1920 թվականի այս օրը՝ նոյեմբերի 6-ին, քեմալականները Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, գրավեցին Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին: Երկուսուկես տարվա ընթացքում դա թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի երկրորդ գրավումն էր:
Առաջինը տեղի էր ունեցել 1918-ի մայիսի կեսերին: Ողբերգական զուգադիպությամբ, երկու դեպքում էլ թուրքերը Ալեքսանդրապոլում մնացին շուրջ կես տարի, այդ ընթացքում սպանդ ու ավեր սփռելով Շիրակի դաշտում:
Առաջին գրավումից հետո թուրքերը Ալեքսանդրապոլից հեռացան 1918-ի աշնանը, երբ Օսմանյան կայսրությունը պարտվեց Առաջին աշխարհամարտում և ստորագրեց Մուդրոսի զինադադարը: Երկրորդ գրավումը տևեց 1920-ի նոյեմբերի 6-ից մինչև 1921 թվականի ապրիլի 22-ը:
Թուրք-հայկական վերջին պատերազմը, որ ողբերգական հետևանքներ ունեցավ Հայաստանի և նրա ժողովրդի համար, սկսվել էր 1920-ի սեպտեմբերին: Հոկտեմբերի 30-ին, երբ առանց լուրջ դիմադրության ընկավ Կարսը, քեմալականների առաջ բացվեց դեպի Շիրակի դաշտ տանող ճանապարհը: Թուրքերը անցան Ախուրյանը: Սուրմալու-Իգդիր ճակատում Դրոյի հրամանատարությամբ հայկական ուժերը մարտեր մղեցին և տալով տասնյակ զոհեր, ստիպված եղան նահանջել Արաքսի այս ափը:
Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը, ձեռքում ունենալով Սևրի 160 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի խոստումը, ստիպված էր բանակցությունների մեջ մտնել մի կողմից Անկարայի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության, մյուս կողմից՝ ներխուժող Կարաբեքիրի հետ:
Այդ փաստաթղթերը ամբողջությամբ տպագրվել են ՀՅԴ Բյուրոյի «Յառաջ» օրաթերթում՝ 1920-ի նոյեմբերյան համարներում: Արևմուտքի դաշնակից և նրա կողմից լքված Հայաստանը հայտնվել էր բոլշևիկյան և քեմալական ուժերի արանքում: Մի կողմից ռուսական 11-րդ բանակն էր գրավում Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը, մյուս կողմից՝ թուրքական զորքերն էին շարժվում դեպի Շիրակի և Արարատյան դաշտ:
Այս ճակատագրական երեք ամիսների ընթացքում՝ օգոստոսից նոյեմբեր, Հայաստանի Հանրապետությունը կորցրեց շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ավելին, քան այսօրվա Հայաստանն ու Արցախը միասին:
Թուրք-ռուսական հարվածների պայմաններում Հայաստանին և նրա ղեկավարությանը այլ բան չէր մնում, քան իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Հայաստան մտած Հայհեղկոմին:
Դեկտեմբերի 2-ին Երևանում վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի կառավարությունը ստորագրվեց իշխանությունը Հայհեղկոմին փոխանցելու ակտը: Նույն օրը, ավելի ճիշտ՝ դեկտեմբերի լույս 3-ի գիշերը, Ալեքսանդր Խատիսյանը Կարաբեքիրի հետ ստորագրեց Ալեքսանդրապոլի դաշնագիրը:
Թուրքերը, սակայն, չհեռացան Հայաստանից: Շիրակի դաշտում նրանք մնացին մինչև 1921-ի ապրիլի 22-ը: Դա այն օրն էր, երբ 11-րդ ռուսական բանակի զորամասերը Միխայիլ Վելիկանովի հրամանատարությամբ մտան Ալեքսանդրապոլ:
Ապրիլի վերջերին Հայաստանի ներքգործժողկոմ Պողոս Մակինցյանը «Կոմունիստ» թերթի հետ զրույցում ներկայացնում է Ալեքսանդրապոլի և գավառի վիճակը. «Քաղաքն ավերված է: Ահա առաջին տպավորությունը, որ ստանում ես քաղաքից` թուրքերի գնալուց հետո: Գտնվել են մեծ կոտորածների հետքեր: Միայն Նալբանդ կայարանի մոտ ձորում, որտեղով ես անձամբ անցա ու տեսա, մոտ 3000 դիակներ կան»:
Հատուկ հանձնաժողովի թվերը սարսափազդու էին: Մեծ Քյափանակ գյուղում սպանվել, սրի էր քաշվել մոտ 1500 մարդ` տղամարդ, կին ու երեխա, դիակները փռված էին խրճիթներում, գոմերում, մարագներում և հորերում: Մոտ 1500 մարդ էր սպանվել Հաջի Նազար-Ղուլի գյուղում, որից 500-ի դիակը` մոտակա ձորում: Փոքր Քյափանակում և Չոռլիում սպանվածների թիվը հասնում էր հազարի յուրաքանչյուրում, Դիրաքլարում` երեք հարյուր, Ջաջուռում` մինչև հարյուր մարդ:
Եվ վերջում. Ալեքսանդրապոլի 1920թ նոյեմբերի 20-ի գրավման առիթով մինչև այսօր խոսվում ու գրվում է, թե գյումրեցիները աղ ու հացով են դիմավորել թուրքական զորքերին:
Հայաստանի Հանրապետության՝ թուրքերից կրած ցավալի պարտության խորքային պատճառները քննարկելու փոխարեն ահա այսպիսի պրիմիտիվ մոտեցում ենք ցուցաբերում և վիրավորանք հասցնում մեր ժողովրդի մի հատվածին, որն ամենից շատն է տուժել քեմալականների բարբարոսություններից:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն