Հոկտեմբերի 27-ը. ավելին, քան ահաբեկչություն

1681

18 տարի առաջ այս օրը արձանագրվեց Հայաստանի պատմության ամոթալի էջերից մեկը. Հոկտեմբերի 27-ը:

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խորհրդարանի դահլիճ  ներխուժեցին Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները: Ահաբեկչական խումբը «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների ուղղությամբ:

Աննախադեպ ոճիրից հետո ահաբեկիչները խորհրդարանի հատակին պառկեցրին ողջ և  արնաշաղախ նախարարներին ու պատգամավորներին: Պահպանված կադրերը սահմռկեցուցիչ են. Հունանյանը բարձրանում է Ազգային ժողովի ամբիոն` հայհոյանքներ թափում սպանվածների հասցեին, շարունակում կրակահերթերը:

Հոկտեմբերի 27-ին զոհ գնաց ութ մարդ, այդ թվում երկրի երկրորդ և երրորդ դեմքերը՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ը որակեց «ահաբեկչության ճանապարհով՝ հեղաշրջման փորձ»:

Այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանը, ով Ազգային անվտանգության նախարարն էր և Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղակի պատասխանատվություն էր կրում երկրի անվտանգության ապահովման համար, հրաժարական տվեց, սակայն կարճ ժամանակ անց կրկին վերադարձավ՝ զբաղեցնելով առանցքային այլ պաշտոն Քոչարյանի իշխանական համակարգում:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն և Սերժ Սարգսյանների պարտադրանքով նաև հրաժարական էր տվել ոճիրից մեկուկես տարի առաջ, հրապարակեց հայտարարություն՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ և միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը:

Ահաբեկչությունից ուղիղ 10-ը տարի անց Տեր-Պետրոսյանը հրապարակում հայտարարեց, որ «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում, մի բան, որ անհնար է անել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության պայմաններում»:

Ինքը՝ Քոչարյանը, Հոկտեմբերի 27-ի բացահայտումը համարեց շատ պարզ մի բան՝ «ուչաստկովիի գործ»:

Ովքե՞ր էին օժանդակել ոճիրի իրականացմանը: Խոսվում էր ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին ուժերի հնարավոր ներգրավվածությունից, շրջանառվում էին բազմաթիվ վարկածներ: Դատավարությունը չկարողացավ պարզել ամենակարևորը՝ ովքեր են կանգնած ահաբեկիչների թիկունքում:

Պաշտոնական վարկածով կատարվածը ահաբեկչական գործողություն էր՝ իշխանությունը զավթելու նպատակով: Կազմակերպիչների, պատվիրատուների գոյությունը վճռականորեն ժխտվում էր գրեթե ի սկզբանե: Սպանվածների հարազատների և հանրության մի ստվար հատվածի համար անվիճելի էր, որ Հոկտեմբերի 27-ը հեղաշրջման փորձ չէ, այլ նախապես ծրագրված քաղաքական սպանություն:

2003թ. հոկտեմբերին կայացած հանրահավաքներից մեկում ընդդիմադիր Արդարություն դաշինքը հրապարակեց հայտարարություն, որով Քոչարյանը բացահայտորեն մեղադրվում էր 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:

Վարկածներից մեկը կապվում էր ղարաբաղյան կարգավորման, մասնավորապես տարածքների փոխանակման Մեղրիի տարբերակի հետ: Ընդ որում, մամուլում և դիվանագիտական շրջանակներում տեսակետ կար, թե այդ տարբերակին դեմ էին ոճրագործությանը զոհ գնացած Սարգսյանն ու Դեմիրճյանը: Նրանց հարազատները ևս այդ կարծիքին են:

Հայկական մամուլը ահաբեկչությունից և դատավարությունից տարիներ անց էլ ուշադրությամբ հետևում է Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող զարգացումներին և ներկայացնում զարմանալի զուգադիպություններ:

Մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը, ով ոճրախմբի անդամ էր, 2000թ. օգոստոսի 29-ին էլեկտրահարվեց բանտախցում` դեռևս  գործի նախաքննության փուլում: Հանցախմբին զենք վաճառած Եղիազարյանը դատարան չհասավ:

Վռամ Գալստյանը Հունանյանների քեռին էր, Նուբարաշենի մեկուսարանում 2004թ. ապրիլի 16-ին նրան հայտնաբերեցին կախված:

Համլետ Ստեփանյանը ոճրախմբի անդամ էր, ըստ պաշտոնական վարկածի հանկարծամահ է եղել 2010 թ. մայիսին:

Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը գործով կալանավորված անձանցից մեկն էր, ով ազատ արձակվեց և մահացավ 2004թ. սեպտեմբերի 18-ին՝ ուշքի չգալով մայիսի 28-ին Ապարան-Երևան ավտոմայրուղու վրա պատահած ավտովթարից հետո:

Ռոզա Հովհաննիսյանը գործով անցնող վկաներից էր, ԱԺ նախկին բուժքույր, տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ ավտովթարից մահացավ 2004թ. սեպտեմբերի 1-ին:

Հասմիկ Աբրահամյանը Ազգային ժողովի արձանագրային բաժնի աշխատակցուհի էր, գործով վկա, ինքնասպան եղավ 2004թ.: 45-ամյա Հասմիկին գտել էին կախված` հենց Ազգային ժողովի շենքում:

Այս առեղծվածային շարքը կարել է շարունակել, նշելով նաև մի քանի լրագրողների ու պաշտոնյաների անուններ, որոնք ուղղակիորեն մաս են կազմել Քոչարյան-Սարգսյան իշխանության:

1999-ի Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում սկիզբ դրվեց միահեծան իշխանության, որը շարունակվում է մինչև այսօր:

Այս իմաստով, Հոկտեմբերի 27-ը ավելին էր, քան ահաբեկչություն:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ