«Ռուսաստանի ազդեցության տակ թուրքերը հրաժարվեցին հարվածել հայերին»․ Չիչերին, 1920

1476

ՉԻՉԵՐԻՆԻ ՅԱՅՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Երեւան, Արտաքին գործերի նախարարին. պատճէնը Թիֆլիս՝ Կիրօվին.

Կովկասում Խորհրդային Ռուսաստանի բոլոր գործողութիւնները նպատակ ունեն բարեկամական աջակցութիւն ցոյց տալ հայ ժողովրդի յետագայ զարգացմանը, նոյնպէս և նրա հարևան այլ ժողովուրդներին Մերձաւոր Արևելքի ժողովուրդների հետ միասին: Խորհրդային Ռուսաստանը ասպարէզ է գալիս իբր անբասիր բարեկամ ամեն ազգության աշխատաւորների:

Խորհրդային զօրքերի կողմից այն հողամասերի գրաւումը, որոնք հարևան ժողովուրդների կռւի ընթացքում՝ Հայաստանի և Ադրբէջանի միջև վիճելի բնոյթ են ստացել,- նպատակ ունի դադարեցնել արիւնալի կօնֆլիկտները, որոնք կարող են անթիւ աղետալի հետևանքեր ունենալ բոլոր մասնակիցների համար, ինչպէս և նպատակ ունի ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք հնարաւոր դարձնէին խաղաղ ու անկողմնակալ կերպով քննել հողային վիճելի հարցերը: Այն բարեկամական վերաբերմունքը, որ Խորհրդային Ռուսաստանը փորձում է հաստատել Փոքր Ասիայի թիւրքական ազգային կառավարութեան հետ,- նրա կողմից օգտագործւում է ի միջի այլոց նրա համար, որ հայ ժողովրդին ապահովէ Փոքր Ասիայում նրա զարգացման համար բաւականաչափ տերիտորիայի ձեռք բերելը և վերջապէս դուրս գալ հարևան մահմեդական ազգաբնակութեան հետ յաւիտենական թշնամութիւնից:

Բացառապէս Խորհրդային Ռուսաստանի խաղաղասէր ձգտումների ազդեցութեան տակ՝ թիւրք ազգայնականները կասեցրին իրենց սկսած զօրահավաքը, որի նպատակն էր նոր հարւածներ հասցնել հայ ժողովրդին, և պատրաստակամութիւն յայտնեցին խաղաղ ելք գտնել և հաստատուն ու բարի հարևանական յարաբերութիւններ հաստատել հայ և մահմեդական ազգաբնակութեան միջև:

Խորհրդային Ռուսաստանը կը շարունակէ գնալ նոյն անկողմնապահ բարեկամութեան ճամբով՝ բոլոր աշխատաւոր ազգությունների նկատմամբ, և հայ ժողովուրդը կարող է հաստատ յոյս ունենալ նրա անփոփոխ բարեկամական վերաբերմունքի և իր ոյժերի սահմաններում նրա օգնության վրա՝ հայ ժողովրդին պաշտպանելու համար սպառնացող նոր արիւնալի աղէտներից:

Խորհրդային Ռուսաստանի լիազօր Լեգրանի Երևան գալը կը նպաստէ կուտակւած բոլոր թիւրիմացութիւնները պարզելու: Խորհրդային կառավարութիւնը յոյս ունի, որ իր ներկայացուցիչ Լեգրանի հետ կարծիքների փոխանակութեան պրօցեսում, հայկական կառավարութիւնը կը համոզւի, թէ ուղիղ է այն ճանապարհը, որին հետևում է Խորհրդային կառավարութիւնը, և հնարաւոր կգտնէ կնքել նրա հետ երկարատև ու վերջնական համաձայնութիւն և ստորագրել նրա հետ խաղաղ, բարեկամական յարաբերութիւնների դաշնագիրը:

Արտաքին գործերի ժող. կօմիսար՝ Չիչերին

                                                             & 751, 20 յուլ. 1920 թ.

Յառաջ, ՀՅԴ, թիւ 158, չորեքշաբթի, 28 յուլիսի, 1920թ