Սերժ Սարգսյանի «անհիմնը և պարզապես ծիծաղելին»

1307

«Բազե»-ականների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միություն և Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններին, ասել է. «Որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը 2013 թվականին Եվրասիական տնտեսական միությանը միանալու՝ Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և պարզապես ծիծաղելի: Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»:

Դեռ 2011-ին, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող մաս կազմել Մաքսային միությանը (Եվրասիական տնտեսական միության իրավանախորդին):

2011-ի մարտի 16-ին Բրյուսելում վարչապետ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե հնարավոր է Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, ասել է. «Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որևիցե երկիր, չունենալով աշխարհագրական սահման մաքսային այս կամ այն միության հետ, դառնա այդ մաքսային միության անդամ։ Տեխնիկապես և տեսականորեն այդ խնդիրն անհնարին է լուծել։ Դա նշանակում է, որ Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան Մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող լինել, եթե, իհարկե, Վրաստանը չանդամակցի։ Կարծում եմ, որ իրատեսական սցենարն այն է, որ փորձում ենք գնալ եվրաինտեգրման ճանապարհով և մեր քաղաքական նպատակն այսօր այն է, որ լիահույս ենք` դառնալու ենք համապարփակ և խորը ազատ առևտրի համաձայնագրի լիիրավ անդամ»։

2013-ի մարտի 18-ին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն մտահոգություններին, թե Ռուսաստանը կարող է Հայաստանին պարտադրել, որ մաս կազմի Մաքսային՝ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը, հայտարարեց. «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան: Չկա՛: Քանի անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար»:

2013-ի սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթ էր ստորագրում և ասում. «Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»:

Հետագայում Սերժ Սարգսյանը անուղղակի խոստովանեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է մեկ գիշերում՝ Մոսկվայում, կայացրել է Վլադիմիր Պուտինը:

2014-ի սեպտեմբերի 23-ի համարում «Առավոտ» թերթը հրապարակեց նույն տարվա հունվարին Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցի մի հրապարակում այն մասին, թե ինչպես է նախագահը Պրահայում Հայաստանի դեսպանատանը պատասխանում տեղի հայերի հարցերին: Հարցուպատասխանը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը: Պրահայում բնակվող լրագրող Շուշան Ղազարյանը ձայնագրել կամ սղագրել է հարցուպատասխանը:

Երբ Բագրատ Առաքելյանը հարցրել է, թե Մաքսային Միությանը անդամակցելու հարցում ինչու չհարցրիք համայն հայության կարծիքը եւ հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:

Երեքուկես տարի առաջ Սերժ Սարգսյանն ասում էր, թե չէր կարող մի գիշերում հայ ժողովրդի կարծիքը հարցնել, իսկ այսօր՝ «Բազե»-ականներին ասում է, թե «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու պնդումները «անհիմն են և պարզապես ծիծաղելի»:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սերժ Սարգսյանը կամ նրա աշխատակազմը մոլորեցնում է հանրությանը:

2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոստովանել էր, որ 2011-ին Կազանում «հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:

Հարցազրույցի օրերին իշխանական լրատվամիջոցները, փորձագիտական ու քաղաքագիտական հանրությունը ուղղակի լռության մատնեցին Սերժ Սարգսյանի՝  հարցազրույցի այն հատվածը, համաձայն որի Կազանում հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել հեռանալ, Սարգսյանի բառերով՝ «գրավյալ 7 ադրբեջանական շրջաններ»-ից:

Որոշ ժամանակ անց Բաղրամյան 26-ը նախագահական կայքում խեղաթյուրված ներկայացրեց այդ հարցազրույցի սղագրված տարբերակը՝ Սերժ Սարգսյանի «7 ադրբեջանական շրջաններ»-ից 7-ը դուրս թողնելով:

Աղմկահարույց այդ հարցազրույցի սղագրությունը նախագահականի կայքում դրված է հայերեն և ռուսերեն լեզուներով և երկու տարբերակներում էլ յոթ թիվը հանված է, ինչը նշանակում է, որ հատուկ հրահանգով է այդ թիվը հանվել:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ