ԵՐԿՈՒ ՅԱՅՏԱԳՐԵՐ
Հայաստանի և Ադրբէջանեան կառավարութիւնները, առաջիկայում գումարւելիք կօնֆերենցիայի մասին հետևեալ յայտագրերն են փոխանակել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՅՏԱԳՐԵՐԸ
Ռ. Ս. Ֆ. Խորհրդ. Ռուսաստանի պ. լիազօր ներկայացուցչին
Սրա հետ միասին ուղարկւում է ձեզ, իմ կառավարութեան կողմից ձևակերպւած հաշտութեան պայմանները հայ-ադրբէջանեան կօնֆերանս գումարելու հարցի առթիւ:
- Հայաստանի և Ադրբէջանի կառավարութիւնները համաձայնության են գալիս փոխանակելու Ադրբէջանում ձերբակալւած բոլոր դաշնակցականների և Հայաստանում ձերբակալւած բօլշևիկների վերաբերմամբ:
- Փոխանակութեան ուժով ազատւածները պարտաւոր են հեռանալ համապատասխան հանրապետութիւններից:
- Փոխանակութիւնը կատարւում է երկու հանրապետութիւնների սահմանի վրա, ցանկալի է Ղազախի և Քարվանսարայի միջև, կամ չեզոք գօտում, օրինակ՝ Թիֆլիսում վրաց կառավարութեան թոյլտւութեամբ:
- Երկու հանրապետութիւնները ընդհատում են իրենց հետապնդումները և հալածանքը դաշնակցականների և բօլշևիկների նկատմամբ և խոստում են տալիս գործ չդնելու որևէ բռնութիւն, կամ գնդակահարում ձերբակալւածներից և ոչ մեկի նկատմամբ:
- Ադրբէջանեան հանրապետութիւնը իրաւունք է վերապահում բոլոր այն հայերին, որոնք ուզում են թողնել Ադրբէջանի սահմանները, ազատօրէն դուրս գալու իրենց ունեցւածքով:
- Ադրբէջանն ու Հայաստանը դադարում են ամեն տեսակի ագրեսիւ գործողութիւններ իրար վերաբերմամբ և Թիֆլիսում գումարում են կօնֆերանս՝ լուծելու բոլոր խնդիրները:
- Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացուցիչներ են նշանակւում 1. Վրաստանի հայկական դիւանագիտական ներկայացուցիչ պ Տ. Բէկզադեանը, 2. Ադրբէջանի հայկական դիւանագիտական ներկայացուցիչ Մ. Յարութիւնեանը, 3. Պարլամենտի անդամ Ն. Աղբալեան և 4. Կորիւն Ղազազեան:
10 յուլիսի, 1920 թ. թիւ 2447
դիւ. ներկայաց. Հայաստանի՝ Տ. Բէկզադեան
ԱԴՐԲԷՋԱՆԻ ՅԱՅՏԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետութեան Վրաստանի դիւանագիտական ներկայացուցչին, պատճէն Ռ. Ս. Ֆ. Խորհ. Ռուսաստանի լիազօր ներկայացուցիչ ընկ. Կիրօվին
Ի պատասխան ձեր յունիսի 10-ի սոյն թւի թիւ 2447 գրութեան, պատիւ ունիմ յայտնելու իմ կառավարութեան պայմանները հայ-ադրբէջանեան կօնֆերանսը գումարելու մասին:
- Ադրբէջանի և Հայաստանի կառավարութիւններն անմիջապէս դադարեցնում են ամեն տեսակի հետապնդումներ Վրաստանում կօմունիստների և Ադրբէջանում դաշնակցականների վերաբերմամբ և պարտաւորւում են ձերբակալւածներից ոչ մէկին չենթարկել բռնութեան և գնդակահարութեան:
- Երկու հանրապետութիւնները անմիջապէս դադարեցնում են փոխադարձաբար եղած ամեն տեսակի ագրեսիւ գործողութիւնները:
- Երկու հանրապետութիւններն անմիջապէս փոխանակւում են ձերբակալւած կօմունիստների և դաշնակցականների անւանացուցակներով, մատնանշելով իւրաքանչիւրի ձերբակալման պատճառը և նրա մասին եղած դատավճիռը, որից յետոյ, անմիջապէս արձակում են բոլորին, բացի դատարանով դատապարտւածներից, փոխադարձաբար հիմունքներով. դատապարտւածները փոխադարձաբար փոխանակւում են:
- Բոլոր վիճելի հարցերին լուծում տալու համար գումարւում է հայ-ադրբէջանեան կօնֆերանս Ղազախում կամ Վլադիկաւկազում:
- Ադրբէջանի կողմից ներկայացուցիչներ կնշանակւեն այս քանի օրերս:
Թիֆլիս, 11 յուլիսի 1920թ. թիւ 76
Արտակարգ լիազօր կօմիսար նարկօմինդէլ Ա. Ս. Ս. Ռ.` Հուսէյնօվ
ՅԱՌԱՋ, ՀՅԴ, թիւ 151, Կիրակի, 18 Յուլիս, 1920
Լուսանկարում՝ տեսարան Բաքվից