Հայաստանի կառավարության հաղորդագրությունը Ալեքսանդրապոլի գրավման առիթով. 1920-ի նոյեմբերի 7

3738

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Կարսի անկումից յետոյ թշնամու անընդհատ ճնշման տակ մեր զօրքերը ստիպւած եղան քայլ առ քայլ նահանջել դէպի Ալէքսանդրապօլ: Երէկ, ամսոյս 6ին թշնամու զօրքը հասել էր արդէն Ալէքսանդրապօլի տակ և սպառնում էր քաղաքին:

Մի կողմից Ալէքսանդրապօլի ժողովրդին սպառնացող վտանգը և միւս կողմից մեր և  Անգօրայի կառավարության կողմից փոխադարձաբարար արտահայտւած ցանկութիւնը՝ բանակցութիւններ սկսել հաշտութեան դաշն կապելու համար, մեր կառավարութիւնը նոյնպէս դիմեց Անգօրայի կառավարությանը հաշտութեան բանակցութիւնն սկսելու համար, որի տեղն ու ժամանակը կորոշւի մօտ օրերս:

Միևնույն ժամանակ մեր եւ թուրք զօրահրամանատարութիւնների միջև տեղի ունեցաւ բանակցութիւններ անմիջական զինադադարի մասին: Բանակցութիւնները յաջող ելք ստացան և արդէն կնքված է զինադադար հետևյալ պայմաններով,

ա. մէնք ետ ենք քաշում մեր զօրքերը Արփաչայի արևմտեան (ձախ) ափից,

բ. թուրք զօրքերը զինադադարի ժամանակ գրաւում են Ալէքսանդրապօլի բերդը, երկաթուղային կայանը և քաղաքի շուրջը 10 կիլոմետր (մօտ 5 վերստ) շրջագծով,

գ. թուրք հրամանատարութիւնը երաշխաւորում է, որ քաղաքում չի խանգարւի կարգը և ազգաբնակութեան ապահովութիւնը:

Համաձայն այս պայմանների զինւորական գործողութիւնները դադարեցին այսօր, նոյեմբերի 7-ին և կեսգիշերից յետոյ մեր զօրքերն սկսեցին կանոնաւոր կերպով իրենց զէնքերով ու զինամթերքներով քաշւել նախօրօք նշանակաւած տեղերը:

Միաժամանակ կառավարութիւնը, ի նկատի ունենալով, որ հակառակ իր հրահանգի Ալէքսանդրապօլի քաղաքացիական իշխանութիւնը և ինքնավարութեան օրգանները թողել են քաղաքը և հեռացել, հաստատեց քաղաքագլխի պաշտօնում հասարակութեան կողմից ընտրված պ. Լևոն Սարգսեանին և նշանակեց նրան կառավորութեան ներկայացուցիչ՝ իսկ իբր խորհրդականներ պարլամենտի անդամ պ. Ենովք Միրաքեանին, Պ. Շերմազանեանին և գեն. Պ. Մելիք-Շահնազարեանին: Իսկ Ալեքսանդրապօլի նախկին քաղաքագլխին, քաղաքի և կայարանի միլիցիապետներին և մի շարք ուրիշ պաշտօնեաներին կառավարութիւնը կարգադրեց ձերբակալել դատի ենթարկելու համար:

Հաղորդելով այս ամենը, կառավարութիւնը վստահ է, որ կնքւած զինադադարը և սկսված բանակցութիւնները հաշտութեան մասին կտան ցանկալի արդիւնքը: Պարզ է, որ բանակցութիւնների ելքը այնքան բարեյաջող կլինի մեզ համար, որքան մեծ կլինի մեր դիմադրողական ուժը:

Ամեն մի քաղաքացի պարտական է լաւ ըմբռնել այս պարզ ճշմարտութիւնը, թև ու թիկունք հանդիսանալ մեր հայրենիքը պաշտպանող բանակին:

Կառաւարութիւն Հայաստանի Հանրապետութեան

7 նոյեմբեր 1920 թ. Երևան

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 245, Երեքշաբթի, 9 Նոյեմբերի, 1920թ․