Հայ բոլշևիկները Հայաստանում 1918-1920 թթ․ Սիմոն Վրացյան

4784

Հատված Սիմոն Վրացյանի ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄՈՒՐՃԻ և ԹՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ՄԻՋԵՒ գրքից

—–

Մինչև 1919 թվականը Հայաստանում բոլշևիկներ գոյություն չունեին։ Կային միայն մատի վրա համարվող անհատներ՝ մի քանի ուսուցիչներ Էջմիածնի Ճեմարանում և Երևանում, ինչպես Պողոս Մակինցյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Արշավիր Մելիքյանը, մի քանի աշակերտներ, թերևս մեկ-երկու հոգի էլ ուրիշ տեղ։ Կազմակերպված բոլշևիկություն չկար։

Համեմատաբար ավելի շատ էր բոլշևիկների թիվը Թիֆլիսում և Բաքվում, բայց նրանց տեսակարար կշիռն էլ ազգային կյանքում խիստ աննշան էր։ Շատ չէին հայ բոլշևիկները և Ռուսաստանում, գլխավորապես մտավորականներ, որոնք, մեծ մասամբ, աշխատում էին ռուսական կազմակերպություններում և հայ կյանքի վրա գրեթե ոչ մի ազդեցություն չունեին։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ազգությունների կոմիսարիատին կից ստեղծվեց հայկական բաժին, որի գլուխը կանգնեց այն ժամանակ բավական անուն ունեցող, բայց իրապես անարժեք մի հայ բոլշևիկ՝ Ավանեսովը։ Այդ բաժնին էր վերապահված հայ ազգային գործերի վերատեսչությունը և գաղթականներին նպաստ հասցնելը։ Ավանեսովը օգնականը բանաստեղծ Վահան Տերյանն էր։ Նույն տեղում աշխատում էին Աշոտ Հովհաննիսյանը, Պողոս մակինցյանը և ուրիշներ։

Բոլշևիկները Հայաստանում սկսեցին երևալ միայն 1918թ․ վերջերին, երբ Վրաստանում և Ադրբեջանում կոմունիստական կուսակցությունը ենթարկվեց խիստ հալածանքի։ Իրենց կյանքը փրկելու մտահոգությամբ հայ բոլշևիկները ապաստան էին փնտրում Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը ընդունեց նրանց, տվեց ազատ ապրելու և աշխատելու հնարավորություն, պայման դնելով միայն, որ Հայաստանում քաղաքական գործունեություն չունենան։ Հետզհետե Հայաստան եկան Թիֆլիսից և այլ վայրերից փախած Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ս․ Խանոյանը, Դանուշ Շահվերդյանը, Մ․ Սահակյանը, Ա․ Երզնկյանը, Ավիս Նուրիջանյանը, կես բոլշևիկ Արշակ Զոհրաբյանը և ուրիշներ, որոնց մեծ մասը պաշտոններ ստացավ պետական կամ քաղաքային հիմնարկություններում։

Մռավյանը պատմում է, որ արդեն 1919-ին բոլշևիկները Հայաստանում գաղտնի կազմակերպություն ունեին և ընդհատակյա աշխատանքներ էին կատարում։

Ղուկաս Ղուկասյանը 1919թ․ օգոստոսին հատուկ հանձնարարությամբ անցնում է Դիլիջան, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլ՝ տեղական կազմակերպություններին հայտնելու Երևանում գումարվելիք կուսակցական խորհրդակցության, նրա օրակարգի և կազմակերպման հետ կապված հարցերի մասին։

1919թ․ ամռանը բոլշևիկների «Սպարտակ» խումբը թռուցիկներ ցրեց Երևանում, որոնց մեջ բուռն հարձակումներ էր գործում կառավարության վրա և կոչ էր ուղղում զորքերին, որ չկռվեն Բոյյուք-Վեդիում ապստամբած թուրքերի դեմ։ Բոլշևիկները առանձնապես գործուն աշխատանքներ էին կատարում Ալեքսանդրապոլում, Լոռու չեզոք շրջանում և Հայաստանի օտար ցեղերի մեջ՝ թուրքեր, ռուսներ և այլն։

1919-ին Ալեքսանդրապոլի երկաթուղային բանվորների մեջ կային գաղտնի բջիջներ, որոնք կոմունիստական քարոզչություն էին անում , թռուցիկներ էին հրատարակում, հակապետական գործունեություն էինցույց տալիս, գործադուլներ կազմակերպում, սաբոտաժ անում։ Այդ աշխատանքի համար նրանք խոշոր գումարներ էին ստանում Ռուսաստանից։

Լոռու չեզոք շրջանը ավելի մեծ հարմարություններ էր ներկայացնումբոլշևիկյան գործունեության համար։ Այդ շրջանը վիճելի էր Վրաստանի և Հայաստանի միջև, անգլիացիների ճնշումով հայտարարված էր չեզոք մինչև հաշտության վերջնական կնքումը, և կառավարվում էր խառը վարչության միջոցով։ Ել ու մուտքը ազատ էր, և տեղական հայ բնակչությունը՝ դեպի վրացիները տածած թշնամությունից դրդված՝ բարյացակամ վերաբերմունք ուներ վրաց մենշևիկների դեմ կռվող բոլշևիկների հանդեպ։ Բոլշևիկների համար Լոռին մի տեսակ հենակետ էր, որտեղից նրանք կապ էին պահում Հայաստանի և Վրաստանի ու մյուս երկրների միջև և գաղտնի ճանապարհներով մարդ, դրամ և հակապետական գրականություն ներմուծում Հայաստան։

Հայաստանի օտար ցեղերը՝ հատկապես թուրքերն ու ռուսները, հայ բոլշևիկների բնական դաշնակիցներն էին։ Այդ երկու ցեղերն էլ թշնամական դիրքի մեջ էին դեպի Հայաստանի անկախությունը և չէին ուզում հաշտվել հայկական ազգային իշխանության հետ։ Թուրքերի աչքերը Թուրքիայի և Ադրբեջանի վրա էին, որոնց հետ կենդանի կապ էին պահում․․․ Ռուսները անհամբեր սպասում էին Ռուսաստանի վերադարձին։ Հայ բոլշևիկները նույնպես Ռուսաստանի վերադարձն էին երազում։

Հայաստանի կառավարությունը անտեղյակ չէր բոլշևիկների կատարած աշխատանքներին, բայց ներքին և արտաքին զանազան պատճառներով, խիստ միջոցների չէր դիմում։

1919-ին կազմված Հայաստանի կոմիտեն՝ Արմենկոմը, ընդհանուր առմամբ, հակառակ էր ծայրահող քայլերի և ուզում էր, մինչև ռուսական կարմիր բանակի մոտենալը, սահմանափակվել միայն կազմակերպական նախապատրաստական աշխատանքներով և քարոզչությամբ։ Սարգիս Կասյանը պնդում էր, որ թե 1919-ին և 1920-ին, մինչև Ադրբեջանի խորհրդայանցումը, հայ բոլշևիկները Հայաստանի իշխանությունը գրավելու գործնական նպատակ չեն ունեցել։ Կասյանի պես մարդիկ հասկանում էին, որ ապստամբության ամեն փորձ ոչ միայն անողոք կերպով պիտի ճնշվի, այլև աղետավոր պիտի լինի երկրի համար։

Միայն 1919-ի ամռանը, Բոյյուք-Վեդիի կռիվների ժամանակ, հակապետական թռուցիկներ ցրելու համար ձերբակալվեցին «Սպարտակ» խմբի պարագլուխները։ Այնուհետև, երբ այլև հայտնի դարձավ, որ Արմենկոմի սկզբանական խոհեմ քաղաքականությունը անզոր է զսպելու ծայրահեղների դավադրությունները, կառավարությունը դիմեց խիստ միջոցների և 1920թ․ հունվարի 31-ին ձերբակալություներ արեց Երևանում և Դիլիջանում։