Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը. փաստեր և իրադարձություններ

2133

Ձախողված ֆուտբոլային դիվանագիտությունը․ ժամանակագրություն

2009թ․ հոյտեմբերի 10-ին Հայաստանը և Թուրքիան Ցյուրիխում ստորագրեցին հարաբերությունների կարգավորման արձանագրություններ։ 

2008 թ. հունիսի 23-ին, Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: «Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև»,- ասաց Սարգսյանը:

2008թ. սեպտեմբերի 6-ի կեսօրին Աբդուլլահ Գյուլը ժամանեց Երևան. այցը տևեց 6-7 ժամ: Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթե արդեն հին զինանշանի վրա Արարատ սարն էր, ապա նորի վրա ուղղակի գնդակ էր  նկարված: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանվել էր նաեւ Արարատ սարի պատկերը: Ընտրական հանդիպումից մեկ ամիս անց Արարատ լեռը նորից դրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյում նոր ձևավորմամբ: Ֆուտբոլային խաղն ավարտվեց Թուրքիայի հաղթանակով՝ 2-0:

2008թ. սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ելույթում Սերժ Սարգսյանը մեջբերեց Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը, ով ասել էր, որ «Թուրքիան պատրաստ է նայել իր անցյալին, պատրաստ է դեմ հանդիման կանգնել ենթադրվող հանձնաժողովի եզրահանգումներին»: Սարգսյանի կարծիքով` «Սրանք խիզախ իշխանության ներկայացուցչի խոսքեր են»:

2009թ.  հունվարի 29-ին Դավոսում Սերժ Սարգսյանի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացավ 20 րոպե տևողությամբ հանդիպում:

2009թ. ապրիլի 6-ին Ստամբուլում` միջազգային համաժողովի շրջանակներում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոտքի վրա կարճ զրույց ունեցավ Շվեյցարիայի, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ` քաջալերելով մոտ ապագայում կնքել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորող համաձայնագիր:

2009թ. ապրիլի 22-23-ի գիշերը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության ու ոգեկոչման նախօրեն, Հայաստանը և Թուրքիան միջնորդ Շվեյցարիայի հետ տարածեցին հայտարարություն «ճանապարհային քարտեզի» մասին:

2009թ. մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաքում` միջազգային գագաթաժողովի ընթացքում, տեղի ունեցան բանակցություններ Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի միջև:

2009թ. օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հրապարակեցին նախաստորագրված երկու արձանագրությունները, ինչպես նաև` տարածեցին հայտարարություն, ըստ որի Երևանն ու Անկարան համաձայնել են նախաստորագրված արձանագրությունների շուրջ սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ: Հայտարարության մեջ ասվում էր, որ «արձանագրությունները սահմանում են ողջամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ, իսկ ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն խորհրդարաններին` վավերացման համար»: Վեց շաբաթը աստղաբաշխական ճշգրտությամբ համապատասխանում էր Թուրքիա-Հայաստան ‎ֆուտբոլային պատասխան հանդիպմանը, որը տեղի էր ունենալու հոկտեմբերի 14-ին:

Գյուլը ֆուտբոլի երևանյան հանդիպումից երեք օր առաջ էր տվել Հայաստան ժամանելու համաձայնություն: Սարգսյանը ‎պատասխան ֆուտբոլային հանդիպումից մոտ 13 ամիս առաջ ընդունել էր Գյուլի հրավերը, սակայն արել էր վերապահում. «Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կա’մ կանցնեմ բաց սահմաններով, կա’մ էլ կլինի դրա նախօրյակին»:

2009թ. հոկտեմբերի առաջին շաբաթը Սերժ Սարգսյանը ձեռնարկեց համահայկական ուղևորություն` կանգ առնելով Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում ու Դոնի Ռոստովում: Նպատակն էր հանդիպել սփյուռքահայ համայնքների ներկայացուցիններին և լսել սփյուռքի մոտեցումները և կարծիքները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ:  Սփյուռքահայերը Սարգսյանին դիմավորում էին բողոքի տարբեր գործողություններով, նրա հասցեին հնչեցնում տհաճ բառեր, վեր հանվում վիրավորական պաստառներ` նրան հորդորելով չդավաճանել:

Վերադառնալով Երևան՝ Սարգսյանը անդրադարձավ նրանց, ովքեր փորձում են ուրիշներին մեղադրել դավաճանության մեջ. «Դավաճանությունը առաջին հերթին նեղ անձնական շահերով առաջնորդվելն է: Շատ հստակ գիտակցում եմ, որ ցավոտ գործընթացի մեջ ենք մտել, որ յուրաքանչյուր քաղաքական գործընթաց ունի նաև գին, և պատրաստ եմ այդ գինը վճարել»:

2009թ. հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը համայն հայությանը ուղերձ հղեց: Նա ասաց, որ համոզված է ձեռնարկված քայլերի անհրաժեշտության ու ճշմարտացիության մեջ, որևէ հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը, իսկ միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ:

2009թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի եռանախագահող պետությունների արտգործնախարարների ու եվրոպացի բարձրաստիճան այլ դիվանագետների ներկայությամբ ստորագրեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները:

Արարողությունն ավելի քան երեք ժամով հետաձգվեց, և կարող էր ձախողվել, եթե չլիներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտությունը: Քլինթոնը նախանշված ժամին մոտենալով Ցյուրիխի համալսարանին` տեղեկանում է, որ հայկական կողմը առարկություն ունի արձանագրություններին հաջորդող թուրքական հայտարարության բովանդակության հետ և հրաժարվում է ժամանել: Պետքարտուղարի ավտոմեքենան շրջադարձ է կատարում և ուղղվում դեպի այն հյուրանոցը, որտեղ հայկական պատվիրակությունն է: Քլինթոնը չի իջնում իր սև գույնի BMW մեքենայից և մոտ մեկ ժամ երկու հեռախոսներով խոսում է Հայաստանի և  Թուրքիայի արտգործնախարարների հետ: Վերջապես, նա իջնում է մեքենայից, մտնում հյուրանոց և Նալբանդյանին առաջարկում միասին գնալ համալսարան, որտեղ նրան սպասում էր Դավութօղլուն:

Ու մինչ տիկին Քլինթոնը փրկում էր արարողության տապալումն ու հայ-թուրքական գործընթացը, այդ ընթացքում Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները և Խավիեր Սոլանան միասին դիտում էին Ռուսաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը: Տեղեկանալով իրադրությանը` Լավրովը Նալբանդյանին փոխանցում է հակիրճ  գրություն. «Էդվա’րդ, արարողությանը համաձայնվիր առանց հայտարարության»: Գրության տակ, բացի Լավրովը, իրենց ստորագրությունն են դնում նաև Սոլանան և Քուշները:

Նալբանդյանն ու Դավութօղլուն ստորագրում են փաստաթղթերը: Նրանց ետևում կանգնած դիվանագետները լայն, անհոգ ժպտում են, հրճվում, քմծիծաղ տալիս: Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները իրար ձեռք են սեղմում: Դավութօղլուի դեմքին երջանկության շողշողուն ժպիտն է, թուրք դիվանագետը չի կարողանում և չի ուզում զսպել հրճվանքը: Նալբանդյանը նույնպես ժպտում է, բայց այդ ժպիտի տակ լարվածություն, բարկություն ու անհանգստություն կա:

Սերժ Սարգսյանը Աբդուլլահ Գյուլի Երևան այցից հետո բազմիցս հայտարարեց, որ ինքը կմեկնի Թուրքիա` պատասխան հանդիպումը դիտելու, եթե թուրք-հայկական սահմանը բաց լինի կամ լինի դրա նախօրեն: 2009թ. հոկտեմբերի 14-ի երեկոյան Սարգսյանը Թուրքիա մեկնեց, երբ սահմանը շարունակում էր փակ մնալ:

Հայաստանի հավաքականը, ինչպես Երևանում, պարտվեց նույն` 0-2 հաշվով:

Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները հայկական կողմը մի քանի ամիս անց ուղարկեց Սահմանադրական դատարան: Վերջինս փորձեց նվազեցնել առկա մտահոգությունները և 2010թ. սկզբին վճռեց, որ արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը, սակայն վճռի նկարագրական մասում նշեց, որ արձանագրությունների կետերը չեն կարող վերաբերել ոչ Հայոց ցեղասպանության հավաստիությանը և ոչ էլ ղարաբաղյան հակամարտությանն ու նրա լուծմանը:

Թուրքիայի արտգործնախարարությունը 2010թ. հունվարի 18-ին հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի որոշման տեքստում կան նախապայմաններ պարունակող, ինչպես նաև` արձանագրությունների ոգուն և բովանդակությանը հակասող դրույթներ: Արտգործնախարար Դավութօղլուն ընդգծեց, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է երեք օրերի ընթացքում վավերացնել արձանագրությունները, սակայն ղարաբաղյան հակամարտության չկարգավորված վիճակը խոչընդոտում է:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Հայաստանի նախագահը արձանագրություններն ուղարկեց Ազգային ժողով և միջազգային հանրությանը հավաստիացրեց, որ խորհրդարանը պատրաստ է վավերացնել փաստաթղթերը: Սարգսյանը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների արագ կարգավորումը կարող է դրական լիցքեր տալ և ուղեցույց լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Լոնդոնում Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստվում է նախագահ Ալիևին հրավիրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը:

2010թ. փետրվարին Մեծ Բրիտանիա ուղևորվելիս` Թուրքիայի օդային տարածքից Սարգսյանը ուղերձ հղեց Գյուլին, ով այդ օրը այցով գտնվում էր Հնդկաստանում:

Վերջնականապես համոզվելով, որ Թուրքիան չի վավերացնելու արձանագրությունները, Սարգսյանը 2010թ. ապրիլի 22-ին սառեցրեց գործընթացը, հայտարարելով, որ ողջամիտ ժամկետները ավարտվել են, հետևաբար` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սպառված է:

Էրդողանը անմիջապես հայտարարեց, որ Թուրքիան հավատարիմ է մնում ստորագրված արձանագրություններին: Դավութօղլուն ավելացրեց, որ արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելը Հայաստանի միակողմանի որոշումն է, Թուրքիան պատրաստ է առաջ շարժվել, երբ առկա կլինեն համապատասխան պայմանները:

Հետագա ամիսներին և տարիներին կողմերը միմյանց հասցեին օգտագործում էին քննդատական բառապաշար:

2014թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը «գրողի ծոցն» ուղարկեց արձանագրությունները։

Երեք տարի անց՝ 2017թ. սեպտեմբերին նույն ՄԱԿ-ի ամբիոնից Սարգսյանը հայտարարեց. «Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով»:

Թաթուլ Հակոբյան