Պրիվոլնոյե գյուղը գտնվում է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 17 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից 52 կմ հեռավորության, ծովի մակերևույթից գրեթե 1600 մ բարձրության վրա:
Գյուղը հիմնադրվել է 1850թ.: Հիմնական բնակչությունը եղել են ռուսներ, որոնք տեղափոխվել էին ցարական Ռուսաստանի տարբեր մարզերից:
Պրիվոլնոյե գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.
1873 թ. – 840 հոգի, բոլորը՝ ռուս,
1886 թ. – 1.172 հոգի, բոլորը՝ ռուս,
1897 թ. – 1.568, որից 30-ը՝ հայ, 1.503-ը՝ ռուս (պրավոսլավ), 35-ը՝ այլ,
1908 թ. – 2105 հոգի,
1914 թ. – 2.275 հոգի,
1916 թ. – 1.874 հոգի, բոլորը՝ ռուս,
1922 թ. – 2011 հոգի, բոլորը՝ ռուս,
1926 թ.- 2.026 հոգի, որից 78-ը՝ հայ, 18-ը՝ թուրք, 1.930-ը՝ ռուս,
1931 թ.- 1921 հոգի, որից 4-ը՝ հայ, 1.917-ը՝ ռուս:
Պատմությունը
Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:
Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:
Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:
Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին
Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: Աղբյուրը՝ («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):
Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: (Աղբյուրը՝ «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):
Խորհրդային տարիներին
Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Մինչ այդ Կալինինոյի գյուղերը Ստեփանավանի վարչական տարածքի մաս են կազմել: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Դիտել նաև՝