Հայաստանի սիրտը. 24 փետրվար, 2013թ

941

Վանաձորի «Արցախ» պուրակում մի կին Լոռվա ծոր տվող բարբառով անընդհատ միջամտում ու խանգարում էր.

-Ասա չո´րս հազար, հինգ հազար: Երեքը քիչ ես ասում: Ասա յո´թ հազար: Հլա, նայի: Ասա տա´սը հազար:

Կինը Րաֆֆիի ու մյուս հավաքվածների հետ գոռում էր.

-Հա-յաս-տան, Հա-յաս-տան, Հա-յաս-տան:

Նա համաձայն չէր ուղիղ հեռարձակման ժամանակ իմ ներկայացրած թվերին: Ասում էր՝ քիչ ես ներկայացնում: Հավաքվածներն ավելի շատ են, ասում էր: Ասում էր՝ գյուղերից գալիս էին, թող չեն անում, որ գան:

Րաֆֆին իշխում էր «Արցախ» պուրակում: Նրա արևմտահայերեն առոգանությունը երբեք այնքան հասկանալի չէր եղել: Նրա խոսքի մեջ չկար բռնություն, ատելություն: Նա սիրտ էր տալիս մարդկանց: Նա հեռվում կանգնած ու խանգարելու փորձ անող ոստիկաններին դիմեց: Ասաց, որ ձեռք չբարձրացնեն իրենց մայրերի, քույրերի ու երեխաների վրա, թե չէ պատասխան են տալու: Հետո նա մի քանի տասնյակ վանաձորցիների հետ քայլեց քաղաքի կենտրոնական պողոտայով: Ոստիկաններն անզոր էին խանգարել: Սա այն դեպքերից է, երբ ոստիկանը կամ զինվորը, անգամ զենքը տաբատի մեջ խրած, զգում է իր և իր զենքի անզորությունը: Րաֆֆին քայլում էր առանց թիկնապահների՝ աջուձախ ժպտալով: Նա նույն ջինսե տաբատով ու սվիտերով էր:

Աշտարակում, Վանաձորում, Գյումրիում Րաֆֆին ասում էր, որ բոլոր ընտրակեղծարարները պատասխան են տալու օրենքի առաջ: Շատերը չեն հասկանում, թե ինչ է ասում Րաֆֆին, ինչպես է իրականացնելու խաղաղ իշխանափոխություն: Անգամ «տնային կալանքի» ենթարկված Լևոնը չի հասկանում, էլ ուր մնաց շարքային մահկանացուները հասկանան:

Գյումրեցիները մի քիչ փոխեցին Րաֆֆու առոգանությունը: Ձյան տակ կանգնած հազարավոր մարդիկ գոռում էին «Սեր-ժիկ, հեռա-ցիր», «Րաֆ-ֆի, նախա-գահ»: Րաֆֆին ասաց, որ գետի այն ափին կորցրել ենք մեր հայրենիքը, բայց նախ և առաջ պետք է կարգ ու կանոն հաստատենք գետի այս ափին՝ Գյումրիում, Շիրակում, Հայաստանում: Նա հայտարարեց, որ «Բարևի հեղափոխություն» է իրականացնելու: Ասաց, որ պայքարը կարող է տևել մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի:

Ինձ այլևս չէր հետաքրքրում, թե ինչ է ասում նա:

Գյումրիի Վարդան Աճեմյան թատրոնի հրապարակում հավաքվածների թիվը հավանաբար հինգ, վեց կամ տասը հազար էր: Ձյան տակ կանգնած նրանք լսում էին «Չորրորդ Հանրապետության Չորրորդ Նախագահին» (այդպես էին ներկայացնում): Հաճելի ցուրտ էր, ու մարդկանց բերաններից ու վրայից գոլորշի էր բարձրանում, քթերից անձրև կաթում: Այս հրապարակում թիվ չկար: Այս հրապարակում սիրտ կար:

Դա Հայաստանի սիրտն էր:

1996-ից, 1999-ից, 2003-ից ու 2008-ից հետո ինձ թվում էր, որ Հայաստանը այլևս սիրտ չունի: Հայաստանը ունի վսեմ ու ներշնչող լեռներ, խիտ անտառներ, քչքչան գետեր, Արև, Հայաստանի Արև, բայց չունի սիրտ: Հայաստանը Անսիրտ է:

Երեկոյան մենք վերադառնում էինք Գյումրիից: Առաջին նստարանին հոգնած ու անոթի Սերոժը խոսք բացեց այլմոլորակայիններից ու հարցրեց, թե հավատում եմ, որ այլուր կյանք կա՞: Հետո նաև հարցրեց, թե հավատո՞ւմ եմ Աստծուն:

Վերջին անգամ ամիսներ առաջ էի երեք մոմ վառել եկեղեցում: Հրեաները ռումբ էին նետել: Այն ընկել էր պաղեստինցի մի ընտանիքի վրա: Բժիշկ հայրը կորցրել էր երեք անչափահաս դուստրերին: Նա գաղթել էր Կանադա ու գիրք գրել: Բժշկին «Ալ Ջազիրան» էր հարցազրույցի հրավիրել: Բժիշկը իմ տան հեռուստաէկրանից ասում էր, որ չի ատում հրեաներին: Սպասում էի լուսաբացին, որպեսզի շտապեմ հայկական եկեղեցի, մոմ վառեմ պաղեստինցի մահմեդական երեք անչափահաս աղջիկների հոգու համար:

Այդպես էլ պատմեցի Սերոժին, բայց միտքս ուրիշ տեղ էր: Իմ աչքի առաջ քվեագողն էր՝ շամպայնի բաժակը ձեռքին՝ շրջապատված քրեաօլիգարխիկ նազիր-վեզիրներով ու մականունավոր կեղծարարներով: Վսեմաշուքին շնորհավորանքներ էին գալիս հյուսիսից, հարավից, Միջին Արևելքից, քաղաքակիրթ Արևմուտքից, Ամենայն Հայոցից, Սոս Սարգսյանից:

Տարափ էր, տարափ: Շնորհավորանքների, քծնանքի, կեղծ քաղաքավարության:

Իմ ականջում վերջին օրերի պատմություններն էին՝ Լիսկան կեղծել է Սյունքիում, Լֆիկը՝ Բանգլադեշում, ինչ-որ գյուղապետ՝ իր գյուղում:

Հիմա երկու Հայաստան կա: Մեկը Բաղրամյան 26-ն է, մյուսը՝ հրապարակը:

1996-ին էլ էր այդպես: Հրապարակում նախագահը Վազգեն Մանուկյանն էր:

2003-ին էլ էր այդպես: Հրապարակում նախագահը Ստեփան Դեմիրճյանն էր:

2008-ին էլ էր այդպես: Հրապարակում նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Հիմա այդ նախագահը Րաֆֆին է: Նա մարդկանց կարողանում է համոզել, որ ինքը հաղթել է ընտրություններում և փաստացի հաղթանակը վերածելու է իրավականի:

Թաթուլ Հակոբյան, 24 փետրվարի, 2013թ

Այս գրությունը լույս է տեսել ՍիվիլՆեթի կայքում՝ 2013թ փետրվարի 24-ին