1920-ի գարունը և բոլշևիկների մայիսյան ապստամբությունը. Ալեքսանդր Խատիսյան

3219

Հատված ՀՀ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ու ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

Այսօր էլ ես այն կարծիքին եմ որ, եթե չլինեին սարսափելի և ողբերգական արտաքին պայմանները, եթե չլիներ բոլշևիկյան և քեմալական հարևանների ներկայությունը, իրենց ավերիչ հակումներով, Հայաստանը արագությամբ պիտի ծաղկեր, ուժեղանար և ամրանար: Բայց, տարաբախտաբար, ճակատագիրը չէր թողնում հանգիստ, աշխատում էին պայթեցնել ներսից և դրսից:

1919թ-ի ձմեռը անցավ ազգաբակության ներքին դրությունը բարվոքելու անընդհատ հոգսերի մէջ: Եվ երբ սկսվեց 1920թ-ը մենք կարծում էինք, որ դուրս էինք գալիս մեր գոյության ամենադժվարին շրջանից:

Տարին սկսվեց շատ ուրախալի տեղեկությամբ: Հունվարի 19-ին Հայաստանը Փարիզի վեհաժողովի կողմից ճանաչվեց դե ֆակտո: Այդ մասին Հայաստանի հանրապետության պատվիրակությունը ստացել էր պաշտոնական հաղորդակցություն: Ինչպես հայտնի է հունվարի 12-ին դե ֆակտո ճանաչվել էին Վրաստանը և Ադրբեջանը: Իսկ Հայաստանը ճանաչվեց մեկ շաբաթ հետո: Վրաստանի և Ադրբեջանի ճանաչումը փութացել էին այն պատճառով, որ Եվրոպական պետությունները ցանկանում էին ամրացնել այդ պետությունները բոլշևիկների դեմ մղվելիք հնարավոր կռիվների համար:

Այդ ճանաչման մասին մենք իմացանք Թիֆլիսում: Ճանաչման այդ ակտի մէջ Հայաստանի անունը հիշված չլինելը մեզ շատ հուզեց: Անմիջապես այդ մասին գրեցի անգլիական գերագույն կոմիսար Որդրոպին, որը մեր դժգուհության մասին իսկույն հոռագրեց Լորդ Քըրզընին: Հեռագրեցինք նաև Փարիզում գտնվող մեր պատվիրակությանը: Հետևանքը եղավ այն, որ մեկ շաբաթ հետո տեղի ունեցավ Հայաստանի դե ֆակոտ ճանաչումը և երկրորդ Որդրոպի նամակը որում Հայաստանի ճանաչման ուշացումը նա բացատրում էր այն բանով, որ դաշնակիցները ցանկանում էին իբր միաժամանակ ճանաչել Ռուսական  թուրքական հայաստանը, իսկ դա կապված էր դաշնակիցների և Թուրքիայի միջև կազմելիք հատուկ դաշնագրի մշակման հետ:

Հայաստանի դե ֆակտո ճանաչման մասին իմացա Երևանի կայարանում երբ Թիֆլիսից Երևան վերադառնալու ժամանակ դիմավորելու են եկել կառավարության անդամները, օտար առաքելությունների ներկայացուցիչները և մի զորաբաժին քաղաքապետ Շահխաթունու գլխավորությամբ:

Պաշտոնական զեկուցում ներկայացնելով՝ Շահխաթունին հայտնեց, որ գիշերը հեռագիր է ստացվել Հայաստանի դե ֆակտո ճանաչման մասին և այդ լուրը քաղաքում առաջ է բերել անասելի ոգևորություն և ուրախություն:

Աղաղակների և ցույցերի մէջ ես եկա իմ բնակարանը: Մուտքի առաջ հավաքված սպաները ինձ բարձրացրեցին և սկսեցին ճոճել օդում: Ժողովուրդը երկար ժամանակ չէր հեռանում իմ տան առջևից: Ես անմիջապես հրավիրեցի նախարարական խորհրդի նիստ՝ քննելու ուրախալի տեղեկության առթիվ լինելիք հանդեսների ծրագիրը: Նշանակվեց խորհրդարանի հանդիսավոր նիստ, զորքերի զորահանդես և մաղթանք:

Բայց այդ ուրախալի դեպքի հետ միաժամանակ կյանքը մեզ տալիս էր նաև խորապես ցավագին օրեր:

Նույն հունվարի վերջերին Կարսի նահանգի, Զարուշատի, Չլդրի և Աղբաբայի շրջանների թաթարական ազգաբնակչությունը, դրսի գրգռումների ազդեցության տակ բացարձակ կերպով ըմբոստացավ մեր իշխանության դեմ: Պետք եղավ ինչպես զինվորականներն են ասում «զինվորական զբոսանք» կազմակերպել՝ մեր հեղինակությունը ցուցադրելու համար: Ըմբոստացած Թաթար ազգաբնակչությունը հանգստացավ:

Բայց ահա վրա են հասնում այլ կարգի դեպքեր: Մի կողմից մարտին Ղարաբաղի ազգային բնակչությունը ապստամբեց Ադրբեջանի իշխանության դեմ, իսկ մյուս կողմից մայիսին Հայաստանի ներսում զանազան կողմերում բռնկվեց բոլշևիկների ապստամբությունը:

Այստեղ պետք է հիշատակել ապրիլի 28-ին բոլշևիկները գրավեցին Բաքուն և առանց որևէ դիմադրության իրենց իշխանությունը տարածեցին ամբողջ Ադրբեջանի վրա, այսպիսով՝ Հայաստանի սահմանի վրա Երևան եկավ բոլշևիկների իշխանություն:

Եթե ավելացնենք, որ ձմեռը, այսինքն՝ 1919թ․ դեկտեմբերին թաթարները ավերել էին Ագուլիսը, 25-ին այնտեղ տեղի էր ունեցել կոտորած՝ մասնակցությամբ թուրք սպաների ու զինվորների և տեղական ազգաբնակչության, որ առաջ էր բերել գաղթականների նոր հոսանք Գողթանից և հարաբերությունների ուժեղ լարում հայերի և մահմեդականների միջև Հայաստանի մյուս մասերում, միանգամայն հասկանալի կդառնա մտքերի այն հուզումնալից վիճակը, որ հող պատրաստեց բոլշևիկների կողմից եկող նոր քարոզչության համար։

Ինչպես արդեն հաճախ ասել եմ՝ Ղարաբաղի խնդիրը ուղղակի թունավորում էր Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները։ 1919թ․ դեկտեմբերի 25-ին Սուլթանովը գրավեց Ղարաբաղը՝ առանց հաշվի առնելու տեղի ներկայացուցչական ժողովի կամքը և դրանով գրգռեց հայերին։ Հաշտության  հասնելու նպատակով ես պայմանավորվեցի Ադրբեջանի կառավարության նախագահ Ուսուպբեկովի հետ հանդիպել Թիֆլիսում և իրավախոհության գալ։ Նոյեմբերի 23-ին մենք կազմեցինք «համաձայնագիր», որը նախատեսում էր միջին լուծում։ Միաժամանակ, ես դիմեցի Փարիզի պատվիրակությանը՝ խնդրելով պնդել Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման վրա Վեհաժողովի կողմից։

Փարիզից մենք հուսադրիչ տեղեկություններ էինք ստանում։ Բայց կյանքը չէր սպասում։ Երևանում գտնվող ղարաբաղցիները չէին կարող տանել Ադրբեջանի բռնությունները Ղարաբաղում և կազմակերպում էին բողոքի միտինգներ։ Երևանի և Շուշիի միջև սկսեցին ստեղծվել աներևույթ թելեր։

Հայաստանի կառավարությունը հավանություն չէր տալիս Ղարաբաղում զինված ապստամբությանը, բայց կառավարությունից դուրս գտնված ուժերը կազմակերպեցին ապստամբություն Ղարաբաղում՝ Շուշիի պարիսպների տակ և լեռներում։

Իմ կառավարությունը, նախատեսելով, որ ժողովրդական զգացումները կարող են բռնկվել և չափազանց ծանր հետևանքներ առաջ բերել, Զանգեզուրի իշխանություններին ուղղված առանձին հեռագրով զգուշացրեց Ղարաբաղում ապստամբության վտանգից։

Հակառակ սրան, մարտի 22-ին՝ Բայրամի նախօրյակին, Շուշիի պարիսպների տակ բռնկվեց ապստամբությունը, որը շուտով տարածվեց Շուշիի փողոցները։ Երկուստեք եղան առաջին զոհերը։ Սկզբում հաջողությունները հայերի կողմն էին։

Մարտի 28-ին Ադրբեջանի արտգործնախարարը ուղարկեց բողոքի նամակ։ Ես պատասխանեցի, շեշտելով, որ իմ կառավարությունը որևէ մասնակցություն չունի ապստամբության մեջ։

Վախենալով Կարսի մահմեդականների բռնկումից, ես հեռագրեցի այնտեղ և պատասխան ստացա, որ նրանք հանգիստ են։

Հայերը դիմադրում էին Ասկերանում, բայց մնալով առանց փամփուշտի, ընկել էին անհավասար կռվում։ Դալի Ղազարը հերոաբար ընկավ Ասկերանի պաշտպանության ժամանակ։ Ադրբեջանի զորքերը մտան Շուշի։ Քաղաքը կրակի զոհ գնաց և ահագին թվով ժողովուրդ ենթարկվեց կոտորածի։

Ղարաբաղն ապրում էր սարսափելի օրեր։ Ապստամբությունը ձախողվեց, սկսեցին ճնշումները։ Ապրիլի 6-ին գերագույն կոմիսարներ դը Մարթելը, Գաբբան և Ուորդրոպը (ֆրանսիական, իտալական և անգլիական) հանձնաժողով ուղարկեցին Շուշի և խաղաղության խորհրդաժողով հրավիրեցին Թիֆլիսում։ Ապրիլի 13-ին պատվիրակությունը մեկնեց Շուշի։ Ապրիլի 6-ին Խան Խոյսկին ինձ գանգատվում էր, որ հայերը հարձակվել են Ղազախի գավառի գյուղերի վրա։ Ղարաբաղի դեպքերի առիթով մենք բողոք հայտնեցինք Փարիզ։

Վերջապես, ապրիլի 11-ին Թիֆլիսում գումարվեց անդրկովկասյան խորհրդաժողովը։ Ապրիլի 13-ին ստորագրվեց արձանագրություն՝ բոլոր վեճերը խաղաղությամբ լուծելու համաձայնության մասին։

Իհարկե, վերոհիշյալ դեպքերը հուզում էին մտքերը և խանգարում կյանքի կանոնավոր ընթացքը։ Մոտավոր գաղափար կազմելու համար այն տրամադրության մասին, որ տիրում էր այն ժամանակ, ես բերեմ մի քանի քաղվածքներ այն ընդարձակ նամակից, որ, իբրև Հայաստանի կառավարության նախագահ, 1920թ․ փետրվարի 6-ին ուղարկեցի Փարիզ՝ ՀՀ պատվիրակության նախագահ Ա․Ահարոնյանին։

«Մենք ապրում ենք՝ սպասելով լուրերի Փարիզից: Մեր դրության հիմնական կարիքները շարունակ միևնույնն են՝ Թուրքահայաստանի սահմանների որոշումը, մանդատի խնդրի կարգադրությունը, ռազմամթերքի ստացումը, Անտանտի կողմից զորքերի ուղարկելը: Այս հիմնական խնդիրների լուծումը պետք է գա Եվրոպայից: Այստեղ ներքին դրությունը շարունակում է լավանալ: Չկան այլևս համաճարակներ, չկա սով, իշխանությունը ամրանում է, զորքը կարգապահ, կառավարության հեղինակությունը անվիճելի է…

Քաղաքականապաես մենք սահմանափակված ենք Ռուսահայաստանով, այն սահմաններում, որ դուք գիտեք, առանց Շարուրի և Նախիջևանի (մինչև Դավալու): Զանգեզուրը մենք գրավել ենք շատ ամուր կերպով, բայց Ղարաբաղը շարունակում է առայժմ գտնվել Ադրբեջանի իշխանության տակ, մենք պահում ենք ամբողջ Կարսի նահանգը:

Մեր հեռանկարը կապված է Թուրքահայաստանի հարցի լուծման հետ: Գարնան մոտենալը մեզ համար հսկայական կարևորություն ունի նրանով, որ դա բարձրացնում է թուրքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցը:

Այդ վերադարձի հետ կապված են մի շարք վարչական և զինվորական հարցեր: Պետք է՞ արդյոք պատրաստել այդ վերադարձը, թե ոչ: Ի՞նչ միջոցներ պիտի ձեռնարկել: Պետք է՞ արդյոք հույս դնել Եվրոպայի օգնության վրա: Այս հարցերի պատասխանը սպասում ենք Եվրոպայից, ձեզնից:

Իզուր մենք այդ փաստերի վրա շարունակ հրավիրեցինք անգլիական բարձր հանձնակատար Ուորդրոպի և բոլոր դաշնակից ներկայացուցիչների ուշադրությունը: Դա ոչ մի արդյունք չունեցավ: Նրանք իրենք չգիտեն, թե ի՞նչ քաղաքականության պետք է հետևեն: Չունենալով իրենց տրամադրության տակ զինվորական ուժեր՝ նրանք վախենում են դժգոհություն հարուցանել թաթարների մեջ: Հետևանքը այն է, որ ոչ մի բան առաջ չի գնում:

Նույնիսկ մեր անկախության ճանաչումը Փարիզի Գերագույն խորհրդի կողմից մեզ թվում է նրանց կողմից իբրև մի միջոց բոլշևիզմի դեմ կռվելու համար: Այս միտքը մեզ թելադրում է այն պայմաններից, որոնց մեջ տեղի ունեցավ այդ հայտարարությունը: Մենք տոնեցինք այդ հանդիսավոր կերպով, բայց այդ տոնը թունավորվում էր Թուրքահայաստանի վիճակով:

Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա կապված է թրքական խնդրի լուծման հետ, բայց նրա ապագան անորոշ է… Մենք տեղյակ ենք  քո դիմումների և աշխատանքների մասին, բայց լիահույս ենք ապագայի վերաբերմամբ…

Իրոք, մենք դադարել ենք որևէ հույս տածել Կիլիկիայի վերաբերմամբ, մանավանդ այն օրերից ի վեր, երբ Միացյալ Նահանգները ձեռք քաշեցինորևէ գործուն քաղաքականությունից, իսկ Ֆրանսիան ձգտում էր գրավել այն երկրները, որ նրան տվել է ֆրանկո-ռուս համաձայնությունը… Մենք շատ գոհ կլինեինք, եթե մենք ստանանք վեց վիլայեթները Տրապիզոնի հետ…»:

«Մեր հարաբերությունները մեր հարևաններ հետ.

Վրաստան. Դեռ մեր հողային վեճերը չեն վերջացել, բայց մենք արդեն այն փաստի առաջ ենք, որ Ախալքալաքի գավառը անցնում է Վրաստանին, այնինչ Բորչալուի գավառում մենք նրանից բաժանվում ենք Լալվար-Հայրում գծով: Մենք դիտմամբ ձգում ենք այս բանակցությունները, առանց որ նրանք վնասեն մեր լավ հարաբերություններին: Տրանզիտը միանգամայն գոհացուցիչ է և, ընդհանրապես, մենք ոչ մի անբավականություն չունենք վրացիների հետ:

Ադրբեջան. Դրա հակառակ, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ վրդովեցուցիչ են: Իրերի այդ դրության գլխավոր պատճառներն են՝ հողային վեճերը՝ Ղարաբաղ, Զանգեզուր, Շարուր, Ղազախ և այլն, և Ադրբեջանի կապերը թուրքերի հետ, մանավանդ ներկայումս, երբ թաթարները, բոլշևիկները և թուրքերը համաձայնության են եկել, մի խոսքով, դա հին պատմություն է: Մենք գտնվում ենք քրոնիկական պատերազմի վիճակում, որը դեռ չի հայտարարվել, բայց տարվում է շարունակ և անընդհատ:

Իմ հեռագրերից ձեզ հայտնի են այդ պատերազմի առանձին դեպքերը և մանրամասնությունները: Ներքին հանգստությունը երկրում չի կարող գոյություն ունենալ այնքան ժամանակ, մինչև որ մեր գոյության այդ հիմնական խնդիրը արմատական կերպով չվճռվի: Ադրբեջանը ուղղակի թունավորում է մեր ամբողջ կյանքը, մանավանդ այս րոպեին, որովհետև նա միացել է բոլշևիկների (գլխավորապես Իթթիհատ կուսակցությունը) և թուրքերի հետ:

Երևան մեզ մոտ եկան Տրապիզոնի մետրոպոլիտ Խրիստանֆը և հունական կառավարության ներկայացուցիչը: Նրանց հետ մենք ստորագրեցինք թղթեր, որոնք ուղարկվել են ձեզ ի գիտություն: Ընդհանուր առմամբ, նրանց ցանկանում էին կոնֆեդերացիա (երկու պետությունների՝ Հայաստան և Պոնտոս), այնինչ մենք նրանց առաջարկեցինք պարզ ինքնավարություն: Միևնույն ժամանակ, մենք մեզ վերապահեցինք իրավունք ձեզ հաղորդելու այս համաձայնության մասին:

Փարիզում դուք կարող եք ավելի լավ գնահատել ուժերի փոխհարաբերությունները հույների և հայերի միջև և որոշել այն դիմումները, որ մենք պետք է անենք նրանց: Նրանց հետ միասին մենք ուղարկեցինք Վենիզելոսին, ձեր և Նուբար փաշային հեռագրերը մեր համաձայնության մասին և պահանջ՝ զենք ուղարկելու և Տրապիզոն զորք իջեցնելու՝ զինվորական արշավանք անելու համար դեպի հարավ, այն դեպքում, եթե եվրոպական պետությունները մեզ չեն երաշխավորի Թուրքահայաստանը և Տրապիզոնի վիլայեթը: Անհրաժեշտ է, որ դուք տեսնեք Վենիզելոսին և իմանաք հետևանքների մասին:

Ինչ վերաբերում է մեր ներքին քաղաքական կյանքին, այն անցնում է ընդհանուր առմամբ նորմալ եղանակով. Առանց որևէ շփումների: Կառավարությունը հաստատվել է, խորհրդարանի ֆրակցիան լավ աշխատում է, խորհրդարանի նիստերը կանոնավոր են: Ներկայումս օրակարգի խնդիրն է 1920թ. նախահաշիվը: Հաշվեկշիռը լավ չէ: Տարեկան ծախսերը հասնում են մոտ մեկ միլիարդի, իսկ մուտքերը հազիվ 200-300 միլիոնի, այսինքն՝ մի քանի անգամ ցած են ծախսերից: Կյանքը թանկ է, պաշտոնեությունը թանկ է նստում: Ամենահամեստ ռոճիկը, օրինակ, դռնապանի ռոճիկը ամիսը 2000 ռուբլի է, ամենաբարձր ռոճիկը, իմ ռոճիկը՝ 8000 ռուբլի է և 4000 ռուբլի ներկայացուցչական, ընդամենը՝ 12.000 ռուբլի, այսինքն՝ մոտ 500 ֆրանկ: Մենք բոլորս էլ կերակրվում ենք շատ անբավարար կերպով (միսը, մեկ ֆունտը, արժե 50 ռուբլի, հացը՝ 30, ձուկը՝ 100), բայց դիմանում ենք: Բանակը դիմանում է, ժողովուրդը՝ նույնպես: Բայց այս ձևով երկար ապրել անկարելի է: Մենք բոլորս էլ սպասում ենք մի խոշոր փոխառության՝ մեր դրամի արժեքը բարձրացնելու համար: Ֆրանկը արժե 25 ռուբլի մեր թղթադրամով: Հայկական թղթադրամը գնահատվում է 50 տոկոսով ավելի էժան, քան վրացականը և Անդրկովկասյան կոմիսարիատի բոները:

Հայաստանում ոչինչ չկա գնելու համար: Շուկան գտնվում է Թիֆլիսում և Բաթումում, որտեղ մեր դրամը չի անցնում: Մեր հարստության աղբյուրներն են բամբակը, աղը, փայտը, բայց Կողբի աղահանքները այս պահին գտնվում են թուրքերի ձեռքում: Դուք պահանջում եք բամբակի առաքումը Եվրոպա: Ֆինանասների նախարար Ս. Արարատյանը ձեզ գրում է այդ մասին մանրամասնորեն: Այդ մասին ես չեմ խոսի:

Ահա ընդհանուր գծերով մեր ներքին կյանքի պատկերը: Մենք չենք տեսնում մեր շուրջը նոր մարդիկ: Աշխատողները քիչ են… Ինչվերաբերում է Դաշնակիցների բարձր կոմիսար Հասկելին, նա լավ է աշխատում տնտեսական տեսակետից, բայց նա ոչ մի քաղաքական դեր չի խաղում: Նա դադարել է որևէ մասնակցությունից Կովկասի և Հայաստանի քաղաքականության մեջ: Գալով Ուորդրոպին՝ դժվար է նրան հասկանալ, ինչպես առհասարակ Անգլիայի քաղաքականությունը: Մերթ նրանք մեզ հետ են, մերթ թաթարների հետ, մի օր նրանք մեզ համոզում են պաշտպանել Զանգեզուրը, հետևյալ օրը նրանք մեզ սպառնալիքներ են ուղղում: Ֆրանսիայի, Իտալիայի և այլ ներկայացուցիչներ ոչ մի ազդեցություն չունեն:

Այն բոլորից, ինչ որ ասացի, պետք է եզրակացնել.

  1. Պետք է, որ Փարիզի Գերագույն խորհուրդը գորխադրության դնի իր որոշումը՝ զինել և ուժեղացնել կովկասյան հանրապետությունների բանակները (թեև իրապես մենք չենք կարող պատերազմ վարել բոլշևիկների դեմ, եթե նրանք կամենան գալ կովկասի վրա, որովհետև ուժերը չափազանց անհավասար կլինեին):
  2. Պետք է, որ Գերագույն խորհուրդը ամեն հնարավոր միջոցները գործի դնի Ադրբեջանին բոլշևիկներից և թուրքերից բաժանելու համար: Այս արդյունքին կարելի է հասնել ճնշման և սպառնալիքների միջոցով և պահանջելով Բաքվից հեռացնել Խալիլ փաշային, Նուրի փաշային և մյուս թուրքերին, որոնք ազատ շրջում են Բաքվում և ստանում են միլիոններ բոլշևիկներից:
  3. Շտապեցնել Միացյալ Հայաստանի անկախության հռչակումը և ճշտությամբ որոշել նրա սահմանները Թուրքիայի հետ:
  4. Երաշխավորել թուրքահայերի վերադարձը իրենց հայրենիքը. գարունը մոտենում է, ամեն ինչ կախված է արտերի ցանքսից:
  5. Մեզ մի փոխառություն տալ, որի շնորհիվ մեր դրամների արժեքը կբարձրանա:
  6. Ռուսաստանից ստանալ անդրկովկասյան հանրապետությունների ճանաչումը:
  7. Ստիպել Ադրբեջանին, որ նա հրաժարվի Ղարաբաղից և Զանգեզուրից, որով վերջ կտրվի մեր պատերազմական վիճակին:

Ադրբեջանը արգելել է նավթի և քարյուղի արտահանումը դեպի Հայաստան (քարյուղը այսօր արժե ֆունտը 70 ռուբլի):

Ահա մեր քաղաքական կյանքի առաջնակարգ այրող խնդիրները: Գարնան գալը մեզ մեծ վախեր է ներշնչում: Ձյունը կհալվի, չանապարհները կբացվեն, կսկսվեն նոր հարձակումներ, նոր անախորժություններ: Անհրաժեշտ է, որ Դաշնակիցները կոտրեն թուրքական մտայնությունը: Թուրքերը չեն կարողանա բարոյապես այլևս դիմադրել, հենց որ նրանք իմանան, թե ինչ վիճակ է նրանց սպասում և որոնք են նրանց պետության սահմանները:

Ահա այն բոլորը, ինչ որ ես ուզում էի գրել և ինչ որ կարող ես հաղորդել, ուր որ պետք կհամարես:

Պինդ սեղմում եմ ձեռքերդ:

Ա. Խատիսյան

Նախագահ Հայաստանի Հանրապետության»:

Այս նամակը ես գրել եմ ճիշտ 10 տարի առաջ։ Այսօր կրկին անգամ կարդալով այն, ես մի տեսակ հուզում եմ ապրում։ Այսօր ես գրեթե ոչինչ չպիտի ուզենայի փոխել իմ այն ժամանակվա մտքերում ու ենթադրություններում։ Այն բոլորը, ինչ որ ինձ այն ժամանակ անհանգստացնում էր, արդարացավ՝ քեմալականների ուժեղացումը, բոլշևիկների առաջխաղացումը և նրանց զինվորական ուժերով հետ մղելու անկարելիությունը և շփումները Ադրբեջանի հետ։ Ահա թե որտեղ էին մեր իսկական վտանգները։ Եվ հենց դրանք էլ թափվեցին Հայաստանի գլխին։

Պետության ներսում ամեն ինչ ամրանում էր։ Եվ եթե այսօր մեր քննադատները մեղադրում են Հայաստանի այն ժամանակվա ղեկավարներին և քաղաքքական գործիչներին այն բանի մեջ , որ նրանք չկարողացան պահել Հայաստանի անկախությունը, թող աչքի առջև բերեն այն առարկայական պայմանները, որոնում Հայաստանի պետական կյանքն էր։

Միակ հարցը, որ ես բացորոշ կերպով դնում եմ ին առջև, սա է՝ հանրավոր է՞ր արդյոք քեմալականների և բոլշևիկների հետ մի համաձայնություն, որ ապահովեր Հայաստանի անվրդով գոյությունը իբրև անկախ և ռամկավար պետություն։ Կարելի է՞ր արդյոք ընտրել այդ ուժերից մեկը՝ մյուսին հետ մղելու համար։

Ես կարծում եմ, որ Շանթի պատվիրակության Մոսկվա ուղարկվելը և հետագա բանակցությունները Լեգրանի հետ Թիֆլիսում և Երևանում տվեցին այն բոլորը, ինչ որ կարելի էր ստանալ բոլշևիկներից։ Բայց չէ՞ որ այդ համաձայնությունները անկարող եղան կանգնեցնել բոլշևիկների ձգտումները՝ ձեռք մեկնել քեմալականներին եվրոպական պետությունների դեմ մեկ ընդհանուր ճակատ ստեղծելու համար։ Ի՞նչը պետք է նրանց կանգնեցներ․ սե՞րը դեպի հայերը, համակրա՞նքը դեպի Հայաստանի ռամկավար կարգերը։ Բայց չէ՞ որ այդ բոլորը ցնորքներ են, որոնք բոլշևիկների մտայնության հետ շփվելուն պես օդն են ցնդում։ Նրանք պատրաստ են իրենց գաղափարի հաղթանակի համար զոհել դասակարգ և ժողովուրդ, ինչպես այդ մասին պարզ հայտարարում էին խոսակցությունների ժամանակ այն դեպքերում, երբ կարիք չկար քաղաքականություն և փրկիչների դեր խաղալ։

Միամիտները միայն չեն հասկանում մինչև այսօր էլ․ Վրաստանի օրինակը՝ դրա ապացույց։ Եթե դեռ Ադրբեջանում կային բոլշևիկյան կողմնորոշման տեսաբաններ, ինչպես Հաջինսկին կամ դոկտոր Կարաբեկովը, որոնք տարված էին բոլշևիկ-քեմալական համերաշխությամբ, չէ՞ որ Վրաստանը, որ ուներ ստորագրված դաշնագիր, ուղղակի ուժով դրավվեց և ենթարկվեց խորհրդայնացման։

Իսկ համաձայնությո՞ւնը քեմալականների հետ։ Մենք շատ ենք խոսել նրանց մտայնության մասին։ Նրանք ընդունում էին Հայաստանը թույլ, նիհար, 20-30 հազար քառակուսի կիլոմետր սահմաններով, առանց նավահանգստի՝ չորս կողմից սեղմված։ Բայց, այնուամենայնիվ, հենց ժամանակ շահելու համար և հնարավոր դասավորությունների տեսակետից, թուրք գործիչների հետ խոսակցությունները իր ժամանակին կարող էին օգտակար լինել և այդպիսի խոսակցությունների համար ոչ բոլոր հնարավորությունները օգտագործվեցին։

Ես դիտմամբ կանգ առա այս նախնական խորհրդակցությունների վրա, որովհետև նրանց վրա էր հենվում բոլշևիկյան գաղտնի քարոզչությունը զորքերի և ազգաբնակչության շրջանում։ Մյուս կողմից, շարունակվում էր մութ ագիտացիա Հայաստանի մահմեդական ազգաբնակչության մեջ։

Ցույց տալու համար բազմաթիվ օրինակներից մեկը, թե ինչպես ադրբեջանական կառավարությունը ուղղակի ուժ էր տալիս Հայաստանի կառավարությանը չենթարկվող շրջանակներում տարածվող խռովություններին, բերում եմ մի ցայտուն օրինակ, որ դարձավ դատական քննության առարկա, որի ժամանակ ես էլ դուրս եկա իբրև վկա։

Ապացուցված էր, որ Ադրբեջանի ներկայացուցիչ Խան Թեքինսկին, Ադրբեջանի դրոշակի հովանու տակ իր պաշտոնատան ստորին ծառայողների միջոցով ըմբոստացած շրջան էր ուղարկել 200 հազար ռուբլի։ Ծառայողները ճանապարհը կորցրել էին և ընկել կառավարական պահակախմբի տուն։ Հարցաքննության ընթացքում նրանք տվել էին կասկածելի և շփոթված ցուցմունքներ և վերջում խոստովանել, որ Զանգիբասարի շրջանի ապստամբած գյուղացիներին բաժանելու համար տանում էին 200 հազար ռուբլի։

Մյուս կողմից հաստատվեց, որ Ադրբեջանի կառավարության հատուկ սուրհանդակը Շարուրի շրջանի ապստամբած գյուղացիներին տարել էր 5 միլիոն ռուբլի։ Այսպիսով, դրսից սնունդ ստացող խռովությունը ոչ միայն հուզում էր ազգաբնակչության մտքերը, այլև ստեղծում էր այնպիսի համոզմունք, որ ապստամբության պարագայում նրանց համար ապահովված էր արտաքին օգնությունը։

Մի կողմից Թուրքիան 1920թ․ սկզբում սպաներ ու զինվորներ էր ուղարկում՝ չեթեներ կազմակերպելու համար, մյուս կողմից՝ Ադրբեջանը դրամ էր ուղարկում։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր խուզարկու մարմինների միջոցով ամեն օր տեղեկություններ էր ստանում այս կամ այն շրջանում տեղի ունեցող պատրաստությունների մասին։ Երևանին կից Զանգիբասարի շրջանում մահմեդական գյուղացիները պատրաստում էին խրամատներ, քանդում հորեր, տեղավորում գնդացիրներ։ Եթե Ադրբեջանը և Թուրքիան ուրիշ քաղաքականութայն հետևեին, համարձակ կարելի է ասել, որ այդ գյուղացիները կլինեին Հայաստանի ամենաօրինապահ քաղաքացիները, ինչպես օրինապահ քաղաքացիներ էին մահմեդականները շատ ուրիշ շրջաններում, որտեղ համեմատաբար քիչ էր ազդել դրսի քարոզչությունը։

Այս քարոզչությունը և մերթ մեկ, մերթ ուրիշ տեղ բռնկվող անկարգությունները հոգնեցնում էին զինվորական մասերին և հասարակական կարծիքը։ Ավելին կասեմ՝ եղան դեպքեր ինքնադատաստանի, սպանությունների մեծ ճանապարհի վրա, հարձակումներ առանձին գյուղերի վրա, դեպքեր, որոնք հասարակական կարծիքի կողմից ընդունվում էին իբրև ինքնապաշտպանության կամ նախազգուշության միջոցներ։

Անկասկած, այդպիսի կարծիքները պետք է վնասեին պատական հասկացողությանը, բայց կռվել այդ երևույթի դեմ վերոհիշյալ պայմաններում, շատ դժվար էր։ Շատերի գիտակցության մեջ բարձրագույն պետական շահերը հրամայականորեն պահանջում էին ամեն կերպ ապահովել հաղորդակցության ազատությունը մեծ ճանապարհներով, որոնք գտնվում էին մշտական սպառնալիքի տակլ մահմեդականների կողմից և որոնք բնակվում էին կարևորագույն կետերի մոտ, ինչպես, օրինակ, Ուլուխանլու կայարանը, Կարսի ու Ալեքսանդրապոլի միջև գտնված կայարանները, Դավալու և Արազդայանի մոտ եղած կայարանները։

Մյուս կողմից, Հայաստանի կատարյալ անկախության գաղափարը, իբրև առանձին պետության, Ռուսաստանից քաղաքականապես անջատված, հմայք և գրավչություն չէր գտնում այն շրջաններում, որոնք դաշնության գաղափարը համարում էին ավելի համապատասխան հայ ժողովրդի շահերի տեսակետից։

Նրանք գտնում էին, որ հայ ժողովուրդը ընդունել է անկախության գաղափարը միայն պատահական և անցողակի հանգամանքներում և որ այդ գաղափարը հայ ժողովրդի հիմնական շահերից չէր թելադրված։

Այդ բոլոր կարծիքները կառավարությունը համարում էր վնասակար և հակապետական ու նրանց դեմ կռվում էր իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով։

Շատերը չարամիտ և գրգռիչ նպատակներով դիտմամբ շփոթում էին կառավարություն և կուսակցություն հասկացողությունները և ձգտում էին ժողովրդին հանել կառավարության և կուսակցության դեմ։

Այս առթիվ պետք է ասել, որ Դաշնակցության ազդեցիկ անդամները զբաղված էին կենտրոնի պետական աշխատանքով․ նրանք կամ մտել էին կառավարության կամ կամ խորհրդարանի անդամներ էին և, այսպիսով, գավառը հաճախ զրկված էր կուսակցության ականավոր գործիչների հետ շփվելու բարիքից։ Եթե նկատի ունենանք այն պարագան, որ գործող ընտրական օրենքի համաձայն խորհրդարանի անդամները ընտրվում էին ոչ թե առանձին շրջաններում, այլ ամբողջ Հայաստանի մեկ ընտրական ցուցակով, միանգամայն պարզ է դառնում, որ ազգաբնակչությունը շատ քիչ հաղորդակցություն ուներ իր ներկայացուցիչների հետ և քիչ էր տեսնում նրանց։

Սա գիտակցում էին նաև իրենք՝ խորհրդարանի անդամները։ 1920թ․, տեսնելով, որ ժողովուրդը հետաքրքրվում է նաև իր փոքրիկ, ավելի տեղական նշանակություն ունեցող խնդիրներով, խորհրդարանի անդամները Հայաստանի շրջանները բաժանեցին իրար մեջ և սկսեցին ավելի հետաքրքրվել այն խնդիրներով, որոնք զբաղեցնում էին այդ շրջանները։

Ազգաբնակչության հետ շփվելու մյուս միջոցն էր հատուկ խորհրդարանական հանձնախմբեր ուղարկելը կարևորագույն դեպքերին՝ տեղի վրա քննություն կատարելու համար։ Հանձնախմբերը գնում էին շրջանները և ծանոթանում Հայաստանի քաղաքացիների կարիքներին և հայացքներին։

Առանձնապես աչքի ընկնող թերությունների դեմ կռվելու համար ստեղծվեց հատուկ դատարան՝ լայն իրավասություններով։

Իր ներքին ախտերից և թերություններից Հայաստանը ինքն էլ ազատվում էր ներքին միջոցներով: Բայց նրա թշնամիները քնած չէին, դրանք արտաքին թշնամիներն էին, որոնք Հայաստանի ներսում ունեին իրենց գործակալները: Նրանք քանդում էին Հայաստանը, նրա անկախությունը, նրա ռամկավարական հիմնարկությունները:

Մեր գլխավոր հարևանները՝ բոլշևիկները և քեմալականները, Հայաստանում գործում էին իրենց ներքին գործակալների միջոցով: Բոլշևիկները ավելի էին ուժ տալիս իրենց քարոզչությանը մեծ և ուժեղ Ռուսաստանի հետ միանալու գաղափարներով, իսկ քեմալականները հենվում էին իրենց համակիր մահմեդական տարրերի վրա: Նրանց պայքարը սնունդ էր ստանում դրսից:

Այս էր իրերի իսկական դրությունը: Ես ուզում եմ իմ դիտողությունների հիմնա վրա ընդգծել, որ քայքայիչ աշխատանքը ծագում էր ոչ թե ներքին թերություններից, անկարողությունից կամ անխնամությունից, այլ արտաքին ուժերից, որոնք, ունենալով հանդերձ տարբեր նպատակներ և հիմունքներ, գեթ որոշ ժամանակ հավասարապես շահագրգռված էին վնասելու Հայաստանին իր պատմական ճանապարհի վրա: Ինձ շրջապատող քաղաքական գործիչների շարքում տարբեր էր վերաբերմունքը հակապետական տարրերի դեմ կռվելու միջոցների հարցում: Ոմանք պահանջում էին դիմել խիստ միջոցների, բանտարկությունների և աքսորների, մյուսները գտնում էին, որ այդ կարգի միջոցները պետք է գործի դնել միայն գործուն քարոզչության պարագայում: Իմ կառավարությունը ավելի հակված էր երկրորդ տեսակետի կողմը: Ոմանք գտնում էին, որ զինվորական նախարարը պետք եղած չափով ուշադրություն չի դարձնում սպայական կազմի վրա: Հիշում եմ, որ այդ հողի վրա մի անգամ մեծ դժգոհություն բարձրացավ, երբ սպաների մի խումբ խրախճանքից հետո երգեց ռուսական հին օրհներգը. «Տե՛ր, պահպանի ցարին»: Բայց պետք է ասել, որ բոլշևիկյան տրամադրություններով համակված գործիչները արտաքուստ իրենց շատ կոռեկտ էին պահում և առիթներ չէին տալիս բանտարկության համար: Ես կտամ նրանցից մի քանիսի անունները, որոնց ճանաչում էի «Քաղաքների միություն»-ում ունեցած աշխատանքներից. Օրինակ՝ ճարտարապետ Ալլահվերդյանը և ուսուցիչ Ղարիբջանյանը: Մյուսներին ես առաջի անգամ ճանաչեցի Հայաստանում, ինչպես կապիտան Մուսայելյանին, Մռավյանին:

Բնորոշ է մասնավորապես զրահապատ գնացքի պետ կապիտան Մուսայելյանի հետ եղած դեպքը:

Կառավարության անդամները, առանձնապես գնահատելով նրա և զրահապատ գնացքի մյուս պետ Սիրունյանի ծառայությունները, նրանց հրավիրեցին ճաի: Զինվորական նախարարը նրանց շնորհակալություն հայտնեց իրենց ծառայության համար: Ես ներկա էի այդ հրավերին և հիշում եմ, թե ինչպես կապիտան Մուսայելյանը փոխադարձ շնորհակալություն էր հայտնում ուշադրության համար և հարգանքով էր վերաբերվում իր պետերին: Մինչդեռ մեկ-երկու ամիս հետո իր զրահապատ գնացքի վրա առաջին ապստամբության դրոշը բարձրացրեց կառավարության դեմ:

Բոլշևիկյան կուսակցությունը, անշուշտ, ուներ իր գաղտնի կազմակերպությունը, գործում էր զինվորական մասերում, մանավանդ՝ Ալեքսանդրապոլի և Կարսի, այսինքն՝ կառավարության անմիջական հսկողությունից դուրս ավելի հեռու շրջաններում, հեռագրական պաշտոնյաների և աշակերտության միջավայրում: Բոլշևիկյան քարոզչության հաջողությանն էին ծառայում Ռուսաստանի կողմից օգնության խոստումը սահմանների ապահովության, խոստում հաց և սննդի պիտույքներ մատակարարելու, բանակը ցրվելու խոստում, կյանքի էժանացում, մաքսային սահմանների վերցում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև ու այլ բարիքներ:

Այդ մասին գրվում էր և խոսվում թռուցիկների և քարոզչական բնույթ կրող գաղտնի զրույցներում: Այդ բոլորը ես առիթ ունեցա կարդալու և ապստամբության ղեկավար, կապիտան Մուսայելյանի՝ բանակի սպայակույտի պետ, զորավար Հախվերդյանին ուղղված նամակում, որ զորավար Հախվերդյանը ստացել էր ճիշտ այն օրը, երբ Մուսայելյանը իր զրահապատ գնացքի վրա բարձրացրել էր կարմիր դրոշակը:

Սակայն այդ դեպքերից անմիջապես առաջ՝ 1920թ. ապրիլին Հայաստանի կյանքը ընթանում էր խաղաղ և արտաքուստ ոչ ոք չէր կարող գուշակել գալիք անցքերը: Պետական շինարարության վերջին մշակութային գործը այդ շրջանում պետք է հանարել Սևանա լճի վրա առաջին հայկական նավ բաց թողնելը: Նավի անունն էր «Աշոտ Երկաթ»: Ես ներկա էի այդ հանդեսին՝ բանակի բարձր պաշտոնյաների և խորհրդարանի անդամների հետ: Մեր նավը կառուցվել էր Սևանա լճի ափին, նրա վրա տեղավորված էր մի թնդանոթ և դրված էր շոգեմեքենա: Մենք այդ նավը հատկացրել էինք ափերին ծառայելու ՝ ապրանքներ տեղափոխելու և ափերը պաշտպանելու համար: Նավի կայմի վրա բարձրացավ հայկական դրոշակը, նավը պահող պարանները կտրվեցին, հենարանները վերցվեցին, և «Աշոտ Երկաթը» թեթևությամբ խորասուզվեց լճի ալիքների մեջ: Մեզ թվում էր, թե մենք հայ նավատորմի նահապետի օծման հանդեսն ենք կատարում: Արտասանվեցին շատ ոգևորիչ ճառեր և, ընդհանրապես, տրամադրությունը շատ բարձր էր:

Երկրորդ նավը՝ Բաթումից բերված շոգոշարժ նավակը, կարճ ժամանակից նույնպես բաց պիտի թողնվեր լճի վրա:

Ապրիլ ամիսն էր: Իմ առաջարկության համաձայն՝ կառավարությունը ավելի ուժեղացավ՝ իր կազմում ընդունելով Հ. Յ. Դաշնակցության ամենից կարկառուն ներկայացուցիչներին: Ապրիլին Համո Օհանջանյանը դարձավ արտաքին գործերի, Ռուբեն Տեր-Մինասյանը՝ զինվորական նախարար, օգնական՝ Հովհաննես Հախվերդյան, աշխատանքի և երկրագործության նախարար դարձավ Սիմոն Վրացյանը, հաղորդակցության նախարար՝ Արշակ Ջամալյանը: Հաշվի առնելով կառավարության մեջ արդեն եղող մյուս ականավոր դաշնակցական գործիչներին, պետք է ասեմ, որ Հ. Յ. Դաշնակցությունը կառավարությանը տվել էր իր լավագույն ուժերին: Դա ուժեղացնում էր կառավարությանը, բայց կուսակցությանը զրկում էր իր ամենաուժեղ մարդկանցից զուտ կուսակցական աշխատանքում: Կուսակցական աշխատանքի համար մնում էին երկրորդական ուժեր, որոնք, սակայն, նույնպես զբաղված էին ավելի խորհրդարանական, քան կուսակացական աշխատանքով:

Տեղական գործիչները նույնպես Հայաստանի զանազան վայրերում զբաղված էին զբաղված էին համայնքային և քաղաքային հիմնարկություններում: Դա բնական երևույթ էր, եթե նկատի ունենանք մտավորական ուժերի սակավությունը Հայաստանում: Ինքը՝ կուսակցությունը, ցանկանալով բարձրացնել իշխանության հեղինակությունը երկրում, որոշել էր բովանդակ ուժերը նվիրել պետական աշխատանքին:

Ապրիլի վերջը ես անցկացրի անհանգստության մեջ, որովհետև մոտենում էր մայիսի 1-ը, երբ առաջին անգամ Հայաստանը պիտի կատարել բանվորական միջազգային տոնը: Մայիսի 1-ի նախօրյակին՝ ապրիլի 30-ի առավոտյան, Հ. Յ. Դաշնակցության պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց ինձ, որ աչքի առաջ ունենալով բանվորական տոնի բնույթը, կուսակցությունը իր մարմինների միջոցով իր վրա վերցնում է արտաքին կարգապահությունը և ժողովրդական ցույցերի ղեկավարությունը փողոցներում: Ես այդ հայտարարությունը ընդունեցի ի գիտություն, բայց, այնուամենայնիվ, ինձ մոտ հրավիրեցի քաղաքապետ Շահխաթունուն և նրան հայտնեցի, որ թեև կուսակցությունը իր վրա է վերցնում տոնակատարության վերահսկողությունը, բայց դա չի ազատում իշխանություններին կարգապահության պատասխանատվության համար, ուստի քաղաքի իշխանությունները պարտավոր են աչալուրջ հետևել այն բոլորին, ինչ տեղի է ունենալու փողոցներում: Նույն օրը ինձ այցելեց տոնակատարության կարգադրիչ հանձնախմբի նախագահ Ավալյանը և վստահեցրեց, որ ամեն ինչ պիտի ընթանա կանոնավոր կարգապահությամբ:

Նույն մտքով հեռագրեր էին ուղարկվել գավառական քաղաքներ, այդ մասին հարկ եղած կարգադրությունը արել էր նաև ներքին գործերի նախարարը:

Մայիսի 1-ին շատ վաղ առավոտյան փողոցներում սկսվեց առանձին կենդանություն: Առավոտյան ժամը 8-ին իմ բնակարան եկավ քաղաքապետ Շահխաթունին և զեկուցեց, որ բոլշևիկները կարծես թե իրենց ձեռքն են վերցնում տոնակատարության նախաձեռնությունը: Նրա ասելով, առաջին բեռնատար ինքնաշարժը, որ պետք է բացեր հանդիսավոր ժողովրդական տողանցքը, զարդարված էր Լենինի նկարով, խորհուրդների մանգաղով ու մուրճով և միայն երկրորդի վրա էր դրված ազգային վերածնության ռահվիրա Քրիստափոր Միքայելյանի պատկերը:

Պետք է ասել, որ ժողովրդական տողանցքի արտաքին կարգապահությունը հանձնվել էր արհեսատակցական կազմակերպությունների միության նախագահ Ավալյանին՝ մի դաշնակցականի, որ շուտով անցավ բոլշևիկների կողմը:

Սահմանված կարգի համաձայն՝ շքերթը առավոտյան ժամը 9-ին պետք է մոտենար խորհրդարանի շենքին, որի պատշգամթից պետք է արտասանվեին ճառեր, փողոցում պետք է տեղի ունենար միտինգ: Խորհրդարանի առջև կանգնած էր մի փոքրիկ զինվորական մաս:

Լսելով Շահխաթունու զեկուցումը, նրա հետ միասին գնացի խորհրդարան, որի առջև արդեն շատ մեծ բազմություն կար: Թվով վեց ինքնաշարժեր արդեն միտինգի վայրում էին: Արտասանվում էին ճառեր: Ամբոխը արտահայտում էր իր զգացումները՝ նայած արտասանվող ճառերի բովանդակությանը: Ճառեր արտասանվում էին փողոցում և խորհրդարանի պատշգամբից: Պատշգամբի կից սենյակում կառավարության մի քանի անդամներն էին՝ Հ. Յ. Դաշնակցության գլխավոր գործիչները և վրացի հայտնի քաղաքական ու հեղափոխական գործիչ Իսիդոր Ռամիշվիլին, ով Երևան էր եկել վրաց սոցիալ-դեմոկրատ կուսակցության անունից ողջունելու հայ դեմոկրատիան:

Բոլշևիկյան ոգով արտասանված ճառերը ժողովրդի բազմության կողմից ընդունվում էին սառը կերպով, իսկ մի փոքր խմբի մոտ, ըստ երևույթին բոլշևիկների կողմից՝ մեծ ոգևորությամբ: Այդ փոքրաթիվ խումբը գործում էր արտակարգ եռանդով: Սուլոցներով էր ընդունում իր համար անհամակրելի ճառերը, իսկ յուրայինները ծափահարում էին աղմուկով: Պատշգամբից արտասանվում էին ճառեր դեմոկրատիզմի և անկախության ոգով: Գնդապետ Շահխաթունին, չկամենալով, որ զինվորները լսեն բոլշևիկյան ոգով արտասանվող ճառերը, կառավարության թույլտվությամբ զինվորներին ուղարկեց զորանոցները:

Ընդհանուր առմամբ օրը հանգիստ անցավ: Միտինգը և ճառերը կրճատվեցին, երեկոյան ամբոխը խաղաղ զբոսնում էր գլխավոր փողոցում: Մեր ընդհանուր և, մասնավորապես, իմ անձնական կարծիքն այն էր, որ բոլշևիկները Երևանում ունեին համակրողների փոքրաթիվ խումբ: Բայց երեկոյան նրանք ձուլվեցին ազգայնորեն տրամադրված քաղաքացիների ահագին բազմության մեջ: Այդ կողմից Երևանը ոչ մի առանձին հարց չէր հարուցում:

Երեկոյան դեմ, սակայն, շատ վատ տեղեկություններ ստացվեցին Ալեքսանդրապոլից։ Պարզվեց, որ այնտեղ գործը այնպիսի ընթացք էր ստացել, որ բոլշևիկյան կազմակերպությունը՝ չտեսնելով իր դիմաց եռանդուն գործող վարչական ուժեր և գրեթե անակնկալի բերելով դաշնակցականներին, իր ձեռքն էր առել տոնակատարության նախաձեռնությունը։ Հետևանքը եղել էր այն, որ բոլշևիկյան ճառախոսները միտինգի ընթացքում բացարձակորեն պաշտպանել էին իրենց նշանաբանները, կոչ էին արել զինվորական մասերի զորանոցների առջև և մասնավորապես նախկին ռուսական Սեվերսկի գնդի զորանոցի առջև (որտեղ տեղավորված էր առաջին հայկական հեծելազորի գունդը), առանց քաշվելու հեծելազորի բրիգադի հրամանատար, զորավար Խաչատրյանի ներկայությունից․ ով դրանից մի քանի օր հետո սպանվեց անհայտ մարդկանց ձեռքով Ալեքսանդրապոլի փողոցներում։

Երբ ցուցարար բոլշևիկները բարձրացել էին կարմիր դրոշակը, զորքերը տարվել էին զորանոցները, իսկ միտինգի ամբոխը բոլշևիկյան դրդիչների ղեկավարությամբ ուղևորվել էր քաղաք (միտինգը տեղի էր ունեցել քաղաքից դուրս, այսպես կոչված՝ կազակների պահակատեղում, զորանոցների մոտ), ներս էր խուժել Հ․ Յ․ Դաշնակցության ակումբը, պատռել էր պատերի վրա կախված պատկերները՝ օգտվելով այն բանից, որ այդ միջոցին ակումբում ոչ ոք չէր եղել։

Այսպիսի դեպք հնարավոր էր միմիայն օրվա կարգադրիչների անփութության և վարչության անգործության պատճառով։ Ոչ թե ցուցարարների ուժն էր ազդեցություն գործողը , այլ իշխանությունների անփութությունն էր նրանց հնարավորություն տվել հակապետական ճառեր արտասանել և անկարգություններ անել։

Հայաստանի մյուս քաղաքներում մայիսյան տոնը առաջ չբերեց որևէ միջադեպ, նախ՝ որովհետև ինքը մայիսի 1-ի տոնը նշանակություն ուներ միայն այնտեղ, որտեղ կային բանվորներ, այսինքն՝ մեծ քաղաքներում, ինչպես Երևանն ու Ալեքսանդրապոլը և երկրորդ՝ որովհետև  մյուս վայրերում ոչ մեկի կողմից չկային նշանակված հատուկ ցույցեր։

Մայիսի 2-ին կառավարությունում հարց դրվեց ներքին գործերի նախարարի առջև՝ Ալեքսանդրապոլի վարչության պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու մասին՝ անփութության և անգործության համար։ Որոշվեց նաև բանտարկել ամենից շատ իրենց գրգռիչ քաղաքականությամբ աչքի ընկնող բոլշևիկներին և, առհասարակ, բոլշևիկյան գործունեության հանդեպ ավելի վճռական միջոցներ ձեռնարկել։ Կուսակցությունը իր կողմից Ալեքսանդրապոլ ուղարկեց իր աչքի ընկնող անդամներին՝ ակումբում տեղի ունեցած դեպքերի մասին  քննություն կատարելու համար։

Մայիսի 3-ը անցավ հանգիստ, և կյանքը մտավ իր սովորական ընթացքի մեջ։ Մայիսի 4-ին գնդապետ Հասկելը իր մոտ աշխատակիցների հետ Երևանից Ալեքսանդրապոլով ճանապարհվեց դեպի Թիֆլիս, ըստ երևույթին վախենալով բոլշևիկյան շարժումներից։ Նրա գնացքը Երևանից դուրս եկավ առավոտյան։ Այդ ուղևորությունը չգրավեց ոչ մեկի առանձին ուշադրությունը։ Այնքան հաճախ էր գնում-գալիս Երևան, որ սովորական երևույթ էր դարձել։

Երեկոյան ժամը 9-ի մոտ  ես իմ բնակարանում էի, երբ հատուկ հանձնարարություններով սպա Համլիկ Թումանյանը զեկուցեց, որ գնդապետ Հասկելը հեռագրով Ալեքսանդրապոլից խնդրում է իմ հատուկ հրամանը Ալեքսանդրապոլի կայարանից իմ գնացքը ազատ թողնելու մասին, որովհետև իրեն անհայտ պատճառով  այդ կայարանից իր գնացքը բաց չեն թողնում։ Չհասկանալով խնդրի էությունը, կարգադրեցի հեռապոսի մոտ կանչել կայարանի պետին և հարցրեցի, թե ինչու են պահում Հասկելի գնացքը։ Կայարանապետը պատասխանեց, որ կայարանում է զրահապատ գնացքը կապիտան Մուսայելյանի հրամանատարության տակ, և կապիտանը ռմբակոծելու սպառնալիքով կայարանի բոլոր պաշտոնյաներին հրամայել է ենթարկվել իրեն և ավելացրեց, որ կապիտան Մուսայելյանը հրամայել է պահել ամերիկացիների գնացքը։

Այն ժամանակ ես կարգադրեցի հեռախոսի մոտ կանչել կապիտան Մուսայելյանին։ Վերջինս մոտեցավ հեռախոսին և իմ հրամայական պահանջին՝ անմիջապես ազատ թողնել ամերիկացիների գնացքը և գալ Երևան բացատրություններ տալու, պատասխանեց, որ նա «այլևս չի ճանաչւմ Երևանի կառավարության իշխանությունը և իր համար պարտավորեցնող է համարում կատարել միայն Ալեքսանդրապոլում կազմված ռազմա-հեղափոխական կոմիտեի հրամանները, որ Երևան չի գա, իսկ ամերիկացիներին բաց կթողնի նրանց հետ բանակցելուց հետո»։

Հետո պարզվեց, որ նա ամերիկացիների գնացքը բաց էր թողել Թիֆլիս ուղևորվել միայն այն ժամանակ, երբ խոսք էր առել, որ նրանք իրենց մարդասիրական գործը կշարունակեն նաև Հայաստանում խորհրդային իշխանության հաստատվելու պարագայում։

Ստանալով Մուսայելյանի պատասխանը և տեսնելով, որ նա Ալեքսանդրապոլի բոլշևիկյան ապստամբության ղեկավարներից մեկն է, աչքի առաջ ունենալով միաժամանակ, որ Մուսայելյանը զինվորական է և որ ապստամբության հենարանը զրահապատ գնացքն է, ես անմիջապես հեռախոսի մոտ կանչեցի զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին և առաջարկեցի Մուսայելյանին ձերբակալելու և ապստամբությունը խեղդելու համար անհապաղ միջոցներ ձեռք առնել։

Արդեն գիշերվա ժամը 12-ն էր, հեռախոսային բանակցությունները տևեցին մոտ 3 ժամ։ Կարգադրություն անելով զինվորական նախարարին՝ ես վճռեցի վաղ առավոտյան արտակարգ խորհրդակցություն հրավիրել զինվորական, ներքին գործերի և հաղորդակցության նախարարներին և այդ մասին կարգադրություն արեցի իմ քարտուղարի միջոցով։

***

Հետևյալ օրը առավոտյան ժամը 8-ին մոտս եկավ բժիշկ Համո Օհանջանյանը։ Ես վաղ էի արթնացել և պատրաստվում էի գնալ պաշտոնատուն Ալեքսանդրապոլի զրահապատ գնացքի խնդրի մասին խորհրդակցելու համար։

Բժիշկ Օհանջանյանը ինձ հաղորդեց հետևյալը։ Գիշերը, երբ խորհրդարանական և կուսակցական շրջաններում հայտնի էին դարձել Ալեքսանդրապոլի դեպքերը և զրահապատ գնացքի ըմբոստանալը, տեղի էր ունեցել Հ․ Յ․ Դաշնակցության խորհրդարանական ֆրակցիայի և կուսակցության գլխավոր վարիչ մարմնի՝ Բյուրոյի խառը նիստը։ Այդտեղ որոշվել էր, որ արտակարգ անցքերը պահանջում են արտակարգ միջոցներ՝ կռվելու սկսվող ապստամբության դեմ և որ առաջին այդպիսի միջոցը պիտի լինի կազմել կառավարություն՝ բաղկացած կուսակցության ղեկավար մարմնից՝ Բյուրոյից, տալով նրան դիկտատորական իրավունքներ ապստամբությունը ճնշելու համար։ Կառավարության նախագահի պաշտոնի համար նշանակվել էր այդ մարմին անդամ Համո Օհանջանյանը, որոշումը պետք է վավերացվեր խորհրդարանի կողմից։

Հայտնելով ինձ այդ մասին արտակարգ հաղորդագրության կարգով՝ բժ. Համո Օհանջանյանը ավելացրեց, որ այդ փոփոխությունը շատ է ճնշում իրեն, որովհետև ինքը լավ է գիտակցում այն ծանր բեռը, որ դրվում է իր ուսերին: Լսելով բժ. Համո Օհանջանյանին, ես անմիջապես պատասխանեցի, որ քանի որ խորհրդարանական ֆրակցիան և կուսակցությունը անհրաժեշտ են համարում կառավարության փոփոխությունը և նրա վրա պարտականություն են դնում նոր կառավարություն կազմել, որի կազմը արդեն նախորոշված է կուսակցության վարիչ մարմնի կազմով, ես խորհրդարանի նախագահին անմիջապես կներկայացնեմ իմ դահլիճի հրաժարականը. անձամբ ինձ և իմ ուժերս ամբողջապես կդնեմ նոր կառավարության տրամադրության տակ և Համո Օհանջանյանին ցույց կտամ ամեն տեսակ աջակցություն: Այդ խոսքերից հետո գրկեցի և համբուրեցի կառավարության նոր պետին:

Բժ. Օհանջանյանը գնաց խորհրդարան: Ես նույնպես անմիջապես գնացի խորհրդարան. այնտեղ էին խորհրդարանի նախագահը, ֆրակցիայի անդամները և նախարարներից մի քանիսը:

Առավոտյան ժամը 10-ին նշանակված էր խորհրդարանի նիստ, որտեղ ես պետք է պաշտոնապես հայտնեի կառավարության հրաժարականը: Այդ մասին ես նախազգուշացրեցի խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանին: Բժ. Հ. Օհանջանյանը արդեն պատրաստել էր նախարարական պաշտոնների բաշխումը:

Նախքան խորհրդարանի նիստի նկարագրության անցնելը անհրաժետ եմ համարում ապագա պատմաբանի համար այստեղ մատնանշել երկու փաստ. առաջին՝ ֆրակցիայի այն ժողովը, որը քննության էր առել ստեղծված կացությունը և նոր կառավարություն կազմելու հարցը, կայացել էր առանց ինձ հրավիրելու՝ իբրև կառավարության նախագահի, բացատրություններ տալու համար, երկրորդ՝ ես, իբրև կառավարության նախագահ, լսելով Համո Օհանջանյանի հաղորդագրությունը, չհրավիրեցի կառավարությունը նիստի, այլ ուղղակի հայտարարեցի խորհրդարանին՝ կառավարության հրաժարականի մասին:

Այժմ, երբ արդեն գրեթե 10 տարի է անցել այդ օրերից, ես կարող եմ ասել, որ ոչ առաջին և ոչ երկրորդ փաստը չպետք է տեղի ունենային: Եւ ֆրակցիան, և կուսակցությունը պարտավոր էին լսել կառավարության ղեկավարին: Իսկ ես պարտավոր էի հրավիրել նախարարական խորհուրդ և հավաքական որոշում կայացնել հրաժարական ներկայացնելու մասին:

Այժմ այս մտքերն ունեն լոկ պատմական նշանակություն: Անկասկած, երկու թերացումներն էլ բացատրվում են պահի սրությամբ և ոչ մի ավելորդ րոպե չկորցնելու ընդհանուր ցանկությամբ: Ամենակարևորն այն է, որ ձևական այդ թերացումները ամենաթույլ կերպով անգամ չազդեցին մեր հետագա միանգամայն համերաշխ և միահամուռ գործունեության վրա:

Խորհրդարանի նիստում ես անմիջապես հայտարարեցի հետևյալը.

«Երեկ երեկոյան Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել ըմբոստության շատ կարևոր դեպք զրահապատ գնացքի հրամանատար, կապիտան Մուսայելյանի և պաշտոնատար կազմի կողմից: Դրությունը լուրջ է: Կառավարությունը գտնում է, որ ստեղծված պայմաններում նա պարտավոր է զիջել իր տեղը կառավարության նոր կազմի և հայտարարում է, որ նա տալիս է իր հրաժարականը»:

Խորհրդարանը լռելյայն ընդունեց այդ հայտարությունը և 10 րոպեով ընդմիջում արեց: Նիստը բացվելուց հետո խորհրդարանի անդամներից մեկը առաջարկեց նախարարություն կազմելու պարտավորությունը դնել խորհրդարանի անդամ բժ. Համո Օհանջանյանի վրա: Խորհրդարանը ընդունեց այդ առաջարկը: Բժ. Համո Օհանջանյանը խնդրեց ընդմիջում անել 10 րոպեով՝ նախարարների ցուցակը ներկայացնելու համար: Նիստը կրկին անգամ վերաբացվելուց հետոո նա կարդաց նոր դահլիճի ցանկը, որը վավերացվեց խորհրդարանի կողմից: Կառավարությանը տրվեցին անսահման լիազորություններ, և խորհրդարանը ցրվեց մեկ ամսով:

Հ.  Յ. Դաշնակցությանը պատկանող խորհրդարանի բոլոր անդամներն իրենց ամբողջովին դրեցին կառավարության տրամադրության տակ: Աշխատանքը եռում էր: Կառավարության առաջին հոգսը եղավ Ալեքսանդրապոլի ապստամբության զսպումը և Հայաստանի բոլոր շրջաններում կատարյալ կարգապահության հաստատումը: Այդ նպատակով՝ ամբողջ Հայաստանում հայտարարվեց զինվորական դրություն: Խորհրդարանը պատգամավորներ ուղարկեց երկրի զանազան շրջաններ և սկսեց կազմել ուժեղ զորամաս Ալեքսանդրապոլը գրավելու համար:

Մայիսի 6-ին, ժամը 12-ին, նոր կառավարությունը կազմելուց մեկ ժամ հետո վարչապետը և զինվորական նախարարը խնդրեցին ինձ և նախկին զինվորական նախարար, զորավար Արարատյանին անցնել Իգդիր՝ Սեպուհի սպայակույտը, պարզել զորքերին Հայաստանում տեղի ունեցող անցքերի նշանակությունը, բացատրել ռամկավար-հանրապետական Հայաստանի և նրա տեսարանների, գաղափարների տարբերությունը բոլշևիկների քարոզած գաղափարներից և բարձր պահել զորքերի տրամադրությունը անկախության և հանրապետության պաշտպանության համար:

Ես զորավար Արարատյանի հետ գնացի Իգդիր և կատարեցի կառավարության հանձնարարությունը: Զորքերի տրամադրությունը շատ բարձր էր: Միևնույն օրը, ճաշից հետո եղա Քանաքեռում, խոսեցի զինվորների հետ, իսկ հետո կազմեցի ծրագիր՝ պտույտ անելու Հայաստանի այն վայրերում, որտեղ տեղավորած էին զորքերը:

Միևնույն ժամանակ, մի հատուկ զորամաս՝ կազմված Իգդիրում և Երևանում գտնված զորքերից, Սեպուհի հրամանատարության տակ, թնդանոթներով, գնդացիրներով և հեծելազորով լույս մայիսի 7-ի գիշերը երկաթուղով շարժվեց դեպի Ալեքսանդրապոլ:

Մայիսի 8-ին ես սպա Բաշինջաղյանի և դատախազի օգնական Եղիազարյանի ուղեկցությամբ ինքնաշարժով ճանապարհ ընկա Ելենովկա-Դիլիջան ուղղությամբ: Ինձ հեր էր նաև կինս: Դիլիջանում և ճանապարհին երկար ու հաճախ խոսում էի զանազան զորամասերի հետ: Այդ շրջանի ազգաբնակչությունը հանգիստ էր: Մասնակի բռնկումներ տեղի էին ունեցել Նոր Բայազետում, բայց շատ աննշան չափով: Դիլիջանում այն տպավորությունը ստացա, որ այնտեղ ամեն ինչ հանգիստ է՝ չնայած Ադրբեջանի խորհրդային սահմանի մոտիկությանը: Ես զրուցեցի հրապարակում հավաքված գնդերի հետ, խոսեցի սպաների հետ սպայական ժողովարանում, նորակոչների հետ՝ նրանց հավաքման ժամանակ, և թվում էր, որ այդ շրջանն էլ հանգիստ է:

Որոշեցի գնալ նաև Իջևան գյուղը, որտեղ Ադրբեջանի սահմանի վրա կանգնած էր 6-րդ գնդի մեկ գումարտակ: Այնտեղից հայտնել էին, որ տեղում փոքր խմորում է նկատվում: Իմ ճանապարհվելը նշանակված էր կեսօրից հետո ժամը 4-ին: Ժամը 2-ին նստած էինք ճաշի՝ զորավար Բաղդասարյանը, ներքին գործերի նախարարի օգնական Սարգիս Մանասյանը, գավառային կոմիսար Սարատիկյանը, շրջանային գործիչ Ներսես Ջաղեթյանը, կինս և ես ու ինձ ուղեկցող երկու սպաներ: Ճաշից հետո, երբ արդեն պատրաստվում էի ինձ ուղեկցող անձանց հետ ճանապարվել դեպի Իջևան, ինձ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանից տվեցին շտապ հեռագիր հետևյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ ձեզ անհապաղ գալ Ալեքսանդրապոլ, որը գրավել ենք առանց որևէ դիմադրության»:

Այդ հեռագրին և հրավերին առանձին կարևորություն տալով՝ ես փոխեցի իմ ծրագիրը և անմիջապես ինքնաշարժով ճանապարհ ընկա դեպի Ղարաքիլիսայի կայարան, որտեղից երկաթուղով գնացի Ալեքսանդրապոլ: Իսկ Իջևան ուղևորվեցին զորավար Բաղդասարյանը, ներքին գործերի նախարարի օգնական Մանասյանը, Ջաղեթյանը և Սարատիկյանը, որոնց ուղևորությունը, ինչպես հետո պարզվեց, խորապես ողբերգական վախճան ունեցավ: Իջևան-Դիլիջան խճուղու վրա, Ջերխեչ գյուղի մեջ, գյուղացիները անբարյացկամ վերաբերմունք էին ցույց տվել անցնողներին, իսկ հետո, բոլշևիկ տրամադրություններով համակված մի զորամաս ձերբակալեց նրանց և ուղարկեց Բաքու: Շատ ուշ իմացվեց, որ դժբախտ Մանասյանը, Սարատիկյանը և Ջաղեթյանը աքսորվել էին Նարգեն կղզին և այնտեղ գնդակահարվել:

Երբ ես հասա Ալեքսանդրապոլ, կարծեմ մայիսի 13-ն էր, տեղեկացա, որ ապստամբած զորամասերը և նրանց կրավորական կերպով միացածները՝ գլխավորապես հեծելազորի մասերից, տեսնելով, որ իրենց փորձը ձախողված է և որ դեպի Ալեքսանդրապոլ արշավող երևանյան զորամասը իրենցից ավելի ուժեղ է, առանց կռվի հանձնել էին քաղաքը և զրահապատ գնացքը: Եվ այսպիսով, քաղաքը մերոնք գրավել էին առանց արյունահեղության:

Արդարությունը պահանջում է հիշատակել, որ այդ դեպքին կարևոր դեր կատարեցին թրքահայ զինվորները, սպաները և կամավորները: Այդ փաստը կարելի է բացատրել զանազան պատճառներով: Իմ կարծիքով, երկու հանգամանք առանձին նշանակություն ունեն. նրանց բուն սերը դեպի անկախ Հայաստանի գաղափարը և որևէ կապի բացակայությունը ռուս զինվորական ոգու հետ, որը համենայն դեպս, գույություն ուներ Ռուսաստանից եկած բոլշևիկյան տրամադրություններով տոգորված գործիչների մոտ:

Քաղաքի գրավումից հետո բանտարկվեցին ապստամբներ Մուսայելյանը, Ղարիբջանյանը, անասնաբույժ Պոգբելսկին և ապստամբության մի քանի ուրիշ գործուն մասնակիցներ: Գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Ավիս Նուրիջանյանին, հաջողվել էր փախչել:

Ինչպես պարզ դարձավ, ինձ կանչել էին, որպեսզի Ալեքսանդրապոլում կազմակերպեմ նոր վարչություն: Նահանգապետ էին նշանակել խորհրդարանի անդամ Կարո Սասունիին:  Անհրաժեշտ էր հաստատել կանոնավոր իշխանություն և կյանքը մտցնել բնականոն հունի մեջ: Ես մասնակցեցի տեղական իշխանությունների ժողովին,  տվեցի իմ խորհուրդները և ընդունեցի հեծելազորի հանդեսը:

Զինվորական նախարարը, ցանկանալով թեթևացնել տիրող մթնոլորտը, հնարավորություն տվեց հեծելազորի գնդին քավելու իր գործած մեղքը՝ կրավորական վերաբերմունքն ասեմ, թե համակրությունը ապստամբության հանդեպ: Ես այդ գնդին հանձնարարեցի հպատակության բերել Երևանի մոտ գտնվող Զանգիբասարի մահմեդական գյուղերը. գործ, որը նրանք կատարեցին:

Երևանում շարունակում էր հանգստություն տիրել: Կարսում ազգաբնակչությունն ինքն էր խեղդել դավադրությունը և դուրս թափվելով փողոց, ինչպես տոնական օրերին, ոգևորված ընդունելություն էր ցույց տվել մեր կառավարության պատվիրակներին:

Այսպիսով, մինչև մայիսի 15-ը, ամբողջ Հայաստանում վերականգնվեց սովորական վիճակը: Բոլշևիկյան ապստամբության այսպես արագ ճնշվելը, անշուշտ, պատիվ էր բերում մեր կառավարությանը:

Նոր էի վերջացրել իմ գործերը Ալեքսանդրապոլում, երբ մանրամասն հեռագիր ստացա կառավարությունից, որով ինձ խնդրում էին անցնել Թիֆլիս և բացատրել դաշնակից պետությունների գերագույն կոմիսարներին և Վրաստանի կառավարությանը երկու բան. առաջին. որ բոլշևիկյան ապստամբությունը համարյա առանց արյունահեղության ու վերջնականապես ճնշվել է, և երկրորդ. որ իմ հեռանալը վարչապետի պաշտոնից ոչ մի չափով չի նշանակում կողմնորոշման փոփոխություն դաշնակիցների նկատմամբ և չի ազդի մեր արտաքին քաղաքականության վրա և որ կառավարության հետ ես գործում եմ համերաշխությամբ: Իրավիճակ, որ ինձ միանգամից հասկանալի երևաց:

Մայիս 20-ին հասա Թիֆլիս, որտեղ մնացի 10 օր: Կատարեցի ինձ վրա դրված հանձնարարությունը: Հանդիպեցի մեծ պետությունների բոլոր ներկայացուցիչների հետ և հանգստացրեցի նրանց, պարզաբանելով, որ կյանքը Հայաստանում նորից խաղաղ ընթացք ունի:

Ամերիկացիները դրանից հետո վերադարձան Երևան: Մայիս 28-ի օրը՝ Հայաստանի անկախության տարեդարձը, հանդիսավոր տոնեցինք Թիֆլիսի ներկայացուցչությունում:  Մեծ բազմություն էր հավաքվել, ներկա էին եվրոպական պետությունների, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Հունիսի 1-ին վերադարձա Երևան. երկիրը խաղաղ դրության մեջ էր: Կառավարությունը զբաղված էր ապստամբության մասնակիցների խնդրի վերջնական կարգադրությամբ: Այդ նպատակով կազմակերպել էր արտակարգ դատարաններ: Մի քանի հոգի՝ թվով 3, դատարանի որոշմամբ, գնդակահարվեցին Ալեքսանդրապոլում: Մի մասը դատապարտվեց բանտարկության: Կասկածի ենթարկված պաշտոնյաները հեռացվեցին ծառայությունից:

Հունիսի 5-ին գումարվեց խորհրդարանի նիստը՝ լսելու կառավարության զեկուցումը ապստամբության ճնշման մասին: Արտասանեցին ոգևորված ճառեր, որոնց հասարակությունը բուռն կերպով ծափահարում էր:

Ես պատրաստվում էի նվիրվել խորհրդարանական աշխատանքի, բայց չանցավ երեք-չորս օր իմ Երևան վերադարձից հետո, երբ վարչապետ Համո Օհանջանյանը առաջարկեց Հայաստանի համար մշակել օրինագիծ փոխառության մասին և ուղևորվել Եվրոպա այդ փոխառությունը հաջողեցնելու համար: Գտնելով, որ Հայաստանի կյանքը ընթանում է բնականոն վիճակով և որ իմ մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին նվազ կարևոր է, քան փոխառության իրագործումը, որը կարող է մեծ զարկ տալ Հայաստանի ելևմտական վիճակին, ես ընդունեցի առաջարկը:

Խորհրդարանը, հունիսի 5-ին առաջին անգամ գումարվելով մայիսի 5-ի նիստից հետո, կառավարությանը նորից տվեց խորհրդարանական լիազորություններ և դարձյալ ցրվեց մեկ ամսով: Այսպիսով, հունիսի 5-ի օրենքի հիման վրա, կառավարությունը ինքը կարող էր հաստատել փոխառության օրինագիծը:

Փոխառության օրինագծի մշակումն սկսելով՝ ես այսպես ձևակերպեցի նպատակը՝ «վերականգնել Հայաստանի տնտեսական վիճակն ու արդյունաբերությունը և ամրացնել նրա դրամական շրջանառությունը»:

Որոշվեց փոխառության չափը՝ 20 միլիոն դոլար, տասը տարով և 6 տոկոով: Այն կոչվելու էր «Հայաստանի Անկախության փոխառություն»: Մանրամասնությունները մշակելու համար ես մի քանի անգամ հրավիրեցի խորհրդակցություն բանկերի ներկայացուցիչներից և ելևմտական մասնագետներից:

Օրինագիծը, հարկ եղած հրահանգները և բոլոր մանրամասնությունները մշակելուց հետո, հունիսի 18-ին զեկուցեցի կառավարությանը, որը և հաստատեց փոխառության վերաբերյալ օրենքը: Փոխառությունը որոշեցինք իրականացնել հայկական գաղութներում: Հունիսի 18-ին կառավարությունը ինձ հանձնեց այդ գործը՝ տալով ինձ փոխառության գլխավոր լիազորի կոչումը: Միաժամանակ խնդրեց ճանապարհորդության ընթացքում պատրաստել Հայաստանի դեսպանների և հյուպատոսների ցուցակ: Զուգընթացաբար, ես լիազորություն ստացա զանազան երկրների վարիչներին  ծանոթացնել Հայաստանի Հանրապետության կազմության և վիճակի մասին:

Այսպիսի կարևոր և լուրջ հանձնարարություններով ծանրաբեռնված՝ հունիսի 19-ի առավոտյան ժամը 9-ին կնոջս հետ ճանապարհվեցի Երևանից: Ամբողջ կառավարությունը, սպարապետը, խորհրդարանի անդամները, անձնական բարեկամներ եկել էին կայարան:

Արեգակը փայլում էր, Արարատը հեռվից գրավում էր իր ձյունափայլ մաքրությամբ: «Ցտեսություն», «կատարյալ հաջողություն» ընդհանուր աղաղակներու տակ մեր գնացքը շարժվեց Թիֆլիսի ուղղությամբ: