Ռուսաստանը թուրքերից պահանջում է հեռանալ Անդրկովկասից․ 3 հոկտեմբեր, 1918

2126

Գերմանիայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցչի նոտան Բեռլինում Թուրքիայի դեսպան Ռիֆաաթ փաշային

3 հոկտեմբեր, 1918թ․

Պարոն դեսպան,

Ինչպես հայտնի է Ձերդ գերազանցությանը, թուրքական զորքերի կողմից Բաքվի գրավումից հետո Բանվորա-Գյուղացիական կառավարությունը դիմեց Օսմանյան կայսրությանը մի նոտայով, որով հայտարարեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև խաղաղ հարաբերությունների դադարեցման մասին։ Դրանից հետո մեծ վեզիր Թալաաթ փաշան ցանկացավ ստեղծված կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով հարթելու նպատակով ինձ հետ մտնել բանակցությունների մեջ։

Երկարատև բանակցություններից հետո ես Նորին Բարձրությանը ներկայացրի Ռուսաստանի համար ընդունելի հետևյալ պահանջները․

1․ Թուրքիան իր բոլոր կանոնավոր, անկանոն զորքերին՝ ամբողջ ռազմական ամունիցիայի և հանդերձանքի հետ միասին և բոլոր առանձին թուրք կամավորներին հեռացնում է մինչև Բրեստի պայմանագրով որոշված սահմանները, և ամբողջ հիշյալ տարածքը հանձնում է ռուսական զորքերին։

2․ Ի խախտումն Բրեստի հաշտության պայմանագրի՝ թուրքական զորքերի կողմից Ռուսաստանին պատճառած վնասները որոշելու համար կազմվում է հատուկ միջազգային հանձնաժողով։

3․ Երկու կողմերը դիմում են գերմանական կառավարությանը այդ պարտավորությունների կատարումը երաշխավորելու խնդրանքով։

Նորին Բարձրությունը հայտարարեց ինձ, որ առանց իր ընկերների հետ խորհրդակցելու չի կարող պատասխան տալ, և մեծ վեզիրի [Թալաաթ]՝ Կ․ Պոլիս մեկնելուց առաջ որոշվեց, որ օսմանյան կառավարության պատասխանը  Ձերդ գերազանցության միջոցով ինձ կտրվի 1918թ․ սեպտեմբերի 30-ին։ Այնուհետև մեծ վեզիրը, որ դեռ չէր հասցրել այդ հարցը քննարկել Կ․ Պոլսում, հեռագրով խնդրեց, որ այդ ժամկետը երկարաձգվի մինչև 1918թ․ հոկտեմբերի 2-ը՝ չորեքշաբթի օրը։

Այսօր Ձերդ գերազանցությունը հայտնեց ինձ, որ օսմանյան կառավարությունը իր զորքերին հրաման է տվել ետ քաշվել դեպի Բրեստի պայմանագրով որոշված սահմանները և որ այդ նահանջն արդեն սկսվել է։ Իմ հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է առաջադրված պահանջների ընդունումը Թուրքիայի կողմից, արդյո՞ք նահանջում են նաև թուրքական անկանոն զորքերը և արդյո՞քընդունված են մնացած պահանջները, Ձերդ գերազանցությունը չուներ պատասխան տալու հնարավորություն, պատճառ բերելով օսմանյան կառավարության հրահանգի բացակայությունը։

Նկատի առնելով այս, ես համարում եմ, որ Նորին Բարձրություն մեծ վեզիրի ցանկությամբ տարվող բանակցությունները դադարեցված են և, կատարելով իմ կառավարության հանձնարարությունը, ընդսմին Ձերդ գերազանցությանն են առաքում Բանվորա-Գյուղացիական կառավարության նոտան՝ ուղղված Օսմանյան կայսերական կառավարությանը։

Աղբյուրը՝ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1972, էջ 441-442