Բուժական գյուղը այսօր պատկանում է Կոտայքի մարզին, նախկինում եղել է Ապարանի շրջանի գյուղերից: 1972-ին, երբ Եղվարդ կենտրոնով ձևավորվեց նոր՝ Նաիրիի շրջանը, Բուժականը միացվեց այդ վարչական միավորին:
Գտնվում է Երևանից 35 կիլոմետր հեռավորության վրա:
Բուժականը, որը նախկինում ունեցել է Բաբաքշի անունը, տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին՝ Արա լեռան հանդիման:
Բաբաքշին որոշ ժամանակահատված թուրքաբնակ էր: Թուրքեր էին ապրում նաև շրջակա գյուղում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր` Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան, ասվում է Կոտայքի մարզպետարանաի կայքում:
Հնում հայեր են ապրել այստեղ: Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր` իր հռչակավոր վանքերով: Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյաց հազարամյա վանքը: Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը: Բուժականի մյուս պատմամշակութային կենտրոնը գյուղից մեկ-երկու կիլոմետր արևելք գտնվող սուրբ Մարիամ Աստվածածին վանքն է, որից մեզ է հասել միայն վանքի հարավային պատը:
Բուժականի նոր պատմությունն սկսվում է 1922 թվականից: Այստեղ հաստատվեցին հայեր Մշից, Բասենից, Ղարսից, Էրզրումից, ինչպես նաև՝ Պարսկաստանի Խոյ գավառից:
Բուժական գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 72 հոգի, բոլորը՝ իսլամ,
1873 թվական – 568 հոգի, բոլորը՝ թաթար,
1886 թվական – 435 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թվական – 431 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,
1908 թվական – 483 հոգի,
1914 թվական – 573 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),
1914 թվական – 513 հոգի (ըստ արխիվային տվյալների),
1916 թվական – 471 հոգի,
1919 թվական – չվիճակագրված,
1922 թվական – 384 հոգի, որից 380-ը՝ հայ, 4-ը՝ թրքո-թաթար,
1926 թվական – 517 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 516-ը՝ հայ, 1-ը՝ եզդի,
1931 թվական – 976 հոգի, որից 972-ը՝ հայ, 4-ը՝ թուրքական խումբ:
Լուսանկարում՝ Թեղենյաց վանք
Դիտել ու կարդալ նաև՝