Ռուսաստանը թուրքերից պահանջում է Բաքուն և ամբողջ Անդրկովկասը․ 1918-ի աշուն

1015

Ռուսաստանի արտգործժողկոմ Չիչերինի նոտան Օսմանյան կայսրության արտգործնախարար Նեսիմի բեյին

10 հոկտեմբեր, 1918թ․

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը պատիվ է ունեցել ստանալու Օսմանյան արտաքին գործերի նախարարի հոկտեմբերի 6-ի հեռագիրը, որը պատասխան է Ժողովրդական կոմիսարիատի սեպտեմբերի 20-ի ռադիոհեռագրի։

Ցավոք, Ժողովրդական կոմիսարիատը իրեն հարկադրված է զգում հայտարարել, որ Օսմանյան արտաքին գործերի նախարարի բերած նկատառումները չեն կարող համարվել այնչափ ծանրակշիռ, որպեսզի փոխվի Ժողովրդական կոմիսարիատի արտահայտած տեսակետը Թուրքիայի գործելակերպի և դրանից բխող հետևանքների մասին։

․․․ Թուրքական ռազմական ուժերը, չհամակերպվելով պայմանագրային որևէ որոշումների, զանց առնելով սահմանված բոլոր ժամկետները և առանց համաձայնության գալու ռուսական իշխանությունների հետ, ժամանակից շուտ սկսեցին ներխուժել Կարսի, Բաթումի և Արդահանի նահանգները, որտեղ նրանք սկսեցին ամենավայրագ ձևով դատաստան տեսնել տեղի բնակիչների հետ։

․․․ Չի կարելի հիմնավորված համարել Օսմանյան արտաքին գործերի նախարարության նաև այնտեսակետը, որի օգնությամբ նա բացասում է սովետական կառավարության իրավունքը՝ հանդես գալու Կարսի, Բաթումի և Արդահանի մարզերում կատարված տեղացի բնակչության քվեարկության որևէ գնահատանքներով։

Բրեստի պայմանագիրը կասկածանքներ չհանդուրժող որոշակիությամբ ասում է, որ այդ մարզերի բուն բնակչությունը դրացի պետությունների, մանավանդ Թուրքիայի , բայց ոչ մի պարագայում սոսկ Թուրքիայի հետ համաձայնության գալուց հետո կտնօրինի իր ապագա բապտը։ Ռուսական կառավարությունից Բրեստի պայմանագրով պահանջվող չմիջամտությունն այդ քվեարկությանը նշանակու է լոկ այն, որ քվեարկությունը պետք է կատարվեր առանց ռուսական կառավարության կամ նրա գործակալների որևէ ճնշման կամ ընդհանրապես ներգործության, մի բան, որը նա ճշտությամբ և լրիվ չափով կատարել է։ Ոչ այլ ոք, քան տեղի մուսուլմանական բնակչության ներկայացուցիչներն են ռուսական կառավարությանը դիմել նշանակալից փաստական նյութով լրջորեն հիմնավորված և պատճառաբանված դառը գանգատներով այն մասին, որ թե իրենց ապագա բախտի վերաբերյալ այդ մարզերի դժբախտ բնակչության այսպես կոչված քվեարկությունը ինչպես է անթույլատրելի կերպով խեղաթյուրել ժողովրդական կամքի արտահայտումը։

Ընդհանուր առմամբ, ինչպես թուրքական իշխանությունների գործելակերպն այդ վայրերում, նույնպես և թուրքերի քաղաքական գործունեությունն ու պատերազմական գործողությունները ամբողջ Անդրկովկասում դարձան Բրեստի պայմանագրի և Ռուսաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների մի համընդհանուր խախտում։ Իսկ թուրքական բանակի արշավանքը Բաքվի վրա չի կարող արդարացվել Թուրքիային սահմանակից վայրերի բնակչության այս կամ այն գործողությունների վկայակոչումներով, քանի որ Բաքվի գործերի վիճակը ոչ մի առնչություն չունի այդ գործողությունների հետ։

․․․ Ռուսական կառավարությանը հայտնի չէ ոչ մի փաստ, որը կարողանար ապացուցել, որ թուրքական կառավարությունը ձգտում է Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերը և բարեկամական հարաբերությունները պահպանել։ Օսմանյան կառավարությունը կկարողանա իր այդ ձգտումը ապացուցել լոկ այն դեպքում, երբ նա հնարավորության չափով կքավի այդ մարզում իր կողմից Ռուսաստանին պատճառած անօրինակ չարիքը, իսկ դա տեղի կունենա այն դեպքում, երբ թուրքական իշխանությունները օրինական կարգով ռուսական սովետական իշխանություններին և, մասնավորապես, այդ նպատակի համար մեր կողմից նշանակվելիք լիազորներին կվերադարձնեն իրենց կողմից բռնի կերպով գրավված Բաքուն և այն ամբողջ տարածքը, որը որի սահմանագիծը որոշված է Բրեստ-Լիտովսկում։ Ընդ որում, ինքնին հասկանալի է, որ թուրքական հարձակման պատճառած վնասները պետք է լիովին հատուցվեն։

Մեր իշխանություններին հանձնելով Բաքուն և ամբողջ Անդրկովկասը, ընդհուպ մինչև Գերմանիայի կողմից ճանաչված Վրաստանի սահմանը և մինչև Օսմանյան կայսրության սահմանները, ինչպես դրանք որոշվել են Բրեստ-Լիտովսկում, օսմանյան կառավարությունը, ինքնին հասկանալի է, այդ վայրերից դուրս կբերի ինչպես սեփական զորքերը, նույնպես և այնտեղ գործող անկանոն բանդաները՝ նրանց հրահանգիչների և հրամանատարների հետ միասին։ Միմիայն դրանից հետո հնարավոր կլինի Բրեստ-Լիտովսկի պայմանագրով այդ մարզերում ստեղծված գործերի վիճակը դիտել որպես վերստին վերականգնված։

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար՝ Չիչերին

Աղբյուրը՝ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1972, էջ 443-446

Լուսանկարում՝ Չիչերինը