Սևրից հետո թուրքական վտանգը Հայաստանի նկատմամբ ավելի սաստկացավ. Խատիսյան

2660

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, հատված գլուխ 13-ից

Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը

(1920 թվի աշունը մինչև 2 դեկտեմբեր)

Ես Հայաստանը թողեցի 1920 թվի հունիսի վերջին: Չորս ամիս բացակա էի երկրիցս: Ես Հայաստանը թողեցի բոլշևիկյան ապստամբության բռնկումից հետո և գտա այն պատերազմական վիճակում: Այդ չորս ամսվա ընթացքում մեր երկիրը հասել էր իր ուժեղացման և հողային ծավալման գագաթնակետին:

Այդ շրջանում կառավարությունը անփոփոխ գտնվում էր ՀՅԴ Բյուրոյի ձեռքում բժ. Համո Օհանջանյանի նախագահության տակ: Այդ կառավարության առաջին գործը եղավ բոլշևիկյան շարժման ճնշումը:

Ապստամբության ճնշումից հետո կառավարությունը դիմեց իր երկրորդ նպատակին. ոչնչացնել այն որջերը, որոնք չէին ճանաչում կառավարության իշխանությունը և այդ վայրերի ազգաբնակչությունը հպատակության բերել: Այդպիսի որջեր էին՝ Զանգիբասար, Բոյուք Վեդի և Կարսի նահանգի մի քանի շրջաններ: Այս նպատակը ևս իրականացավ հաջողությամբ: Կառավարության իշխանությունը այլևս չուներ բաց թշնամիներ մահմեդական շրջաններում: Հուլիսի 12-ին և 15-ին մեր զորքերը գրավեցին Բոյուք Վեդին, Գայլի Դրունքը, Բաշ-Նորաշենը:

Ապստամբությունը ճնշելուց և ըմբոստ շրջանները հպատակության բերելուց հետո՝ կառավարությունը իր ուշադրությունը դարձրեց ազգաբնակչության սննդի վրա: Նրան սով էր սպառնում: Կառավարությունը հեռագրեր ուղարկեց Փարիզ՝ ՀՀ պատվիրակությանը խնդրելով միջոցներ ձեռք առնել ալյուր և սերմացու ուղարկելու համար: Ահա այդ հեռագրերից մեկը.

«Բաթում, հայկական հյուպատոս Աթաբեկյանին:

«Խնդրում եմ Թախթաջյանի միջոցով Փարիզ՝ պատվիրակության նախագահ Ահարոնյանին հաղորդել հետևյալը.- Ցանվել է մոտավորապես մի միլիոն փութ, սպասվում է հունձ մոտ ութ միլիոն: Պակասում է երեք կամ չորս միլիոն փութ: Ամերիկյան կոմիտեի միջոցով ստացվել է ընդամենը 81 հազար տոննա, որից 60 հազարը գործ է ածվել Հայաստանում, 11 հազարը ծախվել է տեղափոխության վրա, 10 հազարը կոմիտեն վաճառել է Հայաստանի կառավարությանը: «Ռիվըր Արաքս»-ի միջոցով ուղարկված ալյուրը արդեն ստացվել է: Շուտով ձեզ կհեռագրեմ մեր կարիքները, որոնք կարող են հոգացվել Սկանդինավյան պետությունների առաջարկության համաձայն՝ հինգ տարվա վարկով: 8 հուլիս, թիվ 45000: Արտաքին գործերի նախարար՝ Օհանջանյան»:

Միաժամանակ, կառավարությունը պատրաստվելով Սևրի դաշնագրի ստորագրությանը և վճռած լինելով մտնել Ազգերի լիգա՝ լիազորել էր ՀՀ պատվիրակությանը ստորագրել Սևրի դաշնագիրը և տալ հայտարարություն Ազգերի լիգային:

Ահա այդ լիազորագրերը, որոնք ուղարկվեցին հեռագրով.

«Բաթում, Հայաստանի գլխավոր հյուպատոսին. խնդրում եմ հեռագրել Փարիզ՝ դաշնակիցների Գերագույն խորհրդին, պատճենը՝ ՀՀ պատվիրակության նախագահ Ահարոնյանին: Ի լրացումն այն լիազորությունների, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված են ՀՀ պատվիրակության նախագահ Ահարոնյանին 1918 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանի կառավարությունը սրանով Ահարոնյանին տալիս է իշխանություն և իրավունք՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել խաղաղության դաշնագիրը, որը դաշնակից պետությունների կողմից ներկայացված է Թուրքիային: Թիվ 3743, հունիս 20,  Հայաստանի Հանրապետության նախարարապետ՝ Համո Օհանջանյան»:

«Լիազորագիր՝ ուղարկված՝ հատուկ սուրհանդակի միջոցով.

Հրահանգելով Փարիզի պատվիրակությանը՝ ստորագրել Սևրի դաշնագիրը՝ ՀՀ կառավարությունը միևնույն ժամանակ մտահոգված էր Բաթումի վրայով դեպի Սև ծով ելքի խնդրով:

Ինչպես հայտնի է, այդ հարցը տաք վիճաբանությունների նյութ էր դարձել Սան Ռեմոյում, բայց առանց որևէ արդյունքի: Այդ պատճառով, կառավարությունը առանձին հեռագրով հատուկ հրահանգներ տվեց Բաթումի հարցի մասին: Ահա այդ հեռագիրը՝ ռադիոյով ուղարկված Բասրայի վրայով.

«Փարիզ, Ահարոնյանին,

Հայկական կառավարությունը, նկատի առնելով պայմանների փոփոխությունը, անհրաժեշտ է գտնում Հայաստանի և Վրաստանի միջև Բաթումի շրջանում գծել հետևյալ սահմանները: Առաջարկված սահմանը սկսվում է Սև ծովի ափին՝ Բաթումի նավահանգստից, որի մի մասը պետք է լինի Հայաստանի Հանրապետության սեփականություն, շարունակվում է Ճորոխի հովտով և նրա մեջ թափվող Իմիրխենչայ և Արդանուշսու գետակների հոսանքով, հետո բարձրանալու է Արդանուշսուի հովտով, հասնում Ալլագուզի լեռնանցքը՝ այսպիսով փակելով այն հողամասը, որը կտրվում է Բաթում-Արդահան ճանապարհով: Տարածքային այս պահանջը հիմնավորվում է այն անհրաժեշտությամբ, որ ներկայանում է պետությանը՝ ունենալ ելք դեպի ծով՝ իրագործելի մոտ ապագայում: Այս ելքը տալիս է Ճորոխի հովիտը: Բաթումի նահանգի պահանջած հողամասը աշխարհագրական տեսակետից պարունակում է 15 հազար հայ, 25 հազար թուրք և այլ մահմեդականներ, իսկ վրացի՝ ընդամենը 5 հազար հոգի»:

***

Ես դիտմամբ մեջ բերեցի այդ բոլոր հեռագրերը և գրությունները, ցույց տալու, թե որքան ուժեղ թափով էր զարգանում պետական կյանքը Հայաստանի թե ներսում և թե դրսի աշխարհի համար: Մի կողմից, Հայաստանը ամրանում էր ներքնապես, մյուս կողմից, մտնում էր միջազգային հաղորդակցության մեջ, իսկ փոխառության միջոցով կարգի էր բերում իր ելևմուտքը:

Այսպես անցան հունիսը, հուլիսը և օգոստոսի սկիզբը: Բայց օգոստոսի կեսին Հայաստանի վրա սկսեցին ամպեր կուտակվել. թե՛ հյուսիսից և թե՛ հարավից առաջանում էին մեր թշնամիները՝ հարավից քեմալական թուրքերը, իսկ հյուսիսից՝ բոլշևիկները, որոնք որոշել էին ամեն գնով խորհրդայնացնել Հայաստանը, այսինքն՝ կցել Ռուսաստանին: Վաղուց ի վեր պատրաստվող ռուս-թուրքական, կամ ավելի ճիշտ՝ բոլշևիկ-քեմալական համաձայնությունը սկսել էր տալ իր գործնական պտուղները:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այս վայրկյանը շատ կարևոր է և նրա վրա պետք է ավելի երկար կանգ առնել: Այս խնդրի շուրջ ստեղծվել են շատ առասպելներ և շատ բան է գրվել, բայց վերջին խոսքը դեռ չի ասվել, որովհետև այդ շրջանի վերաբերյալ դիվանագիտական պատմությունը ոչ թուրքերի և ոչ ռուսների կողմից չի հրատարակվել: Երբ կհրատարակվի, մենք կիմանանք, անշուշտ, շատ դառն ճշմարտություններ և ցնդված կտեսնենք շատ հեքիաթներ բոլշևիկների «փրկարար» դերի մասին:

Օգոստոսի կեսից մինչև դեկտեմբերի 2-ը՝ այդ երեք ու կես ամիսների ընթացքում, Հայաստանի Հանրապետության աստղը սկսեց մայր մտնել և դեկտեմբերի 2-ին ծածկվեց խավարի մեջ:

Այս շրջանը ինձնից առաջ նկարագրվել է զանազան անձանց ձեռքով, և ես չեմ ուզում կրկնություններ անել: Այսքանը, սակայն, ավելորդ չեմ նկատում հիշատակել այստեղ:

Թուրք-բոլշևիկյան բարեկամությունը ձևակերպվեց առանձին համաձայնագրով, որի պատճենը Պոլսից ուղարկվեց Երևան՝ ՀՀ կառավարության մի տեղեկատուի ձեռքով: Ռուսաստանը և Թուրքիան իրար ձեռք էին մեկնում Կովկասյան հանրապետությունների վրայով:

Ադրբեջանը, ի դիմաց իր գործիչների, օրինակ՝ Բաքվի քաղաքային վարչության նախկին անդամ, ճարտարապետ Մամեդ Հասան Հաջինսկու, հենց այն պատճառով հեշտությամբ իշխանությունը հանձնեց բոլշևիկներին՝ հույս ունենալով, որ թուրքերը կմիջնորդեն և օգնության կտրամադրեն բոլշևիկների հետ իրենց ունենալիք հարաբերություններում: Ինձ անձամբ շատ ազդեցիկ ադրբեջանյան գործիչները ասել են, որ իրենք անկեղծորեն հավատում էին, որ թուրքերը իրենց միջնորդությամբ կկարողանան պահպանել Ադրբեջանի անկախությունը: Այդ պատճառով, ցանկանալով օգնել թուրքերին, նրանք վճռեցին ճանապարհ տալ բոլշևիկներին: Այսպես խորհրդայնացավ Ադրբեջանը:

Վրաստանը 1920թ. հունիսի 7-ին, ի դիմաց Ուրուջաձեի, ստորագրել էր դաշնագիր Ռուսաստանի հետ, որով վերջինս երաշխավորում էր նրա անկախությունը և անձեռնմխելիությունը: Այդ պատճառով, Վրաստանը հյուսիսից և հարավից ավելի հանգիստ էր նայում իր հարևաններին, համարելով, որ ինքը որոշ չափով ապահով է ռուս-թուրքական սպառնալիքներից: Վրաստանը, չունենալով սուր թյուրիմացություններ Թուրքիայի հետ, շատ էլ չէր վախնում թուրքերից, թեև ռուսներից վախենում էր:

Հայաստանի համար խնդիրը այլ կերպ էր դրված: Նախ և առաջ նա վտանգի տակ էր Թուրքիայի կողմից, իսկ Սևրի դաշնագիրը ստորագրվելուց հետո այդ վտանգը ավելի ևս սաստկացավ: Թուրքիան պարզապես կամենում էր զենքի ուժով պատռել Սևրի դաշնագրի պայմանները: Այստեղից էր ծագում Հայաստանին ընկճելու նրա ձգտումը: Իսկ բոլշևիկներն ուզում էին Կովկասի վրայով դեպի թուրքական ճակատը կամուրջ գցել:

Վախենալով Թուրքիայից՝ Հայաստանը, այնուամենայնիվ, հույսը Եվրոպայից, դաշնակիցներից, Փարիզի խորհրդաժողովից, Ամերիկայից դեռ չէր կտրել: Դրանով պետք է բացատրել, որ նա  առանձին անհրաժեշտություն չէր տեսնում անմիջական բանակցությունների մեջ մտնել թուրքերի հետ՝ որևէ համաձայնության եզր գտնելու համար: Մեծ պետությունների կողմից ստորագրված դաշնագիրը, որը Հայաստանին տալիս էր Կարինը, Մուշը, Վանը, Տրապիզոնը, հնարավոր չէր վերաքննության ենթարկել միայն հայերի և թուրքերի միջոցով: Այդպես էր հոգեբանական և իրական դրությունը:

Պատրաստվելով մտնել Ազգերի լիգա, նոր ստորագրելով Սևրի միջազգային դաշնագիրը և ստանալով Անգլիայից զենք և ռազմամթերք 40 հազարանոց բանակի համար (մոտ մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ) Հայաստանը որոշեց հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել իր իրավունքները:

Թուրքիան, իր կողմից տեսնելով, որ Եվրոպան հոգնած է, որ բոլշևիկները Իտալիայում թույլ չտվեցին զորք բառնալ Հայաստանի և ընդհանրապես, Կովկասի համար, որ անգլիական բանվորները պահանջում են խնայողություն և զորացրում, Մուստաֆա Քեմալի ղեկավարությամբ սկսեց կազմակերպել ազգային բանակ՝ Թուրքիայի շահերը պաշտպանելու համար: Պետք է խոստովանել, որ այդ շարժման ղեկավարները ցուցադրեցին մեծ եռանդ և ընդունակություն:

Թուրքական հարձակման նախապատրաստության մասին առաջին տեղեկությունները հայկական կառավարության խուզարկու մարմինները սկսեցին ստանալ օգոստոսին: Նրանք այս տեղեկությունները հաղորդեցին դաշնակիցների ներկայացուցիչներին՝ պատրաստվող դեպքերը կանխելու նպատակով: Այս տեղեկությունները հասան մինչև Փարիզ, բայց դրանց առանձին նշանակություն չտրվեց:

Սեպտեմբերի 20-ին և 21-ին թուրքերը Սարիղամիշի մոտ էին: Պատերազմական գործողությունները սկսվեցին: Միաժամանակ Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև սկսվեց դիվանագիտական գրությունների փոխանակություն: Հայաստանի խորհրդարանի նիստում, նոյեմբերի 11-ին, վարչապետ Օհանջանյանը հայտնեց այն բոլոր գրութիւնները, որոնք փոխանակել էին երկու կառավարությունները սեպտեմբերի վերջին կեսին և պատերազմի օրերին՝ նոյեմբերի 2-ից մինչև 11-ը:

Այս գրությունների էությունն այն էր, որ թուրքերը Հայաստանի կառավարությանը առաջարկել էին հրաժարվել Սևրի դաշնագրից և ընդունել Բաթումի դաշնագիրը, այսինքն՝ փոխանակ 180 հազար քառակուսի կիլոմետրի, ստանալ 9 հազար: Հայաստանի կառավարությունը բացարձակապես մերժել էր այդ պահանջը: Հետո թուրքերը պահանջել էին հավաքվել խորհրդաժողովի՝ իբրև խորհրդակցության հիմք ընդունելով Բաթումի դաշնագիրը: Հայկական կառավարությունը պատասխանել էր, որ Սևրի դաշնագիրը ստորագրվելուց հետո անկարելի է մտածել Բաթումի դաշնագրի մասին:

Այստեղ հարկ եմ համարում մեջբերել մեր և թուրքերի միջև փոխանակված գրությունները:

  1. Անկարայի կառավարության արտաքին գործերի կոմիսար Բեքիր Սամի բեյի դիմումը 1920 թվականի հունիսի 24-ին. «Երևանի հանրապետության արտաքին գործոց նախարարությանը: Հայաստանի կառավարության հիմնելուց ի վեր մեր կառավարությունը նրա հետ պահպանել է բարեկամական հարաբերություններ և դա շարունակել է իր համար վարքագիծ ընտրել: Նա այդ ցույց է տվել գործով՝ հակառակ ձեր շարունակական հարձակումներին: Ձեր գրավման տակ եղած հողամասերում գտնվող, բայց իր ինքնուրույնությունը որոշող և Միլլի Շուրա կազմող իսլամ ազգաբնակչության դեմ միշտ կրկնվող հարձակումների և ջարդերի ձեր քաղաքականության հանդեպ մեր կառավարությունը բավարարվել է միշտ բարեկամական ծանուցագրերով:

Մի քանի օրից ի վեր Օլթիի իսլամ ժողովրդի հանդեպ ձեր կանոնավոր զորամասերի կողմից շարունակվող պատերազմական գործողությունների մասին մեր արևելյան ճակատի Ն. Գ. հրամանատար փաշայի կողմից երեք օր առաջ ձեր զինվորական ուժերի հրամանատարությանն ուղարկված բարեկամական ծանուցագիրը՝ պատերազմական գործողությունները անմիջապես դադարեցնելու մասին, մինչև այժմ առանց պատասխանի է մնացել: Եվ հակառակը, երեկվանից ի վեր Օլթիի վրա հարձակումը ավելի շատացել և սաստկացել է: Մեր ազգը, ամբողջ ուժով փափագում է բարեկամական հարաբերություններ պահել հայ ազգի հետ: Հայկական շահերը թուրքականի հետ անհամապատասխան չեն: Հակառակը, կարելի է համաձայնեցնել ու սերտացնել: Եթե դուք անկողմնակալ դատեք, հուսով եմ, դուք ևս կհաստատեք, որ ձեր բռնած ընթացքը չի համապատասխանում ձեր ազգային իրական շահերին:

Համոզված ենք, որ անգլիացիները զբաղված են մշտապես իրար հետ ապրելու ստիպված երկու հարևան ազգերը արյունահեղության մղել: Մենք ձեր կառավարության և ազգի համար բոլորովին վնասակար ենք համարում, որ ձեր ազգը անգլիացիների ձեռքին խաղալիք դառնալով՝ մեր կառավարության դեմ թշնամություն ձեռնարկի: Ձեր պատգամավորությունը Մոսկվայում ռուս սովետական կառավարության հետ բանակցություններ է վարում: Մենք էլ, սովետական իշխանության հետ քաղաքական հարաբերություններ ձեռնարկած լինելով, միասնաբար աշխատում ենք վերջ տալու պատերազմին խաղաղ կերպով, ուստի ձեր հարձակումը բացարձակապես զարմանալի և ցավալի է:

Հարձակումների շարունակության ամբողջ պատասխանատվությունը թողնելով հայկական կառավարության վրա, այս անգամ էլ թուրք ազգային կառավարության արտաքին գործերի կոմիսար հանգամանքով ես խնդրում եմ Ձերդ գերազանցությունից տալ հարկ եղած անմիջական հրամանները՝ ձեր զորամասերին վերջ տալ թշնամական գործողություններին:

Սպասելով Ձեր պատասխանին, խնդրում եմ ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը.

24 հունիս, 338-1920

Թուրքիայի Ազգային ժողովի արտաքին գործերի կոմիսար Բեքիր Սամի»:

  1. Այս դիմումին հայկական կառավարությունը պատասխանեց հունիսի 30-ին. «Սարիղամիշ, գնդապետ Միրիմանյանին. խնդրվում է այս հեռագիրը հանձնել օսմանյան 15-րդ զորաբանակի հրամանատար Կարաբեքիր փաշայի միջոցով հետևյալ հասցէին.

«Անկարա, թուրք Ազգային Մեծ Ժողովի արտաքին գործերի վեքիլ Բեքիր Սամի բեյին: Հայաստանի Հանրապետությունը հիմնվելու օրից իսկ ձգտել է և այսօր էլ ձգտում է ստեղծել բարի դրացիական փոխհարաբերություններ իր հարևանների հետ և խաղաղ համակեցություն՝ տեղական բոլոր ժողովուրդների հետ: Հայաստանում գտնվող մահմեդական բնակչությունը միշտ օգտվել է և ներկայում ևս օգտվում է պետության մյուս քաղաքացիների համահավասար իրավունքներից: Սույն հավատարիմ քաղաքացիների կյանքն ու գույքը միշտ պահպանվում է Հայաստանի կառավարության կողմից՝ ամեն տեսակ չարամիտ փորձերից, ինչպես նաև ավազակային հարձակումներից, որոնք մեծ մասամբ կատարվում էին դրսից: Սրանք առաջ էին բերում խառնակություն և անիշխանություն տեղական ազգաբնակչության կյանքում:

Հայկական զորքերի վերջին ռազմական գործողությունները Օլթիի շրջանում նպատակ ունեին ազատել հայկական հողամասը անիշխանական տարրերից և երբեք ուղղված չէին մահմեդական խաղաղ ազգաբնակչության դեմ: Օլթիի շրջանի վարչությունը այժմ նշանակված է մահմեդականներից:

«Հայ ազգը ի վաղուց անտի ճիգ է թափում անկեղծորեն մեկդի թողնել մռայլ անցյալը և ստեղծել բարի դրացիական հարաբերությունների Թուրքիայի հետ: Հայաստանի և Թուրքիայի միջև բարի դրացիական փոխհարաբերությունների վերահաստատումը ամբողջովին կախված է թուրք ղեկավարների ընթացքից, ովքեր պետք է մեկ անգամ ընդմիշտ ճանաչեն հայ ազգի իրավունքները ամբողջական Հայաստանի սահմաններում և վերջ դնեն Հայաստանի Հանրապետության սահմաններում գործակալների գործունեությունից:

Երբ ձեր Մեծ Ազգային ժողովը Անկարայում հաստատի Տաճկաստանի հայկական վիլայեթներում Հայաստանի անկախության իրավունքը հիշյալ սահմաններում, այն ժամանակ հայ ազգը հիմք կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև կանոնավոր փոխհարաբերություններ հաստատելու:

ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղար՝ Տեր Հակոբյան, 30 հունիսի, 1920թ»:

3) Հուլիսի 8-ին Բեքիր Սամի բեյը հայկական կառավարությանը պատասխանում է հետևյալ հեռագրով.

«Երևան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,

Անկարա, 8 հուլիս, 1920թ.

Պատիվ ունեմ պատասխանելու Ձեր 30 հունիսի գրությանը, որով պատասխանում եք իմ 24-6-36 գրությանը:

Հակառակ Արևելյան բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշայի և մեր կողմից տրված ազդարարության՝ կասեցրել Օլթիի շրջանում ոչ մի օրինավոր հիմունքով արված հարձակումները և հետ կանչել ձեր զորամասերը, հիշյալ զորամասերը դեռ չեն կանչվում, և նույնիսկ հուլիսի 2-ին նորից մի հարձակում է տեղի ունեցել:

Թե՛ ձեր և թե՛ ձեր զորքերի հրամանատարի պատասխաններում ասվում է, որ շարժումները տեղի են ունեցել մուսուլման ազգաբնակչության խնդրանքով և որ այդ ազգաբնակչության դեմ ոչ մի հարձակում չի եղել, որով գոյություն ունեցող հարաբերությունների հիմք են ծառայում Հայկական Հանրապետության պաշտոնապես ճանաչված Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և նրա լրացուցիչը, Բաթումի դաշնագիրը, որը լիազորություն ունեցող պատվիրակների կողմից ստորագրված և երկու կառավարությունների կողմից ընդունված է ու հաստատված:

«Օլթիի շրջանը ևս հիշյալ դաշնագրի տրամադրություններով հաստատված երեք նահանգների մեջ լինելով՝ համաձայն ժողովրդի ազատ կամքով կատարված քվեին, օսմանյան պետության բացարձակ մաս է կազմում:

Հիշյալ շրջաններում որևէ պատճառով օսմանյան պաշտոնյաների կամ զինվորական ուժերի ժամանակավորապես չգտնվելը օսմանյան իշխանության այս տեղերից ոչ փաստացի և ոչ էլ իրավական առումով վերացնելու պատճառ չի կարող լինել:

Այն ժամանակ, երբ սպասվում էր, որ իրավունքի և արդարության սկզբունքների համաձայն և խաղաղ կերպով պիտի լուծվեն Բաթումի դաշնագրի ամբողջական տրամադրություններից ծագող վեճերը, եթե կան, հայկական զորամսերի կողմից Օլթիի շրջանի վրա կատարված հարձակումները բացեիբաց խանգարում են բաղձալի բարեկամական և դրացիանական հարաբերութիւնների շարունակմանը և միաժամանկ դառնում մեր բացարձակ իրավունքի դեմ ոտնձգություն:

Ինչ վերաբերում է Օլթիի մուսուլման ազգաբնակչության հրավերին ու պահանջին, դա հարձակումն իրականացնելու համար կատարված փաստ չէ: Եթե նույնիսկ ընդունվի, որ հիշյալ ազգաբնակչությունը այդպիսի դիմում է կատարել, ապա այդ դիմումը նրա վրա հանցանքի մշտական պատասխանատվություն է դնում:

Ինչպես հայտնել եմ առաջին գրությամբ, մեր կառավարությունը և թուրք ազգը հայ կառավարության և հայ ժողովրդի թշնամին չէ և ցանկանում է փոխադարձ շահեր ապահովելու համար գտնել մի կապ: Եթե իմ տեսակետները Հայաստանի կառավարության կողմից անկողմնակալ և շրջահայաց կերպով քննվեն, հուսով եմ, որ իմ հայտնած դիտողությունների անկեղծության և իմ ազգի՝ ձեր ազգի հանդեպ ունեցած բարեկամական զգացմունքներին հավատ պիտի ընծայվի:

Վերջապես, կրկին խնդրում եմ ժամ առաջ ձեր զորամասերը հետ քաշել և, հիմնվելով մեր երկուսի միջև գոյություն ունեցող փաստացի և իրավական տեսակետից գործող Բաթումի դաշնագրի վրա, բողոքում եմ կատարված շարժումների դեմ և պատասխանատու եմ գտնում մուսուլման ազգաբնակչության կրած վնաս պատճառողներին:

Սպասելով մեր փոխադարձ շահերին համապատասխանող պատասխանի, խնդրում եմ ընդունել հարգանքներիս հավաստիքը:

Թուրք Ազգային Մեծ ժողովի արտաքին գործերի կոմիսար՝ Բեքիր Սամի:

Սույն հեռագիրը իսկականի հետ ճիշտ է: Կնիք 11-րդ զորաբանակի և ստորագրություն:

  1. Հայաստանի կառավարությունը հուլիսի 28-ին Բեքիր Սամիին պատասխանել է հետևյալ հեռագրով.

«Սարիղամիշ,  գնդապետ Միրիմանյանին. խնդրում եմ սույն հեռագիրը օսմանյան 15-րդ զորաբանակի հրամանատար Կարաբեքիր փաշայի միջոցով ուղարկել հետևյալ հասցեին՝ Անկարա. Թուրք Ազգային Մեծ ժողովի գործավար Բեքիր Սամիին.

Առանց շոշափելու հարցի բնական կողմը այն տեսակետից, որ Բրեստ-Լիտովսկի և Բաթումի դաշնագրնրը կնքվել են Սուլթանի կառավարության կողմից, որը ձեր կառավարությունը չի ճանաչում, պատիվ ունեմ պատասխանելու ձեր՝ հուլիսի 8-ի թիվ 36 գրությանը:

Ինչպես Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, որին Հայաստանը ոչ մի մասնակցություն չի ունեցել և ոչ էլ ստորագրել է նմանապես Բաթումի դաշնագիրը, որը երկու կողմերի խորհրդարանները չեն հաստատել, ոչ մի իրական ուժ չեն կարող ունենալ Հայաստանի համար:

Այն հանգամանքը, որ դուք իբրև հիմք ընդունում եք Բրեստ-Լիտովսկի և Բաթումի դաշնագրերը, որոնք հիմնովին չեն ճանաչում կենսունակ Հայաստանի գոյությունը, ի մեծ ցավ զրկում է մեզ՝ ձեզ հետ համաձայնության գալու ամեն հույսից, քանի դուք շարունակեք ղեկավարվել գերմանական կայսերական և սուլթանական իմպերիալիստական հակահեղափոխական կառավարության ձգտումների վրա հիմնված այդ դաշնագրերի տրամադրություններով, որոնք ժխտում են կառավարության և միջազգային հարաբերություններում ազգերի ինքորոշման, իրավունքի և արդարության սկզբունքները:

Անկեղծորեն ձգտելով ստեղծել բարի և դրացիական հարաբերություններ թուրք և մյուս ազգերի հետ, հայ ազգը այդ հարաբերությունների իրական հիմք և անհրաժեշտ նախապայման է համարում, որ երկու կողմերն էլ ճանաչեն շահագրգված ազգերի պատմական, ազգագրական և տնտեսական իրավունքները:

Հենված յուրաքանչյուր ազգի այս օրինավոր իրավունքների վրա, հայ ազգը, բնականաբար, չի կարող հրաժարվել Տաճկաստանի հայկական նահանգների վրա ունեցած իր անվիճելի իրավունքներից, որոնց սահմանները, համաձայն դաշնակից պետությունների կողմից Տաճկաստանին հանձնված հաշտության դաշնագրի, պետք է որոշվեն գերագույն իրավախոհ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից:

Հիշյալ դաշնագիրը ստորագրող Հայաստանը մտադիր է ճշտորեն հավատարիմ մնալ գերագույն հաշտարարի որոշմանը: Սպասելով դրան, նա մտադիր չէ քայլեր անել նախկին ռուս-թուրքական սահմանները անցնելու համար: Մանավանդ, նա իրավունք ունի հուսալ, որ Տաճկաստանը չպետք է միջամտի այս հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին գործերին և այս տեսակետից՝ ձեր պահանջը Օլթիի շրջանը (որը կազմում է Հայաստանի Հանրապետության անվիճելի մասը), հայկական զորամասերից մաքրելու մասին, և հիշյալ շրջանում ձեր ասկյարների հարձակողական շարժումները բոլորովին անըմբռնելի և անթույլատրելի են:

«Խաղաղությանը հավատարիմ, հայ ազգը պատրաստ է բարեկամության ձեռք մեկնել ամեն ազգի, որն իր կողմից ճանաչում է նրա պատմական, ազգագրական, պետական օրինական իրավունքները և ուրիշ ազգերի՝ նրա հանդեպ ունեցած վերաբերմունքից է կախված հայ ազգի վերաբերմունքը դեպի այդ վերջինները:

Ընդունեք հարգանացս հավաստիքը՝

Արտաքին գործերի քարտուղար՝ Տեր-Հակոբյան, 28 հուլիսի, 1920թ»:

Ինչպես վերը բերված բանակցություններից է երևում, երկու կողմերն էլ խոսում էին տարբեր լեզուներով:

Ի միջի այլոց, այդ գրությունների փոխանակությունների ձևականությունների մեջ սպրդել է ցավալի մի մանրամասնություն, որը, ինչպես ինձ անձամբ հետո, 1920թ. դեկտեմբերի ասաց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Բեքիր Սամի բեյը, սաստիկ վիրավորել էր իրեն և իր ընկերներին: Բանն այն է, որ Բեքիր Սամի բեյի գրությանը հայկական կառավարության կողմից տրված պատասխանը ստորագրել էր ոչ թե արտաքին գործոց նախարար Համո Օհանջանյանը, այլ նախարարության ընդհանուր քարտուղար Ալ. Տեր-Հակոբյանը: Գրության թարգմանության ժամանակ Կարսի թուրք սպա թարգմանիչը «գլխավոր քարտուղար» խոսքը թարգմանել է «քյաթիպ» Ակոպով: Դա Անկարայի կառավարությանը առիթ էր տվել մտածելու, որ հայ նախարարը՝ կամենալով վիրավորել թուրք նախարարի ինքնասիրությունը՝ թուղթը ստորագրելու էր տվել իր «գրագրին»:

Իհարկե, դա պարզ թյուրիմացություն էր, բայց թուրքերը օգտագործեցին այն՝ իրենց շրջանակների մտքերը գրգռելու համար:

Լուսանկարում՝ Կարսի երկաթուղային կայարանը մեր օրերում