350.000 հայի պանդուխտ եք դարձրել՝ «4 միլիոնանոց Հայաստան» ծրագիր եք քննարկում

2238

Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացման ելույթում, սեպտեմբերի 18-ին, ասել է, որ հաջորդ Հայաստան-սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի քննարկում:

«Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։

Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք ՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում։

Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման։ Մինչև հաջորդ համաժողով մենք կավարտենք բոլորիս անելիքների քարտեզագրումը, կբյուրեղացնենք ինչպես մեր միասնական քայլերի տրամաբանությունը, այնպես էլ սփյուռքի յուրաքանչյուր համայնքին բաժին ընկնող նպատակների ու անելիքների համալիրը։

Հաջորդ Հայաստան-սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։ Սա պայմանավորվում ենք հենց հիմա այստեղ:

Հայաստանյան և համահայկական կառույցները արդեն երկար ժամանակ համակարգված աշխատանք են տանում սփյուռքի համայնքներից դեպի հայաստանյան կյանք երիտասարդ մասնագետների, գործարարների հայրենա-դարձությանը օժանդակելու համար, ինչի համար մենք երախտապարտ ենք նրանց։ Կարծում եմ, որ մենք հասունացել ենք հայրենադարձության կազմակերպման հարցի շուրջ լրջորեն քննարկում ծավալելու համար»։

Սերժ Սարգսյանի նախագահության իննուկես տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար հայաստանցի:

Ահա պաշտոնական թվերը ըստ տարիների.

2008                                                -23.059

2009                                                -24.978

2010                                                -46.486

2011                                                -43.820

2012                                                -42.784

2013                                                -41.800

2014                                                -41.235

2015                                                -43.438

2016                                               – 48.200

2017 թվականի առաջին ութ ամիսներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 10 հազար մարդ: