Գումբուրդոյի եկեղեցու դեպքերի շուրջ Վիրահայոց թեմի կեցվածքը` անհասկանալի. հայտարարություն

1706

Ախալքալաքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները տեղիք տվեցին տարաբնույթ մեկնաբանությունների, տեղի ունեցան նաև դեպքերին հաջորդող զարգացումներ: Օրերս հատուկ հայտարարությամբ հանդես եկան նաև վրաստանյան մի շարք պետական և կրոնական կազմակերպություններ, որոնք, ի թիվս նշյալ խնդրին առնչվող այլևայլ հարցերի շոշափման, հայտարարեցին նաև Գումբուրդոյի միջնադարյան եկեղեցու վրացական լինելու մասին: Նշյալ հայտարարության տակ ստորագրել է նաև ՀԱԵ Վիրահայոց թեմը, որի առաջներդ Վազգեն եպս. Միրզախանյանն օրերս այցելեց Գումբուրդո և տեղում ներկայացրեց հարցի կարգավորման ընթացքը:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, քննարկման արժանացնելով իրադարձությունների վերջին օրերի ընթացքը, փաստում է, որ հանրությանը հայտնի էր վրացական կողմի տեսակետը, և այն լրացուցիչ մեկնաբանման կարիք չունի: Փոխարենը խիստ անհասկանալի էր Գումբուրդոյի եկեղեցու վրացական լինելու մասին հայտարարության տակ ՀԱԵ Վիրահայոց թեմի ստորագրությունը, քանի որ իրականում վերջին օրերին ծավալված խնդիրն առնչվում էր ոչ թե տաճարի ազգային պատկանելությանը, այլ տեղի ազգաբնակչության կողմից իրենց նախնյաց շիրիմների հիշատակին խաչքարի տեղադրմանը:

Խորհուրդը համաձայն չէ նաև հայտարարության մեջ տեղ գտած և տաճարի ազգային պատկանելությանը վերաբերող դրույթի հետ և գտնում է, որ, տաճարի ծագման քաղկեդոնական լինելու հանգամանքից անկախ, այն դարերով օգտագործվել է առաքելադավան գումբուրդոցիների կողմից, ըստ այդմ՝ տաճարի ճակատագրի որոշման հարցում իրենց մասնակցությունը պետք է ունենան նաև այդ հուշարձանն օտար զավթիչներից պաշտպանած և իրենց նախնյաց գերեզմաններով սրբացրած գումբուրդոցիները:

Խորհուրդը դատապարտում է նաև Վրաստանի ուժային կառույցների իրականացրած վերջին գործողություները, որոնք իրականացվեցին իրենց նախնիների հիշատակին իրականացվելիք միջոցառման, այն է՝ խաչքարի տեղադրման համար եկեղեցու շուրջը հավաքված գումբուրդոցիների հանդեպ: Խորհուրդը, չբացառելով ստեղծված թոհուբոհի մեջ տարբեր շրջանակների կողմից սեփական շահադիտական նպատակներով ասպարեզում հայտնվելու հանգամանքը, դատապարտում է բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են նորանոր բախումներ հրահրելուն և իրավիճակի անկայունացմանը: Խորհրդի կողմից անթույլատրելի են համարվում նաև այս հողի վրա քաղաքական կամ նախընտրական բոլոր շահարկումները:

Ելնելով նշյալ հանգամանքից՝ Խորհուրդը դատապարտում է բոլոր այն գործողությունները, որոնք ոտնահարում են ժողովրդի արդար պահանջները: Խորհուրդը հորդորում է խնդրով շահագրգիռ բոլոր կողմերին՝ հետամուտ լինել գումբուրդոցիների մտահոգություններին և հնարավորություն տալ վերջիններիս խելամիտ ժամկետներում ծրագրելու և իրականացնելու իրենց նախնյաց հիշատակը հարգելուն ուղղված քայլերը:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ, Ախալքալաք

Կարդալ և դիտել նաև՝

Գումբուրդո՝ միջադեպի խորապատկերը. Արգամ Երանոսյան

Կումուրդոյի եկեղեցին ունեցել է պատմության երկու կարևոր փուլեր. Սամվել Կարապետյան