80 տարի առաջ այս օրը՝ 1938-ի հունվարի 15-ին, բանտում մահացավ Հովհաննես Քաջազնունին

4279

Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից Հովհաննես Քաջազնունին՝ առաջին վարչապետը, մահացավ 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից։

Նա պետք է գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։

Այսօր, 2018-ի հունվարի 15-ին, առաջին վարչապետի մահվան 80-րդ տարելիցի առիթով, շուրջ մեկ տասնյակ հայեր հավաքվել էին Երևանի կենտրոնական՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որտեղ Քաջազնունիների ընտանեկան գերեզմանն է։

Քաջազնունի մարդու, պետական, քաղաքական գործչի մասին խոսք ասացին ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Ալբերտ Աճեմյանը, քաղաքական գործիչ, խորհրդային տարիների այլախոհ Ազատ Արշակյանը, Կանադայից Սարգիս Սահակյանը։

Ներկաները խունկ ծխեցրին, մոմեր վառեցին ու ծաղիկներ թողեցին Քաջազնունիների ընտանեկան գերեզմանին։

Քաջազնունին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից է: Նա և նրա ընտանիքը կյանքը նվիրել են Հայաստանին: Նրա որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Լոռվա Չանախչի գյուղում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:

Քաջազնունու վերջին լուսանկարը

Քաջազնունու գերեզմանի տեղը հստակ հայտնի չէ: Նրա դուստրը հետագայում հուշաքար դրեց հոր համար՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որը և այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը:

Մեկ ամսից՝ 2018-ի փետրվարի 14-ին, լրանում է Քաջազնունու ծննդյան 150-ամյակը:

2018-ի Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է՝ հայոց պատմության ամենալուսավոր էջերից:

Թաթուլ Հակոբյան

Կարդալ նաև՝