Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, այլ պաշտոնյաներ:
Սարգսյանն ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է:
Խորհրդակցության արդյունքներով Սարգսյանը տվել է մի շարք հանձնարարականներ. մասնավորապես՝ կառավարությանը հանձնարարվել է մշակել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի (մինչև 2040 թվականը) բարելավման ռազմավարական հիմնադրույթները:
Սերժ Սարգսյանի նախագահության իննուկես տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ, կամ օրական միջինը 100 հոգի:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է նոր տվյալներ, համաձայն որոնց՝ 2017թ․ 9 ամիսների ընթացքում հանրապետության բնակչությունը նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ նվազել է շուրջ 14 000-ով:
Նվազել է նաև ծնվածների թիվը: Եթե 2016թ․ ինը ամիսներին Հայաստանում լույս աշխարհ է եկել 29 868 երեխա, ապա 2017թ․՝ 27 665։
2050թ․ Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2,7 միլիոն մարդ, ասվում է ՄԱԿ-ի՝ այս տարվա հունիսին հրապարակած զեկույցում։ 2100թ․, ըստ նույն զեկույցի, Հայաստանի բնակչության թիվը կլինի 1,849 միլիոն: