Հայկական բանակը Մասիսից (Զանգիբասար) հետո գրավում է Վեդին (Բոյուք Վեդի). 12 հուլիս, 1920

4018

Երեւան քաղաքի պարետ Շահխաթունու կոչը

Քաղաքացիներ,

Մեր հերոսական բանակը Զանգիբասարի ապստամբների որջը քանդելուց յետոյ յաթական արշաւով առաջ խաղաց դէպի ապստամբութեան միւս կենտրոնը՝ Բօյիւք Վեդի, պատժելու Հայաստանի Հանրապետության օրինական իշխանութիւնը չճանաչող թաթար խռովարարներին, տաճիկ գործակալներին և միացնելու ապստամբ շրջանը հանրապետության տերիտօրիային:

Յուլիս 11-ի առաւօտեան սկսւեցին յարձակումները Բօիւք-Վեդիի ճակատում: Մեր քաջարի զօրքը յաղթահարելով հակառակորդի կատաղի դիմադրութիւնը, առաջ խաղաց և յուլիսի 12-ի առաւօտեան ուժեղ գրոհով գրաւեց մի տարւայ ընթացքում ամրացւած ապստամբության կենտրոն Բօիւք-Վեդին: Հակառակորդը բազմաթիւ կորուստներ ունեցաւ և այժմ անկարգ կերպով նահանջում է:

Քաղաքացիներ,

Հաղորդելով Ձեզ մեր պանծալի զօրքի այս հերոսական արարքը, պարտք եմ համարում յիշեցնել, որ կռւի ընթացքում մենք ևս ունեցել ենք սպանուածներ, որոնց օգնության հասնելը մեր սրբազան պարտականութիւնը պիտի լինի:

Զօրքը կռվում է անձնւիրութեամբ, նա իր արիւնով պաշտպանում է հայրենիքն ու ձեր քաղաքացիներիդ կեանքն ու գոյքը, նա զոհվում է ձեզ ու ձեր գոյության համար:

Ցոյց տվէք, որ գիտէք յարգել նրանց արիւնը, ցոյց տւէք, որ դուք չէք մոռանում նրանց կատարած մեծ գործը ու պատրաստ էք բոլոր միջոցներով օգնության հասնել սպանւածների ընտանիքներին, վիրաւորվածներին, որոնք այժմ զրկված են ապրուստի միջոցներից:

Կոչ եմ անում Ձեզ, յօգուտ սպանւածների ընտանիքների ու վիրաւորների նւիրաբերել դրամ, մթերք հագուստ եւ առհասարակ այն ամենը, ինչ որ կթելադրէ ձեր սիրտը:

Նւիրատւութիւնները խորին շնորհակալությամբ ընդունւում են քաղաքի պարէտային (կօմենդանտի) վարչության մէջ առ. ժ. 9-ից 3-ը և երեկ ժ. 6-7-ը:

Նւիրատուների ցանկը կհրատարակւի տեղական մամուլում:

Երևան քաղաքի պարէտ՝ փոխգնդապետ Շահխաթունի

***

Յօգուտ վիրաւորւածների և սպանված սպաների ու զինւորների ընտանիքների՝ շնորհակալությամբ ստացւած է պ. Արիստակէս Աւագեանից 100,000 ր.,

Ներսէս Նալբանդեանից՝ 20, 000ր.:

Երևան քաղաքի պարէտ՝ փոխգնդապետ Շահխաթունի

***

Բէիւք-Վէդիում սպանւած եւ վիրաւորւած սպաների ցուցակ.

Սպանւել է տեղակալ Յովհաննէս Աբրահամեանը, խանր վէրքերից մեռել են փոխ-գլխապետ Հայկ Այվազեանը և վառատար Յարութիւն Ռաշմաճեանը, փոխտեղակալներ Արմենակ Սարգսյանը և Գէորգ Բարդուղիմէոսեանը:

Վիրւորւել են

Փոխ-տեղակալներ Կարապետ Մնացականեանը, Տէր-Աթանասեանը, Պօղոսեանը, վառատարներ Աւետիս Դանիէլեանը, Մնացական Մնացականեանը:

Զինւորներից սպանւել են 7 հոգի և վիրաւորւել 55 հոգի:

Յառաջ, ՀՅԴ, թիվ 146, երեքշաբթի, 13 հուլիս, 1920

Լուսանկարում՝ Երևանի պարետ Շահխաթունին