Շրվենանց. Կապանի գյուղաշխարհը

3779

(նյութի հեղինակ՝ «Տավերս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր Արմինե Հովհաննիսյան)

Շրվենանց… Գտնվում է Կապան քաղաքից 7 կմ հյուսիս, Աճանան գետի ձախափնյա լեռնալանջին: Շրջապատված է գեղեցիկ անտառներով: Շրվենանցը բնակեցված է եղել շատ վաղուց: Տարածքում հնագիտական պեղումներ չեն կատարվել, սակայն հողագործական աշխատանքների ժամանակ, դեռսև խորհրդային տարիներին հայտնաբերվել և Կապանի երկրագիտական թանգարան են տեղափոխվել հնագիտական մի քանի գտածոներ, որոնց վկայում են բարձր մշակույթի և վաղ բնակատեղիների մասին (հայտնաբերված ձեռքի քարե հատիչը՝ թվագրվում է Ք.ա 7-6րդ հազարամյակներով): Եզակի գտածո է տոնածիսական կավանոթը՝ զարդարված գեղեցիկ, եռանկյունաձև կետազարդերով: Դիմացից նայելիս անոթի ուսերին իրար դեմ դիմաց տեղադրված կեղծ կանթիկները ձեռքերը կոնքերին դրած կնոջ տպավորություն են թողնում: Հայտնաբերվել է նաև կանացի բրոնզե ճակատակալ՝ թվագրված Ք.ա.9-8-րդ դարերով և առայժմ Կապանում հայտնաբերված գտածոների մեջ իր տեսակով եզակի հելլենիզմի դարաշրջանին պատկանող երկնագույն ապակե անոթ, որը ժամանակին գործածվել է որպես օծանելիքի սրվակ:

Գյուղի շրջակայքում պահպանվում են 10-րդ դարի եկեղեցու ավերակները, հին գյուղատեղիներ ՝«Քոհնա շենը », «Վրդոտը » (10-17-րդ դդ.): Գյուղի եզրին է գտնվում միջնադարյան Սբ Սարգիս եկեղեցին, մոտակայքում գերեզմանատունն է: Եկեղեցին փոքրիկ ուղղանկյուն կառույց է, որին հետագայում վերանորոգման ժամանակ կցվել է կից կառույց:

1970-ականներին գյուղ այցելած հուշարձանագետ Սուրեն Սաղումյանի կողմից եկեղեցու ներսում աջակողմյա պատին ագուցված քարի վրա հայտնաբերվել և վերծանվել է հետևյալ գրությունը՝ «ԹՎՒԻՆ ՆԾԲ (1003) ԴԱՒԻԹ ԵՐԷՑ ՓՈԽԵԱԼ ԽԱՉԻՍ», որը վկայում է եկեղեցու հին լինելու մասին: Ըստ այս գրության, եկեղեցին կառուցվել է Դավիթ երեցի կողմից, իսկ նրա տապանաքարը գտնվում է եկեղեցու դռան ձախակողմյան հատվածում: Կցակառույցի ներսի պատերին ագուցված են վաղ միջնադարյան խաչապատկերներով քարաբեկորներ: Մի անկյունում տեղադրված է մանկան մկրտության ավազանը: Ներսում՝ բուն եկեղեցում, փոքրիկ բեմի վրա տեղադրված են տարբեր ժամանակներով թվագրվող մի քանի խաչքարեր: Եկեղեցու լուսամուտներից մեկն ունի ուղղանկյուն փորվածքով անցք: Քարի վրա , դրսի կողմից հստակ երևում են վաղ շրջանում արված շրջանաձև փորագրություններ: Հավանաբար այդ քարը այլ նպատակի է ծառայել՝ մինչ եկեղեցու պատին հայտնվելը: Եկեղեցու մուտքի աջ և ձախ մասերում են գտնվում վանահայրերի մահարձանները: Դրանցից մեկը՝ ուղիղ մուտքի մոտ, տեղադրված է մեծ բարերար, Գասպար Տեր Մարգարյանցի հոր՝ վանահայր Հովհաննես Տեր Մարգարյանցի,

հիշատակին: Տապանաքարի ստորին մասում կան հետաքրքիր պատկերաքանդակներ:

Եկեղեցու ողջ շրջակայքը լի է վաղ շրջանի խոշոր մահարձաններով: Շատերի վրա չկան գրություններ:

Գյուղի մյուս երևելի կառույցը, որով կարող են պարծենալ ոչ միայն շրվենանցիները, այլև կապանցիներն ընդհանրապես, դա 20-րդ դարասկզբի Սյունիքի կրթության «թագն ու պսակը» համարվող դպրոցի շենքն է, որն,ավաղ, փակվելուց հետո գտնվում է շատ անմխիթար վիճակում:

Շրվենանց գյուղի սկզբնավորման և անվան ստուգաբանության մասին տեղեկանում ենք Աբրահամ Կրետացու «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» աշխատությունից.

«-Եվ ապա ելեալ ի վանուց (Տաթևի վանք) անցանելով Տանձաւեր գիղւս, հասանք ի գիղւն Իրիցվանիկ: Եվ ապա Բարկուշատով եկինք ի գիղւն գիլմեշէ, որ է Մելիք Շրվենի գիղւն »:

Մյուս հաստատող փաստը, որ գյուղը պատկանել է ոմն Մելիք Շրվենին, որը, հավանական է, լուրջ և ազդեցիկ մարդ է եղել, դա գյուղի ամենաընդարձակ հողատարածքն է՝ Մելիքենց արտը:

Դեռևս ցարական կառավարության ժամանակ ազդեցիկ թուրք պաշտոնյաների ջանքերով և խորամանկ քաղաքականության շնորհիվ աղավաղվել են մեր տարածաշրջանի գյուղերի անունները՝ տալով թուրքական հնչեղություն: Անմասն չէր նաև Շրվենանցը, որը 20-րդ դարասկզբին կոչում էին Դայմադաղլու: Խորհրդային տարիներին գյուղը պաշտոնապես կրկին ստացավ իր հին անունը:

Գյուղը դարեր շարունակ ենթարկվել է բնակչության տեղաշարժերի: Հիմնական խոշոր վերաբնակեցումը դավիթբեկյան հերոսամարտերից և Սյունիքի դատարկումից հետո եղել է 19-րդ դարակեսին:

Մեծ ներգաղթ է գրանցվել 1830-ականներին, երբ Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկահայքից գյուղ եկան և հաստատվեցին այսօրվա գյուղաբնակների երեք ճյուղերի նախնիները՝ Պողոսաք,Յուղուսաք, Վանուք:

20-րդ դարասկզբին ՝ կապված հայ-թաթարական բախումների, Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմների հետ, բնակչության թվաքանակը շարունակ տատանվել է: Վերջին արտագաղթը գյուղից եղել է 1928-1930 թթ., երբ բնակչության մի մասը վերաբնակվել է Տանձավեր գյուղում: Դա կապված էր խորհրդային իշխանությունների կողմից Տանձավերը վերաբնակեցնելու ծրագրերի հետ:

Շրվենանցի մասին կարելի է շատ խոսել, բայց ավելի համապարփակ տեղեկատվություն ստանալու համար կարելի է ուսումնասիրել գյուղի նվիրյալ, մանկավարժ և գրող Անուշավան Ադամյանի և Հայկ Հակոբյանի «Շրվենանց» գիրքը :

ՇՐՎԵՆԱՆՑ ԳՅՈՒՂԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԿԴԱՍՅԱՆ-ԵՐԿՍԵՌ << Գ.Ի. ՏԵՐ-ՄԱՐԳԱՐԻԱՆ >> ԴՊՐՈՑ

Անկասկած է, որ 20-րդ դարասկզբի հայ գյուղաշխարհի դպրոցների թագն ու պսակը հանդիսանում է Կապանի Շրվենանց գյուղի դպրոցը, որը պաշտոնապես կրում էր ՇՐՎԵՆԱՆՑ ԳՅՈՒՂԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԿԴԱՍԵԱՆ-ԵՐԿՍԵՌ « Գ.Յ. ՏԷՐ-ՄԱՐԳԱՐԻԱՆ » ԴՊՐՈՑ անվանումը: Շրվենանցի միջնակարգ դպրոցի այժմյան շենքը կառուցել է նույն գյուղացի Բաքվի հայտնի նավթարդյունաբերող Գասպար Իվանիչ Տեր Մարգարյանցը: Գասպարի կինը՝ Շուշանիկը , Սիսիանի Լոր գյուղացի էր: Միմյանց անսահման սիրով կապված հրաշալի այս զույգը երեխա չի ունենում, և որպես մխիթարություն որդեգրում են իրենց հարազատների զավակներին, օգնում սովյալներին, դպրոց բացում Կապանի Շրվենանց և Սիսիանի Լոր գյուղերում: « Մեր կառուցած դպրոցները թող մեր զավակները լինեն»,- հայտարարել են ամուսինները: Հայրենի գյուղում դպրոց կառուցելու մտադրությունը Տեր Մարգարյանցի մտքում ծագել է 1898 թվականին: Գասպար Իվանիչը ձեռնարկում է շենքի կառուցումը: Նախագիծը կազմել է Սմբատ Մելիք Ստեփանյանը ճարտարապետ եղբոր՝ Ղահրամանի, հետ միասին: Շենքը այն ժամանակվա համար եզակի կառույց էր, նախագծված ՝ դպրոցի համար: Շրվենանցի դպրոցը Կապանյան լուսավորյալ հեղափոխություն էր: Ժամանակին այսպիսի տողեր է գրել Շրվենանցի դպրոցի տնօրեն Գեդեոն Տեր Մինասյանը. «Դպրոցը ազգի գոյութեան պատւանդանն է:Մեր հայրենիքի նկատմամբ այդ կարևոր ֆակտորի նշանակութիւնն ամենից վաղ զգացել և ըմբռնել է մեր հայրենակից պ.Գասպար Տէր-Մարգարեանը, որ իր ծննդավայր Շրվենանց գիւղում կառուցանելով այս լուսոյ տաճարը և նվիրելով Նորաշէնու հասարակութեան, 13 ձիգ տարիների ընթացքում իւր ուսերի վրայ առած բոլոր ծախքերը, լույս է սփռել մեր մատաղ սերնդի մէջ: Պ.Գասպար Տէր-Մարգարեանը 1903 թւին հիմնելով այս դպրոցը, իրօք հանդիսանում է Ղափանի մտաւոր վերածնութեան նախակարապետը»: Առաջին զանգը հնչեց 1902 թ. հոկտեմբերի 6-ին : Աճանանում (Շրվենանց, Առաջաձոր, Նորաշենիկ, Խլաթաղ, Վերին և Ներքին Խոտանան գյուղեր, Տորթնի) տոնախմբություն էր: Առաջին ուսումնական տարում դպրոցում սովորում էր 136 մանուկ, որից աղջիկ էր 4-ը: Դպրոցը եզակի էր իր տեսակով, որովհետև այնտեղ սովորում էին երեխաներ՝ անկախ դասի, սեռի և ազգության , պատկանելությունից: Հայկական դպրոցում սովորել են նաև թուրքեր: Դպրոցում դասավանդում էին բարձրագույն , նույնիսկ եվրոպական կրթությամբ երիտասարդներ և օրիորդներ , և ուսուցիչների ընտրությանը (ըստ փաստաթղթերի) հետևել է Գասպար Տեր Մարգարյանցը: 1903 թ.հունիսի 12-ի օրենքից հետո, երբ փակվեցին հայկական դպրոցները, Շրվենանցի դպրոցը գործում էր, քանի որ ձեռք էր բերել պետական դպրոցի կարգավիճակ: Դպրոցն ու գյուղը Բարերարի ուշադրության կենտրոնում էին:

1904-ի հունիսին նա Շրվենանց ուղարկեց հայտնի գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանին, ով որոշ ժամանակ մնաց այստեղ, նկարեց գյուղը, դպրոցը և Խուստուփ լեռը: Գեղանկարները պահպանվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում:Այդ մասին մենք իմանում ենք նաև դպրոցի տնօրեն և ուսուցիչ Արշակ Ղազարյանի 1904 թ.հունիսի 26-ին Գասպարին ուղղված մի նամակից. « Շատ և շատ ցավում եմ, որ Ձեր հեռագիրը Գորիսում ստացվել է իմ բացակայության ժամանակ և պ.Բաշինջաղյանը դժբախտաբար եկել է Գորիս, երբ ես տանը չեմ եղել, թե չէ մեծ ուրախությամբ ես նրա հետ կճանապարհորդեի, որտեղ հարկավոր է: Ուրեմն ներեցեք ինձ, որ ինձնից անկախ պատճառով չեմ կարողացել պարոնին աջակցել և Ձեր կամքը կատարել »:

1906 թ.հայ-թաթարական բախումների շրջանում, անվտանգության նկատառումներից ելնելով, դպրոցը չի գործել, առհասարակ չեն գործել Կապանի դպրոցները:

1907-ին վերաբացված դպրոցում ուսուցանում էին նաև հողագործություն և մեղվաբուծություն: Երեխաներից վարձավճար չեն վերցրել, բոլոր ծախսերը հոգացել է Բարերարը: 1902-ից մինչև 1917 թվականը Շրվենանցի դպրոցում կրթություն է ստացել 400 երեխա:

1901թվականին դպրոց են եկել աշխատելու Արշակ և Սիրանույշ Սինանյան ամուսինները: Նրանց գալով նոր շունչ է առնում դպրոցական կյանքը: Սինանյան ամուսինները ոչ մի ջանք չեն խնայում դպրոցի աշխատանքները ավելի լավ հիմքերի վրա դնելու համար: Արշակ Սինանյանի ջանքերով դպրոցում կազմակերպվում է գրադարան 1000 կտոր գեղարվեստական գրքերով: Գրադարանն ունեցել է արժեքավոր մանկավարժական և մանկական գրքեր (մեծ մասը՝ ռուսերեն), որոնց թիվը հետագայում աճեց և հասավ 3000-ի: Գրադարանից օգտվում էին նաև Առաջաձորի, Խոտանանի և այլ գյուղերի երեխաներն ու մեծահասակները: 1923 թվականին դպրոց այցելած Կարապետ Մելիք-Օհանջանյանը (հետագայում՝ ակադեմիկոս) ասել է. «-Այդպիսի հարուստ գրադարան չունի Երևանի ոչ մի դպրոց»:

Սինանյանները կազմակերպում են արտադասարանական խմբեր, գործում էր հատկապես երգի և պարի խմբակ: Աշակերտների համար կազմակերպվում են գեղարվեստական գրքերի ընթերցանության հատուկ օրեր:

Արշակ Սինանյանի ջանքերով առաջին անգամ՝ 1910 թվականին, կազմակերպվում է տոնածառի հանդես, որի համար նա հատուկ նամակով դիմում է Գասպար Տեր Մարգարյանցին. « Երեխաները իրենց կյանքում շատ քիչ ուրախացած կլինեն, ցանկալի կլինի, որ օրերը սովորականի նման չանցնեն »: Դա առաջին տոնածառն էր ընդհանրապես Կապանում, որը դրվեց Շրվենանցի դպրոցում: Գասպար Տեր Մարգարյանցը հոգացել էր ծախսերը: Տոնածառը երևույթ էր կապանյան կյանքում, և շատերն էին շտապում այն տեսնել, նույնիսկ՝ հարևան գյուղերից:

Դպրոցում գործում էր երգեցիկ խումբ, որը բաղկացած էր 35 սան ու սանուհիներից: Ղեկավարն էր ուսուցիչ պ.Ա.Ղազարյանցը: Երգեցիկ խումբը երկձայն երգերով շուք էր տալիս դպրոցական հանդեսներին, իսկ կիրակի օրերին միաձայն երգելով մասնակցում էր Շրվենանցի, Նորաշենիկի և Վ.Խոտանանի եկեղեցիների պատարագի արարողություններին:

1912-1913 ուս.տարում դպրոցում աշխատանքի են նշանակվում Լայպցիգի համալսարանի բժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Բոշնաղյանը և այլ պրոֆեսիոնալ կադրեր: Երգի և պարի խմբեր էին գործում, պարապում էին ետ մնացող երեխաների հետ, գրքեր էին քննարկվում, նշվում էին տոնական օրերը, անցկացվում էին էքսկուրսիաներ ու արշավներ Հալիձորի բերդ, Աղջկաբերդ, Բաղաբերդ: 1914-ին հեռվից եկող երեխաների համար դպրոցում կազմակերպվեցին գիշերօթիկ խմբեր:Կարիքավոր երեխաներին տրվում էր հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և օրապահիկ: Դպրոցի աշակերտության 60% -ը ծայրահեղ չքավոր ծնողների զավակներ էին: Կարիքավորների համար այդ ժամանակվա տնօրեն Գեդեոն Տեր Մինասյանի ջանքերով ստեղծվեց ընկերություն, որը կոչվում էր «Շրվենանցի դպրոցի չքավոր աշակերտներին նպաստող աղքատախնամ հանձնաժողով»: Հանձնաժողովը լինում էր գյուղերում, այցելում դպրոցականների տները, ծնողների շրջանում կատարում բացատրական աշխատանք երեխաներին ֆիզիկական ծանր աշխատանքով չծանրաբեռնելու, երեխաների հիգիենան ապահովելու, նրանց ուսման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Ըստ Ազգային արխիվում պահվող դպրոցին վերաբերող փաստաթղթերի, մարդիկ մուծումներ են կատարել ընկերությանը: Մուծումներ կատարել են ունևորները, հանքատերերը, բժիշկները, ուսուցիչները, անգամ չունևոր մարդիկ: Եվ ընկերությունը տարիներ շարունակ ծառայեց չքավոր խավի երեխաներին:

Շրվենանցի դպրոցում զբաղվում էին նաև երեխաների գեղագիտական դաստիարակության խնդիրներով: Ծանր էին Առաջին աշխարհամարտի տարիները: Երկրամասը ընկղմվել էր սովի, թշվառության մեջ: Բայց, շնորհիվ Բարերարի, դպրոցի կյանքը կանգ չառավ:

Բացակայություններ եղել են, բայց հիմնականում հանդերձանքի ու կարիքի պատճառով: Դպրոցը ստանում էր «Մշակ», «Աղբյուր»,« Տարազ»,« Արև», «Հորիզոն», «Փայլակ», « Ռուսսկոե սլովո», « Բակու» պարբերականները:

1917-ի դեկտեմբերի 12-ին հանդիսավոր կերպով նշվել է դպրոցի 15 տարին: Դպրոցը գործել է մինչև 1918-ի ապրիլ: Կապանում սով էր, համաճարակ, պատերազմական իրավիճակ: Դպրոցը վերաբացվեց խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921թ. հոկտեմբերին: Խորհրդային տարիներին Շրվենանցի դպրոցը շարունակում էր մնալ Սյունիքի լավագույն դպրոցներից մեկը: Դպրոցը իր գոյության ողջ ընթացքում տվել է հազարից ավելի շրջանավարտներ, որոնցից 40-ը գերազանցիկ ու մեդալակիրներ են եղել: Դպրոցը տվել է նշանավոր դեմքեր, գիտնականներ և գիտության թեկնածուներ, վաստակավոր ուսուցիչներ , զորահրամանատարներ և այլն:

Դպրոցը վերջնականապես փակվեց 2010 թվականին ՀՀ կառավարության որոշումով:

( Դպրոցի մասին ավելի հարուստ տեղեկություն ստանալու համար կարող եք կարդալ Գ.Սմբատյանի «Սյունիք. Պատմություն և հիշողություն » գիրքը, որը նվիրված է 20-րդ դարասկզբի կաանյան կյանքին, լուսավորությանը և այլն):

ՇՐՎԵՆԱՆՑԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՆԴԵՍՆԵՐԸ

Յուր ժամանակին դպրոցական կայնքի հետ առնչվող ամեն մի երևույթ ուսուցիչները նամակով ներկայացնում էին Բարերարին, պատմում իրենց կատարած գործերի, դպրոցական հոգսերի մասին: ՀՀ Ազգային արխիվում պահվող մի հետաքրքիր նամակից մենք այսպես տեղեկանում ենք դպրոցում կազմակերպված հանդեսների, թատերական բեմադրության մասին : Ստորև ներկայացնում ենք փաստաթուղթը.

«ՇԻՎԵՆԱՆՑ ԳԻՈՂ (ՂԱՓԱՆ) 1915 ԹԻՒ ՄԱՅԻՍԻ 15- ԻՆ.

Ամսոյս 9-ին և 11-ին Շրվենանց գիւղի հայոց եկ. ծխ. Երկսեռ հրիդասիան «Գ. Յ. Տէր Մարգարիան» դպրոցի դահլիճում կառավարութիան թույլտւութիամբ և նույն դպրոցի վարչութիան նախաձեռնութիամբ կայացավ ներկայացում և գրական-երաժշտական ցերեկույթ յօգուտ հայ փախստականների: Առաջին օրը՝ 9-ին, դահլիճը լիքն էր շրջակայ գիւղերից եկած երկսեռ բազմութիամբ: Իսկ երկրորդ օրը՝ 11-ին, հրաւիրւած էին հանքերից հանքատէրեր, ծառյողներ, ոստիկանապետ և այլն: Թէ առաջին և թէ երկրորդ օրւայ (9-ին և 11-ին) ծրագիրը միևնոյն էր, որը բաղկացած էր երեք բաժիններից: Առաջին՝ գրական- երաժշտական բժինը ընդհանրապէս անցավ շատ յաջող: Երգում էր դպրոցի երկսեռ երկձայն խումբը՝ ղեկավարութիամբ ուսուցիչ պ. Արմ. Ղազարէանի: Վարագույրը բարձրանալով աւ. ուս պ. Գ. Տէր-Մինասեանը խօսելով ներկայ պատերազմի մասին, շեշտեց, որ հայերի լինել չ՛լինելու խնդիրն է, որ էսօր հրապարակի վրայ է դրւած և որին անհրաժեշտ է, որ մենք մեր աջակցութիունն ու օգնութիունը ցույց տանք: Ապա մէջ ընդ մէջ երգում էր խումբը մի շարք երկձայն ռուսերեն և հայերեն երգեր և արտասանում ոտանաւորներ:Ապա մասնակցութեամբ օր. Ա Զիլֆեանի, պ. Ա Ղազարյանի, Յ. Սէրունու (??), Շ; Թումանյանի և Ս. Աստւածատրեանի խաղացւեց Մադաթեանի «Կըրթ-կըրթ»….. 1գործ. և Յակ. Ղազարիանի «Եադ-աստ»…. 1 գործ. և 2 պատկերով: Երկու պիեսաների մէջ էլ դերակատարները, իբրև բարեխղճօրէն տարան իրենց դերերը, որն արժանացավ բուռն ծափահարությունների: Մուտքը առանց տոմսակի էր, միայն վերջը բոլոր ներկայացողները նւիրաբերեցին երկու երեկոներին (9-ին և 11-ին ) երկու հարիուր քառասուն և երկու (242)ռուբլի, որից զատ արդիունքը կ՛ ուղարկւի Էջմիածին՝ նորին վեհափառութեան հովանաւորութեան տակ գտնւող կօմիտէին, գործադելու ըստ տեղին: Փառավոր կերպով զարդարւած էր ամբողջ դպրոցը գույնզգույն լապտերներով և դրօշակներով: Միանգամայն գոհ սրտով հեռացան հասարակութիունը, վարչութիւնը, որը ոչ մի եռանդ ջանք ու ճիգ չէր խնայել դպրոցը՝թէ ներքուստ և թէ արտաքուստ գեղեցկացնելու և բարեկարգ դպրոցների շարքը դասելու:

ՀԱՅՐԱՊԵՏ ՂԱԶԱՐԻԱՆ »

(ԴՊՐՈՑԻ և ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՍ՝ ՀԱԱ, Ֆ. 1377 Ց. 1 Գ Գ. 3,4,8, 11, 12,13,14,18, 19, 24 )

ԳԱՍՊԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՏԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Գասպար Հովհաննեսի Տեր Մարգարյանը ծնվել է 1856 թ.Շրվենանց գյուղում, գյուղական քահանայի ընտանիքում: Մանկուց հետաքրքրասեր էր, աշխույժ բնավորություն ուներ, աչքի էր ընկնում սովորելու ձգտումով: 10-ամյա Գասպարին մտահոգ բարեկամները իրենց հետ տանում են Բաքու՝ կրթության տալու նպատակով: Լինելով եռանդուն, նախաձեռնող և շնորհալի, նա կարճ ժամանակում հմտացավ աշխատանքում, հասավ հաջողությունների: Աշխատեց և որոշակի գումար հավաքելով՝ ձեռք բերեց նավթաբեր մի հողակտոր, կազմակերպեց ընկերություն ու նավթ հայտնաբերելու համար իրականացրեց հորատման աշխատանքներ: Բայց որոշ ժամանակ անց սպառվեց բանվորներին տրվելիք գումարը և Գասպարը հայտնվեց ծանր վիճակում: Նա կարծում էր, որ ինքը ձախողված է: Պատմում են, որ ինքը նույնիսկ պատրաստ էր ինքնասպանություն գործել: Բայց ահա մի գիշեր հասնում են լրաբերները և հայտնում, որ հանքահորից նավթը շատրվանել է: Ճակատագիրը չհիասթափեցրեց: Հողամասը նավթաբեր դուրս եկավ: 25 տարեկան հասակում նա արդեն լուրջ գործունեություն է ծավալում: Եռանդուն աշխատանքի շնորհիվ նա դառնում է որոշակի կապիտալի տեր, հիմնադրում է ընկերություններ, որոնցից առանձնապես հայտնի է դառնում «Արամազդ» ընկերությունը, որի անփոփոխ նախագահն է դառնում ինքը: Տեր Մարգարյանցի կյանքի վաղ շրջանի մասին պատմում են հարազատները և հուշագրությունները: Անհայտ հեղինակի վկայությամբ Գասպար Իվանիչը սովորել է Նորաշենիկում և ունեցել է շատ գեղեցիկ ձեռագիր: Բաքու տեղափոխվելուց հետո այստեղ սովորում է խոհարարություն, աշխատում է 1863 թ.Լեհական ապստամբությունից հետո այստեղ աքսորված մի լեհի տանը: Լեհը Բաքվում ապրեց 10 տարի: Այդ ընթացքում աքսորականի մայրը նամակ նամակի հետևից գրում էր ցարին՝ որդուն ներում շնորհելու խնդրանքով: 1870-1880-թթ.լեհը նավթ փնտրելու նպատակով հողամաս ձեռք բերեց: Շուտով նա ստանում է ներման մասին հրամանագիրը և պատրաստվում է վերադառնալ հայրենիք: Հրաժեշտի առթիվ նա պարահանդես է կազմակերպում և այստեղ էլ իր հողատարածքը հորատող սարքերով հանդերձ նվիրում է Գասպարին: Լեհը սիրում և գնահատում էր Գասպարին ազնվության, բարեկրթության և նվիրվածության համար:

Գասպարը ընդլայնում է գործունեության շրջանակները, հանդես է գալիս բարեգործական լուրջ նախաձեռնություններով: 30 տարեկանում ամուսնանում է Սիսիանի Լոր գյուղացի Շուշանիկ Ավանեսյանի հետ: Միմյանց անսահման սիրով կապված հրաշալի այս զույգը երեխա չի ունենում, և որպես մխիթարություն որդեգրում են իրենց հարազատների զավակներին, օգնում սովյալներին, դպրոց բացում Շրվենանց և Լոր գյուղերում: « Մեր կառուցած դպրոցները թող մեր զավակները լինեն»,-հայտարարել են ամուսինները: Տեր Մարգարյանցի միջոցներով բազմաթիվ ուսանողներ սովորել են արտասահմանյան և Ռուսաստանի բուհերում, դարձել հասարակության համար օգտակար մարդիկ: Առաջին աշխարհամարտի տարիներին զգալի գումար է տրամադրել գաղթականության օգնության ֆոնդերին, մասնակցել է «Մեկ ոսկի,մեկ երեխա» հայրենանվեր նախաձեռնությանը, որով քրդերից գնվում էին գերված երեխաները: Վիրավոր զինվորների համար հիվանդանոցներ է կառուցել Կովկասի քաղաքներում: Տեր Մարգարյանցը ուշադիր էր սովյալների հանդեպ: Հայտնի է, որ 1906 թվականին և 1918 թվականին հայրենի գյուղ է ուղարկել հարյուրավոր փութ ալյուր: Հովանավորել է գրականության և մշակույթի գործիչներին, ինչպիսիք են պատմաբան Լեոն, դերասանուհի Սիրանույշը, ռուս նշանավոր երգիչ Ֆեոդոր Շալյապինը: Ֆինանսական աջակցություն է ցույց տվել Էջմիածնի Մայր աթոռին, արժանացել է Գևորգ կաթողիկոսի շնորհակալությանը: Նամակագրական կապ ուներ Զորավար Անդրանիկի , պատմաբան Լեոյի, Մեսրոպ Մագիստրոս Տեր Մովսիսյանի, Շալյապինի և այլոց հետ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո, զգալով, որ վտանգավոր է երկրում ապրելը, Տեր Մարգարյանցը կնոջ հետ հեռացավ Ֆրանսիայի Նիցցա քաղաք, որտեղ էլ կնքեց մահկանացուն:Այսօր էլ Նիցցայում պահպանվում է բարերար ամուսինների համեստ շիրիմները: (ԱՂԲՅՈՒՐԸ՝ Գ.ՍՄԲԱՏՅԱՆ, « ՍՅՈՒՆԻՔ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»)

ԱՂՔԱՏԱԽՆԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՈՒՆ

Շրվենանցի դպրոցի պատմության մեջ զգալի դեր խաղացին ծնունդով Խլաթաղից, մինչ այդ Շուշիում որպես ուսուցիչ աշխատող Գեդեոն Տեր Մինասյանը և նրա կինը՝ Բեխ գյուղի Մելիք Փարսադանյաններից ծագող Աննա Մելիք-Փարսադանյանը: Նրանք դպրոց եկան 1914-1915 ուսումնական տարում: Ամուսինները հրաշալի գիտեին իրենց գործը, նվիրված էին երեխաների ուսուցման գործին: Գեդեոնը ավարտել էր Գևորգյան ճեմարանը, Շրվենանցի դպրոցում աշխատեց որպես ավագ ուսուցիչ: Նրանք ամուսնացել էին 1906 թվականին և Աննան ընդունել էր ամուսնու ազգանունը: Շնորհաշատ աղջիկ էր Աննան, դպրոցում ավանդում էր ձեռագործ և վայելչագրություն: Աննայի փաստաթղթերը վկայում են նրա կրթության ու աշխատանքի որակի մասին: «Տիկին Աննա Տէր-Մինասեան, սովորել է օր. Կարա-Մուրզայի կարուձևի դպրոցում ձեռագործ և կարուձև, քննվել է Թիֆլիզի արհեստագիտական ուպրավայում, ունի վկ.N-74 և 340. վարժութեան ա.տարին. Ավանդում էր՝ • Ձեռագործ ա.բ.գ. և դե բաժ.,

  • Վայելչագրութիւն ա.բ.գ. բաժ.:
  • Տարեկան ռոճիկն էր 200 րուբլի»:

Դա անչափ երջանիկ ամուսնություն է եղել, սակայն ցավոք զույգին դժբախտություն էր սպասում: 1914թվականին Աննան հղիության հետ կապված խնդիրների պատճառով մահանում է: Կնոջ հուղարկավորությունը տեղի ունեցավ Խլաթաղում, որտեղ Գեդեոնը երդվեց հավատարիմ մնալ Աննայի հիշատակին ու այլևս չամուսնանալ: Այդպես էլ վարվեց: Իսկ Աննայի տապանաքարին գրել տվեց. «Համեստ, շնորհալի, ժրաջան էր նա՝ Աննան»:

Սիրելի կնոջ՝ Աննա Մելիք Փարսադանյան – Տեր Մինասյանի մահից հետո ի հիշատակ Աննայի, Գեդեոնը ստեղծեց «Աղքատախնամ ընկերութուն», որը միայն առաջին տարում հավաքեց զգալի գումար՝ 1873 ռ. 26 կոպ. և այն ծախսեց կարիքավոր երեխաների համար: Դպրոցի աշակերտութեան 60% -ը ծայրահեղ չքավոր ծնողների զավակներ էին: Իսկ հագուստի անվան տակ նրանք ծածկում են իրենց մերկությունը ցնցոտիներով: Կարիքավորների համար ստեղծված ընկերությունը կոչվում էր «Շրվենանցի դպրոցի չքավոր աշակերտներին նպաստող աղքատախնամ հանձնաժողով»: Ընկերությանը մուծումներ են կատարել ունևորները, ուսուցիչները, անգամ չունևոր մարդիկ: Եվ ընկերությունը տարիներ շարունակ ծառայեց չքավոր խավի երեխաներին: Ընկերության միջոցները հայթհայթվել են կամավոր նվերներից, երեկույթներից, և ներկայացումներից: Պահպանվել է այդ հանձնաժողովի հաշվետվությունը հաշիվների մասին:

«Կատարվեցին մուծումներ՝ 1. Պ.Սամսոն Բեկ Մելիք-Փարսադանյանից ի հիշատակ տ.Աննայի՝ 25 ր.

  1. Գեդեոն Տեր-Մինասյանից ՝ 10 ր.
  2. Հարություն Տեր-Մարգարյանց ՝ իր կնոջ՝Եղիսաբեթի՝ 10 ր.
  3. Գաբիրել Տեր-Մարգարյանց ՝իր մոր ՝Եղիսաբեթի՝ 20 ր.
  4. Հարություն Գասպարյան Պետրոսյանից նվեր 10 ր.

Հանգուցեալ տ.Աննա Տէր-Մինասեանի դասերը պարապող ուսուցիչները նրան հասանելիք 2 –րդ նւագի ռոճիկը նւիրում են աղքատախնամին՝ հանգուցեալի անւան մի որդեգիր պահելու…66ր.66 կ.

Ընդհ.գումարն է՝ 141 ր., 66 կ.»:

ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՆԱև ԳԵԴԵՈՆ ՏԵՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԳԱՍՊԱՐ ՏԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆՑԻՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՆԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ.

« Թանկագին Գասպար Իվանիչ

Իմ կյանքիս ընկեր և միակ մխիթարանք Աննայի մահվան մասին արդեն հեռագրով հայտնել եմ Ձեզ և Ձեր ցավակցությունն էլ ստացել հեռագրով: Թե ինչու եմ իսկույն հեռագրել Ձեզ և իմ ու անմոռանալի Աննայիս մտերիմ բարեկամներին՝ շատ պարզ է: -Ես անկարող էի տանել ինձ հասած ծանր վիշտը և ուզեցի բաժանել այն իմ բարեկամների մեջ: Հիրավի իմ ստացած մի քանի տասնյակ ցավակցական հեռագրերն ու նամակները ցավ ու վիշտ էին արտահայտում ինձ իմ անփոխարինելի կորստի համար և /…./ և վերհիշելով հանգուցյալի բարեկամությունները, կարծեք մխիթարում ու թեթևացնում էին ինձ հասած վերքի կսկիծը:

Ինչ՞ անեք Դուք, ինչ՞ անեմ ես և նրա դժբախտ ծնողները կամ ծանոթ-հարգողները: Շատերը փորձում են մխիթարել ինձ ասելով՝ Աստծո կամքն էր, որ նա գա յուր հայրենի հողին արժանանա: Եվ իսկապես նրա հուղարկավորությունը Շրվենանցի դպրոցից մինչև Խլաթաղ, և այնտեղ հողին հանձնելու հանդիսավորությունը, աշակերտների ու ուսուցիչների, շրջակա գյուղորայքի և հանքերից եկած ինտիլիգենցիայի ներկայությունը կարծեք մխիթարում էին ինձ , որովհետև նա դուրս գալով գյուղական միջավայրից՝ յուր իսկ անվան ջանքերով և իմ ընձեռած փոքրիկ հարմարություններով կարողացավ ՁԵՌԱԳՈՐԾԻ ՎԱՐԺՈՒՀԻ կոչմանն հասնել և հենց այստեղ էլ վրա է հասնում նրա կյանքի վերջակետը…

Այժմ կարճ պատմեմ, թէ նրա մահը ինչից էառաջացել:

Առանձին ցավ կամ /…/ չէր զգում, բայց սիրտը խառնում էր և որոշ փոփոխություններ էր նկատում իր մեջ:Նոյեմբերի 23-ին կիրակի էր, ես հանք էի գնացել, Աննան կարգադրել էր ինձ ֆելշերից (բժիշկ չկար այն ժամանակ) սիրտը խառնելու դեմ մի ճար: Երբ ֆելշերին հարցրի, նա բոլորովին ուրիշ կերպ բացատրեց և ոչինչ չառավ: Նոյեմբերի 25-ին երրորդ դասը պարապեց, ժամը 12-ին դասարանից եկավ տուն, փորի մեջ ծակոցներ զգաց, սիրտ թափեց շատ և սկսեց ուշքը գնալ: Ես իսկույն մարդ ուղարկեցի հանքի ֆելշերի հետևից, իսկ ինքս սառը պրիմոչկաներով և կաթիլներով պահում էի: Երեկոյան ֆելշերը չեկավ, ճարը չհասցրեց, իսկ 26-ին առավոտյան ժամը 6-ին, հանգիստ ավանդեց հոգին: Ժամը 7-ին պայծառ օր լուսացավ, բայց ինձ կյանք ու խինդ տվող Աննան արդեն խավարել էր:Երկու շաբաթ շանթահարի պես շշմած ընկած էի…Գժվածի պես դպրոց էի գալիս ձեռագործները, բանտ դարձած բնակարանս տեսնում լալիս, գնում էի Խլաթաղ, սառը շիրիմը համբուրում, լալիս, վերջը՝ լաց,լաց,լաց…

Նոր եմ ուշքի եկել, գործի կպել, դասերը կանոնավորել և դպրոցական կյանքին նորմալ ընթացք տվել: Մահը չարիք համարելով, ուզում եմ աշխատանքով կռվել նրա դեմ: Կհաջողվի՞ ինձ հաղթել նրան, թե ես ևս ընկճախտով կնկնեմ կես ճանապարհին, այդ չգիտեմ; Է՜հ, ներեցեք, Գասպար Իվանիչ, որ շատ եմ երկարում, գլուխդ ցավացնում:

Առաջիկա տոների համար որոշած էինք կազմել ցերեկույթ, ներկայացում, տոնածառ, որոնց ներկա լինելու համար պիտի հրավիրվեին շատ ուսուցիչներ և հանքերի ինտիլիգենցիան: Բայց այս բոլորը ջուրն ընկավ: Խորապես համոզված, որ Դուք և թանկագին տ.Շուշանիկն էլ վշտակից եք ինձ, մխիթարում եմ ինձ և սփոփանք ցանկանում Ձեզ:

Սրտաբեկ և վշտահար ջերմագին բարևներով Ձեզ միշտ հարգող՝ դժբախտ Գեդեոն Տեր-Մինասյան

15.12.1914 թ., Շրվենանց »

(ԴՊՐՈՑԻ և ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՍ՝ ՀԱԱ, Ֆ. 1377 Ց. 1 Գ Գ. 3,4,8, 11, 12,13,14,18, 19, 24 )

ՄԱՆԳԻ ՉԽՈՒՐ

Շրվենանց գյուղից վերև մի գեղեցիկ վայր կա, որին անհիշելի ժամանակներից գյուղի ժողովուրդը տվել է Մանգի չխուր(այսինքն՝ Մանգի փոս, ձորակ) անվանումը: Թե ինչո՞ւ է կոչվում Մանգի, ոչ ոք հստակ ասել չի կարող, պարզապես անունը սերնդե սերունդ հասել է մեզ: Տարածքում հանքային բուժիչ աղբյուր է հոսում, որի ջուրը հարուստ է երկաթով, նատրիումով, կալցիումով և հիդրոկարբոնատային բաղադրությամբ: Տեղացիները անվանում են նաև Թթու ջուր: Նույնիսկ ամռան տապին աղբյուրի ջուրը պահպանում է իր բնական սառնությունը, իսկ ձմռանը չի սառչում: Տեղացիների մոտ կարծիք կա, որ Թթու ջուրը կապ ունի հարևան Վերին Խոտանան գյուղի ստորգետնյա ջրերի հետ: Աղբյուրը գտնվում է փոսորակի մեջ, և շրջապատված է խիտ անտառով: Աղբյուրի շրջակայքը ամբողջությամբ նարնջագույն տեսք է ստացել, որովհետև դարերով այստեղ թափվող ջուրը հողը հարստացրել է երկաթով և ծծումբով:

Տեղացիները հիշում են գյուղը երեսուն տարի ղեկավարած Արամ պապին(Արամ Օհանյան), որը սիրում էր կրկնել՝ ով խմի թթու ջրից, նախագահ կդառնա: Վերջին գյուղապետ Արմինե Մանուկյանը ծիծաղով հիշում է, որ 18 տարվա հարս էր և երբեք այդ ջրից չէր խմել: 18 տարի անց որոշում է փորձել ջուրը և այդ տարին էլ ընտրվում է գյուղապետ: Աղբյուրից ոչ հեռու բաց հարթ տարածություն է ձգվում, որտեղ մի մենավոր ընկուզենի կա: Տեղացիներն ու դրսից եկած հյուրերը հաճախ են գնում ընկուզենու մոտ՝ նրա շվաքի տակ հանգստանալու:

ՇՐՎԵՆԱՆՑԸ ՀԱՐՈՒՍՏ Է ԲՆՈՒԹՅԱՆ և ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ, ՈՐՈՆՑԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ.

  1. ՉՌՉՌԱՆ—15 մ բարձրությամբ ջրվեժ է քարաժայռերի մեջ, որի առաջացրած ջրավազանում ամռանը լողանում են համարձակ մարդիկ
  2. ՄԱՆԳԻՆ ՉԽՈՒՐ—հանքային աղբյուր է, որը գտնվում է գյուղից վեր, անտառում, փոսորակի մեջ: Տեղացիները անվանում են նաև Թթու ջուր, որը հարուստ է երկաթով, նատրիումով, կալցիումով և հիդրոկարբոնատային բաղադրությամբ:
  3. ՍԱԹԵՆԻԿԻ ԱՂԲՅՈՒՐ— գտնվում է գյուղ մտնող ճանապարհի աջ մասում և ծառայում է որպես հանգստյան գոտի
  4. ՇՈՌ ԱՂԲՅՈՒՐ (ՀՀ կառավարության 2006 թ. որոշումով վերանվանվեց՝ Աղի)
  5. ՆԱՎ (աղբյուր )
  6. ԶԿՌՈՏ (աղբյուր )
  7. ՎԱՐԴԱՆԱՆՑ (աղբյուր )
  8. ՄԵԼԻՔԱՑ ԱՐՏ— գտնվում է գյուղից հյուսիս:Մելիքաց է կոչվում հավանաբար գյուղի հիմնադիր Մելիք Շրվենի անունից: Մելիք Շրվենի մասին հիշատակում է կաթողիկոս Աբրահամ Կրետացին, ով 1736 թվականին անցել է այս կողմերով: Այս տարածքը հայտնի է ուշ բրոնզեդարյան դամբարանադաշտով
  9. ՀԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ, որը 2010 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է Խաչքարերով հին գերեզմանատուն անվանումը (14-19-րդ դդ.)
  10. Սբ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ—10-րդ դար, գտնվում է գյուղի գերեզմանատանը՝ շրջապատված է հին տապանաքարերով և մահարձաններով: Եկեղեցու մուտքի մոտ աչքի է ընկնում վանահոր ՝ Հովհաննես Տեր Մարգարյանցի, մարմարե մահարձանը
  11. ԿԱՐԴ ՔԱՐ
  12. ԿՌԿԼԱՎԵՆ ՔԱՐ
  13. ԳԻՆԵՔԱՐ
  14. ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ-նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին: Գտնվում է գյուղի կենտրոնում
  15. ՀՈՒՇԱՐՁԱՆ— նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին
  16. ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԵՆՔ— կառուցված է բարերար Գասպար Տեր Մարգարյանցի կողմից 1901 թվականին

Լուսանկարը՝ Արմինե Հովհաննիսյանի

Կարդալ նաև՝

Շրվենանց գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան