Անիի պեղումները

2270

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979):

Նախորդ մասը կարդալ այստեղ

—–

ՊԵՂՈՒՄՆԵՐ

Անիի արևելքը շառագունեց:

Վանահոր աքաղաղը իր երրորդ զիլ կանչով ողջունեց արթնացող բնությանը: Արշալույսի վառ գույների տակ, մեկը մյուսի ետևից սկսեցին ուրվագծվել մեր պատմական մշակույթի լուռ վկաները:

Մոտակա գյուղերից՝ Անի, Արազ, Ճալա, Խոշավանք, Խարկով, Անի քաղաքի պեղումներում աշխատող շինականները, հայ, քուրդ, թուրք ուղևորվում են Անի՝ պեղման վայրը:

Պեղումների աշխատանքները սկսվում էին առավոտյան ժամը 6-ին:

Ժամը 8-ին հնչում էր ընդմիջման զանգը. դա նախաճաշի մեկ ժամյա դադարն էր: Բանվորներին տալիս էին թեյ և յուրաքանչյուրին երկու կտոր շաքար: Ժամը 12-ին մեծ ընդմիջումն էր՝ երկու ժամ (ճաշ): Ժամը 5-ին աշխատանքն ավարտվում էր:

Պեղմանը, բացի բանվորներից, աշխատում էին զույգ եզով սայլեր և ձի լծած սայլակներ: Շաբաթ օրը աշխատանքն ավարտվում էր սովորականից շուտ: Բանվորները շաբաթը մեկ անգամ ստանում էին իրենց աշխատավարձը: Բանվորի օրական վարձը 50 կոպեկ էր, իսկ իրենց սայլերն ու սայլակները բանեցնողները ստանում էին օրական վարձ մեկ ռուբլի 50 կոպեկ:

Պեղումները տևում էին երեք ամիս՝ հունիս, հուլիս և օգոստոս:

Բանվորներն աշխատում էին դանդաղ, զգույշ, պեղման հատուկ վարպետությամբ, որովհետև նրանք կոչված էին աշխատանքի պեղելու համար և ոչ թե քանդելու… Տեղ-տեղ, ըստ պահանջի, պեղված կամ պեղվելիք հողը մաղվում էր ցանցի միջոցով: Որոշ տեղեր էլ բահը և բիչը կանգ էին առնում և հողն սկսում էին զգուշությամբ քերել հատուկ մետաղե ճանկերով: Պեղման ընթացքում նորություններ ի հայտ  գալու դեպքում բանվորը կանգնում և բարձրացնում էր իր ձեռքը. դա պայմանական նշան էր, ուր անմիջապես հասնում էր հարգելի գիտնականը: Որոշ տարիներ, երբ միևնույն ժամանակ պեղումներ էր կատարվում երկու տարբեր վայրերում, այդ դեպքում պրոֆեսորը պեղման վայրը շրջում էր ձիով:

Անի քաղաքի պեղումների աշխատանքների ընթացքում մարզվել և հմտություն էին ձեռք բերել մի շարք բանվորներ, որոնք իրենց աչալուրջ և հմուտ աշխատանքի շնորհիվ համարվում էին վարպետ պեղողներ. դրանցից հիշում են Խարկով գյուղի Մուքայելին, Գաբրիելին, Տիգրանին:

Հաշվապահ, գանձապահ և գրասենյակային այլ աշխատողներ գիտարշավը չուներ, այդ բոլորի պարտականությունները կատարում էր ինքը՝ պրոֆ. Մառը:

Բանվորները պատկառանք և սեր էին տածում դեպի հարգելի գիտնականը: Նրանք գտնում էին նրա մէջ մարդկային ջերմ ու անաչառ վերաբերմունք, որը սովորական չէր, այդ շինականները տեսել ու զգացել էին միայն պրիստավների, յասաուլների, ստրաժնիկների ու քյոխվաների դաժանություններն ու կոպտությունները և շոյվում էր նրանց սրտերը, երբ հանձինս մեծ գիտնականի տեսնում էին նաև մեծ մարդուն:

«ԽԵԼԱՌԸ» ՔԱՎՈՐ

Իգաձորի այրերում բնակվող երեխաները Արային «խելառ» էին անվանում նրա տարօրինակ բնավորության համար: Արան խելացի տղա էր, սակայն ուներ վերին աստիճանի արտասովոր ու կատակասեր բնավորություն: Նրա տարօրինակություններն ու կատակները հասնում էին ծայր աստիճանի, երբեմն վրդովեցուցիչ, սակայն մեծ մասամբ ծիծաղաշարժ վիճակի:

Համառ էր «խելառը». չնայած մորս հորդորներին ու վրդովմունքին, նա երբեմն մերկանում էր Ադամա մերկությամբ, ունենալով միայն կոշիկներն իր ոտքերին, գլխին կրում էր լրագրից ոլորած երկար, սրածայր, ձագարաձև մի գլխարկ, ծայրին կապելով գունավոր փալասի մի կտոր, որի ծոպերը կախված էին թղթե այդ արտասովոր գլխարկի ծայրից: Առնում էր ձեռքին մի ճիպոտ՝ որպես գավազան, Ֆինդոյի վզից կապում էր պարանը և իր ետևից քարշ տալով գամփռին՝ թափառում քարակույտերի և ավերակների մեջ: Նրանց ընկերանում էր փոքրիկ Բոչկան: Երբեմն ես և Վահրիճը հետևում էինք «խելառին» և ծիծաղից թուլանում նրա կատակների և ծիծաղաշարժ տեսքի վրա:

Մի օր «խելառը» իր շքախմբով գնացել էր փլված աշտարակը: Դա Անի քաղաքի ամենաբարձր աշտարակն է եղել. նա իր բարձրությամբ գերազանցում էր Մանուչեին: Այդ բարձր աշտարակը փլվելուց հետո՝ քարակույտերի մեջ մնացել էր վայր ընկած մի խոշոր զանգված, որը ցույց էր տալիս աշտարակի բազմանկյուն, բոլորաձև մարմինը և այդ զանգվածի մեջ երևում էին ոլորապտույտ քարե աստիճանները: Փլված աշտարակի այդ խոշոր բեկորը ընկած էր մի փոքր թեք վիճակում, այնպես որ հնարավոր էր մի ծայրից մտնել և մյուսից դուրս գալ: «Խելառը» մտավ աշտարակի բեկորի մեջ, Ֆինդոն ու Բոչկան հետևեցին նրան: Եվ երբ բեկորի մյուս անցքից ծաղրածուի թղթե սրածայր գլխարկը գլխին երևաց Արան, մի խումբ գեղջկուհիներ, որոնք եկել էին մոտակա գյուղից ավել հավաքելու, տեսան աշտարակի միջից դուրս եկող այդ տարօրինակ կերպարանքը, սարսափահար ձգեցին իրենց հավաքած ավելի խուրձերը և փախան դեպի հայր սուրբի բնակարանը: Նրանք վազում էին խելակորույս և մերթ ընդ մերթ ետ նայելով աղաղակում. «Խելառը… Խելառը…»: Մեզ համար անչափ զվարճալի էր այդ տեսարանը: «Խելառը», ինքնագոհ ժպիտը դեմքին, արագ մագլցեց փլված աշտարակի խոշոր բեկորի գլխին. ձեռքերով ու ոտքերով անորոշ շարժումներ էր անում, սարսափ ազդելու համար ահաբեկված հարսներին: Այսպես էր «Խելառը»:

Օհանի կինը՝ Զմոն, Իգաձորի պատմական այրերում երկունքի մեջ մտավ և լույս աշխարհ բերեց մի աղջիկ: Եվ ահա մի օր, մայրս ինձ ու Արային վերցրեց ու գնացինք Իգաձոր՝ Զմոյին այցի: Մերթ ընդ մերթ ճչում էր բարուրի մեջ փաթաթված նորածինը: Հինավուրց այրը արձագանքում էր նրան, ասես ուրախանալով, որ մի շունչ էլ ավելացավ Իգաձորում: Այնտեղ էին Իգաձորի համարյա բոլոր կանայք, մեկը հաց էր թխում, մյուսը երեխային խնամում, իսկ Օհանի մեծ աղջիկը՝ Հեղինեն, նորածին քրոջ լաթերն էր լվանում:

Դեռ պառկած էր ուժասպառ Զմոն: Մի փոքր զրույցից հետո, Զմոն խնդրեց մորս, որ ես կամ Արան նորածնի կնքահայրը դառնանք: Մայրս առաջնությունը տվեց իր ավագ տղային՝ Արային: Երեխաները ուրախացան, իմանալով, որ «խելառը» քավոր է լինելու: Այդ օրվանից մայրս կոչվեց քավորամայր, Զմոն՝ սանամեր, «Խելառը»՝ քավոր:

Ի՞նչ դնել երեխայի անունը:

Մայրս առաջարկեց նորածնին կապել պատմական քաղաքի անցյալի հետ և անունը դնել Այծեմնիկ: Զմոն սկզբում առարկեց, սակայն, երբ մայրս պատմեց հերոսուհի Այծեմնիկի սխրագործությունների մասին, թե ինչպես մի օր Անին շրջապատվեց թշնամիներով: Հնչում էին ռազմաշունչ փողերը և թմբուկների զարկերի ու վայրենամռունչ աղաղակների ներքո վայրագ ցեղերի ահռելի հորդաները հարձակման դիմեցին: Գործում էին բաբանները տենդային թափով: Անվեհեր անեցիները խիզախորեն ետ էին շպրտում անողոք թշնամու գրոհնները: Թշնամուն հաջողվեց գտնել քաղաքի թույլ պաշտպանված կետը և վայրենի աղաղակներով, ուժեղ հորձանքով հարձակման դիմեց: Նրանք պարիսպներն ի վեր մագլցում էին ելարաններով… Այդ պահին երևաց Անիի անձնվեր հերոսուհին՝ Այծեմնիկը: Նա մարտնչում էր կատաղի վագրի նման, խրախուսելով ու ոգեշնչելով զինվորներին և լայնալիճ աղեղը ձեռքին, շեշտակի հարվածներով մահ էր սփռում թշնամու շարքերում: Անեցիները ոգևորված, ուժեղ թափով ետ շպրտեցին թշնամու կատաղի գրոհը:

Մարտը գնալով սաստկանում էր:

Թշնամու մի հմուտ նետաձգի աչքից չվրիպեց խիզախ հայ օրիորդը: Նա զայրացած լարեց աղեղը և անողոք նետը ուժեղ թափով խրեց հերոսուհու լանջի մեջ: Այծեմնիկը չկորցրեց իրեն: Նա ջղաձգորեն դուրս քաշեց կրծքից նետը և առանց հավասարակշռությունը կորցնելու՝ լարեց լայնալիճը և միևնույն նետը ետ ուղարկեց անարգ թշնամուն… Նետը մահագույժ սուլոցով ճեղքեց օդը և մխրճվեց նույն նետաձգի կոկորդը: Նետի սլաքը թափ առնելով դուրս ելավ հակառակորդի ծոծրակից, տապալեց նրան և գամեց գետնին:

Հերոս օրիորդը արյունաքամ էր լինում: Հրավածը մահացու էր:

Զինվորները վրեժխնդրությամբ լցված, որպես քաջասլաց արծիվներ, սուսերամերկ դուրս նետվեցին քաղաքի պարիսպներից և մխրճվեցին թշնամու խիտ շարքերի մեջ: Նրանք անխնա հոշոտում էին թշնամուն… Այդ հատվածում թշնամին ահաբեկված, խուճապահար փախուստի դիմեց:

Վիրավոր Այծեմնիկը մարտնչում էր մինչ իր վերջին կաթիլ արյունը… Նա ընկավ պատնեշի վրա, պատմությունից խլելով հերոսի դափնին:

Բոլորն էլ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով ընդարձակ քարանձավում ունկնդրում էին քավորամայր Նունեի այս պատմությունը՝ կապված Անի քաղաքի հայրենասեր Այծեմնիկի ավանդության հետ, որը դարեր շարունակ, սերնդե-սերունդ անցնելով, հասել է մեզ, որպես թանկագին ավանդ հաղորդակից դարձնելու մեր հետագա սերունդներին հայրենասեր հայ օրիորդի նվիրական կերպարին:

Զմոն տվեց իր համաձայնությունը:

Եվ ահա մի օր, Վահրիճի ուղեկցությամբ, գնացինք Իգաձոր՝ Այծեմնիկի կնունքը կատարելու: Քավորամայր Նունեն գնել էր Անի գյուղի խանութից զանազան կտորներ, Ալեքսանդրապոլից բերել էր տվել մի փոքրիկ ոսկե խաչ՝ կնքվող երեխայի համար:

Քավորը ձեռքին բռնած ուներ մի խոշոր աքաղաղ: Հայր Միքայելի բնակարանից մինչև Իգաձոր ես և Վահրիճը անընդհատ ծիծաղում ու զվարճանում էինք «խելառ» քավորի կատակների վրա: Նա մի րոպե հանգիստ չէր տալիս խեղճ աքաղաղին և հարկադրում նրան տարբեր ձայներ հանելու, որին ինքն էլ ձայնակցում էր: Մայրս թե վրդովվում և թե ակամայից ծիծաղում էր:

Ուրախ ժամանցով հասանք Իգաձոր:

Իգաձորի բնակիչները հավաքվել էին Օհանենց քարայրը: Այնտեղ էր Իգաձորի նահապետը՝ Ագոն: Նա իր առօրյա գավազանը ձեռքին, կարգադրություններ էր անում: Բացի Ագոյից, բոլոր տղամարդիկ բացակայում էին, նրանք զբաղված էին Անիում իրենց աշխատանքներով:

Եկել էր Արազ գյուղի քահանան կնունքի արարողությունը կատարելու: Նա գիտեր, որ Արամ Վրույրի տղաներից մեկը քավոր պիտի լինի, և երբ պետք է սկսեր կնունքի արարողությունը, նայելով ինձ՝ հարցրեց Զմոյին. «Քավորը սա՞ է»: Այդ պահին, մանկական պարզությամբ և անմեղությամբ, Օհանի մեծ աղջիկը՝ Հեղինեն, կտրելով քահանայի խոսքը, գոչեց բարձրաձայն.

-Չէ, չէ, ադիկա չէ… Քավորը «խելառն» է, «խելառը»…

Կնունքի առթիվ երեք աքաղաղ զոհվեց՝ Ագոյի, Օհանի և «խելառ» քավորի կողմից:

Իգաձորում ուրախություն էր:

Այծեմնիկը մկրտվեց: