Հուսահատ Թուրքիան

1012

Սա ՀՅԴ Բյուրոյի ՅԱՌԱՋ օրաթերթում՝ 1920թ․ սեպտեմբերի 5-ի խմբագրականն է։ Նկարագրվում է այն աղետալի վիճակը, որում հայտնվել է Թուրքիան Սևրի դաշնագրից հետո․․․ Երկու շաբաթ անց թուրք քեմալականները հարձակվեցին Հայաստանի վրա և 5 շաբաթվա ընթացքում գրավեցին Հայաստանի գրեթե կեսը, այդ թվում Կարսն ու Ալեքսանդրապոլը․․․

ԱՆԻ կենտրոն

—–

Թուրքիան իր վերջին ապավենն էլ կորցրեց՝ բոլշևիզմը։

Հազիվ Ղարաբաղ-Զանգեզուրի ճանապարհը բացվել էր, հնարավորություն կար ոսկի և մարդ ստանալու, պատերազմի մի ընդհանուր ճակատ կազմելու դաշնակիցների դեմ, երբ վրա հասավ Վարշավայի պարիսպների տակ եղած պարտությունը։

Լեհական ճակատի նահանջից ավելի հուսահատական են Թուրքիայի համար հյուսիսային Կովկասում բռնկված լայն ժողովրդական ապստամբությունները և Վրանգելի հաջողությունները, որոնցով գոյություն ունեցող կապը Ռուսաստանի հետ բոլորովին կտրվում է, և Թուրքիան նորից միայնության գերի մնում։

Մուստաֆա Քեմալ փաշայի ծրագրերը լուրջ խոչընդոտների են հանդիպում հատկապես այն շարժումներից, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի սոցիալիստական հանրապետության սահմաններում՝ Գանձակ, Բաքու, Ղազախ և բռնագրավված Ղարաբաղ-Զանգեզուրում։

Բոլշևիկների զինվորական գործողությունները Կովկասում Քեմալիստներին միայն այն օգուտը տվեց, որ կարողացան պատվիրակություն ուղարկել Մոսկվա և մի քանի տասնյակ կոմունիստներ էլ  ուղարկեց Բաքվի «արևելքի ինտերնացիոնալի» համագումարին։

Անտանելի է թուրք ժողովրդի վիճակը․․․

Պոլիսն իր շրջակայքով գտնվում է դաշնակիցների անմիջական հսկողության տակ և թուրք պետությունը, կարելի է ասել, գլխատված է։

Հունական պատժող զորամասերը գտնվում են իրենց դիրքերում՝ Քեմալականների դեմ և միշտ պատրաստ են պահանջածից ավելին կատարելու՝ ավելի պահանջ ներկայացնելու համար։

Սովետական Ռուսաստանն ապրում է իր ներքին գալարումները և վարակված է քաղաքական տիֆով, ապա ուրեմն հնարավորություն չունի անմիջական օգնություն հասցնելու և նույնիսկ իր դաշնակցին՝ Թուրքիային, խորհուրդ է տալիս ժամանակավորապես համաձայնության գալ դաշնակիցների հետ՝ ուժերը վերակազմելու նպատակով։

Թուրքիան էլ, իր հերթին, բաժանված է երկու բանակի, դաշնագրի կողմնակիցներ և հակառակորդներ, Պոլսականներ և գավառականներ։

Այսպիսի պայմաններում Թուրքիայի համար ստեղծվում է հուսահատ դրություն և նորից հավատացած չենք, որ այդ անուղղելիները խելքի կգան ու կաշխատեն խաղաղություն հաստատել թե իրենց երկրում և թե հարևան պետությունների հետ։

Եվ իզուր չէ, որ այդ հուսահատության մեջ թուրքական թերթերը արտասվալից գրություններով դիմում են իրենց ժողովրդին սուգի օր նշանակել օգոստոսի 10-ւ, երբ Թուրքիայի մահավճիռը ստորագրվեց։ [Նկատի ունի Սևրի դաշնագիրը-ԱՆԻ]։

Եվ իզուր չէ, որ իրենց և բոլշևիկների անհաջողության պատճառով նույն թերթերը, հուսահատված և լքված տոնով, առաջարկում են թուրքական դրոշակի մի մասը սև դարձնել, ի նշան իրենց քայքայման, քաղաքական անկման։

Այդ բոլորը բնական էր։

Մենք դրան վաղուց էինք սպասում։

Մենք դեռ հավատացած ենք, որ եթե Թուրքիան շարունակի իր կոտորածի, բռնագրավման, հալածանքների անհաշտ քաղաքականությունը, ստիպված պիտի լինի իր դրոշակը ամբողջովին սևի վերածել, որ իրեն ավելի համապատասխան կլիներ։

Եվ թող միանգամ ընդմիշտ պաշտոնական և անպաշտոն Թուրքիաները ընբռնեն, որ անկարող են դիվանագիտական լարախաղերով իրենց նախկին հպատակների անկախության զգացմունքները ոտքի տակ տալ։

Թող լավ ըմբռնի այդ և Սովետական Ռուսաստանը, որ թուրքերի բնազդներին և ծրագրին հետևողը, նրա մակարդակի վրա կանգնող պետությունը, կունենա նույն վախճանը, ինչ որ Թուրքիան․․․

Փոքրիկ ժողովուրդները, հատկապես Կովկասում, մնացել են մենակ․․․

Նահանջող և գլխակորույս Ռուսաստանը մեզ համար կարող է նոր անակնկալների դուռ բաց անել և դժբախտությունների պատճառ դառնալ։

Հուսահատ սոցիալիստական Ադրբեջանը կարող է նոր կոտորածներ և սպանդանոցներ սարքել՝ իր սահմաններում գտնված հայության համար։

Նույնքան հուսահատ Թուրքիանկարող է ․․․ նոր փոթորիկներ պայթեցնել։

Րոպեն լուրջ է։

Վտանգը՝ մեծ։

Պետք է միշտ պատնեշների վրա լինել և պատրաստ՝ պաշտպանելու համար մեր հայրենիքը և մեր ժողովրդի ազատությունը։

Յառաջ, ՀՅԴ, խմբագրական, թիւ 191, կիրակի, 5 սեպտեմբեր, 1920թ․