Մխիթարյանը և հայ (ապա)քաղաքական միտքը

877
MANCHESTER, ENGLAND - DECEMBER 26: Manchester United manager Jose Mourinho speaks with Henrikh Mkhitaryan of Manchester United during the Premier League match between Manchester United and Sunderland at Old Trafford on December 26, 2016 in Manchester, England. (Photo by Jan Kruger/Getty Images)

Մեկամսյա դադարից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, անգլիական ամենաուժեղ թիմերից մեկի՝ «Մանչեստեր Յունայթեդի», և համաշխարհային մակարդակով բոլոր ժամանակների ամենահայտնի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը երեկ վերջապես մտավ խաղադաշտ։

Անգլիայի գավաթի մեկ քառորդ եզրափակիչում Կարմիր սատանաները արտագնա խաղում՝ Բրիսթոլում, 1-2 հաշվով պարտություն կրեցին տեղի թիմին, որը հանդես է գալիս երկրի առաջնության առաջին խմբում՝ Չեմփիոնշիփում։

Խաղիղ հետո, թեև սատանաների ավագ մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասաց, որ իրենք արժանի չէին պարտության, սակայն խաղին հետևողներից մի մասի համար «Մանչեստեր Յունայթեդի» պարտությունը տրամաբանական էր ու նաև՝ արժանի։ Մոուրինյոն գլուխ գլխի է գավաքել աշխարհի լավագույն և ամենաթանկ ֆուտբոլիստներին, սակայն մանկունյանցիների ֆուտբոլը դժգույն է, ոչ գրավիչ, երբեմն՝ ձանձրալի։ Ու թեև «Մանչեստեր Յունայթեդը» Պրեմյեր Լիգայում վստահորեն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն մանչեսթերյան մեկ այլ ակումբի՝ Սիթիին, երկրպագուները գոհ չեն այն ֆուտբոլից, որ ցուցադրում է պորտուգալացի մարզիչ Մոուրինյոյի ընտրանին։

Բրիսթոլում տեղի ունեցած երեկվա հանդիպումը հայ երկրպագուների համար հատկապես կարևոր էր, քանի որ Մոուրինյոն ասել էր, որ Մխիթարյանը կարող է դաշտ դուրս գալ։ Այդպես էլ եղավ․ խաղի 69-րդ րոպեին, երբ հաշիվը 1-1 էր, հայ ֆուտբոլիստը փոխարինեց քիչ առաջ գոլի հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչին։

Հաշվի առնելով «Մանչեստեր Յունայթեդի» առաջատար ֆուտբոլիստներ Պոգբայի, Լուկակուի, Ռեշֆորդի, Մարսիալի և հատկապես դարպասապահ Ռոմերոյի խայտառակ խաղը, Մխիթարյանը իրեն վատ չդրսևորեց: 20 րոպեների ընթացքում Մխիթարյանը խաղային պայքարի մեջ մտավ 12-13 անգամ: Մի դեպքում նա շատ լավ հարվածի դուրս բերեց խաղընկերոջը, մեկ այլ դեպքում խորքից վտանգավոր գրոհ սկսեց, անցավ կիսադաշտը, սակայն խաղընկերները կորցրեցին գնդակը: Մխիթարյանը կարող էր ավելի լավ խաղալ, բայց նույնիսկ այս 20 րոպեները բավարար էին, որպեսզի հավատանք, որ հայ ֆուտբոլիստը կարող է իր տեղը զբաղեցնել թիմում։ Կմնա՞ նա Մանչեսթերում, թե ո՞չ, ցույց կտա ժամանակը։

Չորս շաբաթների ընթացքում, երբ Մխիթարյանը անգամ չէր հայտավորվում «Մանչեստեր Յունայթեդի» կազմում, միջազգային և հայկական մամուլում բազմաթիվ լուրեր ու հոդվածներ տպագրվեցին։ Իտալական մամուլը գրեց, որ վերջնական փուլում են Մխիթարյանի՝ իտալական «Միլան» տեղափոխվելու բանակցությունները։

Մխիթարյանի՝ Մանչեստեր տեղափոխվելը գերմանական Դորտմունդից հայկական ֆուտբոլի և հայ ֆուտբոլիստի տարեգրության գագաթնակետն էր․ հայ ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը վճարեց 42 միլիոն եվրո։ Տրանսֆերի պահին Մխիթարյանը դարձավ աշխարհի բոլոր ժամանակների ամենաթանկ 43-րդ ֆուտբոլիստը։

Սա խելահեղ հաջողություն էր։ Սկբնական շրջանում Հենրիխը այնքան էլ լավ չէր դրսևորում իրեն և դա բնական է․ սատանաների թիմում, ինչպես և անգլիական յուրաքանչյուր թիմում, հեշտ չէ հաստատվել։ Կարճ ժամանակ անց նա իր տեղը գտավ թիմի հիմնական կազմում և երջանկության բազմաթիվ ամիսներ պարգևեց միլիոնավոր ֆուտբոլասերների։

«Օլդ Թրաֆֆորդը»՝ «Մանչեստեր Յունայթեդի» մարզադաշտը, բազմաթիվ անգամ երգեց Հենոյի ու Հայաստանի երգը։ Ամիսներ շարունակ Հենոն Հայաստանին ու հայ ազգին երջանկություն պարգևող աստվածն էր։

Հետո եկան ձախորդ օրերը․ սա էլ բնական է, դրանով անցնում են գրեթե բոլոր աստղերը։ Հայ ֆուտբոլասերները և ֆուտբոլից գլուխ հանողները գրում էին, որ եթե Հենոն շարունակի նման խաղ ցուցադրել, ապա իր տեղը կկորցնի հիմնական կազմում։ Այդպես էլ եղավ։ Եղավ ավելին․ Մոուրինյոն սկսեց անգամ չհայտավորել նրան։ Իսկ երբ մամուլում և ֆուտբոլասերների շրջանում լսվեցին բարձրաձայն տրտունջներ, աշխարհի լավագույն, միևնույն ժամանակ հակասական համարում ունեցող մարզիչներից մեկը՝ Մոուրինյոն բացատրեց, թե ինչու Միկին (Մխիթարյանին այսպես են կանչում Անգլիայում) տեղ չունի անգամ պահեստային նստարանին։

Այս ընթացքում հայ ֆուտբոլասերները դատապարտում և դատափետում էին Մոուրինյոյին, պնդելով, որ Ժոզեն վրեժ է լուծում Մխիթարյանից։ Հնարավոր է՞ մարզիչը վրեժ լուծի ֆուտբոլիստից, որին ինքն է բերել։ Տեսականորեն հնարավոր է։ Մի մասն էլ պնդում էր, որ Մոուրինյոն ֆուտբոլից հեռու մարդ է, և Հենոն պետք է փրկվի նրա ձեռքից։

Սակայն շատ քիչ ֆուտբոլասերներ ու մասնագետներ գրեցին, որ, իրոք, Հենոն լավ չի խաղում վերջին շաբաթներին ու անգամ ամիսներին։

Մխիթարյանի խաղալ-չխաղալու հարցը, սակայն, զուտ ֆուտբոլային ախտորոշում չէ։ Սա արդեն հայ քաղաքական կամ ապաքաղաքական մտքի դրսևորում է։

Բերեմ օրինակներ։ Երբ հայն ու Հայաստանը անհաջողություն է կրում, ապա մենք սովորաբար մեղավորին փնտրում ենք հայից և Հայաստանից դուրս։ Ու քանի որ մեր պատմության մեջ թուրքերն են ամենացավալի հետքը թողել՝ իրագործելով մի ազգի բնաջնջում, մենք մեղավոր ավելի շատ փնտրում ենք թուրքերի մեջ։ Այս օրերին մոդայիկ է նաև ռուսներին մեղադրել, եթե անգամ հայերն են սիրահոժար մեջք ծռում և ստորանում նրանց առաջ։

Այս սինդրոմը՝ մեղքը փնտրել ուրիշների մեջ, ամենապատկերավոր կերպով նկարագրել է Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին։

«Գանգատվել դառնորեն չար բախտից ու մեզանից դուրս որոնել մեր դժբախտությունների պատճառը՝ սա ևս մեր ազգային հոգեբանության բնորոշ գծերից մեկն է: Կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էինք գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն են վարվել մեր հանդեպ (հետագայում հերթը պիտի գար ֆրանսիացիներին, ամերիկացիներին, անգլիացիներին, վրացիներին, բոլշևիկներին, ամբողջ աշխարհին): Կարծես մի մեծ առաքինություն էր ու մի մեծ քաջագործություն, որ ինքներս այնքան միամիտ ու անհեռատես ենք եղել, դրել ենք մեզ (կամ՝ թույլ ենք տվել դնելու) այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել կամ կոտորել տալ մեզ»,- 1923-ին գրել է Քաջազնունին:

Այո՛, Մխիթարյանը մի քանի շաբաթ լավ չխաղաց ու կորցրեց իր տեղը։ Եթե այս անհաջողության մեջ դեր ունի Մոուրինյոն, ապա նրա դերն ավելի նվազ է, քանի իրենը՝ Մխիթարյանինը։ Ժամանակակից ֆուտբոլը, հատկապես Պրեմյեր Լիգան, մարզիկներից պահանջում է բարձր կամային հատկանիշներ, ուժ ու անսահման նվիրում։

Հենոն ունի բարձր կամային հատկանիշներ, ուժ ու անսահման նվիրում և արժանիորեն կարող է իր տեղը նվաճել սատանաների կազմում կամ աշխարհի բարձրակարգ այլ թիմում։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ