Հայաստանի խորհրդայնացման օրը. դեկտեմբերի 2 և ոչ նոյեմբերի 29

2743

1920թ. նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվել էր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ Հայհեղկոմը:

Նոյեմբերի 25-ին Բաքվից հատուկ գնացքով Ղազախ են մեկնում Հայհեղկոմի մի քանի անդամներ, որպեսզի կարմիր բանակի ջոկատների միջոցով կազմակերպեն Հայաստանի խորհրդայանցումը:

Նոյեմբերի 27-ին Օրջոնիկիձեն հեռագրում է Մոսկվա. «Վաղը Կասյանը սկսում է»:

11-րդ բանակի 18-րդ հեծելազորային դիվիզիան, որի կազմում էր նաև հայկական առանձին հրաձգային գունդը, հարձակումը պետք է սկսեր Ղազախից:

Գործողություններն սկսում են նոյեմբերի 29-ի առավոտյան ժամը 6-ին. ռուսական զորամասերը գրավում են Իջևանը: Գրավելով այն՝ Հայհեղկոմը նոյեմբերի 29-ին Հայաստանի աշխատավորությանն ուղղված հռչակագիր է ընդունում, որում ասվում էր. «Հայաստանի ապստամբ աշխատավոր ժողովրդի կամքով ու ցանկությամբ Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունն այսօրվանից Հայաստանը հայտարարում է Սոցիալիստական խորհրդային հանրապետություն»:

Իրականում, Հայաստանի խորհրդայնացման օրը դեկտեմբերի 2-ն է: Ինչո՞ւ:

Նոյեմբերի 29-ին, երբ բոլշևիկները մտել էին Իջևան, Հայաստանի հետ բանակցություններ վարող պաշտոնական պատվիրակ Բորիս Լեգրանը Երևանում ձգտում էր Հայաստանը խորհրդայնացնել անարյուն ճանապարհով: Նա Հայաստանի կառավարությանը ներկայացնում է վերջնագիր: Վարչապետ Սիմոն Վրացյանը Լեգրանին առաջարկում է վերջնագիրը ներկայացնել գրավոր, ինչը և արվում է:

Նոյեմբեր 30-ին, ինչպես գրում է Վրացյանը, կառավարությունը քննում է վերջնագիրը և գալիս եզրակացության, որ Հայաստանի խորհրդայնացումն անխուսափելի է, երկրի ու ժողովրդի կենսական շահերը պահանջում են այդ ակտը կատարել առանց ցնցումների և արյունահեղության: Վերջնական որոշում տալուց առաջ վճռվում է հարցը քննության դնել նաև կուսակցությունների և խորհրդարանական խմբակցությունների ժողովներում:

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը, արտգործնախարարության առանձնասենյակում տեղի է ունենում ՀՅԴ Բյուրոյի, Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի, խորհրդարանական հատվածի ու կառավարության անդամների և մի շարք պատասխանատու ընկերների համագումար նիստը:

Մի քանի ազդեցիկ ՀՅԴ-ականներ, ինչպես Համո Օհանջանյանը, Ռուբեն Դարբինյանը, Վահան Նավասարդյանը, Լեգրանի պահանջը համարում են անընդունելի և առաջարկում են զենք վերցնել՝ երկիրը բոլշևիկյան նվաճումից պաշտպանելու համար: Նույնիսկ առաջարկ է հնչում ձերբակալել Լեգրանին:

Վրացյանի խոսքերով՝ ճառախոսները հերքում էին այն կարծիքը, թե հայ զինվորը չի կռվի ռուսի դեմ. Հայաստանի անկախության հմայքը այնքան զորավոր է, որ հայ զինվորը կկռվի բոլոր թշնամիների դեմ:

Ազդեցիկ ՀՅԴ-ականների մեկ այլ խումբ՝ Հովհաննես Քաջազնունին, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը, Սիմոն Վրացյանը, հակառակն էին պնդում և կռիվը բոլշևիկների դեմ համարում էին աղետավոր, որովհետև, շատ հավանական էր, որ կռվի դեպքում կստեղծվեր երկու ճակատ, իսկ Հայաստանը անկարող էր միաժամանակ կռվել և՛ բոլշևիկների, և՛ քեմալականների դեմ: Երկիրը կարոտ էր հանգստի, եթե բոլշևիկները կարող են տալ այդ հանգիստը, թո՛ղ տան. չխանգարենք: Մեր պարտականությունն է ժողովուրդը փրկել փոթորիկներից և ո՛չ թե նրան նոր փոթորիկների մեջ նետել:

Ռուբեն Տեր-Մինասյանը, որի ռազմական նախարարության շրջանում քեմալականները գրավել էին Կարսը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը, հայտնում էր, որ հայ զորքը ի վիճակի չէ որևէ պատերազմ վարելու, իսկ գործող զինվորական նախարար Դրոն ավելացնում էր, որ, առհասարակ, հայ զորքը չի կռվի ռուս զորքի դեմ: Հետևաբար, կռվի ամեն կոչ ոչ այլ ինչ էր, եթե ոչ աններելի արկածախնդրություն:

Այդ նույն ժողովում մշակվում են այն սկզբունքները, որոնցով պետք է տեղի ունենար իշխանության փոխանցումը: Որոշվում է Դրոյին ու Համբարձում Տերտերյանին առաջարկել, առանց ուշացնելու, ՀՅԴ-ի ու կառավարության կողմից բանակցությունների մեջ մտնել Լեգրանի հետ: Ժողովը տևում է գրեթե մինչև լուսաբաց: Դրոն և Տերտերյանն անցնում են իրենց պարտականությունների կատարմանը:

Դեկտեմբերի 1-ին, ամբողջ օրը տեղի էին ունենում բանակցություններ Լեգրանի հետ: Նույն օրը երեկոյան, երբ բանակցությունները դեռ ընթացքի մեջ էին, խորհրդարանի շենքում տեղի է ունենում ՀՅԴ խմբակցության նիստը, որի մասին Վրացյանը պատմում է. «Մոմի աղոտ լույսի տակ ֆրակցիայի ընդարձակ սենյակը՝ լի պատգամավորներով և կուսակցական պատասխանատու գործիչներով՝ խորհրդավոր կերպարանք էր ընդունել: Կառավարության և Բյուրոյի ներկայացուցիչների զեկուցումներից հետո, գրեթե նույնությամբ, կրկնվեցին նախորդ օրվա վիճակաբանությունները, բայց այս անգամ ավելի թույլ էին հնչում կռվի կողմնակիցների հորդորները: Քվերարկության արդյունքը եղավ՝ 7 քվե Լեգրանի առաջարկի դեմ, 22 քվե՝ կողմ»:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը, որոշ փոփոխություններով, ևս ընդունեց Լեգրանի վերջնագիրը:

Մինչ այդ, դեկտեմբերի 1-ի երեկոյան Դրոն հեռագրում է Սեպուհին. «Բոլշևիկյան զորքերի հետագա առաջխաղացման դեպքում հրամայում եմ դիմադրություն ցույց չտալ»:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները և Լեգրանը ստորագրում են իշխանության փոխանցման փաստաթուղթը:

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ին, Լեգրանի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո, հրաժարվում է իշխանությունից. «Նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր 1920 թվի դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց՝ հրաժարվել իշխանությունից և հանձնել զինվորական և քաղաքացիական բովանդակ իշխանությունը զորաբանակի ընդհանուր հրամանատարին, որպիսի պաշտոնում նշանակել ռազմական նախարար Դրոյին: Վարչապետ՝ Վրացյան»:

Վրացյանը գրություններ է ուղարկում Հայաստանի արտասահմանյան բոլոր ներկայացուցչություններին՝ հայտնելով Լեգրանի հետ համաձայնագրի կնքման, այդ համաձայնագրի պայմանների և իշխանությունից հօգուտ բոլշևիկների հրաժարվելու մասին: Այդ գրություններում Վրացյանը հատկապես ընդգծում է, որ «միջոցներ են ձեռք առնվել քաղաքացիական կռիվները կանխելու համար: Երկրի վիճակը նորմալ է, Երևանում հանգիստ է: Մեր որոշումն է՝ աջակցել նոր իշխանությանը»:

1920 թ. դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամը 5-ին Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը և նրա նախարարները փակում են իրենց գրասենյակների դռները և լքում կառավարության շենքը: Հայաստանում հաստատվում է բոլշևիկյան իշխանություն:

Վրացյանը հետագայում դեկտեմբերի 2-ի երեկոն այսպես պիտի հիշեր. «Մենք հանգիստ ցրվեցինք մեր տներով: Հանգիստ ու խաղաղ էր նաև քաղաքը: Խաղաղ էր նաև Արարատը՝ փաթաթված հաստ ամպերով՝ մտորելով աշխարհի դատարկության վրա: Այդ երեկոյան եկան Հայր Աբրահամն (Ավետիք Սահակյան) ու Պապաշան (Լևոն Թադևոսյան): Նրանք անասելի տխուր էին: Նստեցին, առանց բառ ասելու: Նստած իմ գրասեղանի մոտ, ես էլ լուռ էի: Իմ ձախ կողմում, պատին կախված նկարիչ Երկանյանի նվիրած կտավը՝ սուր աչքերով, սիրունատես Տրապիզոնի աղջիկը, մեզ էր զննում: Լայն պատուհանից՝ մայրամուտին Արարատի սիլուետն էր գծագրվում: Լռությունը պարուրել էր սենյակը, ինչպես մեր հոգիները»:

Թաթուլ Հակոբյան

29 նոյեմբեր, 2017թ