Արա Սարաֆյանը Երևանում ներկայացրեց «Վան 1915» աշխատությունը

920

Բրիտանահայ պատմաբան, Լոնդոնի «Կոմիտաս ինստիտուտ» կենտրոնի ղեկավար Արա Սարաֆյանը այսօր, դեկտեմբերի 6-ին, Հայաստանի Ազգային գրադարանում ներկայացրեց նշանավոր Ա-Դո կեղծանունով՝ Հովհաննես Տեր-Մարտիրոսյանի «Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին» («Van 1915: The Great Events of Vasbouragan») աշխատության անգլերեն թարգմանությունը։

Վանի 1914-1915 թթ. հայկական դիմադրության մասին այս կարևոր աշխատությունը հայերենից անգլերեն է թարգմանել և հրատարակության պատրաստել ինքը՝ Սարաֆյանը և նրա ղեկավարած կենտրոնը: Գրքի լույս աշխարհ գալուն օժանդակել է «Գալուստ Գյուլբենկյան» հաստատությունը։

Վանի հայկական ջարդերից հետո Ա-Դոն մեկնել է Վան, նյութեր հավաքել և պատրաստել զեկույց, որը շուրջ 400 էջանոց գրքի տեսքով տպագրվել է Երևանում, 1917-ին։

«Եթե չլիներ Ա-Դոյի այս գիրքը, մենք հստակ տեղեկություններ չէինք կարող ունենալ Վանի շուրջ 450 գյուղերի և այնտեղ կատարված հայկական ջարդերի մասին»,- ասաց Սարաֆյանը՝ ընգծելով, որ Ա-Դոն շատ վստահելի աղբյուր է և նրա ներկայացրած տեղեկությունները չափազանց կարևոր են թուրքական ժխտողականության սնանկությունը երևան բերելու գործում։

Թուրքական պաշտոնական ժխտողականությունն ու արևմտյան պատմաբաններ հենց Վանի դեպքերի վրա են սևեռվում՝ ձգտելով ցույց տալ, որ Օսմանյան կայսրությունը հայերի ցեղասպանություն չի իրականացրել, այլ փորձել է լռեցնել Վանի հայկական ապստամբությունը։

Սարաֆյանը նշեց, որ Ա-Դոյի այս գործը, որ արդեն հասանելի է արևմտյան ակադեմիական շրջանակներին, չափազանց կարևոր աղբյուր է։ Վկայակոչելով Ա-Դոյի գործը, Սարաֆյանը ասաց, որ, օրինակ, Վանի նահանգի Արճեշ գավառում հայկական որևէ ապստամբություն չի եղել, սակայն ինչպես ամբողջ նահանգում, այնպես էլ Արճեշում, գրեթե բոլոր հայ տղամարդիկ կոտորվել են։

1992-ին հիմնադրված «Կոմիտաս ինստիտուտ»-ը հրատարակել է շուրջ 100 գիրք, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, Օսմանյան կայսրությանը և հայոց պատմությանը, հայ-թուրքական հարաբերություններին։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Թուրքիայում գործելու ասպարեզ այսօր ուղղակի չկա. Արա Սարաֆյանի և Թաթուլ Հակոբյանի զրույցը