Վարչապետ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրանը, չի ծառայել Հայկական բանակում, բիզնեսմեն է

20648
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների որդիները հիմնականում կամ չեն ծառայել Հայկական բանակում կամ “ծառայել են” թղթով միայն: Այսինքն, նրանց գրանցել են որևէ զինվորական ստորաբաժանման կազմում և տուն ուղարկել:

Հայկական բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիներից մեկը Տիգրան Կարապետյանն է՝ գործող վարչապետի որդին: Այդ մասին ժամանկին գրել է Factor.am-ը՝ ներկայացնելով Հայկական բանակում չծառայած պաշտոնյաների որդիների ցուցակը:

Վարչապետ Կարապետյանը այս տարվա ապրիլին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել էր կառավարության պաշտպանական ծրագրի հիմքում դրված «ազգ–բանակ» գաղափարին`«հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքին:

Դա ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, ինչպես նաև անհատները պետք է հստակ պատկերացնեն, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ մեր երկրի պաշպանության գործում: «Այս գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է»,- գրել էր վարչապետ Կարապետյանը։

—-

Հատվածաբար՝ ՀԵՏՔում 2016-ի սեպտեմբերին հրապարակված հոդվածը, որը ներկայացնում է վարչապետի և նրա որդու տնտեսական գործունեությունը:

Վարչապետի հետ առնչություն ունեցող բիզնեսները և օֆշորային ընկերությունները

Քրիստինե Աղալարյան

ՀԵՏՔ, 9 սեպտեմբերի, 2016 

Հայաստանում Կարեն Կարապետյանն իր անվամբ գրանցված բիզնես, կարծես թե, չունի: Հովիկ Աբրահամյանի նման նա էլ է իր հարազատների անուններով ձևակերպել իր բիզնեսները: Կարապետյանի ընտանեկան բիզնեսի «պաշտոնական ներկայացուցիչը» նրա ավագ որդին է՝ Տիգրան Կարապետյանը:

Տիգրան Կարապետյանը 50% բաժնեմաս ունի կանանց ներքնազգեստի Women’ secret խանութ-սրահի սեփականատեր «Էդ ընդ Թի Փարթներս» ՍՊԸ-ում: Բաժնետոմսերի մնացած կեսը Էդգար Խաչատրյանին է պատկանում, ով հանրահայտ «Դալմա Գարդեն Մոլի» տնօրենն է: Էդգար Խաչատրյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կոմերցիայի և արտաքին կապերի գծով գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Տիգրան Խաչատրյանի որդին է:

Կարապետյանները բիզնես գործընկեր են ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:

«Դալմա ինվեստ» ՍՊԸ-ում Տիգրան Կարապետյանը 1% բաժնեմաս ունի, իսկ 99% բաժնետոմսերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված օֆշորային «Հոլթ Հոլդինգ ընդ. ֆայնենս» ընկերությանն է:

Կարեն Կարապետյանի որդու անունը երևում է «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ում: Այնտեղ, ճիշտ է, չնչին բաժնեմաս ունի, բայց բացառված չէ, որ օֆշորային խոշոր բաժնետեր ընկերությունը՝ ԲՎԿ-ում գրանցված «Քլիֆֆ Թրեյդ էնդ ինվ. Ինկ»-ը ևս Կարապետյանների ընտանիքինն է: Դա պարզել մեզ դեռևս չհաջողվեց:

Կարեն Կարապետյանի անվան հետ մշտապես կապվող, Հրազդանի կիրճում գործող «Ֆլորենս» ռեստորանը նույնպես որդու անվամբ է: «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ում, որն աշխատեցնում է ռեստորանը, Տիգրան Կարապետյանը 65% բաժնեմաս ունի: 35%-ի բաժնետերն էլ 26-ամյա Լիլիթ Նիկոլայի Գաբրիելյանն է:

Կարապետյանների «Ֆլորենս» ռեստորանն իր «քույրն» ունի նաև Արցախում: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գործում է ևս մեկ «Ֆլորենս» ռեստորան:

Գովազդային գործակալություն «Բի Բի մեդիա»-ի հետևում ևս Կարեն Կարապետյանի որդին է: «Կատանա» ՍՊԸ-ն, որտեղ վերջինս 50 տոկոս բաժնեմաս ունի, այդ գործակալության հիմնադիրն է՝ «Բագ ընդ Բադ» ՍՊԸ-ի միջոցով: Այս ընկերությանը «Հետքն» արդեն մեկ դրվագով անդրադարձել է: Տիգրան Կարապետյանի գործընկերն այստեղ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանն է: Կարեն Կարապետյանի դուստրն ամուսնացել է Հայկ Հարությունյանի հետ:

Գազի սպասարկում իրականացնող «ԷՅԻՋԻՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն ևս կապում են Կարեն Կարապետյանի անվան հետ, որովհետև ընկերության հիմնադիր և բաժնետեր եղել է Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից: Այժմ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արթուր և Լուսինե Սուրենյանները՝ 16 և 14 տոկոս բաժնեմասերով: Վերջիններս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են: Այս ընկերության ամենամեծ բաժնետերը (42%) Արսեն Հարությունյանն է: Նա նույն, ինչպես նաև Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը կառավարող ընկերության՝ «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:

26% բաժնեմաս ունի նաև քաղաքացի Արթուր Գելեզարովը, ևս 2%՝ Սոնա Պիծակյանը: Վերջինս, ըստ ամենայնի, Արսեն Հարությունյանի կինն է, քանի որ գրանցված են նույն հասցեում:

«Սփար բերիի» ՍՊԸ-ն ամբողջությամբ Կարապետյան կրտսերի տիրապետության տակ է: Ընկերությունը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ է մատուցում:

Կարապետյանների տան հասցեում է գրանցված «Կրբեդանց» ՓԲԸ, որը ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առեւտրi մասնագիտացված խանութ է: Այն մասն է Շվեյցարիայում գրանցված և տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanzբրենդի, որը զբաղվում է նաև ժամացույցների արտադրությամբ: Տիգրան Կարապետյանն այստեղ նաև տնօրեն է:  Ընկերության անվանումը վերցված է Կարապետյանների ազգանվան՝ ղարաբաղյան արտասանության տարբերակից (Կարապետանց, այսինքն՝ Կարապետի ժառանգները): «Կրբեդանց» ՓԲԸն հայտնվել է ՊԵԿ-ի պարտադիր աուդիտ չանցած խոշոր ընկերությունների ցանկում:

«Արտսոլեի» ՍՊԸ-ում Տիգրան Կարապետյանը հավասարապես կիսում է բաժնեմասը Արմեն Մկրտչյանի հետ: Ընկերությունը գազալցման կայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտրով է զբաղվում:

Եվս երեք ընկերություն էլ Տիգրան Կարապետյանը գրանցել է վերջին տարիներին՝ «Ադջառա 1»«Ադջառա 2» և «Ադջառա 3» ՍՊԸ անուններով: ՊԵԿ-ից տեղեկանում ենք, որ «Ադջառա 1»-ը զբաղվում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների և ծրագրային ապահովման մեծածախ առևտրով: