Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ խորհրդարանում ունեցած վերջին ելույթը, որ լայնորեն տարածվեց իշխանական լրատվամիջոցներով, բումերանգի էֆեկտ ունեցավ և մեկ-մեկ հարվածեց տարբեր պատճառներով Հայկական բանակից խուսափած և փաստացի դասալիք իշխող Հանրապետական կուսակցության տասնյակ պաշտոնյաների և նրանց որդիներին:
Սարգսյանը զգայացունց ելույթով հայ ժողովրդի համար բացահայտում էր խորհրդարանի ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության երկու անդամների՝ Էդմոն Մարուքյանի և Արարատ Միրզոյանի կապը Հայկական բանակի հետ:
«Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ Դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար: Բայց զարմանում եմ, թե Դուք ի՞նչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո: Ձեր ո՞ր արածի համար Զինված ուժերի և բանակի համար, որ հիմա էլ էս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի, դիսկոմֆորտի մեջ: Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել, շատ հստակ՝ ո՞նց է եղել, որ ինքը զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում: Էդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, իր բառապաշարը երեկվա օգտագործելով, ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է էդ արտոնությունը ստացել: Իսկ եթե ֆորմալ չի եղել, եթե երկուսն էլ իրական է արել, ինչի՞ է կարծում, որ ինքը դա կարող է անել, իսկ էսօր զորակոչվող ուսանողը չի կարողանալու դա անել: Վերին արտի ցորե՞ն է», – հարցրել էր Սարգսյանը:
Ե՛վ Միրզոյանը, և՛ Մարուքյանը պատասխանեցին Սարգսյանին: Սակայն այս պատմության մեջ կարևորը այլ բան էր:
Նախքան այս ելույթը շատ քչերին էր հայտնի, որ պաշտպանության նախարարի տասնյակ կուսակիցներ ու նրանց որդիներ չեն ծառայել բանակում: Հենց այդ ելույթի ժամանակ նրանց մի մասը նստած էր Ազգային ժողովի դահլիճում:
Հետագա օրերին լրատվամիջոցներում, որոնք չեն վերահսկվում Բաղրամյան 26-ի կողմից, եղան բազմաթիվ հրապարակումներ, թե ինչու, ինչպես և ինչ պատճառաբանություններով են Հայկական բանակից խուսափել կարկառուն ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Տարոն Մարգարյանը, Կարեն Ավագյանը և մյուսները:
Վիգեն Սարգսյանը, եթե չէր հետապնդում կուսակցական նպատակներ, ապա արդարացի կլիներ, եթե իր նույն ելույթի ընթացքում ոչ միայն տար ԵԼՔ-ի պատգամավորների, այլ ի՛ր, առաջին հերթին հենց ի՛ր կուսակիցների անունները:
Հարգարժան նախարարը կարող էր խորհրդարանի ամբիոնից զարմանալով հարց տալ, թե Դուք, պարոն Աշոտյա՛ն, ի՞նչ խղճով եք ստացել փոխգնդապետի կոչում՝ մի օր զորամասում չծառայելուց հետո:
Պարոն Շարմազանո՛վ, Ձեր ո՞ր արածի համար եք 2006-ին (երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր – խմբ.) ՊՆ-ից ստացել «Գարեգին Նժդեհ» (2006, ՊՆ), իսկ 2008-ին «Անդրանիկ Օզանյան» մեդալներ:
Պարոն Տարոն Մարգարյա՛ն (ում հետ նախարարը մի քանի օր անց մեկնեց Արցախ – խմբ.), Դուք մեկ օր բանակում չծառայելով, ինչպե՞ս եք երկու մեդալ ստացել ՊՆ-ից, Ձեր ո՞ր արածի համար:
Պարոն Կարեն Ավագյա՛ն, Միհրան Հակոբյա՛ն, իմ կուսակցական ու կոալիցիոն գործընկերներ, Դուք կամ Ձեր որդիները, ինչո՞ւ չեք ծառայել Հայկական բանակում, վերին արտի ցորե՞ն եք:
Վիգեն Սարգսյանի ելույթը մեկ այլ զարգացում ստացավ: Նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկինը ֆեյսբուքյան գրառումով, առանց անուններ տալու, գրեց.
«Մի բարձրաստիճան պաշտոնյա ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի, հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին… Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին»:
Թեև տիկինը անուն չէր նշել, ՊՆ մամուլի խոսնակը հարկ համարեց անդրադառնալ Ռուզաննա Խաչատրյանի գրառմանը՝ հաստատելով, որ նա նկատի ունի հենց Վիգեն Սարգսյանին. «Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերն այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք», ինչպես նաև Հայաստանի Քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը: Անկախ այդ պարզաբանումներից, պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է. 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով՝ խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբևէ չի ունեցել և չունի որևէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որևէ հիմք: 2. Նախարար Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որևէ այլ մարմնի կողմից չի իրականացվել որևէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որևէ ընթացակարգ: 3. Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով Հայաստանի Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»:
ԵԼՔ-ի պատգամավորները հայտարարեցին, որ իրականում նախարար Սարգսյանը նորմալ չի ծառայել բանակում, այլ 2000-ից, երբ 25 տարեկան էր և ավարտել էր բուհը, ծառայել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կաբինետում՝ որպես ռեֆերենտ:
Վիգեն Սարգսյանի զգայացունց ելույթը բումերանգի երանգ ստացավ: