Քյազիմ Կարաբեքիր փաշայի հեռագիրը
8 նոյեմբեր 1920թ
Հայկական բանակի հրամանատարությանը, հայկական կառավարությանը
Առաջին. 24 ժամվա ընթացքում Ալեքսանդրապոլում, բոլորովին գործածելի վիճակում երկու հազար արագահարված հրացան, սարքով և կենդանիներով միասին, 20 հատ ծանր ու 40 հատ թեթև գնդացիր, երեք մարտկոց թնդանոթ, 4.000 ջորի, 1000 սնդուկ հրացանային ռազմամթերք, 6000 թնդանոթի ռումբ, երկու շոգեմեքենա և 50 վագոն պիտի հանձնվեն մեզ: Կանոնավոր և անկանոն հայկական զինվորական ուժերը Արփաչայի ընթացք-Ալագյազ կայարան-Կիրմիզլի-Կոլիջան-Նալբանդ կայարան-Վորոնցովկա գծից արևելք պիտի քաշվեն. այս գծից արևմուտք գտնվող երկաթուղագիծը չքանդված և անվնաս պիտի թողնվի:
Երկրորդ. առ առավելն 3 օրվա ընթացքում դարձյալ կանոնավոր և անկանոն հայկական զինված ուժերը Սուրմալու-Արաքս կայարան-Կիզիլչի-Արեթ-Ալագյոզ լեռան լանջը-Տանագերմազ-Նովո Միխայելովկա-Լոռիքենդ-Շերմուտ Յալվանդաղ գծից արևելք պիտի քաշվեն:
Երրորդ. զինադադարի կնքումից անմիջապես հետո Սանահին կայարանի և Ալեքսանդրապոլի միջև երկաթուղագծի վրա ամեն տեսակ ռազմական պիտույքների փոխադրությունը պիտի կանգ առնի: Այս փոխադրությունները ստուգելու համար Սանահին կայարանը և Ղարաքիլիսե մեկ-մեկ հանձնախմբեր պիտի ուղարկեին և հայկական կառավուրությունը վերոհիշյալ հանձնախմբերի անձեռնմխելիությունը և Ալեքսանդրապոլի շրջանում նրանց արևելյան ճակատի հրամանատարության հետ կանոնավորպես և ապահովապես կապ ունենալը պիտի ապահովվի:
Չորրորդ. մինչև զինադադարի երրորդ օրը, երեկոյան երկու կողմի պատվիրակները հաշտության բանակցություններ սկսելու համար Ալեքսանդրապոլ պիտի գտնվեն և այս ժամանակի ընթացքում եթե առաջին և երկրորդ պայմանների բովանդակությունը իրագործված է. իսկույն հաշտության բանակցությունները պիտի սկսվեն:
Հինգերորդ. զինադադարի ժամանակի ընթացքում մեր զորամասերը Ալեքսանդրապոլի շրջանում, առաջին պայմանում հիշված Արփաչայ ընթացք-Նալբանդ կայարան-Վորոնցովկա գծից արևելյան կողմը և մյուս շրջաններում իրենց գտնված գծից առաջ չպիտի անցնեն:
Վեցերորդ. զինադադարի կնքումից անմիջապես հետո երկու կողմից թշնամական գործողություններին վերջ պիտի տրվի:
Յոթերորդ. սույն զինադադարի պայմանները Ալեքսանդրապոլի շրջանում գտնվող հայկական առաջավոր մասերին հանձնվելու ժամից գործադրության մեջ են մտնում և պայմանաժամը, ի վերջո, եթե կարիք զգացվի երկարաձգելու պայմանով, յոթ օր է:
Քյազիմ Կարաբեքիր