Նոր տարին Հայաստանում պետականորեն առաջին անգամ նշվել է 1919-ին

1337

Անկախ Հայաստանում Նոր տարին պետականորեն առաջին անգամ նշվել է 1919-ին: Հայաստանում 1918-ի աշնանից մինչև 1919-ի գարուն սով է եղել՝ ուղեկցված մահաբեր հիվանդություններով, որին վեց ամիսների ընթացքում զոհ են
գնացել 180 հազար հայաստանցիներ կամ նորանկախ հանրապետության յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը:

Այս պայմաններում, պատկերացնել կարելի է, թե ինչպես են Հայաստանի շուրջ 700 հազար բնակիչները դիմավորել Նոր տարին: Երբ 1919-ի գարնանից Հայաստան հասավ ամերիկյան օգնությունը, ինչը սովահարությունից ուղղակի
փրկեց Հայաստանի ժողովրդին, կյանքը հանրապետությունում միանգամայն փոխվեց:

Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ պետական տոների մասին կառավարական օրենք ընդունեց 1919-ի հունվարի 17-ին: Առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության որոշումը կրում էր «Օրենք
Հայաստանի Հանրապետությունում սահմանված տոների մասին» անունը:

Ըստ այդմ, տոներ էին Նոր տարվա, Ծննդյան և Մկրտության, Մեռելոցի, Տեառընդառաջի, Վարդանանց և Բարեկենդանի շաբաթ, Լուսավորչի մուտն ի Վիրապ, Զատկի երկուշաբթի և երեքշաբթի, Համբարձման, Թարգմանչաց
օրերը, ինչպես նաև՝ բոլոր կիրակի օրերը։

Հայաստանի ռուս բնակչության համար, բացի վերոհիշյալ ընդհանուր տոներից, սահմանվում էին հետևյալ տոները. Ավետումն Աստվածածնի, Վերափոխման, Խաչվերացի, Ծննդյան ու նրան հաջորդ օրը, Նիկողայոս հրաշագործի (9
մայիսի), Պողոսի և Պետրոսի և Հովհաննես Մկրտչի գլխատման օրերը։

Հայաստանի մուսուլմանների (թաթարներ, որոնք այսօրվա ադրբեջանցիներն են, պարսիկներ, քրդեր և թուրքեր) համար կառավարական օրենքով սահմանվում էին Իմամ Հուսեյնի մահվան, նրա քառասուներորդ օրը, Մահմեդի մահվան, նրա
ծննդյան, Ալիի ծննդյան, Մահամմեդի մարգարեական կոչումը հայտնելու, 12 իմամի ծննդյան, Ալիի վիրավորվելու և մահվան, Աստծուց Մահամմեդի Ղուրանը ուղարկելու, Պարսից առաջին տոնի, Աբրահամի Իսրայելին զոհաբերելու, Մահամմեդի Ալիին խալիֆ նշանակելու և Նովրուզ Բայրամի երեք օրերը։

Հայաստանի մուսուլմաններին թույլ էր տրվում փակել առևտրաարդյունաբերական հիմնարկությունները կիրակի օրերը ժամը 12-ին, իսկ ուրբաթ օրը՝ իրենց ցանկությամբ։

Կառավարական որոշման մեջ նաև ասվում էր. «Բոլոր հիմնարկությունները պետք է փակվեն, բանվորները և ծառայողները ամբողջ օրը աշխատանքից ազատ պիտի լինեն Ծննդյան, Ռուսական մեծ հեղափոխության (12 մարտի նոր տոմարով), Զատկի, Մայիսի 1-ի, օգոստոսի 1-ի (Հայաստանի Հանրապետության պառլամենտի բացման օրը), Երկու ճրագալույծների տոներին, պետական-հասարակական հիմնարկությունները պիտի փակվեն կեսօրվա ժամը 12-ին, իսկ ուտեստի խանութները ժամը 4-ին»։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ