Դաշտադեմ, Մեղվահովիտ և Նորամուտ գյուղերը գտնվում են Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, նախկինում ունեցել են Իլմազլու, Ղարաիսա և Ղարաղալա անունները:
Դաշտադեմ, մինչև 1991-ի վերանվանումը՝ Իլմազլու, գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք, մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1650 մետր է:
Դաշտադեմ գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.
1931 թ. – 75 հոգի, բոլորը՝ իսլամ,
1886 թ. – 212 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թ. – 301, բոլորը՝ իսլամ,
1908 թ. – 195 հոգի,
1914 թ. – 188 հոգի,
1916 թ. – 479 հոգի,
1922 թ. – 431 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,
1926 թ.- 488 հոգի, որից 2-ը՝ հայ, 462-ը՝ թուրք, 24-ը՝ ռուս,
1931 թ.- 565, բոլորը՝ թուրքական խումբ:
Մեղվահովիտը, նախկինում՝ Ղարաիսա, գտնվում է Տաշիր քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 63 կմ հեռավորության վրա:
Մեղվահովիտ գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.
1922 թ. – 208 հոգի, որից 128՝ թրքո-թաթար, 80-ը՝ ռուս,
1926 թ.- 183 հոգի, որից 20-ը՝ ռուս, 163-ը՝ թուրք,
1931 թ.- 196, բոլորը՝ թուրքական խումբ:
Նորամուտը, նախկինում՝ Ղարաղալա, գտնվում է Տաշիր քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք:
Զավեն Կորկոտյանը “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշում է Ղարաղալա անունով երկու բնակավայր՝ Ղարաղալա ներքին և Ղարաղալա վերին:
Ղարաղալա վերին գյուղի բնակչությունը եղել է հետևյալը.
1886 թ. – 183 հոգի, բոլորը՝ թաթար,
1908 թ. – 205 հոգի,
1914 թ. – 205 հոգի,
1916 թ. – 244 հոգի,
1922 թ. – 154 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,
1931 թ.- 175, բոլորը՝ թուրքական խումբ:
Ղարաղալա ներքին գյուղի բնակչությունը եղել է հետևյալը.
1922 թ. – 112 հոգի, որից 71-ը՝ թրքո-թաթար, 41-ը՝ ռուս,
1926 թ. – 135 հոգի, բոլորը՝ թուրք:
Պատմությունը
Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:
Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:
Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:
Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին
Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: Աղբյուրը՝ («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):
Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: (Աղբյուրը՝ «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):
Խորհրդային տարիներին
Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Մինչ այդ Կալինինոյի գյուղերը Ստեփանավանի վարչական տարածքի մաս են կազմել: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։
Լուսանկարում՝ Նորամուտ գյուղը
Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյան (Մեդիամաքսի կայքից)
Դիտել նաև՝