեմ, որ այսպես եմ վարվում Ռոբերտ Էջանանցու հորդորով, ում ես ընտրեցի որպես ուսուցիչ ու անփոխարինելի ավագ ընկեր, ով ցավալիորեն հեռացավ կյանքից: Այդպես է:

Լույս աշխարհ եմ եկել Շիկահող գյուղում, Կովսականի մահմեդականացած Ծոբի (Սոբի) գյուղից վաղուց այստեղ տեղափոխված Դարբինների գերդաստանի զավակ Սերյոժայի և կոլխոզային շարժմանը մատաղ արված Ըռոտմանց գյուղից Արմենակի դուստր Ժենյայի ընտանիքում: Մեր սերունդը զրկված էր պապ ունենալու երջանկությունից: Մեր պապերը քաղաքական բռնությունների զոհ էին, մահացել էին հանքախորշերում, նահատակվել ու անհետ կորել երկու աշխարհամարտերում: Մատների վրա կարելի էր հաշվել երջանիկ երեխաներին, ում պապերը կամ վիրավոր ու հաշմանդամ էին, կամ էլ՝ «20 թվի կոմունիստ»:

Պապս՝ Սմբատը, 37-ի զոհ էր, մերոնք՝ հալածված ու պիտակավորված: Հորս միշտ տխուր ու մտախոհ եմ տեսել, բայց երբեք՝ չարացած ու թշնամացած: Հայրս էր իմ առաջին ուսուցիչը: Երկու տղա և չորս աղջիկ են ունեցել ծնողներս: Եղբայրս՝ Մխիթարը (Միշա), Ղարաբաղյան պատերազմի տարիներին հայրենի եզերքի պաշտպան էր, իրեն խնայել չգիտեր, կարող էր դիրք բարձրանալ վիրահատված ոտքով՝ հենակներով: Եղբորս վաղ կորցրինք: Նա «Աշխարհ էր մտել երեխի նման, ապրեց երեխի նման, երեխի նման թողեց ամենքին» (Հովհ. Թումանյան):

Սովորել եմ մեր դպրոցում, հասակակիցներիս պես աշխատել գյուղում, բայց նրանցից տարբերվել, որ փոխարինելով մորս՝ եղել եմ գյուղի փոստատարը, և գյուղն ու գյուղացիներին վաղ եմ ճանաչել: Ավարտել եմ Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտը, աշխատել Կապանի Դավիթբեկ և Ծավ գյուղերի դպրոցներում, դասավանդել եմ պատմություն: Ես ու Լաուրան (Լաուրան Տաթևից է) ունենք տղա՝ Սերոբ անունով: Սերոբը բժիշկ է, ծառայում է զինվորներին:

Ես իմ անցյալը, հայրենի եզերքն ու նրա մարդկանց եմ որոնում… և այս գիրքը նվիրում եմ եղբորս, ծնողներիս, Կովսականի Գյուտկում, Ճակատեն, Շիկահող, Ըռոտմանց, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ, Կեմանց, Մազրա գյուղերի երկրային կյանքն ավարտած մարդկանց հիշատակին:

Խնդրում եմ՝ հիշեցեք նրանց:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ:

Երախտապարտ եմ Արմեն Ղուկասյանին՝ Սյունիքի պատմության առանձին դրվագներ ներկայացնելու, անվանի տոհմերին ու գերդաստաններին մոռացությունից փրկելու, երկաթով վարագուրված մեր անցյալը սրբագրելու իմ ջանքերը գնահատելու համար: Ի՞նչ պիտի անեի, եթե նա ձեռք չմեկներ ու չհովանավորեր իմ գրքերի հրատարակությունը. դրանք այդպես էլ կմնային ձեռագիր վիճակում:

Երախտապարտ եմ ազգագրագետ, մեծարգո Հրանուշ Խառատյանին՝ իմ նախորդ և ներկա գրքերը սիրով ու համբերատարությամբ խմբագրելու, աշխատանքս արժևորելու համար:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2018/01/30/srisha-smbatyan-azerbaijanis-in-kapan-2008-article/